суббота, 25 июня 2011 г.

Վստահ եմ, որ կլինի արտահերթ ընտրություն

Marti-1,2010.Hanrahavaq ert_thumbՀարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

- ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն մշտապես ժողովրդին պատրաստել է խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի, ու եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կստանա:

- Ես համարում եմ դա մեծ բացթողում էր Սերժ Սարգսյանի կողմից: Մի բան է, որ ինքը գիտի մեր բանակի իրական վիճակը, բայց այլ բան, որ նման պատասխանատու ամբիոնից նման պատասխանատու հայտարարություններ է դնում` ցույց տալով մեր ԶՈՒ իրական վիճակը: Կարծում եմ` դա նախագահի պահվածք չէր:

- Իսկ ինչո՞ւ նա նման բան հայտարարեց ԵԽԽՎ ամբիոնից: Ո՞րն էր պատճառը, ձեր կարծիքով:

- Ես կարծում եմ, որ նման տեղերում անկեղծանալ երբեք չի կարելի: Ընդհակառակը, նման ամբիոններում պետք է ամեն մի խոսք արտաբերել շատ մտածված, առավել եւս, եթե դա վերաբերում է մեր կարեւորագույն օղակներից մեկին: Մենք հակամարտող կողմ ենք, մենք պատերազմի վտանգի առաջ կանգնած պետություն ենք, ու եթե նման բարձր ամբիոնից այդպիսի հայտարարություններ են հնչում, այն էլ` ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարի կողմից, նշանակում է` հակառակորդին հուշում են, որ զենքի կիրառման դեպքում ՀՀ-ն կապիտուլյացիայի կենթարկվի: Միգուցե Սերժ Սարգսյանը, չունենալով գրավոր տեքստ, չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ու այդ հարցին բանավոր չկարողացավ ճիշտ պատասխանել, բայց վաղուց ժամանակն է, որ նա նման իրավիճակներում իրեն պահել ու տիրապետել կարողանա, որպեսզի խոցելի տեղերն ի ցույց չդնի աշխարհին:

- ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, որ նախադրյալներ չկան:

- Ես կարծում եմ` Զարուհի Փոստանջյանը նման հարց չպետք է տար, որովհետեւ գիտեր պատասխանը: Սերժ Սարգսյանն, իհարկե, իր պատասխանում անկեղծ չէր: Ու միանգամայն հասկանալի է, որ նա այնտեղից չէր կարող հայտարարել, թե ինքը կապիտուլյացիայի է ենթարկվում, որ վերադառնալով Հայաստան, հրաժարական է ներկայացնելու, որ արտահերթ ընտրությունների գործընթաց է նախաձեռնելու: Բնական է, որ ԵԽԽՎ-ում նա այդ բանը չէր ասելու: Բայց դա դեռ չի նշանակում, որ ինքն այդ ամենը չի անելու, որ չի գիտակցում երկրում ստեղծված իրավիճակը, որ ի վերջո ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների:

- Այսինքն` կարծում եք կգնա՞ արտահերթ ընտրությունների: Այսինքն` կգա Հայաստան ու կհայտարարի հրաժարականի մասի՞ն:

- Պարտադիր չէ, որ հայտարարի… երկրում ստեղծված իրավիճակը կբերի դրան, իսկ ինքը լավ գիտի իրավիճակը: Արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ու դա է մեր երկրի փրկությունը: Հասարակություն-իշխանություն կապը վերահաստատելու, առաջ նայելու, երկրին ապագա նվիրելու կարեւոր հանգամանքը արտահերթ ընտրություններն են: 2008 թ. կեղծված ընտրություններից հետո հասարակություն-իշխանություն վիհը անհրաժեշտ է հաղթահարել արտահերթ ընտրություններով:

- ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանն ասել էր, թե Կոնգրեսի ղեկավարն ինքն էլ գիտի, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, բայց ժողովրդին խաբում է` հրապարակում մարդկանց պահելու համար, ընտրազանգված չկորցնելու համար:

- Ես որոշել եմ երբեք չարձագանքել ՀՅԴ-ականների մեկնաբանություններին:

- Իսկ ընդհանրապես, այդ տեսակետին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ինձ հարցնում եք` ասում եմ` վստահ եմ, որ արտահերթ ընտրություններ լինելու են: Զարմանալին այն է, որ մենք վստահ ենք, որ արտահերթ ընտրություններ լինելու են, իսկ մեր փոխարեն ՀՅԴ-ն կարծիք է հայտնում` գիտենք, որ արտահերթ չի լինելու, բայց ասում ենք: Ուրեմն` Հայ Ազգային Կոնգրեսը, առավել եւս` ՍԴՀԿ-ն երբեք չեն անում այն, ինչի վրա վստահ չեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.