Ինչպես տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը երեկ հանդես եկավ ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ: «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա եղել է ոչ թե որեւէ կողմից ճնշման հետեւանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով.
«Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը եւ հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել:
Ստեղծածը քանդելն ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ՝ եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց եւ գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ եւ շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարեւոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»:
Այնուհետեւ նա շարադրել է, որ եթե ՀԱԿ-ը մտահոգ է ընտրություններով, երկրի տնտեսական եւ այլ խնդիրներով, նրանց կարող են ընդունել Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը:
«Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների»:
Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի հայտարարությանը պաշտոնապես կպատասխանի այսօր կամ վաղը: «Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները եւ առանձին ձեւակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»,- ասված է երեկ ՀԱԿ տարածած հայտարարության մեջ:
Այսօր, ի դեպ, կոնգրեսականները քեֆի մեջ են. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքից դուրս քեֆի է հրավիրել նախկին քաղբանտարկյալներին՝ նշելու նրանց ազատությունը:
Մինչ ՀԱԿ-ը կքննարկի ու կձեւակերպի պաշտոնական տեսակետը, երեկ զրուցեցինք ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ, ով ներկայացրեց իր առանձին տեսակետը Սերժ Սարգսյանի հայտարարության առթիվ:
- Տիկին Սարգսյան, ըստ Ձեզ, այս հայտարարության հիմքով հնարավո՞ր է երկխոսությունը, թե՞ ոչ:
- Ես կարծում, որ սա դեռ միջանկյալ հայտարարություն է, որն արեց Սերժ Սարգսյանը: Նա ընդամենը կարեւորեց երկխոսությունը, սակայն այն ձեւակերպումը, որ տվեց, օրինակ, որ եթե ՀԱԿ-ն ուզում է խոսել ընտրությունների մասին, կարող է խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, եթե տնտեսական հարցերի շուրջ՝ ապա վարչապետի հետ, կամ ինչ-ինչ հարցերով՝ Կարեն Կարապետայանի հետ, ես կարծում եմ, որ այն բանակցային խումբը, որը ձեւավորել է Կոնգրեսը, կոնկրետ նպատակ է հետապնդում՝ տեսնել իշխանության կողմից ձեւավորված խումբ, ում հետ կարող է խոսել արտահերթ ընտրությունների մասին:
Որովհետեւ բոլոր մյուս խնդիրները բաղկացուցիչ են առաջնային խնդրին. չկա արտահերթ ընտրություններ, որեւիցե տնտեսական առաջընթաց գրանցելը բացառում եմ, որեւէ առաջխաղացում բացառում եմ, որովհետեւ այս իշխանություններն ի զորու չեն այսօր ինչ-որ բան փոխել:
Իշխանությունն այսօր իրեն պարտավորված չի զգում ժողովրդի առաջ, քանի որ ընտրված չէ ժողովրդի կողմից, այլ պարտավոր է կոնկրետ խմբի, որոնց վրա հիմնված է ներկա իշխանությունը, եւ աշխատում է ծառայել այդ խմբին:
- Փաստ է, որ իշխանությունը չի պատրաստվում քննարկել արտահերթ ընտրության հարցը: Այդ պարագայում երկխոսության կայացում հնարավո՞ր է:
- Ես ասացի, որ այս հայտարարությունը միջանկյալ հայտարարություն է: Վստահ եմ, որ Եվրախորհրդարանի ելույթից, նաեւ Կազանի բանակցություններից հետո կլինի նոր հայտարարություն, որը շատ ավելի հստակ կլինի, որը շատ ավելի կհստակեցնի, թե ինչքանով է Սերժ Սարգսյանը պատրաստ երկխոսության:
Կլինի բանակցող խումբ՝ կհամարենք, որ երկխոսությունը սկսվում է: Չի լինի՝ մենք առանձին մարդկանց հետ առանձին ոլորտների շուրջ, առանձին հարցերի շուրջ բանակցելու որեւիցե նպատակ չենք հետապնդում:
- Ասել է թե միակ հարցը, որի շուրջ ընդդիմությունն ուզում է բանակցել, դա արտահերթ ընտրությո՞ւնն է:
- Այո, իհարկե, մենք հասկանում ենք, որ իշխանությունն իր օրակարգով է գալու, եւ էդ բանակցությունների արդյունքում մենք պիտի կարողանանք հիմնավորել ու համոզել, որ Հայաստանին նախեւառաջ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի որ կեղծված ընտրությունների արդյունքում ներքաղաքական անհամաձայնությունները հաղթահարել անհնար է:
Ժողովրդի դժգոհությունը, որը կապված է նաեւ տնտեսական անկման եւ սոցիալական ծանր վիճակի հետ, կարող է բավարարվել միայն արտահերթ ընտրություններով: Դա ոչ թե կապրիզ է, ինքնանպատակ է, այլ մենք երկրում բարեփոխությունների իրականացման ճանապարհը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների միջոցով: Եթե կարող են մեզ համոզել, որ կա այլ ճանապարհ…
- Դե, իշխանությունն ասում է, որ առանց այդ էլ քիչ է մնացել հերթական ընտրություններին:
- Քիչ է մնացել նաեւ, որ Հայաստանը դատարկվի, մարդ չմնա Հայաստանում: …Ես կարծում եմ՝ սա ոչ մերժում էր, ոչ համաձայնություն: Կազանից հետո կլինի նոր հայտարարություն, որը կհստակեցնի՝ երկխոսությունը կլինի՞, թե՞ չի լինի: Եթե չի լինի, ես կարծում եմ, որ այս հայտարարությամբ երկխոսությունը կայացած համարել չի կարելի:
Եթե չկա բանակցային խումբ, որ կնստի սեղանի շուրջ, մենք չենք պատրաստվում Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի դուռը թակել: Մենք թերեւս կսպասենք, թե Կազանից հետո ինչ հայտարարություն կլինի, որից հետո մեր մարտավարությունը կորոշենք: Կարծում եմ՝ հունիսի 30-ի հանրահավաքը ջրբաժանի կամ երկխոսության սկիզբը կլինի:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.