четверг, 30 апреля 2009 г.

Ամերիկահայությունը մտահոգ է ու տարակուսած


«ՀՀ իշխանությունները պատրաստ են զիջել Թուրքիային, բայց ոչ իրենց հայրենակիցներին»

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի ատենապետ Համբիկ Սարաֆյանը երեկ ԱՄՆ-ից մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ սփյուռքի համար անհասկանալի են ՀՀ իշանությունների քայլերը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Սարաֆյան, ամերիկահայությունը ինչպե՞ս ընդունեց Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը` Ցեղասպանության նախօրյակին, եւ արդյոք ընկալելի՞ էր դա սփյուռքի համար:

- Միանշանակ կարելի է ասել, որ բացասական է ընկալումը, որովհետեւ գոնե սփյուռքահայության համար բավական անհասկանալի էր, թե ինչու պիտի Ցեղասպանության հիշատակման նախօրեին նման համաձայնագիր լիներ: Այդ օրը կարծես կանխորոշեց, որ Օբաման չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը: Սփյուռքի կողմից ընկալվեց, որ դա ոչ թե Հայաստանի նախաձեռնությունն էր, այլ պարտադրված էր ՀՀ այսօրվա իշխանություններին, որ հատկապես Ցեղասպանության հիշատակման օրվանից երկու օր առաջ հայտարարեին սկզբունքային համաձայնության մասին: Նշեմ, որ սփյուռքի մոտ առկա է մեծ մտահոգություն: Սփյուռքը չի հասկանում` ի՞նչն է հիմնական մեկնակետը, ինչի՞ ենք ձգտում եւ ինչի՞ ենք ուզում հասնել: Հստակ չի, թե ուր ենք գնում: Բոլորն էլ հասկանում են, որ գործընթացն անհրաժեշտ է, որ Հայաստանին պետք են բաց սահմաններ, բայց հիմնական մտահոգությունն այն է, թե արդյո՞ք մենք այս գործընթացով հասնում ենք այնտեղ, ուր ցանկանում ենք հասնել, թե՞ չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, որ գործընթացն ավարտելուց հետո, նայենք ու տեսնենք, որ բոլորովին այլ տեղ ենք հասել ու շատ ավելի աննպաստ ու վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, քան այդ գործընթացից առաջ:

- Փաստորեն սփյուռքն այսօր ավելի հիասթափված է ՀՀ իշխանությունների այս քայլից, քան նախագահ Օբամայի՞ց, ով անգլերենով այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

- Միանշանակ կարելի է այդպես ասել, որովհետեւ տրամաբանող յուրաքանչյուր հայի համար հասկանալի է, որ «ցեղասպանություն» բառն արտասանելը էական ոչինչ չէր կարող փոխել: Քանի որ կցկտուր են տեղեկությունները համաձայնագրի վերաբերյալ, բացարձակապես տեղեկություն չկա Հայաստանի կողմից, դա ավելի է խորացնում կասկածներն ու մտահոգությունը, որ ինչ-որ բան այն չէ: Սրան գումարվում է սփյուռքահայության մտավախությունը, որ այս համաձայնագրով վնասվում կամ կասեցվում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ընդհանրապես այդ խնդրի հետապնդումը կարող է անիմաստ դառնալ: Սփյուռքը չի հասկանում` մասնավորապես պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը ինչո՞վ է նպաստելու հարցի լուծմանը: Ցեղասպանության ճանաչման ջանքերը դառնում են անիմաստ, որովհետեւ հայրենիքը փաստացի անում է քայլեր, որոնք համաձայնեցված չեն սփյուռքի հետ:

- Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության պատճառների առթիվ սփյուռքում ի՞նչ մեկնաբանություններ, եզրակացություններ շրջանառվեցին:

- Կարելի է ասել, որ հիմնական եզրակացությունը, որ մենք անում ենք այս ամենից, այն է, որ այսօրվա իշխանությունների գործողությունների հայանպաստ ձեւակերպումները կասկածների տեղիք են տալիս: Ուզենք, թե չուզենք` այդպես է, որովհետեւ այս իշխանությունը իշխանության գալու առաջին իսկ օրվանից իր լեգիտիմության հարցով է ավելի զբաղված եղել, քան Հայաստանին վերաբերող հարցեր լուծելով: Մանավանդ որ` այսօր ներքին ճակատը Հայաստանում գտնվում է այդպիսի սուր իրավիճակում եւ չի վերացել այդ իրավիճակը: Ժողովրդի մոտ երկու մտահոգություն կա, որ իշխանությունն այս ամենն անում է արտաքին ճնշման ազդեցության տակ, երկրորդ` որ լեգիտիմության պակասի պատճառով իշխանություններին պարտադրում են, որ այս քայլին դիմի: Մի օրինակ բերեմ` երբ Խորհրդային Միությունը ստեղծվեց, կնքվեց Բրեստի նվաստացուցիչ դաշնագիրը Գերմանիայի հետ, որով փաստորեն ետ վերադարձվեց այն ամենը, ինչ հայ-ռուս-թուրքական պատերազմով ձեռք էր բերվել: Ռուսները դա արեցին, որ իրենց Արեւմտյան ճակատը խաղաղ լինի ու ներսում հարցերը լուծեն սպիտակգվարդիականների հետ: Այսօր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը փորձում է արտաքին աշխարհի հետ հարաբերությունները մաքսիմումի հասցնել, որ կարողանա «լուծել» ներքին հարցերը եւ չունենա մտահոգություն, որ կարող է դրսից իրեն ճնշեն: Զարմանալի բան է ստացվում. պատրաստ են զիջումների գնալու արտաքին աշխարհի` Թուրքիայի հետ, բայց պատրաստ չեն մի գրամ զիջելու իրենց հայրենակիցների հարցում: Ներքին ճակատում մի գրամի տեղաշարժ չկա: Սփյուռքի համար այս իշխանության գործելաոճը եւ մոտեցումները անհասկանալի են: Մի բան է այստեղ կատարվում, որը դժվար է հասկանալ եւ կասկածներ է առաջացնում այս իշխանությունների անկեղծության, իսկապես ՀՀ պետական շահերով առաջնորդվելու հարցում: Եթե չլինեին ներքին խնդիրները, իշխանությունը, թերեւս, բոլորովին այլ կերպ պետք է մոտենար այս հարցին եւ շատ ավելի բաց պիտի լինեին խաղաքարտերը, ոչ թե այսպես` գաղտնիության քողի տակ:

- Համաձայնագրի առթիվ սփյուռքի մի շարք կառույցներ հանդես եկան մտահոգություններով, հայտարարություններով, մասնավորապես` ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլն: Սփյուռքի հետ համագործակցող Հայաստանի որեւէ կառույց. օրինակ` կա սփյուռքի նախարարություն. փորձե՞լ է բացատրել ՀՀ իշխանությունների այս քայլը` փարատելու համար այդ մտահոգությունները:

- Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույն իրենց կոալիցիոն կուսակցությունը տեղյակ չի եղել` ինչ են ստորագրում, կամ Հայաստանի ժողովուրդը տեղյակ չէ, ինչպե՞ս կարող էր սփյուռքը տեղեկացված լինել: Ակնհայտ է, որ քննարկվում է մի հարց, որը վեր է ընդդիմություն-իշխանություն հարթությունից: Նման հարցերը միայն համաժողովրդական քննարկման արդյունքում կարելի էր լուծել եւ արդյունքի հասնել, ոչ թե 5-6 հոգի գնան համաձայնություն կնքեն, եւ ժողովուրդը իրազեկված չլինի` ինչ է տեղի ունենում: Եթե ՀՀ պետական շահերից ելնելով է դա արվում, ուրեմն ի՞նչ են թաքցնում այսօրվա իշխանությունները: Կարելի է համեմատություն անել 1997թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ներկայիս իշխանության գործելաոճի միջեւ. այն ժամանակվա նախագահը հարցը դրեց հանրության առաջ եւ փորձեց բաց քննարկում սկսել` Հայաստանի կարեւորագույն հարցերի վերաբերյալ, ժողովրդին մասնակից դարձնել: Եվ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցին, ոչ թե որ բանակցություններ էր վարել, այլ որ համարձակվել էր այդ հարցերը դնել սեղանին, հանրային օրակարգ մտցնել, իսկ այսօր գաղտնիության քողի ներքո է արվում ինչ-ինչ բաներ: Եվ ոչ միայն առաջարկներ են արվում, այլ մարդիկ համաձայնագիր են կնքում: Ո՞ւր են այդ մարդիկ հիմա, ինչո՞ւ այս իշխանություններին ոչ ոք չի ասում, որ նրանք դավաճանական գործողություններ են անում:

- Ո՞րն է ամերիկահայության հիմնական պահանջն այսօր գործող ՀՀ իշխանություններից:

- Կարող եմ այսպես ձեւակերպել. իշխանությունները պարտավորություն ունեն կատարել հետեւյալը. նախ` ժողովրդին հանգամանորեն բացատրել` ինչ է տեղի ունենում, գաղտնի բանակցությունների վարկածն անընդունելի է: Երկրորդ` իրենք պիտի ժողովրդին կարողանան ապացուցել, որ սա չեն անում իրենց լեգիտիմությունը ապահովելու համար, այլ Հայաստանի պետական շահերից ելնելով: Իսկ դա ապացուցելու համար ունեն կարեւորագույն խնդիր` լուծել ներքին հարցերը, երկխոսության գնալ ընդդիմության հետ: Առանց ժողովրդի համապարփակ մասնակցության` չեն կարող այս հարցը լուծել եւ հետո համոզել հայ ժողովրդին, որ առաջնորդվում են ՀՀ շահով: Երրորդ` իրենք պիտի հաշվի առնեն, որ սա ողջ հայ ժողովրդի ապագայի հետ կապված հարց է, եւ առանց ողջ հայության մասնակցության` այդ գործընթացը ճիշտ չի կարող շարունակվել եւ ինչ համաձայնության էլ ուզենան գալ, ինչ «Ճանապարհային քարտեզ» էլ գծեն, եթե ժողովուրդը չհամաձայնի, այդ քարտեզը կարող է սոսկ քարտեզ մնալ, որովհետեւ թերահավատություն ու կասկածամտություն լինելու է:
http://www.zhamanak.com/article/11965/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.