Показаны сообщения с ярлыком Հայ թուրքական հարաբերություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայ թուրքական հարաբերություններ. Показать все сообщения

среда, 19 января 2011 г.

ՀՀ իշխանությունները Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները պետք է վերահասցեագրեն նաեւ իրենց

p7

Քանի դեռ Թուրքիան ռեալ քայլեր չի ձեռնարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում, այդ երկիրը պատրաստ չէ որեւէ նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսում հնչած ելույթին։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի համար արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ Թուրքիան մի երկիր է, որը մշտապես առաջնորդվելու է խորամանկության սկզբունքով եւ խուսափելու է կրել թուրք ժողովրդի պատմական մեղքը։

Ըստ Լ. Սարգսյանի, ՍԴՀԿ-ն հայ-թուրքական դիվանագիտության մեկնարկից սկսած տարբեր առիթներով հաճախ էր ազդարարում, որ Թուրքիան շարունակում  է վարել խաբեության քաղաքականություն, ինչպես որ դարեր շարունակ։ «Այդ երկիրը անընդհատ պիտի խորամանկի, որպեսզի առավելագույնս կարողանա օգտագործել Հայաստանի թերացումները արտաքին քաղաքականության մեջ եւ օգուտներ քաղել դրանցից։ Հետեւապես՝ այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները առաջին հերթին պետք է ուղղվեին հենց իրենց՝ ՀՀ իշխանություններին։ Քանի որ հենց նրանց անհեռատեսության հետեւանքով է, որ ի սկզբանե տապալված գործընթացը երկու տարի անիմաստ ձգձգվեց եւ այսօր փաստի առաջ կանգնեցրեց Հայաստանի պետությանը»,-հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է դաս լինի ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս հաջորդ անգամ նման բախտախնդրության չգնան։

«Պետք է դադարեցնել որեւէ բանակցություն Թուքիայի հետ եւ ավելի խստացնել նախապայմանները»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը։

http://news.am/arm/news/45036.html

вторник, 6 октября 2009 г.

Սերժ Սարգսյանը հեգնել է ամերիկահայերին


Հայ-թուրքական արձանագրությունների հետքերով համահայկական ճամփորդության ելած Սերժ Սարգսյանը Բեւերլի Հիլզի «Հիլթըն» հյուրանոցում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մոտ 3 ժամ տեւած հանդիպման ժամանակ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կասեք դրսում Ձեզ սպասող 10 հազար մարդկանց, հեգնել է. «Ես չէի կասկածում կազմակերպիչների կարողությունների վրա: Կարծում էի` 10 հազարից ավելի կլինեն»:

Ամերիկահայ համայնքի ղեկավարները, կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այլք, հիմնականում մտահոգություններ են արտահայտել արձանագրությունների վերաբերյալ եւ բավական ուշացած են համարել Ս.Սարգսյանի այցը: Ս.Սարգսյանը լսել է մտահոգությունները, արդեն իսկ վարժված լինելով հարցերին, պատասխաններ է տվել` ասելով, թե չի եկել որեւէ բան համոզելու, եկել է լսելու, միեւնույն ժամանակ անդրդվելի է մնացել: Այնպես որ, ներկա ամերիկահայերը այնքան էլ չեն հասկացել, թե ինչու է վեր կացել, եկել Հայաստանից:

Հայաստանի ներքին հարցերին 40 ներկաներից անդրադարձել է միայն Արեւմտյան ԱՄՆ-ի ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանը: Տեսակետ հայտնելով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերները ներքին խնդիրների արդյունք են, Սարաֆյանը հարցրել է, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի փորձում երկխոսության գնալ ընդդիմության հետ` լուծելու ներքին հարցերը: «Սերժ Սարգսյանը բավական տարօրինակ պատասխան տվեց, թե` ես հասկանում եմ, որ սփյուռքահայության անունից եք խոսում, բայց ինչի՞ եք Հայաստանի ժողովրդի անունից խոսում` հորդորելով առաջ անցնել եւ չուշացնել օրակարգը», - մեզ հետ զրույցում պատմեց ՍԴՀԿ ատենապետը:

Ս.Սարգսյանը սփյուռքահայերին նաեւ հայտարարել է, որ Հայաստանը հիմք չունի հողեր ուզելու Թուրքիայից: «Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ իշխանությունները 10 տարի Ցեղասպանությունը դարձրին արտաքին քաղաքականության ակտիվ օրակարգի հարց», - հարց է ուղղել Սարաֆյանը: «Ես կարծում եմ, պետք է ճիշտ խոսենք», - հայտարարել է Սարգսյանը` շարունակելով, թե Ցեղասպանությունը արտաքին քաղաքականության օրակարգում է եղել 90-ական թվականներից ու ինքն էլ անձամբ քվեարկել է այդ հարցի օգտին: Թեւերս պարոն Սարգսյանը խառնել է 90-ին Անկախության հռչակագրում Ցեղասպանության հարցի ներգրավումը եւ արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելը, որը եղավ 98-ին միայն:

Երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՀՌԱԿ-ը, ինչպես եւ նախապես հայտարարել էին, չեն մասնակցել հանդիպումից հետո Ս.Սարգսյանի հետ ճաշին: Ավելին` հանդիպումը չի փարատել նրանց մտահոգությունները եւ չի գոհացրել ամերիկահայերին: «Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, մի քիչ անիմաստ հանդիպում էր: Տպավորությունն այն է, որ Ս.Սարգսյանը եկել էր` ասելու համար, թե, այո, հանդիպեցի Սփյուռքի հետ, լսեցի նրանց: Ընդամենը այդքանը», - մեզ հետ զրույցում ասաց Սարաֆյանը:
http://www.zhamanak.com/article/12942/

суббота, 3 октября 2009 г.

Սերժը մազապուրծ է եղել ֆրանսահայերից


Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սկսվել է նրա դեմ կազմակերպված բողոքի ցույցերով։
Սարգսյանի առաջին կանգառը Փարիզում էր, եւ, ինչպես տեղեկացրել էինք երեկ, նրան Փարիզում այնքան էլ հաճելի անակնկալ չէր սպասվում։ Փարիզի կենտրոնում` Կոմիտասի արձանի մոտ, տեղի է ունեցել բազմամարդ եւ խիստ ագրեսիվ ցույց, որի ընթացքում ոստիկանությունը ուժ է կիրառել եւ բռնություններ գործադրել հայերի հանդեպ. ըստ ֆրանսիական մամուլի, կան ձերբակալվածներ։ «Դու ընտրված նախագահ չես», «Ոչ» եւ այլ ցուցապաստառներով ֆրանսահայերը սպասել են Սերժ Սարգսյանի գալուստին։ Ըստ օրակարգի, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14-ին Սերժ Սարգսյանը պետք է ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանի մոտ։ Հետո, ինչպես փոխանցեցին մեզ Փարիզից, հայտարարվել է, թե Սարգսյանը կգա ժամը 15-ին։ Բայց, ինչպես փոխանցեցին մեզ Փարիզից, մինչ այդ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները շրջապատել են ցուցարարներին եւ հրահանգել` չվանկարկել ու իջեցնել պաստառները։ Ոստիկանները սկսել են մարդկանց հրելով հեռացնել Կոմիտասի արձանի մոտից։ Հրմշտոցի ընթացքում ոստիկանները հասցրել են պատառոտել են ցուցարարների շորերը, քաշքշել անգամ տարեցներին, իսկ տարիքավոր մի կնոջ Կոմիտասի արձանի մոտից քարշ տալով են հեռացրել։ Ոստիկանությունը, ինչպես փոխանցում են մեզ Փարիզից, կարողացել է բռնի ուժով Կոմիտասի արձանի մոտից հեռու տանել ցուցարարների մի մասին։ Ինչպես մեզ պատմեց ցույցի մասնակիցներից ֆրանսահայ Ժորժ (Խաչատուր) Դուդակյանը, Սերժ Սարգսյանը Կոմիտասի արձանի մոտ հայտնվել է մոտ 2 ժամ ուշացումով եւ փորձել ուղղել արձանի մոտ արդեն դրված ծաղկեպսակի ժապավենը։ Սարգսյանի հայտնվելուն պես մարդիկ սկսել են սուլել, վանկարկել «դավաճան» եւ սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ Սերժ Սարգսյանի հասցեին։ Ըստ Դուդակյանի, Սերժ Սարգսյանը ընդամենը մի 2 րոպե է մնացել Կոմիտասի արձանի մոտ։ Նա մի կերպ մազապուրծ է եղել ֆրանսահայերի ձեռքից։ Ըստ Դուդակյանի, քաշքշոցի ու ծեծուջարդի արդյունքում կան նաեւ վիրավորվածներ։ «Ես մտածում եմ, որ ոստիկանությունը վախենում էր, թե Սերժ Սարգսյանին մի բան կանեն, վախենում էին նրա անվտանգության համար»,- ասում էր Ժորժ Դուդակյանը։ Ի դեպ, այն վայրը, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է դահլիճային հանդիպում ունենար ֆրանսահայերի հետ, մինչեւ վերջ ցուցարարներից գաղտնի է պահվել։ Հիշեցնենք, որ երբ մի քանի ֆրանսահայեր Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից փորձել էին ճշտել հանդիպման տեղը եւ ցանկություն հայտնել մասնակցելու հանդիպմանը, Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը նրանց ասել էր, թե տեղը չգիտի, եւ հայտնել, որ հանդիպման մասնակիցների ցուցակը կազմվել է Երեւանում։ Ինչպես տեղեկացրել էինք երեկ, ըստ ֆրանսիայի մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցելու էին ընդամենը 25 ֆրանսահայեր, մնացածը բերվելու էին այլ երկրներից։ Ավելի ուշ, Փարիզից մեզ տեղեկություն հասավ, որ ցուցարարները ճշտել են այն վայրը, որտեղ Սերժ Սարգսյանը դահլիճային հանդիպում էր ունենալու ֆրանսահայերի հետ։ Ցուցարարները մեզ փոխանցեցին, որ շարժվում են դեպի այդ վայրը։ Ըստ օրակարգի, Երեւանի ժամանակով ժամը 23-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ֆրանսահայ լրագրողների հետ, սակայն նրանց նախօրոք զգուշացրած են եղել, որ ասուլիսի ժամանակ հնչելու է ընդամենը 4 հարց։ Թե ինչպես է ավարտվել Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումը, կեսգիշերին դեռ հայտնի չէր։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանին նման անակնկալներ են սպասվում նաեւ Բեյրութում եւ Լոս Անջելեսում։ Ըստ որոշ տեղեկությունների, այս համայնքներում սպասվում են շատ ավելի մեծ բողոքի ցույցեր։ Ավելին, երեկ արդեն Ամերիկայի Արեւմտյան շրջանի 3 ավանդական կուսակցությունները` ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՌԱԿ-ը, շատ կոշտ հայտարարություն են տարածել Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 4-ին Լոս Անջելես կայանալիք այցի առիթով։ «Սերժ Սարգսյանի` սփյուռքյան կարեւոր գաղթօջախներ այցելելու եւ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ նախաստորագրված զույգ արձանագրությունների կապակցությամբ` հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ խորհրդակցելու նախաձեռնությունը համարում ենք ուշացած եւ ժամանակավրեպ».- նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը կարող էր ողջունելի լինել, եթե կատարվեր արձանագրությունների նախաստորագրումից առաջ, եւ «ոչ թե այդ որոշումն ու վճիռը կայացնելուց հետո միայն` բոլորովին ձեւական բնույթ տալով դրան եւ այն ծառայեցնելով քարոզչական նպատակներին, ինչը ծայրաստիճան վիրավորական է համայն հայության համար»։ Ուստի, 3 կուսակցությունները հայտարարում են. «Այս պայմանների տակ, ի տես նախագահի կողմից ազգավնաս փաստաթղթի տակ ստորագրելու անհասկանալի ու դատապարտելի աճպարարանքին, մեր վիրավորանքը չենք կարող թաքցնել եւ մեր ժողովրդի սեւ թվականի նախօրեին չենք կարող մասնակցել նախագահի պատվին կազմակերպված հանդիսավոր որեւէ միջոցառման, որը միայն ու միայն նվիրագործում է մեր պատմության, մեր նահատակների հիշատակը, մեր ազգային արժանապատվության ու հավաքական համոզմունքների դեմ նետված արհամարհանքն ու նսեմացնում մեր ազգային պահանջատիրական պայքարը».- այսպես է ավարտվում հայտարարությունը։ Ավանդական 3 կուսակցությունները պատրաստվում են Սերժ Սարգսյանին փոխանցել Հայաստան-Թուրքիա արձանագրություններին արմատապես հակադրվելու իրենց հիմնավորումները։ Հ.Գ. Նշենք, որ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությանը մասնակցում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը։
http://www.armtimes.com/854

пятница, 4 сентября 2009 г.

Համաձայն չենք


Հայ ազգային կոնգրեսի անդամ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացասական է գնահատել ՀՀ եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները եւ հիշեցրել, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը շատ խիստ հայտարարությամբ է հանդես եկել այդ կապակցությամբ։ Տիկին Սարգսյանը ասել է նաեւ, որ իրենք, մեծ հաշվով, նաեւ համաձայն չեն Կոնգրեսի կողմից տարածված ավելի մեղմ հայտարարության կոնտեքստի հետ։ «Մենք երբեւիցե մեր տեսակետը չենք թաքցրել, մենք երբեւիցե չենք փորձել կուլ գնալ Կոնգրեսի տարբեր հարցերի նկատմամբ ունեցած որոշումներին։ Այնտեղ 18 կուսակցություն կա, եւ հնարավոր չէ` բոլորի կարծիքը միեւնույնը լինի, բայց ես հարգում եմ նաեւ նրանց կարծիքը»,- ասել է տիկին Սարգսյանը։ Միաժամանակ, տիկին Սարգսյանը շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նման ընթացքը կասեցնելու համար գոյություն ունի մեկ ելք` Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Միակ լավ բանը, որ կարող է նա անել, դա անհապաղ հրաժարականն է»,- հայտարարել է Սարգսյանը։
http://www.armtimes.com/2547

четверг, 30 апреля 2009 г.

Ամերիկահայությունը մտահոգ է ու տարակուսած


«ՀՀ իշխանությունները պատրաստ են զիջել Թուրքիային, բայց ոչ իրենց հայրենակիցներին»

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի ատենապետ Համբիկ Սարաֆյանը երեկ ԱՄՆ-ից մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ սփյուռքի համար անհասկանալի են ՀՀ իշանությունների քայլերը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Սարաֆյան, ամերիկահայությունը ինչպե՞ս ընդունեց Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը` Ցեղասպանության նախօրյակին, եւ արդյոք ընկալելի՞ էր դա սփյուռքի համար:

- Միանշանակ կարելի է ասել, որ բացասական է ընկալումը, որովհետեւ գոնե սփյուռքահայության համար բավական անհասկանալի էր, թե ինչու պիտի Ցեղասպանության հիշատակման նախօրեին նման համաձայնագիր լիներ: Այդ օրը կարծես կանխորոշեց, որ Օբաման չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը: Սփյուռքի կողմից ընկալվեց, որ դա ոչ թե Հայաստանի նախաձեռնությունն էր, այլ պարտադրված էր ՀՀ այսօրվա իշխանություններին, որ հատկապես Ցեղասպանության հիշատակման օրվանից երկու օր առաջ հայտարարեին սկզբունքային համաձայնության մասին: Նշեմ, որ սփյուռքի մոտ առկա է մեծ մտահոգություն: Սփյուռքը չի հասկանում` ի՞նչն է հիմնական մեկնակետը, ինչի՞ ենք ձգտում եւ ինչի՞ ենք ուզում հասնել: Հստակ չի, թե ուր ենք գնում: Բոլորն էլ հասկանում են, որ գործընթացն անհրաժեշտ է, որ Հայաստանին պետք են բաց սահմաններ, բայց հիմնական մտահոգությունն այն է, թե արդյո՞ք մենք այս գործընթացով հասնում ենք այնտեղ, ուր ցանկանում ենք հասնել, թե՞ չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, որ գործընթացն ավարտելուց հետո, նայենք ու տեսնենք, որ բոլորովին այլ տեղ ենք հասել ու շատ ավելի աննպաստ ու վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, քան այդ գործընթացից առաջ:

- Փաստորեն սփյուռքն այսօր ավելի հիասթափված է ՀՀ իշխանությունների այս քայլից, քան նախագահ Օբամայի՞ց, ով անգլերենով այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

- Միանշանակ կարելի է այդպես ասել, որովհետեւ տրամաբանող յուրաքանչյուր հայի համար հասկանալի է, որ «ցեղասպանություն» բառն արտասանելը էական ոչինչ չէր կարող փոխել: Քանի որ կցկտուր են տեղեկությունները համաձայնագրի վերաբերյալ, բացարձակապես տեղեկություն չկա Հայաստանի կողմից, դա ավելի է խորացնում կասկածներն ու մտահոգությունը, որ ինչ-որ բան այն չէ: Սրան գումարվում է սփյուռքահայության մտավախությունը, որ այս համաձայնագրով վնասվում կամ կասեցվում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ընդհանրապես այդ խնդրի հետապնդումը կարող է անիմաստ դառնալ: Սփյուռքը չի հասկանում` մասնավորապես պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը ինչո՞վ է նպաստելու հարցի լուծմանը: Ցեղասպանության ճանաչման ջանքերը դառնում են անիմաստ, որովհետեւ հայրենիքը փաստացի անում է քայլեր, որոնք համաձայնեցված չեն սփյուռքի հետ:

- Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության պատճառների առթիվ սփյուռքում ի՞նչ մեկնաբանություններ, եզրակացություններ շրջանառվեցին:

- Կարելի է ասել, որ հիմնական եզրակացությունը, որ մենք անում ենք այս ամենից, այն է, որ այսօրվա իշխանությունների գործողությունների հայանպաստ ձեւակերպումները կասկածների տեղիք են տալիս: Ուզենք, թե չուզենք` այդպես է, որովհետեւ այս իշխանությունը իշխանության գալու առաջին իսկ օրվանից իր լեգիտիմության հարցով է ավելի զբաղված եղել, քան Հայաստանին վերաբերող հարցեր լուծելով: Մանավանդ որ` այսօր ներքին ճակատը Հայաստանում գտնվում է այդպիսի սուր իրավիճակում եւ չի վերացել այդ իրավիճակը: Ժողովրդի մոտ երկու մտահոգություն կա, որ իշխանությունն այս ամենն անում է արտաքին ճնշման ազդեցության տակ, երկրորդ` որ լեգիտիմության պակասի պատճառով իշխանություններին պարտադրում են, որ այս քայլին դիմի: Մի օրինակ բերեմ` երբ Խորհրդային Միությունը ստեղծվեց, կնքվեց Բրեստի նվաստացուցիչ դաշնագիրը Գերմանիայի հետ, որով փաստորեն ետ վերադարձվեց այն ամենը, ինչ հայ-ռուս-թուրքական պատերազմով ձեռք էր բերվել: Ռուսները դա արեցին, որ իրենց Արեւմտյան ճակատը խաղաղ լինի ու ներսում հարցերը լուծեն սպիտակգվարդիականների հետ: Այսօր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը փորձում է արտաքին աշխարհի հետ հարաբերությունները մաքսիմումի հասցնել, որ կարողանա «լուծել» ներքին հարցերը եւ չունենա մտահոգություն, որ կարող է դրսից իրեն ճնշեն: Զարմանալի բան է ստացվում. պատրաստ են զիջումների գնալու արտաքին աշխարհի` Թուրքիայի հետ, բայց պատրաստ չեն մի գրամ զիջելու իրենց հայրենակիցների հարցում: Ներքին ճակատում մի գրամի տեղաշարժ չկա: Սփյուռքի համար այս իշխանության գործելաոճը եւ մոտեցումները անհասկանալի են: Մի բան է այստեղ կատարվում, որը դժվար է հասկանալ եւ կասկածներ է առաջացնում այս իշխանությունների անկեղծության, իսկապես ՀՀ պետական շահերով առաջնորդվելու հարցում: Եթե չլինեին ներքին խնդիրները, իշխանությունը, թերեւս, բոլորովին այլ կերպ պետք է մոտենար այս հարցին եւ շատ ավելի բաց պիտի լինեին խաղաքարտերը, ոչ թե այսպես` գաղտնիության քողի տակ:

- Համաձայնագրի առթիվ սփյուռքի մի շարք կառույցներ հանդես եկան մտահոգություններով, հայտարարություններով, մասնավորապես` ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլն: Սփյուռքի հետ համագործակցող Հայաստանի որեւէ կառույց. օրինակ` կա սփյուռքի նախարարություն. փորձե՞լ է բացատրել ՀՀ իշխանությունների այս քայլը` փարատելու համար այդ մտահոգությունները:

- Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույն իրենց կոալիցիոն կուսակցությունը տեղյակ չի եղել` ինչ են ստորագրում, կամ Հայաստանի ժողովուրդը տեղյակ չէ, ինչպե՞ս կարող էր սփյուռքը տեղեկացված լինել: Ակնհայտ է, որ քննարկվում է մի հարց, որը վեր է ընդդիմություն-իշխանություն հարթությունից: Նման հարցերը միայն համաժողովրդական քննարկման արդյունքում կարելի էր լուծել եւ արդյունքի հասնել, ոչ թե 5-6 հոգի գնան համաձայնություն կնքեն, եւ ժողովուրդը իրազեկված չլինի` ինչ է տեղի ունենում: Եթե ՀՀ պետական շահերից ելնելով է դա արվում, ուրեմն ի՞նչ են թաքցնում այսօրվա իշխանությունները: Կարելի է համեմատություն անել 1997թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ներկայիս իշխանության գործելաոճի միջեւ. այն ժամանակվա նախագահը հարցը դրեց հանրության առաջ եւ փորձեց բաց քննարկում սկսել` Հայաստանի կարեւորագույն հարցերի վերաբերյալ, ժողովրդին մասնակից դարձնել: Եվ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցին, ոչ թե որ բանակցություններ էր վարել, այլ որ համարձակվել էր այդ հարցերը դնել սեղանին, հանրային օրակարգ մտցնել, իսկ այսօր գաղտնիության քողի ներքո է արվում ինչ-ինչ բաներ: Եվ ոչ միայն առաջարկներ են արվում, այլ մարդիկ համաձայնագիր են կնքում: Ո՞ւր են այդ մարդիկ հիմա, ինչո՞ւ այս իշխանություններին ոչ ոք չի ասում, որ նրանք դավաճանական գործողություններ են անում:

- Ո՞րն է ամերիկահայության հիմնական պահանջն այսօր գործող ՀՀ իշխանություններից:

- Կարող եմ այսպես ձեւակերպել. իշխանությունները պարտավորություն ունեն կատարել հետեւյալը. նախ` ժողովրդին հանգամանորեն բացատրել` ինչ է տեղի ունենում, գաղտնի բանակցությունների վարկածն անընդունելի է: Երկրորդ` իրենք պիտի ժողովրդին կարողանան ապացուցել, որ սա չեն անում իրենց լեգիտիմությունը ապահովելու համար, այլ Հայաստանի պետական շահերից ելնելով: Իսկ դա ապացուցելու համար ունեն կարեւորագույն խնդիր` լուծել ներքին հարցերը, երկխոսության գնալ ընդդիմության հետ: Առանց ժողովրդի համապարփակ մասնակցության` չեն կարող այս հարցը լուծել եւ հետո համոզել հայ ժողովրդին, որ առաջնորդվում են ՀՀ շահով: Երրորդ` իրենք պիտի հաշվի առնեն, որ սա ողջ հայ ժողովրդի ապագայի հետ կապված հարց է, եւ առանց ողջ հայության մասնակցության` այդ գործընթացը ճիշտ չի կարող շարունակվել եւ ինչ համաձայնության էլ ուզենան գալ, ինչ «Ճանապարհային քարտեզ» էլ գծեն, եթե ժողովուրդը չհամաձայնի, այդ քարտեզը կարող է սոսկ քարտեզ մնալ, որովհետեւ թերահավատություն ու կասկածամտություն լինելու է:
http://www.zhamanak.com/article/11965/

вторник, 7 апреля 2009 г.

Հայտարարություն


Հայ-թուրքական հարաբերությունները արդի փուլում իրենցից ներկայացնում են խոշոր, պատմականորեն ձեւավորված հիմնախնդիրների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշավորություն եւ բացառում է որեւէ շտապողականություն։ Բանական կլիներ, առաջին հերթին, համադրելով Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի կենսական շահերը, դասակարգել վերոհիշյալ հիմնախնդիրները ըստ կարեւորության, մշակել լուծելիք առաջնահերթ խնդիրների ընթացակարգը, հիմնավորել հնարավոր լուծումների շահեկանությունը հայկական կողմի համար, այնուհետեւ անպայման կազմակերպել լայն հասարակական-քաղաքական քննարկումներ Սփյուռքի մասնակցությամբ, եւ, կոնսենսուսի բացակայության պարագայում, գալ ընդհանուր հայտարարի համազգային հանրաքվեի միջոցով։

Սակայն, ազգային-պետական շահերին հակառակ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անօրեն զավթած ավազակապետական ռեժիմը գնում է չափազանց վտանգավոր արտաքին քաղաքական մի արկածախնդրության, հուսալով ստանալ աշխարհաքաղաքական որոշ խաղացողների բարյացակամ վերաբերմունքը եւ դրանով իսկ երկարաձգել սեփական գոյությունը, ինչի գինն է Արցախի կորուստը եւ ՀՀ ազգային անվտանգության փաստացի փլուզումը։ Դրա վառ ապացույցն է այն տեղեկատվության տարածումը, որ ամենամոտ ժամանակներում սպասվում է հայ-թուրքական սահմանի բացում, պատմաբանների միջպետական հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաեւ ազատագրված Արցախյան տարածքների զիջում Ադրբեջանին, որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման երաշխիք։

Եվ քանզի այդ ամենը կատարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի տարեկան ուղերձի նախօրեին, որի վերաբերյալ ողջ հայ ժողովուրդը ունի որոշակի սպասումներ, հասկանալի է դառնում, որ Թուրքիան, ցուցադրաբար ներկայացնելով ռազմավարական դաշնակցին իր «բարի կամքը», օգտագործելով հայաստանյան ներկա ռեժիմի թուլությունը ու շահամոլությունը, իրականում փորձում է վիժեցնել ինչպես Հայ Դատը` ընդհանրապես, այնպես էլ ցեղասպանության միջազգայնացման գործընթացը` մասնավորապես, որովհետեւ նշյալ գործողություններից հետո աննպատակահարմար եւ նույնիսկ վնասակար կդիտվի ցեղասպանություն տերմինի գործածումը ԱՄՆ նախագահի կողմից։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, ելնելով այն համոզմունքից, որ հայ-թուրքական հիմնահարցը կարող է լուծվել միայն համայն հայության միասնական կամքով ու ջանքերով, վճռականորեն դեմ է, որ հայրենի հանրության պառակտվածության պարագայում, երբ կաթվածահար են արված հայաստանյան հասարակության գերիշխող հատվածի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, երբ ազգի լավագույն զավակները գտնվում են ճաղերի ետեւում, իսկ անցյալ տարվա մարտյան սպանդի իրական կազմակերպիչներն ու իրագործողները միտումնավոր կերպով չեն բացահայտվում, երբ անտեսվում է Սփյուռքի արդար ձայնը, ժողովրդի վստահությունը բացարձակապես չվայելող, ոչ լեգիտիմ ղեկավար անձանց մի նեղ խումբ ստորագրի որեւէ միջազգային համաձայնություն Թուրքիայի հետ։

Նման քայլը ՍԴՀԿ-ի կողմից դիտվելու է որպես ուղղակի ազգային դավաճանություն, ինչը պատժվում է ինչպես սահմանադրորեն եւ քրեորեն, այնպես էլ հայ ժողովրդի կողմից դարերի ընթացքում մշակված ազգային-ազատագրական պայքարի չգրված, բայց բազմիցս իրագործված օրենքներով։

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն
http://www.armtimes.com/7667