вторник, 25 ноября 2008 г.

«Ղարաբաղը ծախեց աթոռի հետ» կամ` «ընկերոջդ խորհուրդ տուր` թող հրաժարական տա»


Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանավեճերի ընթացքում` իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ դուրս չեն գալիս «պաշտոնական» պատկերացումների կարծրատիպերից ու դոշները դեմ տված պաշտպանում են իրենց նախագահի` Ս.Սարգսյանի, խնդրի կարգավորման տեսլականը` եթե անգամ հոգու խորքում համաձայն չեն լինում դրան:

«Ես եկել եմ այստեղ, տեսնեմ` կարող ենք Արցախի հարցում ինչ-որ մի ընդհանուր եզրեր փնտրենք, որը փորձ արեց կատարելու հանրապետության նախագահը», - երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ վաղ թե ուշ` բոլորս նստելու ենք կլոր սեղանի շուրջ` լուծելու «ղարաբաղյան թնջուկը», որը պետք է վեր լինի ամեն տեսակ քաղաքական կողմնորոշումներից: «Կարծում եմ` եւ հանրապետության նախագահը, եւ ցանկացած ողջամիտ հայ այս հարցում ուզում է, որ համազգային համախմբում լինի: Կուզենայի, որ անկախ նրանից, թե մենք ճամփաբաժնի որ տեղն ենք կանգնած, Արցախի հարցում համախմբվեինք: Համենայնդեպս` ոչ մեկը չի կարող մեղադրել նախագահին Արցախի հարցում, որովհետեւ նա իր կյանքով է ապացուցել, որ ինքը այդ հարցի նվիրյալն է», - ըղձական տոնով հայտարարեց մասնագիտությամբ պատմաբան ՀՀԿ-ականը: Նրա ընդդիմախոսը` ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը, եղավ այն «մեկը», ով` հակադրվելով իշխանական պրոպագանդիստին, ահա այսպիսի մեղադրանք հասցեագրեց «Արցախի հարցի նվիրյալ» Ս.Սարգսյանին. «Փետրվարի 19-ին` նախագահի ընտրությունների օրը, հայ ժողովրդի հանդեպ, այդ թվում եւ ղարաբաղցիների հանդեպ հանցագործություն կատարվեց: Պայմանավորվելով եվրոպական տարբեր տեսակի խամաճիկների հետ` առավոտյան ժամը 7-ից մինչեւ 12-ը, հանրապետությունով մեկ սկսեցին առեւանգել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Մինչեւ ժամը 12-ը չընտրված մարդուն սարքեցիք նախագահ: Լավ, Ս.Սարգսյանը չէր մտածո՞ւմ, որ Ղարաբաղ կա դիմացը, էս ի՞նչ եմ անում ես, էս ո՞ւր եմ մարդիկ առեւանգում, դեռահաս աղջիկներին ծեծում, էս ինչո՞ւ եմ կանանց խոշտանգում, էս ի՞նչ բյուլետեններ եմ լցնում, որ դառնամ նախագահ: Փաստորեն` նա Ղարաբաղը փոխեց գյոռբագյոռ աթոռի հետ: ...Եթե կար Ղարաբաղի հարցը, չէին մտածո՞ւմ, որ պետք է բռունցք լինենք, միասնական լինենք: Բացի այդ` ամիս չկա, որ փողոցներում ահաբեկչություն չլինի, որ մի լրագրողի գլուխ չջարդվի, որ մի քաղաքական գործչի չահաբեկեն: Այս ամեն ինչից` ծեծել-ջարդելուց, անմեղ մարդկանց բանտեր մտցնելուց հետո նոր ասում են` Ղարաբաղի հարց կա, հլը եկեք նստենք-տեսնենք` ի՞նչ ենք անում...»: Պրն Եղիազարյանը հայտարարեց նաեւ, որ Ղարաբաղը «ծախեցին» նրանք, ովքեր կատարեցին իր նշած բոլոր «սրիկայություններն ու ովքեր մարտի 1-ին անմեղ մարդկանց գնդակահարեցին»:

Պարոն Հարությունյանը նշեց նաեւ, որ ամեն անգամ, երբ թոռների հետ հայրենի Արցախ է գնում, անհանգստանում է նրանց համար, քանի որ, ինչպես ինքը բնորոշեց` «անընդհատ պրիցելի տակ ենք»: Գ.Եղիազարյանը շինիչ խորհուրդ տվեց «ճամփաբաժնի այլ հատվածում գտնվող», Արցախում ազգուտակ ունեցող իր կոլեգային. «Համլետ ջան, ասում ես, թե ո՞նց անենք, որ Ղարաբաղյան թնջուկը լուծվի: Ասա ընկերոջդ (Սերժ Սարգսյանին.- Հ.Մ.) թող վաղը հրաժարական տա, թող լինեն լեգիտիմ ընտրություններ, լեգիտիմ նախագահ ընտրվի: Այդ թնջուկը պրեսկոտներով չի լուծվելու, մենք դա կլուծենք: Եթե ժողովուրդը կանգնած է ՀՀ նախագահի թիկունքում, չի լինի այն երկիրը, որը մեզ բան կպարտադրի: Բայց եթե մենք այսպիսի երկիր ենք, մեզ ամեն ինչ կպարտադրեն եւ պարտադրում են»:
http://www.zhamanak.com/article/10724/

среда, 12 ноября 2008 г.

ՍԴՀԿ-Ն ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ


«Արդեն մի քանի օր է, ինչ իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի են կանգնել Ագարակի եւ Կապանի հանքարդյունաբերող կոմբինատների աշխատակիցները: Պատճառը, կարծես թե, նույնն է: Աշխատավորները պահանջում են վերջ տալ այն ապօրինի գործողություններին, որոնց միջոցով տնօրինությունը ցանկանում է կրճատել աշխատավարձները, հարկադիր արձակուրդի եւ թոշակի ուղարկել հարյուրավոր բանվորների: Սրան զուգահեռ, բացարձակ լկտի գործողություններ են տեղի ունենում տաքսիստների նկատմամբ,-ասվում է Ս.Դ.Հնչակյան կուսակցության հայտարարության մեջ,-
Համարելով նրանց մեր երկրի առաջին եւ վերջին ստվերային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները` պատկան մարմինները որոշել են փրկել հանրությանը «ոչ բարեխիղճ» հարկատուներից եւ գանձել նրանց դառը քրտինքով վաստակած վերջին կոպեկները: Ի դեպ, գործող իշխանությունների նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում եւ ամեն օր թմբկահարվում էր աշխատատեղերի ստեղծման սին կետը, որը, ինչպես պարզվեց, լոկ նախընտրական բլեֆ էր: Տաքսու վարորդներին անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստացել լուծել այս խնդիրը, սակայն, ինչպես երեւում է, նախագահ դառնալուց հետո, մոռացավ իր խոստման մասին»:
Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը համարում է, որ վերոնշյալ խնդիրների հիմնական պատճառը ոչ միայն տնօրինության վարած քաղաքականությունն է, այլ նաեւ արհմիությունների խամաճիկությունն, իսկ ավելի ճիշտ` նրանց բացակայությունն է: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր սոցիալական իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած հայ աշխատավորին:

вторник, 11 ноября 2008 г.

«ԼՂ հարցը լուծելու են ոչ թե Ռոբերտն ու Սերժիկը, այլ ԼՂ ժողովուրդը»


«Փակուղի»` այսպես են գնահատում Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման ներկա փուլը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ նույն կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Գուրգեն Եղիազարյանն ու Վահան Շիրխանյանը, ովքեր երեկ ասուլիս էին հրավիրել «Իրավունք դե ֆակտո» ակումբում:

Տկն Սարգսյանը հանրագումարի բերելով խնդրի կարգավորման շուրջ մինչ օրս արձանագրված փաստերը` կարծիք հայտնեց, թե «առ այսօր Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն իրենց հանցագործ գործողությունները փորձում էին արդարացնել մի հանգամանքով. ամեն անգամ պատճառաբանելով, թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա, նա պիտի հանձնի ԼՂՀ-ն, իսկ իրենք, անկախ իրենց գործողություններից, Ղարաբաղը պահող են: Կարծում եմ, որ հիմա չկա միամիտ մարդ, որը հավատա նրանց այդ բացատրություններին եւ փաստերը ցույց են տալիս, որ նրանց միակ նպատակն է ավելի երկարացնել իրենց իշխանության ժամանակը Հայաստանում, եւ նրանք բացարձակ նպատակ չունեն պահել Ղարաբաղը, որովհետեւ չեն էլ կարող պահել: ...Երբ խոսվում էր լեգիտիմ նախագահ ունենալու մասին, արմատական ընդդիմությունը շատ լավ հասկանում էր, որ երկրին անհրաժեշտ է լեգիտիմ նախագահ, որպեսզի ղարաբաղյան խնդիրը չտանենք եւ չհասցնենք մի փակուղու, որից այն կողմ այլեւս չենք կարող լուրջ բանակցություններ վարել ու փորձել ի նպաստ մեզ լուծել ԼՂ խնդիրը»: ՍԴՀԿ ատենապետը ԼՂ խնդրի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը պայմանավորեց նախագահական կեղծված ընտրություններով` նկատելով, թե Ս.Սարգսյանն ի վիճակի չի այդ խնդիրը լուծելու, որովհետեւ նա լեգիտիմ նախագահ չէ եւ իր ետեւում չունի ժողովուրդ, որը կաջակցի իրեն այդ հարցում: «Իշխանությունների հիմնավորումների պաշարն այլեւս սպառված է, եւ բնականաբար գործընթացները զարգանալու են ի վնաս Ղարաբաղի»: Տկն Սարգսյանն ասաց նաեւ, որ ընդդիմությունը, գիտակցելով պահի լրջությունը, «իրեն զուսպ է պահում»` հնարավորություն տալով Ս.Սարգսյանին «գործընթացները գոնե այնպես զարգացնել եւ ընթացող բանակցությունների ընթացքում առավելագույնս շահեկան դիրքերից հանդես գալ, որպեսզի բանը չհասնի 7 շրջանները հանձնելուն»:

Մյուս բանախոսը` Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, թե Ս.Սարգսյանը մինչ Մոսկվա կատարելիք այցը գիտեր, թե ուր եւ ինչի համար է գնում, ու արդեն Մոսկվայում «մի խայտառակ փաստ արձանագրվեց». ԼՂ կոնֆլիկտն ունի երկու կողմ` Հայաստան եւ Ադրբեջան, իսկ ԼՂ-ն ընդհանրապես դուրս մղվեց բանակցություններից: Իսկ դա, ըստ բանախոսի, վերջին 10 տարվա փորձից ելնելով, վտանգավոր հետեւանքներ է ունենալու: «Վերջին 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ոնց են թմրամոլներով, հանցագործներով, ազգի տականքներով ընտրություններ անցկացնում, թե ոնց են ջարդում ընտրատեղամասերում: Եվ եվրոպական ջնտլմենները գալիս են ու ասում, որ ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Փաստորեն, նրանք մեզանից ստանալու բան ունեին եւ ստացան արդեն, ցավոք սրտի. սրանց ոչ լեգիտիմությունը ներվում էր պարզ մի բանի համար` մեկ ժամ շուտ վերցնել մեր ազգին պատկանող հողերը, եւ վերջին գործընթացները տանում են դրան: Այնպես որ` այս հարցը ոչ թե Ս.Սարգսյանի կամ Ռ.Քոչարյանի, այլ մեր ազգի առաջ ծառացած խնդիր է, եւ այն ԼՂ ժողովուրդը պետք է լուծի, ոչ թե Ռոբերտն ու Սերժիկը»:

Վահան Շիրխանյանն էլ, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձեւի համապատասխան կետին, ըստ որի` ԼՂՀ-ի հայ ազգաբնակչությունը գտնվում է կոնֆլիկտի մեջ` Ադրբեջանի հետ, ասաց. «Քոչարյանի մուտքը Հայաստան` նշանավորվեց ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մղելով: Դրանից հետո` արդեն 2008թ.-ին, ի հայտ եկավ Անվտանգության խորհրդի մյուս բանաձեւը, որով Հայաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը ԼՂ տարածքից, վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապահովել փախստականների վերադարձը, նաեւ կոչ է արվում աշխարհի բոլոր երկրներին չճանաչել ԼՂՀ-ն: Սա Քոչարյանի նվերն էր Հայաստանին` Հայաստանը ճանաչվեց ագրեսոր, էթնիկ զտումներ անցկացրած երկիր եւ սկսեցին մշակվել տարբեր բանաձեւեր` հիմքում ունենալով այդ փաստը»: Շիրխանյանն այնուհետ անդրադարձավ «Մադրիդյան սկզբունքներ» ասվածին ու այսպիսի հարցադրում արեց. «Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ-ն մշակի մի առաջարկ, որը հակասի ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԽ բանաձեւերին: Այդպիսի բան աշխարհում չի լինում, ՄԱԿ-ը 2008թ.-ին իր բանաձեւում բառացիորեն կրկնել է «Մադրիդյան սկզբունքները» եւ ոչ մի հակասություն նրանց մոտեցումների մեջ չի կարող լինել: Եվ այսօր մեր իշխանավորներն ասում են, որ կարելի է բանակցել «Մադրիդյան սկզբունքների» շուրջ եւ փոխզիջումների գնալ: Ինձ մոտ հարց է առաջանում` ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը` հո՞ղը` հողի դիմաց, ճանապա՞րհը` ճանապարհի դիմաց...ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը»: Ապա եւ նշեց, թե միջազգային կառույցները շահագրգռված չեն հարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ «այն ճանապարհը, որով նրանք մեզ տանում են` դա նշանակում է մշտական գործողության ական են դնում, որը կարող է պայթել իրենց ուզած ժամանակ»: Շիրխանյանի կարծիքով` միջազգային հանրությունը Անդրկովկասի ժողովուրդների համար նոր պատերազմ է ուզում նախապատրաստել` նման պաղեստինաիսրայելյան պարբերաբար կրկնվող բախումներին եւ որքան շատ լինեն այդպիսի բախումնածին օջախներն, այնքան ձեռնտու է գերտերություններին: ՍԴՀԿ վարչության անդամն ասաց նաեւ, որ այսօր անհրաժեշտ է, որ ԼՂ իշխանությունները ներկայացնեն իրենց հստակ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ` համաձա՞յն են նրանք այն առաջարկներին, որոնք սեղանի վրա են: Այն հետեւողական գաղտնիությունը, որը պահպանում է իշխանությունը, դա կասկածների շատ ավելի մեծ աղբյուր է, քան այն առանձին լուրերի տարածումը, որը մենք ստանում ենք: Ի՞նչ է հետապնդում այդ գաղտնիությունը` խաբել ժողովրդին, հասցնել մի վիճակի, որը, նորից եմ կրկնում, լինելու է նոր պատերազմի սկիզբ»: Ապա եւ հավելեց. «Ես վստահ եմ, որ Ղարաբաղը մենք չենք կորցնելու, եւ դա հասարակությունը թույլ չի տալու, որպեսզի Հայաստանի իշխանությունը հանձնի այն: Այսինքն` ստորագրվելու է մի փաստաթուղթ, որով հանձնելու են ազատագրված տարածքները, իսկ Ղարաբաղի ժողովուրդն ու բանակը չեն ընդունելու ու չեն ենթարկվելու այդ փաստաթղթին»:
http://www.zhamanak.com/article/10602/

пятница, 7 ноября 2008 г.

Տեր-Պետրոսյանն այցելել է ՍԴՀԿ եւ «Այլընտրանք»

Նոյեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության կենտրոնական գրասենյակներ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը: Հանգամանալից անդրադարձ է եղել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հետագա ռազմավարության, կազմակերպական կարողությունների հզորացման ու ներքաղաքական իրավիճակին առնչվող խնդիրներին: