четверг, 24 июля 2008 г.

ՄՏԱՆ ԿՈՆԳՐԵՍ


Ս.Դ.Հնչակյան Կուսակցության վարչությունը որոշում է ընդունել մտնելու Հայ Ազգային Կոնգրեսի շարքերը: Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչով եւ առաջարկությամբ ստեղծվում է Հայ Ազգային Կոնգրեսը:
«Մայր կուսակցությունը նաեւ կոչ է անում Ազգի եւ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին հայտարարել ՀԱԿ-ին միանալու իրենց պատրաստակամության մասին` մեր ժողովրդի հաղթանակն էլ ավելի մոտեցնելու համար»,-ասված է ՍԴՀԿ հաղորդագրության մեջ:

вторник, 15 июля 2008 г.

Նա ավելի մեծ թշնամի, քան Ռ.Քոչարյանն է` չունի»


«Ես հիացած եմ Ռ.Քոչարյանի հայտարարությամբ: Սերժ Սարգսյանին ավելի մեծ արջի ծառայություն, քան սա է` ուրիշ ոչ ոք չէր կարող անել», - մեզ հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով Մեդիամաքսին տված հարցազրույցի մասին:

Նրա մեկնաբանությամբ` Քոչարյանը պարզորոշ ասել է, որ Ս.Սարգսյանը վճռական չէ, թույլ է եւ բացարձակ դիվանագետ անձնավորություն չէ. «Սրանով նա վարկաբեկեց ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչը նա փորձում էր անել, այլ հարվածեց ներկայիս նախագահ կոչվածին: Նա ավելի մեծ թշնամի, քան Ռ.Քոչարյանն է` չունի: Հետեւաբար, նրա համար ավելի առաջնային է Քոչարյանից պաշտպանվելու խնդիրը, քան ընդհանուր ընդդիմությունից ու Համաժողովրդական Շարժումից պաշտպանվելը: Ես կարծում եմ, որ իշխանական թեւում շատ լուրջ բախումներ են լինելու», - կարծիք հայտնեց տիկին Սարգսյանը: ՍԴՀԿ նախագահը նկատել է մի օրինաչափություն` այնտեղ, որտեղ թույլ նախարար կա, Քոչարյանը ինչ-ինչ ճանապարհներով նշանակում է ուժեղ փոխնախարարի. «Այսպիսով, երկրորդ նախագահը տիրապետում է իրավիճակին եւ դրա նպատակն ամենայն հավանականությամբ վարչապետի աթոռին տիրանալն է»: Լ.Սարգսյանը պնդում է, որ Ս.Սարգսյանի համար «Քոչարյանի վերադարձը վերջինիս վախճանն է»: Վերլուծելով իրավիճակը, տիկին Սարգսյանը հանգում է այն եզրակացության, որ ներկայիս նախագահի աթոռը զբաղեցրած անձնավորությունն ունի ընտրության երկու հնարավորություն` կամ արտահերթ նախագահական ընտրություններում պատվով, լեգիտիմ պարտվել կամ ոչ լեգիտիմ ոչնչացվել Քոչարյանի կողմից»: Մեր այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ Մեդիամաքսին տված հարցազրույցը ավելի շուտ ուղղված էր ոչ թե Լ.Տեր-Պետրոսյանին, այլ վարչախումբը ղեկավարող իր հետնորդին` նա պատասխանեց, որ Քոչարյանն ամենից առաջ արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իրեն ներկայացրած մեղադրանքներին: Ըստ իմ զրուցակցի` նա չդիմացավ խոսելու գայթակղությանը ու խոսեց, բայց այդ խոսքից երեւաց, որ «իշխանական ճամբարում խուճապ է»:

Ներքաղաքական զարգացումների վրա ԵԽ որոշումների ու բանաձեւերի ազդեցության մասին խոսելիս Լ.Սարգսյանը նախ գնահատական տվեց իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների փաստացի չկատարելուց հետո եվրոպական կառույցների ընդունած դիրքորոշմանը. «Եվրոպան այստեղ դրսեւորեց անսկզբունքայնություն. «Այն, ինչ ընդունելի չէ իրենց համար, փորձում են հարմարեցնել մեզ` որպես երկրորդ, երրորդ կարգի ժողովրդի, երկրի: Անսկզբունքայնությունից բացի` այնքան թույլ գտնվեց Եվրոպան, որ չհամարձակվեց իր առաջ քաշած խնդիրների նկատմամբ հետեւողական լինել: Դրանով նա ցույց տվեց, որ ինքը ոչինչ չի որոշում եւ բացարձակ ազդեցություն չունի մեր իշխանությունների վրա»: Այստեղից իմ զրուցակիցը եզրակացրեց, որ «Մեծ հույսեր կապել ԵԽ-ի կամ որեւէ մի այլ կառույցի հետ` ճիշտ չէ, որովհետեւ նրանք ուժեր են, որոնք կարող են մեզ օժանդակել կամ չօժանդակել եւ նույնիսկ` խանգարել: Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա եւ երկրում կարգուկանոն հաստատենք ինքներս»:

Հիշեցնելով, որ ԵԽԽՎ նույն նստաշրջանում քննարկվեց նաեւ Ադրբեջանում ժողովրդավարական իստիտուտների վիճակի վերաբերյալ հարցը եւ Ադրբեջանի պատվիրակությանը հաջողվեց տարածքային ամբողջականության մասին բանաձեւ անցկացնել, ըստ որի` այդ երկրի ժողովրդավարացմանը խանգարում է... նրա տարածքների «զավթված» լինելը հայկական ուժերի կողմից եւ անհրաժեշտ է վերականգնել խախտված ամբողջականությունը, մենք հարցրեցինք մեր զրուցակցին` կապ տեսնու՞մ եք պատժամիջոց չկիրառելու եւ այսպիսի բանաձեւ ընդունելու միջեւ: «Ես չեմ բացառում, որ այդ բանաձեւը մեր իշխանությունների հետ եվրոպացիների կատարած առեւտրի արդյունք էր եւ հայկական դիվանագիտության պարտություն», - պատասխանեց տիկին Սարգսյանը:
http://www.zhamanak.com/article/9791/