четверг, 16 июля 2009 г.

Թուրքիան օգնո՞ւմ է ույգուրներին


ՍԴՀԿ-ն, ելնելով իր ավելի քան 120-ամյա քաղաքական փորձից, «անհրաժեշտ է համարում իրազեկել հայ ժողովրդին ինչ հայատյաց ծրագրեր գոյություն ունեն այսօր և ինչ վտանգավոր մարտահրավերներ են նետված համայն հայությանը»:
«Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշած ՙՄեկ ազգ` երկու պետություն՚ կարգախոսը ամենևին էլ մակերեսային ու պոպուլիստական չի: Սա իրականում հին պանթուրքիստական ծրագրի նորացված ձևն է: Պանթուրքիզմի` թուրքացեղ ժողովուրդների մեկ պետության մեջ միավորելու ծրագրին փոխարինելու եկավ նեոպանթուրքիզմը` նույն ժողովուրդների պետությունների Եվրոմիության տիպի կազմավորման ծրագիրը, Թուրքիայի քաղաքական պատրոնաժի ներքո: Իսկ այն թրքացեղ ժողովուրդները, որոնք մինչ այսօր դեռ չեն ձեռք բերել ինքնիշխանություն, Թուրքիայի օգնությամբ սրընթացորեն սկսել են պայքարել անկախություն ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի տեսանելի ապագայում համալրեն վերոհիշյալ կազմավորումը: Այդպիսի նպատակ է հետապնդում, մասնավորապես, ույգուրների վերջին ընդվզումները Չինաստանում:
Այսպիսով, առաջին հայացքից կարծես ժամկետ անց, արդիականությունը կորցրած պանթուրքիստական ավանդական ծրագիրը, որի համաձայն թրքացեղ ժողովուրդների միասնական հայրենիքը ընդգրկում է մի հսկայական տարածք (կիսալուսին), ձգված Բալկաններից մինչև Մանջուրիա և Չինաստանից մինչև Սառուցյալ օվկիանոս, այսօր ստանում է նոր ոգի ու շունչ կերպարանափոխվելով ՙՄեկ ցեղ` տարբեր պետություններ՚ կարգախոսի ներքո: Եվ եթե ավանդական պանթուրքիզմը նախատեսում էր խոչընդոտ հանդիսացող հայերի համար արյունալի ցեղասպանություն, ապա արդիականացված նեոպանթուրքիզմը նախատեսում է հայերի համար այս անգամ սպիտակ անարյուն եղեռն` տնտեսական, մշակույթային, քաղաքակրթական, ժողովրդագրական ահաբեկչության միջոցով:
Թուրքիային պանթուրքիստական կամար ստեղծելու ճանապարհին այդքան խանգարող հայկական սեպը Ղարաբաղի հանձնումով անհետ կորելու է հսկայական նոր պանթուրքիստական պարկի հատակին, ինչը չափազանց վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի (Ատրպատականի հատված), Վրաստանի (Աջարիա, Ջավախք) համար: Եվ մեր երկրի բոլոր միջազգային շփումները արտաքին աշխարհի հետ և այդ թվում հնարավոր մուտքը Եվրոպա իրականացվելու է այդ պարկի միանձնյա տիրոջ` Թուրքիայի միջոցով, ինչին աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները ելնելով Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարության անճարակությունից ու թուլությունից, դեմ չեն:
Այսպիսի անմխիթար ճակատագիր է սպասվում Հայաստանին ու Արցախին, եթե Մոսկվայում Սերժ Սարգսյանը ստորագրի նախատեսվող համաձայնությունը, իսկ քիչ անց էլ Անկարայում վավերացնի նախապայմաններով լի չարաբաստիկ հայ - թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզը»,-ասված է հայտարարության մեջ:
ՍԴՀԿ-ն կոչ է անում ողջ հայ ժողովրդին, ներառյալ արցախահայությանն ու Սփյուռքին պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:
«ՍԴՀԿ-ն միաժամանակ զգուշացնում է, որ ներկա հանցավոր ռեժիմը տեսնելով, որ իշխանությունը նույն ձևով պահել հնարավոր չէ, կփորձի շուտափույթ ստեղծել նոր կեղծ ընդդիմություն, որը ՙհայրենասիրական՚ դրոշի ներքո կաշխատի փոխարինել ձախողված պետական ջոջերին դրանով իսկ ապահովվելով վերջիններիս վերարտադրությունը իշխանական ղեկի մոտ:
Հայրենակիցներ` վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀԱԿ-ը բազմիցս զգուշացրել էր, որ ոչ լեգիտիմ նախագահը խոցելի է և բնականաբար խամաճիկ է դառնում Մեծ տերությունների ձեռքին: Ցավոք ամեն ինչ ունի իր գինը և այդ գինը վճարելու պահն է եկել. այն է` Հայաստանի և Արցախի անկախությունը: Այս օրհասական պահին կա միայն մեկ լուծում` պահանջել ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականը, քանզի միայն ազգովի ընտրված նախագահն է իվիճակի լուծելու Հայաստանի և Արցախի ապագայի խնդիրը»,-նշված է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վարչության հայտարարության մեջ: