пятница, 10 июня 2011 г.

«Դատարանի վճիռը հո վերջնակա՞ն չէ»

Թեեւ ՍԴՀԿ-ն եւ Հնչակյաններն այլեւս իրավաբանորեն գործող տարբեր ուժեր են, բայց կնիքի եւ մնացյալ ատրիբուտների վեճը դեռ շարունակվում է:

Նախորդ օրը ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակ է զանգահարել Կենտրոն համայնքի ոստիկանության «ավագ իրավախորհրդատու Վարդանյան» ներկայացած անձը եւ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հրավիրել ոստիկանության բաժին՝ դիմում-բողոքի կապակցությամբ, որը ներկայացրել է Գեւորգ Պերկուպերկյանը (ՍԴՀԿ-ից հեռացած-հեռացված, նորերս գրանցված Հնչակյան կուսակցության անդամ)՝ ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանից պահանջելով կուսակցության կնիքը:

Այս պատմությունն արդեն երկրորդ անգամ է կրկնվում: Երեք ամիս առաջ էլ կուսակցության գրասենյակ է այցելել Կենտրոնի ոստիկանության մի կապիտան եւ իրազեկել, որ բողոք-դիմում կա Լ. Սարգսյանի դեմ՝ կնիքի հարցով: Այն ժամանակ Լյուդմիլա Սարգսյանը ոստիկանության ներկայացուցչին է փոխանցել նախկինում այդ հարցով դատական երկու ատյանների կայացրած վճիռների պատճենները, որոնց համաձայն՝ ՍԴՀԿ օրինական ատենապետուհի է ճանաչվել Լյուդմիլա Սարգսյանը: Երկրորդ անգամ միեւնույն մարդու կողմից ներկայացված, միեւնույն բովանդակությամբ դիմում-բողոքին ընթացք տալը, այն էլ այն պարագայում, երբ առկա են այդ հարցով դատարանի որոշումները, ՍԴՀԿ-ում պատահականություն կամ զուգադիպություն չեն համարում: ՍԴՀԿ ԿՎ անդամ Համբարձում Եղիազարյանի համոզմամբ՝ այս պարագայում ոստիկանությունն առավել հետաքրքրված պետք է լինի այդ անձով՝ Պերկուպերկյանով, ապա նոր անհանգստացնի Լյուդմիլա Սարգսյանին: Համբարձում Եղիազարյանը նաեւ ենթադրում է, որ սա ավելի շատ քաղաքական հետապնդում է՝ «կազմակերպված իշխանությունների կողմից»: Նման հիմք Համբարձում Եղիազարյանին տալիս է այն, որ ոստիկանության զանգից ընդամենը մեկ օր առաջ Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն իր հարցազրույցում ներկայացրել էր Հնչակյանների գործունեությունը: Եղիազարյանը զավեշտ է համարում նաեւ պետռեգիստրում Հնչակյանների գրանցումը, քանզի համարում է, որ սոցիալ-դեմոկրատիան՝ ՍԴՀԿ հապավման սկզբնատառերը, մատնանշում են կուսակցության գաղափարական ուղղվածությունը, իսկ ՍԴՀԿ-ի իրական անվանումը Հնչակյան է: Հետեւաբար, ըստ Եղիազարյանի, ստացվում է, որ պետռեգիստրը գրանցել է արդեն իսկ գոյություն ունեցող անվամբ կուսակցություն: Սա նա համարում է հենց իշխանության աջակցությունը եւ նշում, որ իրենց կուսակցության նկատմամբ արդեն երկրորդ իրավական սխալն է: Հիշեցնենք, որ 1990-ականներին աղմկոտ պատմություններից հետո այժմ ԲՀԿ մանդատով ԱԺ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը գրանցեց ՀՍԴՀԿ կուսակցությունը: «Բավական է, արդեն սպառել եք ձեր բոլոր միջոցները: Թողեք հանգիստ աշխատենք: Մենք մեր քաղաքական դաշտում շատ ամուր ենք, ակտիվ կուսակցական շինարարություն է ընթանում, կուսակցությունն էլ ավելի է ամրանում ու համախմբվում: Չգիտեմ՝ խանդում են, թե նախանձն է խոսում, որ ամեն կերպ ցանկանում են խանգարել մեր գործունեությունը: Չի ստացվելու: Մենք մեր քաղաքական ուղին ունենք, մեր գործն անկասելի է»,- եզրափակեց Համբարձում Եղիազարյանը: Նա նաեւ հավելեց, որ երկրորդ դատական ատյանի վճռից հետո իրենք չեն ցանկացել հարցը սրել, որպեսզի համահնչակյան կառույցը վերջապես տարբերակի իրական հնչակյաններին, հետեւություններ անեն եւ չշարունակեն առաջնորդվել իրենց մասին տարածվող ստահոդ լուրերով: Սակայն համահնչակյան կառույցը մնաց անդրդվելի: Հետեւաբար, ՍԴՀԿ-ն էլ որոշել է հակընդդեմ քայլով հանդես գալ: Օրերս արդեն նամակով կդիմեն եւ ոստիկանություն, եւ Հնչակյաններին, որպեսզի վերջիններս Աբովյան փողոցում գտնվող գրասենյակի վրայից հանեն ՍԴՀԿ-ի ցուցանակը եւ դրոշը: «Նրանք ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք ունեն օգտագործելու մեր ատրիբուտները: Մենք չգիտենք, թե իրենք ի՞նչ գործունեություն են ծավալում, բայց մեր դրոշի եւ զինանշանի ներքո իրավունք չունեն որեւէ գործունեություն ծավալելու: Դրանք ՍԴՀԿ-ի սեփականությունն են»,- ասաց Հ. Եղիազարյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում հարցն այս անգամ էլ իրենք դատարանում կպարզաբանեն:
Ի դեպ, երբ տիկին Սարգսյանը փորձել է «ավագ իրավախորհրդատու Վարդանյանին» պարզաբանել, որ կնիքի հարցով դատական վճիռներ կան, վերջինս հակադարձել է՝ «Դատարանի վճիռը հո վերջնակա՞ն չի»: Սարգսյանը վրդովվել է. «Բա ո՞րն է վերջնական, Սերժ Սարգսյանի իջեցրած հրահա՞նգը»: Ամեն դեպքում, ոստիկանության ներկայացուցչի կողմից բավականին հետաքրքիր մոտեցում է դատական համակարգի նկատմամբ:
Այս ամենի վերաբերյալ Գեւորգ Պերկուպերկյանն «Առավոտին» հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց. «ՀԱԿ ակտիվիստուհուն պատասխանելու ոչ ցանկություն եւ ոչ էլ ժամանակ ունեմ: Ինչ վերաբերում է Հնչակյան կուսակցության դրոշին, ապա թող այն հանել ցանկացողը փորձի իր բախտը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.