Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրեր առաջ կարծիք էր հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը ՀԱԿ-ի հետ երկխոսությանը միջանկյալ հայտարարություն է: Կուսակցապետը հույս էր հայտնել, թե Ս. Սարգսյանն այդ հարցի առնչությամբ վերջնական դիրքորոշում կհայտնի Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից հետո: Երեկ, սակայն, ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանը պատասխանելով մասնավորապես ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ եւ արտահերթ ընտրություններ կազմակերպել, շատ հստակ հայտարարեց. «Ոչ: Ես չեմ պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում, որովհետեւ ո՛չ դրա անհրաժեշտությունը կա եւ ո՛չ էլ մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդքան հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Այս հայտարարության եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
- Տիկին Սարգսյան, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից այլեւս միանշանակ հայտարարեց, թե չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել: Սա արդեն կարելի՞ է համարել որպես նրա վերջնական դիրքորոշում:
- Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, որ երբ նման հարց է տրվում ԵԽԽՎ ամբիոնից խոսող նախագահին, եւ երբ ամբողջ աշխարհը հետեւում է նրա ելույթին, նա, բնականաբար, այլ պատասխան տալ չէր էլ կարող, եւ դա տրամաբանական է: Իսկ Զարուհի Փոստանջյանը չգիտե՞ր, որ նման հարց տալուց հետո ի՞նչ պատասխան պիտի լիներ: Զ. Փոստանջյանի, իմ կարծիքով, դիտավորյալ տված այդ հարցին այլ պատասխան ես չէի էլ ակնկալի: Բայց չէր կարելի դրանով մոլորության մեջ գցել մեր հանրությանը, որը լավ տեղեկացված չէ, թե իրականում ինչ գործընթաց է տեղի ունենում: Այդ հարցադրումը նաեւ վկայությունն է այն փաստի, որ որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որպեսզի ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը չկայանա՝ մտահոգվելով, որ իրենք այդ դեպքում լուսանցքում կհայտնվեն: Մինչդեռ լուսանցքում չհայտնվելու լավագույն լուծումը ՀԱԿ-ի շուրջ համախմբվելն է:
- Ասել է թե՝ Դուք նախկինի նման ակնկալում եք, որ Ս. Սարգսյանը Կազանում տեղի ունենալիք հանդիպումից հետո նորի՞ց կանդրադառնա երկխոսության թեմային եւ այլ բան կասի, քան այն, ինչ արդեն ասե՞լ է:
- Ես ինքս ակնկալում եմ այդ պատասխանը: Պարտադիր չէ, որ դա հրապարակային լինի, բայց պատասխան միանշանակ կլինի, եւ դրանից բխող քայլերը տեսանելի կլինեն: Վստահ եմ, որ Ս. Սարգսյանը, ավելի, քան որեւէ մեկը, հասկանում է, թե ինչ ծանր վիճակ է տիրում երկրում, եւ որ ինքն այլեւս ռեսուրս չունի այդ վիճակը կարգավորելու եւ առավել եւս՝ վերահսկելու ու շարունակելու: Հետեւաբար՝ բոլոր կարգի վերլուծություններն ու տրամաբանությունը, նաեւ Ս. Սարգսյանի խառնվածքն ու տրամաբանությունը մեզ հուշում են, որ շատ մոտ ապագայում կլինեն արտահերթ համապետական ընտրություններ: Դրանից առաջ կլինի երկխոսություն, կլինեն, գուցե ոչ՝ հրապարակային, բայց՝ մեսիջներ, որոնք ուղղված կլինեն երկխոսությանը: Վերջապես, կձեւավորվի պատվիրակություն, միգուցե այն անձանց շրջանակով, որոնց մասին նա հայտարարել է (ես համարում եմ, որ Ս. Սարգսյանն արդեն, կարծես թե, ուրվագծել է իշխանության պատվիրակության կազմը): Նահանջի ճանապարհ չկա, որովհետեւ, իրոք, առկա վիճակը պահպանելու ռեսուրս չկա:
- Տիկին Սարգսյան, Դուք ասում եք՝ Ս. Սարգսյանը այլեւս ռեսուրս չունի, բայց ՀԱԿ-ի Ձեր գործընկեր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այդ կարծիքի հետ, կարծես թե, այնքան էլ համամիտ չէ: Նա հայտարարել է, թե Ս. Սարգսյանը Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ, եւ դա ՀԱԿ-ի ու նաեւ՝ իր շնորհիվ է ու ՀԱԿ-ի «ռեյտինգի հաշվին»:
- Ես չեմ ուզում հակադրվել Հ. Բագրատյանին՝ շատ հարգելով նրան ու նրա կարծիքը: Ես ուզում եմ իմ անձնական կարծիքն արտահայտել: Ի հաստատումն Հրանտի ասածի՝ ես էլ եմ կարծում, որ Ս. Սարգսյանը հանգիստ մեկնել էր ԵԽԽՎ՝ թիկունքին ունենալով գիտակից ընդդիմադիր ուժի ռեսուրսը:
- Բայց դա լա՞վ է, թե՞ վատ:
- Մեր երկրի համար, միգուցե, լավ է: Հրանտը նկատի է ունեցել, որ Ս. Սարգսյանի պահվածքը, նրա ինքնավստահությունն ու ուժը ամբողջովին պայմանավորված են ՀԱԿ-ի՝ այսօր քաղաքական դաշտում թելադրողի պահվածքով: Հետեւաբար, բոլոր այն առաջարկները, որոնք հնչում են ընդդիմության կողմից, միանշանակ դրական արձագանք են ունենալու: Միգուցե մի քիչ դանդաղ գործընթաց է լինելու, բայց դրա արդյունքում, վստահ եմ, Ս. Սարգսյանն ինքն էլ է հասկանալու, որ այն թիմը, որն ինքն ունի՝ դա իր համար ռեսուրս չէ: Իր իրական ռեսուրս կարող է համարվել հայ ժողովուրդը եւ այն ընդդիմադիր հատվածը՝ ՀԱԿ-ը, որի ետեւից գնում է մեր ամբողջ հասարակությունը: Ս. Սարգսյանը չի կարող հաշվի չնստել այն քաղաքական ուժի հետ, որը իր պահվածքով, իր քայլերով նրան հնարավորություն է տվել, որ նա ԵԽԽՎ-ում կարողանա մեր երկիրը քիչ թե շատ բարվոք վիճակում ներկայացնել: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք պատրաստ ենք նրան այդ հնարավորությունը մշտապես տալ: Ս. Սարգսյանը պիտի հետեւություններ անի եւ հասկանա, թե ով է իրական ռեսուրսը, եւ հաշվի նստի հենց այդ քաղաքական ուժի հետ, որը հուշում է՝ երկրի փրկությունը արտահերթ համապետական ընտրությունների մեջ է:
- Ս. Սարգսյանը փաստորեն կատարելով ՀԱԿ-ի առաջադրած երեք առանցքային պահանջները՝ կատարեց նաեւ միջազգային հանրության, այդ թվում նաեւ՝ ԵԽԽՎ պահանջների մի զգալի մասը, ինչը միջազգային հանրությունը գնահատեց ու ողջունեց: Այսքան «դրական» տեղաշարժերից հետո, որը Ս. Սարգսյանն ի ցույց դրեց ԵԽԽՎ-ում, նա հո մազոխիստ բռնապետ կամ հակառակը՝ դեմոկրատ չէ՞, որ հանուն Հայրենիքի փրկության հրաժարական տա ու արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ նշանակի:
- Կարեւոր չէ, թե «դրսի» ամբիոններից ինչ է հնչում: Միջազգային հանրության ընկալումը ՀՀ-ում առկա իրավիճակի մասին կլինի այն, ինչ կներկայացնեն ՀՀ հարցով համազեկուցողները, իսկ նրանք Հայաստանի պատկերը շատ լավ գիտեն եւ նաեւ գիտեն, թե ինչի հաշվին է Ս. Սարգսյանը ելույթ ունենում ԵԽԽՎ-ում եւ որպես ժողովրդավար ներկայանում:
- Ըստ որոշ տեղեկությունների, համազեկուցող Ջոն Պրեսկոտն էլ է ողջունել Ս. Սարգսյանի վերջին քայլերն ու ընդդիմության հետ երկխոսությունը: Նա դա պիտի ներկայացնի միջազգային հանրությանը:
- Իրականում մի քանի բաներ, իրոք, կատարվել են, բայց դա այն նշաձողը չէ, որից հետո Ս. Սարգսյանը կարող է դիտարկվել որպես բարեփոխիչ կամ ժողովրդավար նախագահ: Շատ լավ գիտեն ե՛ւ Պրեսկոտը, ե՛ւ մյուսները, թե ինչ ձեւով է բռնազավթվել իշխանությունը, ու այդ պահից սկսած՝ ինչ ետընթաց զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում: Հետեւաբար՝ կեղծված ընտրությունների հաղթահարման միակ ձեւը բացառապես արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Ես վստահ եմ, որ ԵԽԽՎ-ում էլ են դա շատ լավ գիտակցում, Ս. Սարգսյանն էլ է հասկանում, որ դա հասարակության կողմից առաջադրվող պահանջ է, եւ եթե մենք այսօր հնարավորություն ենք տվել Ս. Սարգսյանին ԵԽԽՎ-ում կամ Կազանում ներկայանալ որպես դեմոկրատ նախագահ, ապա դա գալիս է նրանից, որ մենք ենք նրան այդ հնարավորությունը տվել՝ հանդես գալով երկխոսության առաջարկով: Բայց երկխոսությունը դեռ չի կայացել, եւ մենք էլ չենք պատրաստվում նրան մշտապես նման հնարավորություններ տալ: Մի օր ժողովուրդն ինքը ոտքի կկանգնի, եւ Ս. Սարգսյանը այդ ժամանակ կխնդրի, որ ժողովրդի հետ երկխոսի, ու ՀԱԿ-ն էլ հանդես գա այդ երկխոսության միջնորդի դերում: Բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.