суббота, 17 ноября 2007 г.
Ինքդ կեր թռուցիկը, ոստիկան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դատապարտելով «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանի նկատմամբ «ավազակապետական» ձեռագրով իրականացված բռնարարքը, երեկ լրագրողների համար որոշ բացահայտումներ արեց:
Պարզվում է` նոյեմբերի 12-ին թռուցիկ փակցնելու համար Կենտրոնի ոստիկանություն տարված Նարեկ Գալստյանին եւ Էդմոնդ Մակարյանին ոստիկանությունում ծեծի եւ ստորացման են ենթարկել ոստիկանության Երեւանի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն ու Կենտրոնի ոստիկանապետ Մեհրաբյանը: «Մենք չէինք մտածում, որ պետք է հնչեցնենք այս անունները, սակայն վերջին բռնարարքից հետո լռելը ուղղակի հանցագործություն է: Եթե գեներալ-մայորը կարող է իրեն թույլ տալ 20 տարեկան երիտասարդին, որն ուղղակի իրենց նման չի մտածում, ծեծի ենթարկել եւ թռուցիկը բերանը մտցնել, ստիպելով՝ պիտի ուտես, ինչ գնահատական կարելի է տալ նման իշխանությանը: Այստեղ իշխանություն չկա, այլ ոստիկանական երկիր է: Հնչեցնելով այս անունները` համոզված եմ, որ շատերի դուրը չի գալու եւ կրքեր է բորբոքելու, բայց ես դա նպատակային եմ անում: Եթե բորբոքվելու են, թող բորբոքվեն, մեզ դրանով չեն ահաբեկելու, ի՞նչ պիտի անեն, վերջին հաշվով ինչ կարողանում են` անում են, ավելիին ընդունակ չեն: Սա թույլ իշխանության վերջին ճիգերն են, երբ 20 տարեկան երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ են դրսեւորում ՀՀ գեներալ-մայորները, որոնք պարտավոր են պաշտպանել եւ ոչ թե պատժել... Իսկ եթե իշխանությունները կարծում են, որ այս ամենով կարողացան կոտրել Նարեկի կամքը, չարաչար սխալվում են: Նարեկը պատահական մարդ չէ կուսակցությունում, հավատամքով է մտել ՍԴՀԿ եւ գիտի հանուն ինչի է պայքարում: Մեր կուսակցությունը 120 տարվա հեղափոխական պայքարի ճանապարհ է անցել, եւ մեզ այս ձեւով ահաբեկել հնարավոր չի: Եթե ունեն այլ մեթոդներ, խոսքս բռնության մասին չէ, թող այդ մեթոդներով մեզ հետ պայքարեն: Մենք իրենց դեմ մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հեռացնելու ենք իշխանությունից»:
Ռոբերտ Քոչարյանը Նարեկի հետ կատարված դեպքի հաջորդ օրը, Հյուսիսային պողոտայի բացման արարողությունից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաեւ Նարեկի հետ պատահածին` քմծիծաղով ասելով, թե դուրս եկեք փողոց եւ հարցրեք` ո՞վ է ճանաչում «այդ երիտասարդին», որ դեռ նրա նկատմամբ էլ իշխանական մակարդակով քաղաքական հաշվեհարդար տեսնելու առիթ լիներ: Նշենք, որ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրը՝ ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Էռնեստ Սողոմոնյանը նախկինում եղել է ՍԴՀԿ-ական եւ կուսակցությունից գումար հափշտակելու համար հեռացվել է ՍԴՀԿ-ից: Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց Քոչարյանին` ասելով. «Այս իշխանություններն այդքան մանր են հա՞, նույնիսկ այս հարցում չեն ուզում ընդունել, որ կան երիտասարդներ, որոնք իրենցից խելոք են ու մեծ հեղինակություն են վայելում: Նարեկը, որը քաղաքական դաշտում իրոք հայտնի մարդ է, ինտելեկտուալ երիտասարդ եւ ընդունված ընդդիմադիր գրեթե բոլոր գործիչների կողմից, եթե տարիքը թույլ տար ու իր թեկնածությունն առաջադրեր նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն կհավաքեր, քան Սերժ Սարգսյանը ու նույն Ռոբերտ Քոչարյանը: Իսկ եթե նա Նարեկին համարում է ոչ հայտնի մարդ` այն դեպքում, երբ Նարեկը գրեթե ամեն օր թերթերի էջերում երեւում է, ուրեմն Քոչարյանը նույնիսկ թերթ էլ չի կարդում», - նշում է ՍԴՀԿ ատենապետը: Վերջինս վստահեցրեց նաեւ, որ Նարեկի հետ պատահածից հետո երեկ իրենց կուսակցություն անդամագրվելու համար դիմել են երեք երիտասարդներ: «Սա ցույց է տալիս, որ այս իշխանությունները չեն կարող ընկճել երիտասարդներին, քանի որ եթե մի բան շատ ես արգելում, այնքան ավելի շատ են ձգտում դրան»: Տկն Սարգսյանը միաժամանակ կոչ արեց «բոլոր նորմալ, իրենց երեխաների ապահովությամբ եւ այս երկրի ապագայով մտահոգ» մարդկանց չլռել, անտարբեր չլինել այդպիսի երեւույթների նկատմամբ եւ գալ ու համալրել ընդդիմության շարքերը:
http://www.zhamanak.com/article/7578/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.