пятница, 1 августа 2008 г.

Մինչեւ հաղթական ավարտ


«Վաղը շատ կարեւոր օր է. մենք ականատես ենք լինելու պատմական մի իրադարձության, որը կարող է շատ լուրջ փոփոխություններ մտցնել մեր երկրի քաղաքական իրավիճակի մեջ, եւ դա Ազգային Կոնգրեսի հռչակագրի ստորագրումն է», - «Իրավունք դե ֆակտո» ակումբում երեկ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա` բոլոր քաղաքական ուժերը, որոնք աջակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանին հենց Մատենադարանի հարթակի վրա այսօր ստորագրելու են այդ հռչակագիրը: «Բոլոր ջանքերը, որ փորձեցին կիրառել իշխանությունները ընդդիմության մեջ պառակտում մտցնելու համար` ի չիք են դարձել, որովհետեւ այնտեղ հավաքվել է մի թիմ, որը գիտի` ուր է գնում, գիտի հանուն ինչի է այս շոգ օրերին, ամառվա տապին փողոցներում»:

ՍԴՀԿ ատենապետը լավատես է. «Վստահաբար առաջ ենք գնալու եւ մեր պաքարը մինչեւ հաղթական ավարտ պիտի տանենք: Պիտի կարողանանք մինչեւ վերջ գործընթացը տանել եւ ապահովել մեր երկրի, ժողովրդի համար լեգիտիմ իշխանություն: Երկիր, որտեղ կունենանք ազատ ապրելու, ստեղծագործելու իրավունք եւ բացարձակ մտադրություն չենք ունենա այդ երկիրը լքելու: Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մեր Շարժմանը ամիսների ընթացքում հաջողվեց ստեղծել մի իրավիճակ, երբ ամեն մի հայ իրեն քաղաքացի է զգում, պատասխանատվություն է կրում երկրի ապագայի համար: Դա խոսում է այն մասին, որ մենք շատ գիտակից հասարակություն ունենք այսօր, որն իր առաքելությունը շատ լավ տեսնում է այս պրոցեսի մեջ, եւ փառք Աստծո, որ մեզ հաջողվեց հայ ժողովրդին արթնացնել երկարատեւ քնից»:

Լրագրողների հարցին, թե ո՞րն է Համաժողովրդական Շարժման եւ Ազգային Կոնգրեսի ֆորմատների տարբերությունը, որ նոր կառուց է կազմավորվում, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց. «Տարբերությունը հետեւյալն է. մենք շատ ավելի համակարգված ենք աշխատելու, շատ ավելի պատասխանատվություն ենք կրելու Շարժման գործընթացների նկատմամբ: Եթե այսօր կուսակցություններն աջակցում էին, բայց կոնկրետ պատասխանատվություն չէին կրում, այսօր բոլորս այդ պատասխանատվության գիտակցումով գնում ենք հռչակագիրը ստորագրելու»: Լրագրողներին հետաքրքրեց, թե ՍԴՀԿ ատենապետը ինչպե՞ս է գնահատում «Ժառանգության» որոշումը, որը որոշել է համագործակցել Ազգային Կոնգրեսի հետ, բայց չմիանալ դրան: «Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ես հարգում եմ նրանց տեսակետը, նրանք շատ լուրջ դիվիդենտներ ունեն այսօր: Թիմը շատ լավ աշխատել է: Քաղաքական առումով միգուցե ճիշտ են» եւ շարունակեց. «Վստահ կարող եմ ասել, որ «Ժառանգությունը մեկ քայլ անգամ չի շեղվելու համաժողովրդական պայքարից»: Լյուդմիլա Սարգսյանը նաեւ ասաց, որ Կոնգրեսին անդամակցելը որեւէ կերպ չի սահմանափակում կուսակցությունների ու քաղաքական ուժերի ինքնուրույնությունը: «Եթե նման բան լիներ, Հնչակյան կուսակցությունը կհրաժարվեր մտնել Կոնգրեսի կազմի մեջ: Միանշանակ պետք է պահպանենք մեր ինքնուրույնությունը»:
http://www.zhamanak.com/article/9953/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.