Մամուլում հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի հաղթական լուսանկարը՝ ՍԴՀԿ համահայկական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հյուրանոցի բացմանը, դժգոհություն է առաջացրել Սփյուռքի ՍԴՀԿ երիտասարդության շրջանում: Լուսանկարների տակ սոցցանցերում Շվեդիայից, Փարզից, Բեյրութից երիտասարդ ՍԴՀԿ-ականները քոմենթներ են արել եւ «դավաճան» են որակել Սեդրակ Աճեմյանին:
вторник, 21 июня 2011 г.
вторник, 29 марта 2011 г.
Աճեմյանը ծախել է ՍԴՀԿ-ի սկզբունքները
Օրերս Փարիզում ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որով, ըստ էության, հաստատել է ընդդիմության վերջին տարիների պնդումները, որ ինքը 124-ամյա ՍԴՀԿ-ն քանդելու եւ այն Հայ ազգային կոնգրեսից հեռացնելու` Սերժ Սարգսյանի նպատակն է իրականացնում:
воскресенье, 21 ноября 2010 г.
Համագումար, հետո գրանցում

Չնայած պետական ռեգիստրը հրաժարվում է գրանցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունից (ՍԴՀԿ) հեռացված անդամների նոր կուսակցությունը` Հնչակյան Սոցիալ-Դեմոկրատ Կուսակցություն (ՀՍԴԿ) անունով, այդ մարդիկ, մեր տեղեկություններով, պատրաստվում են դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում այնուամենայնիվ համագումար անցկացնել:
суббота, 5 декабря 2009 г.
Սեդրակ Աճեմյանը՝սառնարան նորոգողը,մաչոն և հայկական դառը խիարը
Եվ այսպես, համահնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանը դարձյալ ասպատակում է իր աղվոր հայրենիքում: Վերջինս տեղ հասավ ու կուսակցության կենտրոնական վարչությունից հեռացրեց Գուրգեն Եղիազարյանին, իբր Եղիազարյանը խախտել է ներկուսակցական էթիկան, ծաղրել կուսակցական սրբությունները: Բնականաբար, հարց է առաջանում` ի±նչ ծաղրի մասին է խոսքը: Պարզվեց, որ հնչակյան ձեռնադրվելու ժամանակ Վարդան Խաչատրյանը երդվել է Ֆիրդուսու շուկայից գնված խաղալիք դաշույնի վրա, ու այս փաստն արձանագրած Գուրգեն Եղիազարյանին Սեդրակ Աճեմյանը որոշել է չներել: Եթե մտովի ետ դառնանք այն փաստին, որ 19-րդի դարավերջին հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր Սասունի և Զեյթունի զինված ապստամբությունները, իսկ 20-րդի դարասկզբին կազմակերպել է Կնյազ Գոլիցինի` այդ հայտնի հայատյացի սպանությունը` Հայկ Բժշկյանցի գլխավորությամբ, ապա ապշելու բան է, որ այսպիսի ավանդություն ունեցող կուսակցության որոշ անդամներ ընդունելության արարողությունը զավեշտի են վերածել ու Վարդան Խաչատրյանին երդվեցրել են խաղալիք դաշույնի վրա:
Մի առիթով ես գրել էի, որ սփյուռքից եկած մեր հայրենակիցները երկու տեսակի են` եղբայրներ և ախպարներ: Եղբայրները` Մոնթեի, Հացպանյան Սարգիսի, Ժիրայր Սեֆիլյանի տեսակներն են: Այս մարդիկ հայրենիք մտան շքամուտքից ու մինչ օրս պայքարում են` հանուն ազատ Հայաստանի, իսկ ախպարները` Սեդրակ Աճեմյանի տեսակներն են: Սրանք հետնամուտքից են ներս մտնում, Ճիշտ կլիներ ասել` սողոսկում: Եվ այսպես, որպես իսկական ախպար` ակնկալելով իշխանական պարգևներ, Սեդրակ Աճեմյանը երկակի խաղ սկսեց խաղալ: Առաջին ճակատում նա դավել սկսեց սերժական թևի հետ` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, երկրորդ ճակատը` քոչարյանական թևն է` հայտնի Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Երկակի այս խաղը նույնիսկ դավերի մեծ վարպետ, իշխանությունը գողացածների մոտ տարակուսանք առաջացրեց, ընդհուպ մինչև Տիգրան Սարգսյանը որոշ շրջանակներում բաց տեքստով հայտարարեց, թե` ես այս մարդուց բան չեմ հասկանում: Պատկերացնում եք` Ներսես Շնորհալու բարդ տաղերը անգիր իմացող Տիգրան Սարգսյանն անգամ Սեդրակ Աճեմյանին չկարողացավ հասկանալ: Արդյունքում, Սեդրակ Աճեմյանը վտանգեց քաղաքական բիզնեսը, վտանգի տակ է վերջինիս տնտեսական բիզնեսը: Սեդրակ Աճեմյանի հայաստանյան ունեցվածքի մասին այս պահին կլռեմ, բայց Հայաստանի Հնչակյան կուսակցության գրասենյակի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը չլռեց, իսկ համահնչակյան կենտրոնական վարչության փոխանդամ Արարատ Մկրտչյանը պարզապես հրաժարվեց իր կարգավիճակից` այդպիսով բողոք արտահայտելով Սեդրակ Աճեմյանի մեքենայությունների դեմ:
Լավ, ինչու± է Սեդրակ Աճեմյանը ժողովրդի կողքը կանգնելու փոխարեն հաճոյանում ՀՀ իշխանագողերին, և որտե±ղ է այս մարդու շարժիչ ուժը: Փորփրելով վերջինիս անցյալը` նախ արձանագրեցինք, որ Սեդրակ Աճեմյանը չի փայլում բարձր ինտելեկտով, նրա մտավոր ներուժը խիստ սահմանափակ է: Վերջինիս վրա, թերևս, խոր ազդեցություն է թողել կամ ինքն էլ զարմացել է, թե ինչպես երեկվա սառնարան վերանորոգող վարպետ Սեթոն, այսօր համահնչակյան կուսակցության ատենապետն է: Ու այս զարմանքը և վերջինիս ծուռտիկ դիրքորոշումն ուղիղ հարցերի վերաբերյալ հիշեցնում են ԱՄՆ-ում հայտնի` մարդու մի տեսակի մասին, որ մեքսիկացիք կոչում են մաչո: Ի±նչ է իրենից ներկայացնում մաչոն: Անկախ տարիքից` միշտ երիտասարդ երևացող, եռանդուն, նախաձեռնող, հաջողակ մարդ` կյանքի բոլոր բնագավառներում` հասարակ քաղաքականից սկսած` անկողնով վերջացրած: Մաչոյի կերպարը բնորոշ է պարզունակ, անկիրթ, կյանքից վայելքներ ակնկալող մարդկանց: Սեդրակ Աճեմյանը, փաստորեն, մարդկային այդ տեսակին է պատկանում: Սրա համար մաչոն կուռք է: Սեդրակ ախպարը դույզն-ինչ չի մտահոգվում բռնազավթված իշխանության համար, բանտերում ապօրինի պահվող մարդկանց համար: Մեկ խոսքով, սառնարան վերանորոգող նախկին վարպետը հասել է այնպիսի բարձունքների, ինչպես ժողովրդական ասացվածքն է դիպուկ բնութագրել` չտեսավ պատին կախ, տեսավ ճակատին կախ: Բայց հենց այստեղ են ասել, որ գերանդին քարին դեմ առավ: Պարզունակ իմացությունների տեր այս մարդը հայաստանյան քաղաքական դաշտը չէր պատկերացնում` քիչ է, հաշվի չէր առել նաև դիմացինների կրթական բարձր մակարդակը և պատրաստվածությունը: Ու բախվելով բարձր ինտելեկտի տեր մարդկանց մերժողական վերաբերմունքին` մազերը ներկած մեր մաչո Սեդրակը մնաց առանց մաչոյի մ-ի` դառնալով աչո Սեդրակ:
Եթե Սեդրակ Աճեմյանը կկարդա գիրս ու կշարունակի ասպատակել Հայաստանում, ապա հաջորդ անգամ կետ առ կետ կներկայացնենք Սեդրակ Աճեմյանի հայաստանյան ունեցվածքը, իսկ եթե դեռ մի պտղունց հայրենասիրություն ու էլի ինչ-որ մաքուր բան է մնացել, ապա Սեդրակ Աճեմյանը ներողություն կխնդրի սեփական կուսակիցներից և կաջակցի վերջիններիս Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման պայքարում:
Սուրեն Սարգսյան
Մի միջամտեք մեր խոհանոցին
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի առաջարկով` ՍԴՀԿ ԿՎ 9 հոգանոց անդամները, ձայների 2/3-րդ համամասնությամբ, ԿՎ կազմից հեռացրել են հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին։
Սեդրակյանն այդ քայլին էր գնացել այն բանից հետո, երբ Եղիազարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմել էր այն մասին, որ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երդվել էր ոչ թե ավանդական թրի, այլ` խաղալիք սիպուկո թրի վրա։ Եղիազարյանի այս արարքը Աճեմյանը որակել էր որպես «ՍԴՀԿ սրբության սրբոցը` երդման արարողությունը, ծիծաղի առարկա դարձնելու» փորձ։ Իր հերթին, Գուրգեն Եղիազարյանը երեկ մեր թերթին ասել էր, որ Աճեմյանը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքն ընտրվել է Համահնչակյան համագումարի ժամանակ, իսկ համագումարի որոշումներն ուժի մեջ մնում են մինչեւ մյուս համագումար։
ՍԴՀԿ-ում սկիզբ առած խմորումների մասին երեկ զրուցեցինք նաեւ Սեդրակ Աճեմյանի հետ։
- Պարոն Աճեմյան, իրականում ինչո՞ւ եք ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունից հեռացրել Գուրգեն Եղիազարյանին։
- Դա իմ որոշումը չէր, դա Կենտրոնական վարչության որոշումն էր։
- Բայց Ձեր առաջարկով է, չէ՞, այդ որոշումը կայացվել։
- Ոչ։ Կենտրոնական վարչությունն է համապատասխան որոշում վերցրել։
- Իսկ Դուք անձամբ այդ որոշմանը կողմ չէի՞ք։
- Մեր ներքին խոհանոցին որեւէ մեկը իրավունք չունի միջամտելու։ Դա մեր ներքին խոհանոցն է։
- Պարոն Աճեմյան, բայց չէ՞ որ ԿՎ անդամներն ընտրվում են համագումարով, եւ միայն հաջորդ համագումարի ժամանակ ԿՎ կազմը կարող է փոխվել։
- Ոչ, այդպես չէ։ ԿՎ որեւէ անդամ կարող է հեռացվել ձայների 2/3-րդով։ Դա ԿՎ կանոնադրությամբ է, մենք, անշուշտ, կանոնադրություն ունենք։ Գուրգեն Եղիազարյանը չի իմանում կուսակցության օրենքների մասին, կամ գիտի, բայց չի ասում այդ մասին։ Իսկ ընդհանրապես, մեր երկիրը այսօր լուրջ խնդիրներ ունի, այսօր մենք թողել ենք այդ հարցերը եւ նստել ենք ներքին խոհանոցային հարցերի մասին ենք խոսում։ Մենք մեր որոշումները կայացնում ենք եւ առաջ ենք շարժվում, եւ եթե նկատել եք` մամուլով էլ հայտարարություններ չենք տարածում, որովհետեւ դա մեր կուսակցության ներքին խոհանոցն է։
- Պարոն Աճեմյան, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս գա Կոնգրեսից։
- Դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մենք ընդհանրապես ոչ միայն Հայաստանի մեջ ենք կողմնակից եղել Կոնգրեսին, այլ ամբողջ Հնչակյան կուսակցությունը պաշտպանել էր Կոնգրեսին։ Դրանք երեւակայական արտահայտություններ են եւ չգիտեմ` ինչու են տարածվում։
- Այսինքն, ուզում եք ասել, որ դուք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի եւ Կոնգրեսի համագործակցության դեմ ոչինչ չե՞ք անում։
- Այո։
- Այդ դեպքում ինչո՞ւ Համահնչակյան վերջին համագումարի ժամանակ դուք Կոնգրեսից դուրս գալու հարց բարձրացրեցիք։
- Այդ տեղեկությունները, չգիտեմ, թե որտեղից եք քաղել։ Մեր համագումարը փակ համագումար էր։ Ինչ վերաբերում է համագումարում հնչած հայտարարություններին, ապա մեր դռնփակ ժողովներուն ներս մենք շատ բաների մասին ակնարկած ենք, եւ դրանք կմնան մեր «խոհանոցային» քաղաքական աշխատանքը։
- Պարոն Աճեմյան, ասում են, որ դուք Վարդան Խաչատրյանի պարագայում խախտել եք հնչակյանների համար սրբություն համարվող երդման արարողությունը եւ Խաչատրյանից երդում եք ընդունել խաղալիք թրի վրա։
- Այդպիսի բան գոյություն չունի։ Դա ոչ քաղաքական արտահայտություններ են։ Խաչատրյանին մենք օծել ենք կուսակցական, եւ այսօր ԿՎ-ում պաշտոն կվարե։
- Պարոն Աճեմյան, լուրեր են շրջանառվում նաեւ, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չվերընտրվի։
- Չէ, դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մեր կուսակցական կարգով` շարքերը ընտրում են վարչությանը, հետո վարչությունը կընտրի իր ատենապետին։
ՀԳ. Երեկ Գուրգեն Եղիազարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սեդրակ Աճեմյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ՍԴՀԿ ԿՎ-ն կանոնակարգ ունի, որով նախատեսվում է, որ ԿՎ անդամները ցանկացած պահի` ձայների 2/3-րդով կարող են հեռացնել ԿՎ անդամի։ Ի պատասխան Աճեմյանի այս հայտարարության, Եղիազարյանն արձագանքեց. «Սեդրակ Աճեմյանը երեւի այդ կանոնակարգը տարել է իրենց տանը պահել է, որպեսզի ոչ ոք չտեսնի։ ՍԴՀԿ-ում երբեք նման նախադեպ չի եղել, որ ԿՎ անդամները իրենց կազմից հեռացնեն որեւէ մեկին»։
http://www.armtimes.com/4993
четверг, 19 ноября 2009 г.
Եղբայրները և ախպարները
Արաբկիր թաղամասը, որտեղ ծնվել, մեծացել եմ նաև ես, հիմնադրել են սփյուռքահայերը, ավելի ստույգ` հայրենադարձները դրսի արաբկիրցիների օժանդակությամբ, այստեղ ստեղծել են մշակույթի օջախներ, հայտնի քիմմաքրման ֆաբրիկան. Արաբկիր համայնքը սփյուռքից ամենայն աջակցություն է ստացել: Տարօրինակ ձևով, սակայն, ժամանակի ընթացքում ներգաղթած մեր հայրենակիցների մեծ մասը կրկին վերադարձավ արտասահման, բայց պատճառների մասին չէ, որ ուզում եմ խոսել, ու նաև գնահատականից եմ ուզում զերծ մնալ, թե ում գնալն էր արդարացված, թե ով պարզապես լքեց հայրենիքը մի քանի փալաս-փուլուսի համար. սրանք այլ թեմաներ են: Այնուամենայնիվ, մեզ համար սփյուռքահայերը երկու տեսակ են լինում, հիրավի, եղբայրներ և, ցավոք, ախպարներ: Եղբայրները նրանք են, ովքեր, հատկապես 88-ից սկսած, դուռը բացեցին ու ներս մտան` մեզ հետ, մեր կողքին իրենց պատմական հայրենիքում պայքարելու համար: Միայն Մոնթեի ու Ժիրայր Սեֆիլյանի տեսակը բավական է, որ պատկերացում կազմենք իրական եղբայրների մասին: Այս տղերքը, առանց ավելորդ շատախոսության, նվիրական գործին լծվեցին. հայրենիքի ազատագրումը այս մարդկանց համար պատվի խնդիր էր, նույնիսկ եթե որոշ տեղացիների նախանձն էին շարժում, կամ իշխանություն կոչվածները հալածում էին և հալածում են նրանց: Հենց միայն Սարգիս Հացպանյանի, Վարդգես Գասպարիի օրինակները բավ են, բայց փաստ է նաև, որ այս մարդիկ չեն պատրաստվում խոնարհել պայքարի դրոշը: Նրանք, իրոք, արդար ու ազատ Հայաստան են երազում: Այսինքն, եղբայր են նրանք, ովքեր հայրենիք են մտնում շքամուտքից: Բայց այլ են ախպարները: Դրանք 1988 թվականից մեր գլխին լոլո կարդացողներն են` թե պետք չէ բարձրացնել Արցախի խնդիրը, պետք է համագործակցել սովետմիության հետ, սովորեցնում էին, թե ինչն է լավը, ինչը` վատը, ու համագործակցության կոչ անողները դաշնակ պարագլուխներն էին, և, իհարկե, ոչ միայն նրանք, մասնավորապես ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանը, թվում է, թե պետք է, որ առաջինը ցանկանար, ելնելով իր ղեկավարած կուսակցության գաղափարախոսությունից, նախ և առաջ Հայաստանում հաստատել ժողովրդավարական կարգեր: Ամեն ինչ պետք է աներ ավազակապետության ռեժիմը կազմաքանդելու համար, ու միայն դրանից հետո, երբ ՀՀ-ում ստեղծվեին հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար, արդեն պետք է մասնակցեր արդար ու թափանցիկ ընտրություններին բոլոր մակարդակներով` կերտելով ժողվրդավարական հայրենիք: Դրանից հետո էր, որ Սեդրակ Աճեմյանը, որ նաև խոշոր ձեռնարկատեր է, արդար մրցութային պայմաններում կարող էր համապատասխան ներդրումներով օգնել թե° հայրենիքին և թե° զարգացնել իր բիզնեսը: Բայց, ցավոք, այդ արդար տարբերակը Սեդրակ Աճեմյանը չընտրեց: Գործարքի մեջ մտնելով գողապետական ռեժիմի հետ` ավազակապետերից ստացած արտոնությունների դիմաց Սեդրակ Աճեմյանը, բառիս իսկական իմաստով, փորձեց ծախել կուսակցության դիվիդենտները: Եվ ի հաշիվ դավանափոխ եղած ԱԺ պատգամավորի` Սեդրակ Աճեմյանը ոչ միայն ուզում էր լեգիտիմացնել անօրեն Ազգային ժողովը, այլև փոխել ՍԴՀԿ կշիռը` հայաստանյան այդ կառույցը պոկելով Հայ ազգային կոնգրեսից, դարձնել իշխանամետ ինչ-որ մի բան: Այս խաղում, իհարկե, ցավում եմ Վարդան Խաչատրյանի համար, որ ախպարի պես հետնամուտքից ներս մտավ, այնինչ, կարող էր եղբոր պես բացել շքամուտքի դուռը: Ինչպես ասում են` Աստված իր հետ: Թեմային չէի անդրադառնա, եթե ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանը չշարունակեր ջուր պղտորել: Ուզում եմ հիշել մի պատմություն, երբ սփյուռքահայ մի գործարար, լրագրողիս տեսնելուն պես սկսեց լոլո կարդալ, որ հայրենիքն աղվոր է, և անանկ կսիրե, որ հոս գորգագործարան բացած է: ՙԵվ ինչքա±ն աշխատավարձ եք տալիս՚,- հարցրեցի սրան, ու վերջինս խրոխտ պատասխանեց` ամսական 50 դոլար: Ու երբ լսեց իմ հակադարձումը, թե` հարամ է քո կերած հացը, խիստ վիրավորվեց, կամ այդպես ձևացնելով, դուրս փախավ: Հազարներով վաճառած գորգի դիմաց այդ մեծ հայրենասերը իր հայրենակցուհիներին կոպեկներ էր տալիս այն դեպքում, երբ նմանատիպ ծանր աշխատանքը գորգագործ կնոջը բազմաթիվ ծանր հիվանդությունների առաջ է կանգնեցնում` ընդհուպ մինչև չբերություն: Սեդրակ Աճեմյանի ու իր նմանների տեսակը գինու կարասն ընկած մկան պես մի բան է, որ փչացնում են ամբողջ գինին: Աճեմյաններն` ուր, մոնթեներն` ուր ու մնացածներն` ուր: Ու քանի որ խոսեցինք այս թեմաներից, ուզում եմ ցավով մի քանի խոսք էլ մեծանուն հայերի մասին ասել:
Ի±նչ են մտածում ազնավուրները, գաֆեսչյանները, քրքորյանները, աղանբեկյաններն ու մյուսները, երբ կանգնում են հայոց ավազակապետերի կողքին` խորացնելով փոքրիկ բռնապետների իշխանությունը: Եթե հայրենիք ու Հայաստան բառերը այս մարդկանց համար, հիրավի, արժեք ունեն, ուրեմն պիտի գիտակցեն, որ օրվա իշխանությունները Հայաստանն առանց հայ ժողովրդի են պատկերացնում: Ու այլևս ինչու± են հայրենասիրական շարժեր անում մեծանուն հայերը: Եթե այս պարզ իրողությանը նրանք անտեղյակ են և, իրոք, չգիտեն, ուրեմն` վերջիններիս մեծությունը բանի պետք չէ£ Եթե կույր են, Հայաստանում լավ ակնաբույժներ կան, թող դիմեն, կօգնենք, ակնոց էլ կուղարկենք, եթե կարիք կա, սակայն ուղտին նստած` կուզեկուզ անելը, պարոնա°յք մեծանուն հայեր, ձեզ պատիվ չի բերում: Հետո չասեք, թե տեղյակ չէիք: Իսկ մտոք կույր լինելը ամենամեծ մեղքն է: Կամ լավն արեք կա°մ լավություն մի խաղացեք: Միևնույնն է, ձեր ուղարկած փողերից հայ ժողովուրդը շահ չունի:
Սուրեն Սարգսյան
вторник, 3 ноября 2009 г.
ՆՈՐ ԲԱԼԵՏԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում անսպասելիորեն հայտնվեց Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Ընդ որում, իրադարձությունները այստեղ գլխապտույտ արագությամբ էին զարգանում: Բայց ամեն ինչի մասին սկզբից:
Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը անդամագրվեց ՍԴՀԿ-ին: Այդ մասին հայտարարվեց, իսկ մի շարք լրատվամիջոցներում էլ տեղեկություն տարածվեց, թե Վարդան Խաչատրյանը իշխանությունների կողմից է գործուղվել, որպեսզի այդ կուսակցությունը պառակտի կամ իշխանությունների կողմը քաշի եւ այլն:
Այն, որ իշխանությունները իսկապես փորձում են սփյուռքյան երեք կուսակցությունները լիովին իրենց ազդեցության տակ վերցնել, դա վաղուց հայտնի է: Արդեն ստեղծվել է «կոոպերատիվ ռամկավարների» կուսակցությունը, դաշնակների հարցը վաղուց լուծված է, մնում էր տեղի ՍԴՀԿ կառույցը, որը, ինչպես գիտենք, ընդդիմության դաշտում է գտնվում եւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է հանդիսանում:
Այնպես որ, սպասելի է, որ իշխանությունները փորձելու են պառակտել նաեւ Հնչակյան կուսակցությունը: Իհարկե, Վարդան Խաչատրյանի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելն առայժմ վաղ է, քանզի նրա մասին լուրերը ոչ մի կերպ հիմնավորված չեն, բայց երեկ ամեն ինչ նրա անվան շուրջ էր պտտվում:
Նախ, երեկ հայտնի դարձավ, որ դեռեւս հոկտեմբերի 31-ին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը արտահերթ նիստ է արել, որտեղ քննարկվել է Վարդան Խաչատրյանի հարցը: Վարչությունը` հիմք ընդունելով ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետը (Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց), ձայների մեծամասնությամբ դադարեցրել է Վ. Խաչատրյանի 7 օրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր նաեւ, որ նա կարող է դիմում ներկայացնել մեկ տարի անց, որը կքննարկվի վարչության կողմից:
Եվ ահա երեկ ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ Վարդան Խաչատրյանի հարցը կուսակցության կենտրոնական վարչության օրակարգում է, եւ մոտ օրերս կհայտարարվի նրա հեռացման վերաբերյալ որոշման բեկանման մասին: Ավելին, Ն. Գալստյանը հայտարարել է նաեւ, որ Վարդան Խաչատրյանը զբաղվելու է ոչ միայն հայաստանյան կառույցի, այլեւ համահնչակյան կուսակցության որոշակի առաքելությամբ:
Այս հայտարարությանն անմիջապես հետեւում է ՍԴՀԿ ԿՎ երեք անդամների` Ալբերտ Գաբրիելյանի, Ալեքսանդր Ալեքյանի եւ Էդիկ Պետրոսյանի համատեղ հայտարարությունը, թե «ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում: Նա մասնավորապես հայտարարել է, որ Վարդան Խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանդրադառնա վարչության նիստում: Ինչ վերաբերում է Վ. Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ հայտարարում ենք` Վ. Խաչատրյանը 2009 թ. հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չի եւ ոչ ոք իրավասու չէ` համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր - կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա 1 տարի անց»: Ահա սա` ի պատասխան Նարեկ Գալստյանի հայտարարության:
Այս հայտարարությանը հետեւել է Նարեկ Գալստյանի պատասխանը, որը նա փոխանցել է «7օր»-ին. «Ես Հնչակյան կուսակցության անդամ եմ եւ կատարում եմ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները»: Իսկ հետո շատ ավելի հետաքրքիր պատասխան է տվել. «Եթե Հնչակյան կուսակցության ղեկավար մարմիններն ինձ հրահանգեն դառնալ բալետմեյստեր, ապա ես կդառնամ բալետմեյստեր», վստահեցրել է ՍԴՀԿ մամլո խոսնակը` հրաժարվելով այլ մեկնաբանություններից: Իմիջիայլոց, նմանատիպ պատասխանը թերեւս յուրահատուկ է ավանդական կուսակցությունների համար: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը` արձագանքելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ղեկավար, նույնպես դաշնակցական Գեղամ Մանուկյանի վարքագծին, երբ վերջինս համառորեն չէր ցանկանում վերցնել դաշնակների թափուր մնացած պատգամավորական մանդատը, այսինքն, չէր ցանկանում պատգամավոր դառնալ, հայտարարեց, թե եթե Գեղամ Մանուկյանին հրահանգեն լողի չեմպիոն դառնալ, պիտի դառնա: Ինչպես տեսնում եք, ՀՅԴ-ի ու ՍԴՀԿ-ի ոչ այնքան հեռատես քաղաքականության պատճառով հայ ազգը զրկվում է լողի չեմպիոններից եւ բալետմեյստերներից: Ափսոս:
Ի դեպ, Հայ Ազգային Կոնգրեսը առայժմ զերծ է մնացել ՍԴՀԿ-ի շուրջ այս պատմությանը որեւէ կերպ արձագանքելուց: Փոխարենը անմիջապես արձագանքել է «Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ» ՀԿ-ն: Վերջինս ՍԴՀԿ գործունեության մասին երեկ տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Եթե ճիշտ է տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը միջամտել է ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության գործունեությանն, իսկ վերջինս էլ ենթարկվել է դրան, ապա դա կնշանակի, որ ՍԴՀԿ Կանոնադրությունը եւ գործունեությունը հակասում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին:
Դա էլ, իր հերթին, կնշանակի, որ ՍԴՀԿ գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված դրույթներին, այսինքն` համաձայն հիշյալ օրենքի 30-րդ եւ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածների պահանջների, Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել կամ արգելել ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության գործունեությունը»:
Այնպես որ, հնչակների շուրջ տիրող իրավիճակը մեզ խոստանում է նոր զարգացումներ, եւ սա պետք է դիտարկել իշխանությունների կողմից նոր` «ընդդիմադիր բեւեռ» ստեղծելու պրոյեկտի ենթատեքստում:
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍԴՀԿ-Ն ԷԼ ՉԸՆԴՈՒՆԵՑ
Վարդան Խաչատրյանին կրկին հեռացրել են
Անցած հանգստյան օրերը, պարզվում է, բավականին անհանգիստ են եղել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ նրա նորաթուխ անդամ, «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի համար: Բանն այն է, որ հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, կայացած արտահերթ նիստում դադարեցվել է Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը կուսակցությանը: Այդ առիթով կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի՝ Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել՝ այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ներկուսակցական այս ինտրիգի պատճառի արմատները հասնում են մինչեւ Հայ ազգային կոնգրես: Ընդամենը 1,5 տարի առաջ կուսակցությանն անդամագրված եւ արդեն ՍԴՀԿ ԿՎ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՍԴՀԿ ԿՎ որոշ անդամների հետ հակված է փոխել Հայաստանյան ՍԴՀԿ-ի, այսպես ասած, հունը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն հավատարմորեն շարունակում է մնալ ՀԱԿ-ի կողքին, ինչը շատերին արդեն չի բավարարում: Վարդան Խաչատրյանին ներգրավելով կուսակցական աշխատանքում՝ աստիճանաբար պետք է փորձ արվեր կուսակցության ներկայիս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին փոխարինել Վարդան Խաչատրյանով: Իսկ դրան, հավանաբար, կհաջորդեր ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալը: Նկատենք, որ ՍԴՀԿ ԿՎ-ն միանշանակ չի ընկալել կուսակցության հայաստանյան կառույցի անդամակցությունը ՀԱԿ-ին, եւ այս ընթացքում էլի փորձեր են եղել հակակոնգրեսական կեցվածք դրսեւորելու: Նույնիսկ վերջերս տեղի ունեցած համահնչակյան համագումարից առաջ համառորեն լուրեր էին շրջանառվում, որ ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալու հարցն էլ պիտի դրվի քննարկման: Վահան Շիրխանյանը երեկ հրաժարվեց խոսել թեմայի շուրջ՝ միայն անդրադառնալով Վարդան Խաչատրյանին հեռացնելու փաստին, ասաց. «Համբերենք, մինչեւ կուսակցությունն ինքն իր ներքին խնդիրը կլուծի եւ վերջնական հայտարարությամբ հանդես կգա։ Այսօր-վաղը կենտրոնական վարչության հայտարարությունը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա»: Վարդան Խաչատրյանի հետ խոսել երեկ չհաջողվեց: Վերջինիս հեռախոսն անջատված էր ողջ օրվա ընթացքում:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կուսակցության կանոնադրության այդ կետը չէ՞ր գործում, երբ Վարդան Խաչատրյանին ընդունում էիք կուսակցության շարքերը, պատասխանեց. «Կուսակցությունում նման նախադեպ չէր եղել, երբ նորերս այլ կուսակցությունից հեռացված մարդը փորձեր անդամագրվել ՍԴՀԿ-ին, հավանաբար, բացթողումն այդտեղ եղավ: Բարեբախտաբար, կուսակցության «հնաբնակները» շատ ավելի զգոն գտնվեցին եւ պահանջեցին, որ հավատարիմ մնանք կանոնադրության տառին: Բայց Վարդան Խաչատրյանն ինքը լավ ուսումնասիրել էր կուսակցության կանոնադրությունը, ուստի պիտի որ լավ իմանար, որ ՍԴՀԿ-ին անդամակցելու հարցով չի կարող դիմել: Երբ անդամագրվում էր, իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են կուսակցությանն անդամագրվելու հարցին պատասխանեց՝ ոչ, ասաց, որ լավ ծանոթ է կուսակցության կանոնադրությանը»: «Առավոտի» հարց-ենթադրությունը՝ Վարդան Խաչատրյանի անդամակցության հարցում ՍԴՀԿ-ի կամ Վարդան Խաչատրյանի նկատմամբ ճնշումնե՞ր են եղել, տիկին Սարգսյանն անպատասխան թողեց: Իսկ 7 օր առաջ որտե՞ղ էին կուսակցության «հնաբնակ»-օրինապաշտները՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ Վարդան Խաչատրյանի անդամակցության գործընթացը շատ հապճեպ է եղել. «Դա մեր մի շարք ընկերների ցանկությունն էր, չեմ ուզում կոնկրետացնել, թե՝ ում, վարչությունն էլ ընդառաջ է գնացել՝ թյուրիմացաբար բացթողում անելով. հիմա որոշել ենք շտկել: Այստեղ անձի խնդիր չկա: Մեկ տարի հետո, ընդունված կարգի համաձայն, պարոն Խաչատրյանը թող դիմի՝ ՍԴՀԿ-ին անդամակցելու համար՝ կքննարկենք»: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՍԴՀԿ ԿՎ-ն վերականգնել է Վարդան Խաչատրյանի անդամակցությունը կուսակցությանը, տիկին Սարգսյանն ասաց. «Չհավատաք ոչ մի այլ հայտարարության, բացի հայաստանյան վարչության հայտարարություններից: Ըստ կանոնադրության, նման որոշումներ իրավասու է կայացնել միայն ՍԴՀԿ հայաստանյան վարիչ մարմինը: Իսկ մենք իրավունք չունենք վտանգելու Հայաստանում ՍԴՀԿ-ի գործունեությունը»:
Արդյոք այս պատմությունն ածանցյա՞լ է վերջերս տեղի ունեցած ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ առաջին դեմքերի՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել էր նաեւ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Տիկին Սարգսյանն ասաց, որ Աճեմյանը պարտավոր չէր այդ հանդիպման մասին իրենց հաշվետվություն տալ, մանավանդ, որ այն վերաբերել էր երեք կուսակցությունների սփյուռքյան գործունեությանը՝ համահայկական հարցերի վերաբերյալ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
пятница, 14 августа 2009 г.
Սփյուռքը «վիրավոր» է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից
Օգոստոսի 8-ին Հայաստան ժամանած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը հանդիպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում, ինչպես կառավարության տարածած հաղորդագրության մեջ է ասվում, կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր ու Հայաստանի տնտեսության մեջ Սփյուռքի առավել լայն ներգրավման հնարավորությունները, ինչպես նաեւ ՍԴՀԿ-ի հետ երկխոսության ու համագործակցության հնարավոր ուղիները:
Անդրադարձ էր կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորմանը: ՍԴՀԿ ԿՎ ատենապետի հանդիպումը իշխանության ներկայացուցչի հետ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց քաղաքական շրջանակներում, որոնց վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ պրն Աճեմյանից:
- Պրն Աճեմյան, ի՞նչ նպատակ ուներ Ձեր հանդիպումը Տիգրան Սարգսյանի հետ, Դուք նախորդ տարի էլ էիք Հայաստան ժամանել, սակայն կառավարության ղեկավարի հետ որեւէ հանդիպում տեղի չունեցավ: Այս տարին առանձնահատո՞ւկ է ինչ-որ բանով:
- Նախ ասեմ, որ այդ հանդիպումը պրոտոկոլային հանդիպում էր: Առաջիկայում` սեպտեմբերի 26-ին, պետք է տեղի ունենա ՍԴՀԿ-ի հերթական համագումարը, որը որոշել ենք հրավիրել մայր հայրենիքում: Մեր վերջին համագումարը հայրենիքում եղել է 1995թ.-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Որպես հայ առաջին ավանդական կուսակցություն` ՍԴՀԿ-ի համագումարը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հասարակության շրջանում եւ հատկանշական է, որ բոլորը, անկախ քաղաքական պատկանելությունից, պետք է հրավիրվեն այդ համագումարին: Ուստի` մեր հանդիպման նպատակն այն էր, որ վարչապետին եւս հրավիրենք համագումարի բացմանը, որ գա ու իր սրտի խոսքն ասի: Եթե նա ընդունի հրավերը, շատ լավ, եթե ոչ` իր գործն է:
- Պրն Աճեմյան, բոլոր դեպքերում, Ձեր հանդիպումը վարչապետի հետ շատերին տարօրինակ թվաց եւ ահա թե ինչու` ՍԴՀԿ հայաստանյան կառույցը ընդդիմության` Հայ Ազգային Կոնգրեսի անդամ կուսակցություն է, սակայն նույն այդ կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը հարաբերվում է իշխանության հետ: Նման դիտարկմանն ինչպե՞ս կարձագանքեք: Արդյո՞ք այդ այցելությամբ ինչ-որ բան է փոխվել ՍԴՀԿ-ի քաղաքական կողմնորոշման մեջ:
- Միանշանակ ոչ: Նման երեւույթ չկա, նախեւառաջ մենք` որեւէ երկրի վարիչ մարմինները, այս պարագայում էլ Հայաստանում գտնվող վարիչ մարմինը, իր տեղական քաղաքականության մեջ անկախ է: Անշուշտ կուսակցությունն ունի իր համագումարներով կայացրած որոշումների ուղեգիծը, եւ այդ ուղեգծին բոլորը պետք է ենթարկվեն: Բայց այս պարագայում ես ոչ մի քաղաքական կուրսի փոփոխություն կամ տարբերություն չեմ նշմարել մեր կուսակցության քաղաքական գծի մեջ, եւ իմ հանդիպումն էլ վարչապետի հետ` բնավ չի կարող նման բան ենթադրել:
- Իսկ վարչապետին` Ձեր համագումարին հրավիրելը կարելի՞ է դիտել որպես իշխանություն-ընդդիմություն մերձեցմանը միտված քայլ, հատկապես, որ վարչապետը նման փորձ արդեն իսկ ունի. մեկ տարի առաջ հրավիրված էր «Ժառանգություն» կուսակցության համագումարին, եւ ինչպես ինքն ասաց` եկել էր կամրջելու իշխանությանն ու ընդդիմությանը:
- Եթե նման երեւույթ ստեղծվի, Հնչակյան կուսակցությունը բավարարված կզգա իրեն: Որովհետեւ այդ մերձեցումը, կարծում եմ, որ շահավետ կլինի մեր երկրի, պետականության համար, եւ մի քիչ էլ ժողովրդին ուշադրություն դարձնելու քաղաքականության հիմքը կդրվի այդպիսով: Սակայն դա երկուստեք` իշխանության եւ Կոնգրեսի որոշելու խնդիր է: Մենք` որպես կուսակցություն, գործակից ենք Կոնգրեսին` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ասեմ նաեւ, որ մենք արտասահմանյան մեր կառույցներով Կոնգրեսի մասին չէ, որ այսօր խոսում ենք, այլ` Լեւոն Տեր-Պետրոսյանի, որովհետեւ նրա հետ մեր կապը նոր չէ, ու պետք է պահպանենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք լուրջ քաղաքական գործակցություն ունենք: Բայց ասեմ, որ մենք որեւէ խնդիր չունենք հանդիպել այս կամ այն գործչի հետ, եթե այդ հանդիպումը ի նպաստ մեր երկրի շահի ու պետականության է:
- Իսկ վարչապետն ինչպե՞ս արձագանքեց ձեր դիտողությանը` կապված Սփյուռք-Հայաստան միասնական քաղաքականության բացակայության հետ, հատկապես, որ հանդիպման ժամանակ քննարկել եք հայրենիք-սփյուռք համագործակցության հարցը:
- Շատ, այսպես ասած` վերնագրեր բացվեցին խոսակցության ժամանակ, բայց մենք լուրջ փոխադարձ հարաբերության մեջ համաձայնության չեկանք: Մասնավորապես շոշափեցինք Ցեղասպանության հարցը, եւ դա միակ խնդիրն է, որով զինված է ամբողջ Սփյուռքը: Այս օրերին սփյուռքահայությունը վիրավոր է Հայաստանի կողմից վարվող ոչ միասնական քաղաքականության պատճառով: Չէ՞ որ մենք անընդհատ հայրենի իշխանավորների շուրթերից լսում ենք միասնաբար գործելու, մեկ ազգ, մեկ տուն լինելու, մեր երկրի արտաքին խնդիրներին միասնաբար լուծում տալու մասին խոսքեր, բայց, դժբախտաբար, իրականությունն այլ բան է փաստում: Մասնավորապես` վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, խորը նիհիլիզմ են առաջացրել Սփյուռքում: Ներկայիս Սփյուռքը համակված է Ցեղասպանության խնդրի լուծմամբ եւ այդ ուղղությամբ ունի հստակ մշակված ռազմավարություն: Մինչդեռ Հայաստանի նախագահը այդ ռազմավարության կոնցեպցիային դեմ գնացող խնդիր բարձրացրեց` կապված Ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հետ, եւ այն հայտարարությունը, որը ստորագրվեց Ցեղասպանության տարելիցի նախօրեին: Այսօր արար աշխարհը զարմացած է դրանից, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների առաջ մենք տկար դուրս եկանք: Մենք պետք է կամաց-կամաց դուրս գանք այդ տկարությունից, իսկ դրա համար հայտարարությունները, որոնք այդ կապակցությամբ արվում են, պետք է ազգովի արվեն եւ ոչ թե անհատական մակարդակի: Պետք է համազգային մարմնով նստենք եւ որոշումներ կայացնենք, եւ ոչ թե միայն ՍԴՀԿ-ն կամ Դաշնակցությունը, կամ մեկ այլ կուսակցություն, որովհետեւ Ցեղասպանության հարցը լոկ նեղ կուսակցական, նեղ քաղաքական հարց չէ, այլ` ազգային: Մենք փորձեցինք ահա սա բացատրել պարոն վարչապետին, եւ մեր առաջ քաշած շեշտադրումներից շատերին նա հավանություն տվեց: Հատուկ ուզում եմ ընդգծել նաեւ, որ եթե Ցեղասպանության հարցը օրակարգից դուրս գա, ապա Սփյուռքը կարող է փլվել, մինչեւ որ նոր իրավիճակներ, երեւույթներ ստեղծվեն, որպեսզի կարողանանք հայությանը հայ պահենք արտասահմանյան հողի վրա:
- Պրն Աճեմյան, ժամանակ առաջ հայ ավանդական կուսակցություններից մեկը` ՀՌԱԿ-ը պառակտվեց, ինչում, ըստ շրջանառվող լուրերի, մեծ է ՀՀ վարչապետի ներդրումը: Ի՞նչ եք կարծում` ձեր կուսակցության նկատմամբ վարչապետի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը հնարավո՞ր է նման հեռահար նպատակներ ունի: Այլ կերպ ասած` ՍԴՀԿ-ն իմունիտետ ունի՞ դիմակայել հնարավոր պառակտումներին:
- Մենք ցավում ենք, որ պառակտում է տեղի ունեցել այն կուսակցության մեջ, որին մենք համարում ենք քույր կազմակերպություն: Բայց ես ձեռնպահ կմնամ այդ պառակտումը վարչապետին վերագրելու հարցում, դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Ցավոք, պառակտումն արդեն կայացած փաստ է, եւ ՀՌԱԿ կենտրոնական վարչությունը ամեն ինչ անում է` միավորելու կուսակցությունը: Եթե ՍԴՀԿ-ն կարող է այդ հարցում օգտակար լինել, ապա մենք կստանձնեք այդ առաքելությունը:
- Ձեր խոսքերից հետեւո՞ւմ է, որ ՍԴՀԿ-ն ամուր կառույց է եւ այն հնարավոր չի լինի պառակտել, տրոհել, եթե նույնիսկ նման ցանկություն ունենա Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա:
- Մենք, իսկապես, գնալով ամրանում եւ կուռ ենք դառնում, եւ մեզ տրոհելը հեշտ չի լինի` անգամ մեծ ցանկության պարագայում: Տա Աստված, իհարկե:
Զրուցեց` Հեղինե Մանուկյանը
http://www.zhamanak.com/article/12555/
четверг, 26 июня 2008 г.
«ՍԴՀԿ-ն ժողովրդի հետ է ու ժողովրդի համար»
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության (համասփյոռ) ատենապետ Սեդրակ Աճեմյանը հունիսի 13-21-ը Հայաստանում էր: Մեր բացառիկ հարցազրույցը նրա հետ է:
-Պարոն Աճեմյան, վերջին անգամ Դուք Հայաստան էիք եկել վերջին նախագահական ընտրություններից առաջ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ետընտրական իրավիճակը եւ ի՞նչ կերպ արձագանքեց սփյուռքահայությունը մարտի 1-ի իրադարձություններին:
- Մարտիմեկյան արյունալի իրադարձությունները, որոնցով անցավ Մայր Հայրենիքը, լուրջ վրդովվեցրեց ու մտահոգեց հայրենիքից դուրս ապրող ողջ հայությանը: Մտահոգություններն առավելապես առնչվում են նրան, թե ի՞նչ կերպ է կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը ժողովուրդն` իր հերթին, իշխանություններն` իրենց հերթին: Այդ իրադարձությունների գլխավոր ու միակ պատճառը խորհրդարանական եւ նախագահական կեղծված ընտրություններն էին: Հենց այդ կեղծված ընտրությունները վիճարկելու իր իրավունքն էր փորձում իրացնել հայ հասարակությունը, ընդ որում` առաջին անգամ այդքան միասնակամ ու հաստատակամ: Իսկ ինչ արեց իշխանությունը: Բռնացավ ժողովրդի արդար պահանջին, որն էլ ծնեց մարտի 1-ը: Մենք` Ս.Դ.հնչակյան կուսակցությունը, ժողովրդավարության ջատագովն ենք, եւ այն երեւույթները, որոնք կատարվեցին ընտրություններից առաջ եւ հետո` չպետք է պատահեին իրեն ժողովրդավար երկիր հռչակած մեր պետության հետ: Հայտնի իրադարձություններից արդեն հինգ ամիս է անցել, սակայն դրական ոչ մի երեւույթ, մարտիմեկյան իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ որեւէ գործուն քայլ երկրում չի արձանագրվել: Դա մենք պայմանավորում ենք իշխանությունների ապաշնորհ կեցվածքով. վերջիններս չեն կարողանում պատշաճ դիրքերից ու պատշաճ ձեւով հարաբերվել միմյանց եւ հասարակության հետ: Համենայնդեպս, լավատես ենք, որ իրավիճակը կշտկվի, որքան էլ որ այն դուրս է եկել բնականոն հունից:
- Ընդդիմությունն առկա ճգնաժամից դուրս գալու ելքերից մեկը համարում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Դուք ե՞ւս համակարծիք եք այդ մոտեցմանը:
- Բնականաբար, պետք են ոչ միայն արտահերթ, այլ նախեւառաջ ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրություններ: Ով էլ որ այդպիսի ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվի, մենք պատրաստ կլինենք համագործակցել նրա հետ: Բայց, ըստ իս, մինչ ընտրությունները, առկա ճգնաժամի հաղթահարման քայլերից առաջինը քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելն է, որովհետեւ եվրոպական ընտանիքի անդամ եւ ոչ մի երկրում ու առհասարակ առաջադեմ աշխարհում ընդունված չէ, ամոթ է քաղաքական հայացքների համար բանտարկված քաղաքացիներ ունենալը: Շատ մտահոգիչ են նաեւ օրենքի ուժ ստացած այն արգելքները, որոնք նպատակ ունեն սահմանափակել մարդկանց խաղաղ հանրահավաքներ անելու իրավունքը: Կրկնում եմ. իրեն ժողովրդավար հռչակած երկրի համար հանրահավաք արգելելը, մեղմ ասած` անթույլատրելի է: Մտահոգիչ է նաեւ ԶԼՄ-ների կաշկանդված, եթե չասենք ընդգծված պրոիշխանական վարքագիծը: Շատ ուրախացա, երբ իմացա, որ «Ա1+» հեռուստաընկերությունը Եվրոպական դատարանում շահեց դատը, ինչը նշանակում է, որ մամուլը մեկ քայլով ազատ դարձավ: Հուսով եմ` այդ հ/ը-ն շուտով եթեր կվերադառնա, իսկ նրա օրինակը, որպես անկախ հեռուստաալիքի, վարակիչ կլինի մյուս հ/ը-ների համար:
- Պրն Աճեմյան, ՀՀ ԱԺ-ում մարտի1-2-ի դեպքերը հետաքննելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Դուք հավատ ընծայու՞մ եք այդպիսի հանձնաժողովի անկողմնակալության նկատմամբ:
- Նախապես ոչինչ ասել չեմ կարող, սակայն այդ եւ նույն նպատակով ստեղծված ցանկացած այլ հանձնաժողովի համար մարտյան իրադարձությունների մեղավորներին բացահայտելը ու մեղավորներին պարզելը պետք է գերնպատակ լինի, որպեսզի հերթական անգամ հասարակությունը չհիասթափվի` բախվելով անգործության մատնված հերթական կառույցին: Բացի այդ, պետք է փոխհատուցում ստանան մարտի 1-ի զոհերի ու տուժածների հարազատները:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանից:
- Այն քաղաքականությունը, որն այս ընթացքում վարել է Հայաստանը` երբեք չի համընկել այն սպասելիքների հետ, որոնք ունի մեր երկրի հանդեպ Եվրոպան: Այսօր չի կարելի չնկատել այն մեծ ճեղքը, որն առաջացել է ոչ միայն Հայաստան-Եվրոպա հարաբերություններում: Տարիների ընթացքում գործադրված մեծ ջանքերը` մեր երկրում ժողովրդավարություն արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանվածության, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, արդյունք չեն տվել: Չասենք, որ Եվրոպայի համբերության բաժակը լցվել է, բայց այդ բաժակը դատարկ էլ չէ:
- Ի՞նչ չափով եք կարեւորում սփյուռքի գործոնը առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
- Մենք անհրաժեշտություն ենք համարում հայրենիք-սփյուռք կապն ապահովող մարմնի ստեղծումը, որպեսզի այդ մարմնի միջոցով կարողանանք համադրել առկա խնդիրներն ու միակամությամբ, համատեղ ջանքերով փորձենք դրանց լուծումներ տալ: Ս.Դ.հնչակյան կուսակցությունը միշտ պատրաստ է համագործակցել հայրենիքի հետ:
- Իսկ ի՞նչ դիրք ունեն Հայաստանում ընթացող պրոցեսների նկատմամբ ավանդական մյուս կուսակցությունների` ՀՅԴ-ի եւ Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի կառույցները եւ արդյո՞ք համագործակցում եք դրանց հետ առկա ճգնաժամը հաղթահարելու համար:
- Դժբախտաբար, երբ Հայաստանում մարտի 1-ի իրադարձությունները տեղի ունեցան, մենք դիմեցինք ՀՅԴ-ին ու ՌԱԿ-ին, որպեսզի միասնաբար հանդես գանք ու փորձենք լուծումներ առաջադրել, սակայն արձագանք չստացանք: Ներկա պահին մեր հարաբերությունները սառեցվել են, թեեւ չէի ասի, որ հակադիր կողմերում ենք: Սակայն Հնչակյան կուսակցությունը, ի մի բերելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, կանգնած է ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի կողքին: Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանն ունենա միմիայն արդար ընտրությունների արդյունքում ընտրված, լեգիտիմության դեֆիցիտ չունեցող իշխանություններ: Այլապես ոչ լեգիտիմ իշխանությունները միշտ խնդիրներ են ունենում դրսում, վերջիններիս նկատմամբ տարբեր կարգի ճնշումներ են գործադրվում` դրանցից բխող անցանկալի հետեւանքներով: Մեր կուսակցության քաղաքականությունը «ժողովրդի հետ, ժողովրդի համար» սկզբունքի վրա է կառուցված, եւ լիահույս ենք, որ սփյուռք-հայրենիք գործակցությամբ կկարողանանք հնարավորինս շուտ հաղթահարել ստեղծված ճգնաժամը: Միայն այդ պարագայում է, որ հնարավորություն կունենանք լուծել մեր երկրի առաջ ծառացած մյուս խնդիրները:
http://www.zhamanak.com/article/9636/
вторник, 17 апреля 2007 г.
Ոչ կախ գլխով, բարձր ճակատով
Հայաստան է ժամանել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ ընդդիմադիր է իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Որքանո՞վ է այդ մոտեցումը համընկնում դրսում գործող հնչակյան կառույցների դիրքորոշման հետ:
- Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի 16 երկրներում գործող մեր կուսակցության կառույցներն անկախ մարմիններ են եւ ինքնուրույն են որոշում իրենց քաղաքականությունը: Սա առաջին հերթին վերաբերվում է Հայաստանում գործող քույր կուսակցությանը: Սակայն մեզ միավորում է մեր գաղափարախոսության եւ սկզբունքների ընդհանրությունը, որոնցից առաջնայինը «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսն է: Մենք քննադատել ենք իշխանությունների քաղաքականությունը, քանի որ այսօր Լոս Անջելեսը ողողված է հայաստանաբնակ հայությամբ, նրանց քանակն այնքան շատ է, որ այդ քաղաքը նմանվում է Հայաստանին: Սա անընդունելի է հնչակյան կուսակցության համար, քանի որ մենք դեմ ենք Հայաստանի դատարկվելուն, իսկ դրա ելքը Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանության ձեւավորումն է:
- Պարոն Աճեմյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Էռնեստ Սողոմոնյանը, որի որդին Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակն է, հայտարարում է, որ ինքը ՀՍԴՀԿ ատենապետն է եւ ինքն է Հայաստանում ներկայացնում հնչակյան գաղափարախոսությունը: Սակայն ՍԴՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ Սողոմոնյանը ոչ մի կապ չունի հնչակյանության հետ: Ո՞վ է այս վեճի մեջ իրավացի:
- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը` Լյուդմիլա Հարությունյանի ատենապետությամբ միակ օրինական կառույցն է, որի հնչակյանությունը մեր մյուս քույր կառույցների կողմից ճանաչվում է որպես քույր կուսակցություն: Ինչ վերաբերվում է Էռնեստ Սողոմոնյանին, ապա նա 10 տարի առաջ եղել է մեր կուսակցության կենտրոնական վարչության անդամ: Սակայն, դժբախտաբար, նրա գործունեության համար կենտրոնական վարչությունը իր համագումարում որոշում է կայացրել նրան վտարել կուսակցության շարքերից: Այսինքն` դրանից հետո նա եւ իր ստեղծած Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ոչ մի կապ չեն կարող ունենալ աշխարհի 16 երկրներում գործող հնչակյան քույր կառույցների հետ:
- Այսինքն` եթե Սողոմոնյանը ընտրվի պատգամավոր, դուք չե՞ք համարի, որ ՍԴՀԿ-ն խորհրդարանում ունի իր ներկայացուցիչը:
- Քանի որ նա համարվում է վտարված անձ, ապա նրա կարգավիճակը ոչ մի նշանակություն չունի մեր կուսակցության եւ նրա անդամների համար: Սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ մեր կուսակցության ընդհանրական որոշումը, քանի որ նրա վտարման որոշումը ընդունվել է կուսակցության համագումարի կողմից:
- Պարոն Աճեմյան, սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները ինչպե՞ս ընդունեցին ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որն արգելում է նրանց մասնակցել Հայաստանում տեղի ունեցող համապետական ընտրություններին` քվեարկելով այդ երկրներում գտնվող Հայաստանի դեսպանատներում եւ հյուպատոսարաններում բացված ընտրատեղամասերում:
- Հայաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու միջոցով սփյուռքում մեծ հետաքրքրություն էր առաջանում Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ: Դա նաեւ օգնում էր, որ տարբեր պատճառներով դրսում հայտնված Հայաստանի քաղաքացիներն իրենց օտարված չզգային իրենց հայրենիքից: Այնպես որ, ոչ միայն մեր կուսակցությունը, այլ նաեւ մյուս կուսակցությունները լավ էին ընդունում, որ Հայաստանը հնարավորություն է տալիս իր քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը: Սա ընդունված է նաեւ այլ երկրներում, որոնք նույնպես թույլ են տալիս արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը: Իսկ նման որոշում ընդունելով Հայաստանի իշխանությունները հետքայլ կատարեցին իրական ժողովրդավարությունից` իրեն մեկուսացնելով իր բազմահազար քաղաքացիներից:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեն սփյուռքահայերը հայաստանյան ընտրություններից:
- Մենք սպասում ենք, որ ընտրությունները լինեն ազատ եւ ժողովրդավարական, որ ժողովուրդը ինքը որոշի, թե ինչ իշխանություն է ինքն ուզում ունենալ առաջիկա 5 տարիների համար: Մինչեւ այժմ եղած ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին, իսկ դա անընդունելի է նաեւ մեզ համար: Ինչպես ասացի` մենք քույր կառույցներ ունենք աշխարհի 16 երկրներում, այդ երկրների մեծ մասը արդեն ժողովրդավարական են կամ անշեղորեն գնում են դեպի ժողովրդավարություն: Եվ մենք ուզում ենք, որ այդպիսին լինի նաեւ մեր հայրենիքը, որպեսզի մենք ապրենք ոչ թե կախ գլխով, այլ բարձր ճակատով, որ մենք էլ կարողանանք հպարտանալ, որ ունենք արդար ու ժողովրդավարական հայրենիք:
http://www.zhamanak.com/article/5972/