Մամուլում հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի հաղթական լուսանկարը՝ ՍԴՀԿ համահայկական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հյուրանոցի բացմանը, դժգոհություն է առաջացրել Սփյուռքի ՍԴՀԿ երիտասարդության շրջանում: Լուսանկարների տակ սոցցանցերում Շվեդիայից, Փարզից, Բեյրութից երիտասարդ ՍԴՀԿ-ականները քոմենթներ են արել եւ «դավաճան» են որակել Սեդրակ Աճեմյանին:
Այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը կարմիր թելով անցնում է համահայկական ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցությունների՝ ՀՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի պառակտման գործում, նորություն չէ: Առավել պատասխանատու են նրանք, ովքեր գնում են գործարքի:
Ինչպես հայտնի է, ՀՀ օրենսդրությունն արգելում է վարչական լծակներն օգտագործել որեւէ կուսակցություն ուժեղացնելու կամ պառակտելու համար: Հայաստանում փաստորեն արվում է եւ մեկը, եւ մյուսը. նույն՝ վարչական լծակների շնորհիվ ուժեղացվում ու բարգավաճում են իշխանական կուսակցությունները, իսկ ընդդիմությանը հարողների դեմ այդ լծակները փորձ է արվում օգտագործել կազմաքանդման նպատակով:
Այսօր արդեն խոսք է գնում ձախ ուժերի նախընտրական դաշինք ստեղծելու մասին, եւ այդ առթիվ բանակցում են պառակտված ու ՀԱԿ-ի հետ այլեւս կապ չունեցող Հնչակյան կուսակցության հետ: ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, որը ղեկավարում է Լյուդմիլա Սարգսյանը, պահպանում է ընդդիմադիր կեցվածքը եւ շարունակում է մնալ ՀԱԿ կազմում:
«Ես կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանի դերակատարությունը հետեւյալն էր. նրան պետք էր, որ կուսակցությունը դուրս գար Հայ ազգային կոնգրեսից, իսկ Սեդրակ Աճեմյանին այդ ամենը նրանով էր ձեռնտու, որ, ինչպես մենք ականատես եղանք, նա մեծ հանգստյան գոտի է կառուցել Հանքավանում, ու նրան «կտուր» էր պետք, որ կարողանա իրականացնել իր բիզնես ծրագրերը: Ցավալի է, որ Սեդրակ Աճեմյանը, լինելով ոչ քաղաքական եւ ոչ շատ խելացի մարդ, որոշեց 124-ամյա կուսակցությունն օգտագործել իր բիզնես նպատակների համար»,- մեզ հետ զրույցում ասաց ՍԴՀԿ հայաստանյան ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը՝ շարունակելով.
«Եթե մենք ապրեինք օրենքի երկրում, երեւի թե սա մեծագույն հանցագործություն կդիտարկվեր, եւ մարդիկ կդատապարտվեին, բայց քանի որ մենք շատ լավ գիտենք, որ մեր երկրում օրենք չի գործում, եւ օրենքը հարմարեցվում է իշխանական բուրգի հատվածի շահերին, հետեւաբար խոսել օրենքի մասին՝ անիմաստ է առայժմ, բայց ես կարծում եմ, որ մեր երկրում օրենքն իրոք գերակայող կդառնա մոտ ապագայում, եւ ամեն մեկը կստանա իր պատիժը գործած հանցանքներին համապատասխան: …Տիգրան Սարգսյանի ներկայությունը եւ բացումը կարող է հուշել, թե ինչ շահ կարող է ունենալ Տիգրան Սարգսյանը, բացի քաղաքական շահերից»:
Ցավոք, երեկ ՍԴՀԿ համահայկական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որ գտնվում է Հայաստանում, չպատասխանեց մեր հարցերին. ՍԴՀԿ անջատված մասի մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ասաց, որ պարոն Աճեմյանը շատ զբաղված է իր գործերով: ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը նույնպես զբաղված էր ու հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Մեր հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ կառավարությունից: Հարցին, թե ՀՀ վարչապետը երբեւէ այցելե՞լ է ընդդիմությանը հարող գործիչների ընկերությունների բացմանը, արդյո՞ք Տիգրան Սարգսյանի մասնակցությունը ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հյուրանոցի բացմանը չի գալիս ապացուցելու այն տեսակետը, որ վարչապետը ներդրում է ունեցել ընդդիմադիր կուսակցության պառակտման եւ ՍԴՀԿ-ն ընդդիմադիր դաշտից հանելու գործում` օգտագործելով վարչական լծակները, վարչապետի օգնական Արամ Անանյանը նման պատասխան տվեց.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը պարբերաբար այցելում է Հայաստանում ստեղծվող ձեռնարկություններ: Այդ այցերը որեւէ կապ չունեն Հայաստանում ներդրումներ կատարող գործարարների քաղաքական հայացքների հետ: Ձեր հարցի երկրորդ մասին կառավարության ղեկավարն անդրադարձել է դեռեւս 2009թ. դեկտեմբերի 25-ին կայացած ասուլիսի ընթացքում»:
Ըստ այդմ՝ վարչապետն ասել էր. «Ռամկավար-ազատական եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ կապված, ես կարծում եմ, որ իմ կարողությունները իմ քննադատները գերագնահատում են, որ ես բանուգործ չունեմ անելու, նաեւ զբաղվում եմ միջկուսակցական հարաբերություններով։ Այդպիսի բան չկա։ Ես ի պաշտոնե հանդիպել եմ Հնչակյան կուսակցության ատենապետի հետ, ի պաշտոնե հանդիպել եմ նորընտիր, նոր ձեւավորված Արմենական ռամկավար-ազատական կուսակցության խորհրդի անդամների հետ իրենց խնդրանքով»։
Մեր հաջորդ հարցին, թե Տիգրան Սարգսյանը բավարարվա՞ծ է ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ համագործակցությունից, Արամ Անանյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետը բավարարված է, որ երկրում իրականացվում են լուրջ ներդրումներ»:
«Սփյուռքում անտեղյակ էին եւ հակված չէին հավատալու գործարքին»,- ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ շարունակելով, որ Սփյուռքի ՍԴՀԿ շարքերում ընդդիմադիր հայացքների տեր բազմահազարանոց երիտասարդություն կա, ովքեր նման բաներ չեն հանդուրժի.
«Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Սեդրակ Աճեմյանը չի կարող երկար գոյատեւել կուսակցությունում՝ առավել եւս ատենապետի պաշտոնում: Հիմնական պատճառն այն է, որ նա դավաճանել է ՍԴՀԿ 19-րդ համագումարի բոլոր ընդունված բանաձեւերը՝ հայ-թուրքականից սկսած, կուսակցության ընդդիմադիր կեցվածքով վերջացրած: Դեռ 2 տարի առաջ մենք արդեն իսկ գիտեինք, որ շատ ակտիվացրել է Սեդրակ Աճեմյանը հանդիպումներն իշխանական հատվածի հետ՝ մասնավորապես Տիգրան Սարգսյանի, եւ այն խոսակցությունները, որ նա վարում էր ինձ հետ Կոնգրեսից դուրս գալու մասին, այդ կոնտեքստում էր: Երբ մերժվեց իմ կողմից այդ գաղափարը, հավանաբար հասկացավ, որ ինձ հետ չի կարող այդ գործարքն իրականացնել, եւ նպատակ էր դրել ինձնից ազատվել: Կարծում եմ՝ սա մաքրման պրոցեսի է տանում կուսակցությանը, եւ Սփյուռքում հետեւություններ պետք է անեն»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.