среда, 13 мая 2009 г.

Մինչեւ մայիսի 31-ը ՀԱԿ-ը հասնելու է մաքսիմալ ակտիվության


Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի` Նոր Նորք համայնքի նախընտրական շտաբների գործունեության վերահսկողությունը վերապահված է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը` ի դեմս Նոր Նորքի շտաբի պետ, ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի: Մեր զրուցակիցը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է:

-Պիտի արձանագրեմ, որ նախագահական ընտրություններից առաջ այս համայնքում շատ լուրջ թիմ չէր ձեւավորվել, այդ պատճառով էլ աշխատանքները այնքան կոորդինացված եւ լավ արդյունք չտվեցին, ինչքան որ ակնկալվում էր: Մինչդեռ այսօրվա դրությամբ Նոր-Նորքում շատ լուրջ թիմ է ձեւավորվել. Նորքի բոլոր զանգվածներում ՀԱԿ-ն ունի շտաբներ, որտեղ տիրում է նախընտրական ակտիվ եռուզեռ, ամբողջ օրը մարդիկ ակտիվ ելումուտ են անում մեր գրասենյակներ, ընդ որում` ոչ միայն ՀԱԿ-ին անդամագրվածները, այլեւ շարքային քաղաքացիներ, որոնք խիստ դժգոհ են երկրիս կառավարիչների անօրինական գործունեությունից, ովքեր ակնկալում են իրենց քաղաքում փոփոխություններ արձանագրել ընտրությունների միջոցով ու այդ հարցում անվերապահ վստահում են ՀԱԿ-ին: Ինձ շատ գոհացնում է նախընտրական այն իրավիճակը, որն առկա է Նոր Նորքում, սակայն մենք քաղաքացիների նախընտրական ոգեւորությունը էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու կարիք ունենք, որի դեպքում այդ համայնքում ՀԱԿ-ը բավական բարձր ցուցանիշ ապահովելու մեծ շանսեր ունի:

- Իսկ ինչպիսի՞ն է, Ձեր գնահատմամբ, ՀԱԿ-ի քարոզարշավի ընթացքը: Տպավորություն է, թե ընտրարշավը սպասվածից պասիվ է:

- Այն վախի մթնոլորտը, որը փորձում են ձեւավորել իշխանությունները տարբեր մեթոդներով, բնականաբար որոշակի ազդեցություն թողնում է քաղաքացիների ակտիվության վրա: Մենք Նորք-Մարաշում ականատես եղանք, թե ինչ լուրջ աշխատանք էին տարել իշխանությունները, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ ներկայանան նախընտրական հանդիպմանը, եւ ստեղծվի մի վիճակ, թե իբր մենք այդ համայնքում չունենք համակիրներ: Իրականում, սակայն, մարդիկ, որոնց վրա իշխանական տեռորը բացարձակ չի ազդում, եկել էին հանդիպման, եւ մենք գիտենք, որ Երեւանի բոլոր համայնքներում, այդ թվում եւ Նորք-Մարաշում, մենք բազմաթիվ համակիրներ ունենք: Դա անվիճելի է, եւ իշխանական ռեպրեսիաները դրա դեմ ոչ մի բան անել չեն կարող: Ինչ վերաբերում է քարոզարշավի ընդհանուր ընթացքին, ապա այն բազմամարդության, խանդավառվածության, ոգեւորության առումով աճողական է: Դավիթաշենում տեղի ունեցած նախընտրական հանդիպման փաստն արդեն իսկ հուշում է, որ օր օրի ակտիվանում է երեւանցին եւ մինչեւ մայիսի 31-ը ՀԱԿ-ն իր ընտրարշավի միջոցով կարողանալու է հասնել ընտրողների մաքսիմալ ակտիվության: Ես այն համոզումն ունեմ, որ ՀԱԿ-ի` ընտրությունների մասնակցության փաստը գրեթե անհնար է դարձնում մյուս քաղաքական ուժերի հաղթելու հնարավորությունները: Եթե իհարկե ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, ոչ թե բացահայտ տեռորի ու տոտալ կեղծիքների պայմաններում, ինչպես նախորդ` նախագահական ընտրությունների դեպքում էր: Իսկ եթե գործի նույն ձեռագիրը, մենք եւս պատրաստ ենք ամեն ինչ անել` մեր քվեները պահպանելու համար:

- Մասնավորապես ի՞նչ մեթոդներ եք գործի դնելու, ի՞նչ գործողությունների միջոցով եք տեր կանգնելու ձեր ձայներին:

- Համագործակցություն ընտրությունների ընթացքը վերահսկող, դիտարկող կազմակերպությունների հետ, ընտրակեղծիքների օպերատիվ արձանագրում, նաեւ` ըստ իրավիճակի կդիմենք կոնկրետ գործողությունների:

- Ինչպես նախորդ նախագահական, այնպես էլ այս ընտրությունների ժամանակ արդեն իսկ նկատելի են իշխանությունների բիրտ միջամտությունները նախընտրական պրոցեսին` ծեծվում եւ այլ բռնությունների են ենթարկվում ընդդիմության ակտիվիստները: Ի՞նչ երաշխիք, որ բուն ընտրական պրոցեսի ժամանակ էլ նույն ձեռագիրը չի գործելու, եւ իշխանություններն էլի բռունցքի ուժով հաղթելու են:

- Այդ բռնությունները խոսում են մի բանի մասին` իշխանությունները վստահ չեն իրենց հաղթանակի վրա, ուստի եւ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները` ոստիկանական մահակ, բռունցք, որպեսզի պասիվ մասնակցություն լինի ընտրություններին, որովհետեւ պասիվ մասնակցության դեպքում ավելի է մեծանում ընտրակեղծիքներ իրականացնելու հնարավորությունը: Իսկ մենք խնդիր ունենք ամեն գնով ակտիվացնել ու հասկացնել երեւանցի ընտրողին, որ միայն իր ակտիվությամբ է հնարավոր լինելու բռնել ընտրակեղծիք իրականացնողների ձեռքն ու թույլ չտալ վերջինիս յուրացնել իշխանության հերթական օղակը:

- Մայիսի 15-ին սպասվող համապետական հանրահավաքի թեման ո՞րն է լինելու: Հնարավո՞ր է, որ այդ օրը ազդարարվի քարոզարշավի նոր, ավելի ակտիվ փուլի մեկնարկի մասին:

- Ես ձեռնպահ կմնամ նախօրոք խոսել հանրահավաքի օրակարգի մասին, բայց կարծում եմ, որ հիմնական «մեխը» անխուսափելիորեն լինելու է առաջիկա ընտրությունները, սպասվելիք զարգացումները, նաեւ` աշխարհաքաղաքական ներկա գործընթացները: Այդ հանրահավաքի միջոցով եւս մեկ անգամ հասարակությանը հասու կդարձվի մի պարզ ճշմարտություն. այս երկրի ցանկացած քաղաքացի պետք է գիտակցի իր անձի կարեւորությունը երկրի կառավարման գործընթացում: Այդ հանրահավաքին իրենց մասնակցությունն ապահովող մեր համաքաղաքացիները եւս մեկ անգամ կհամոզվեն, որ Համաժողովրդական շարժումը մեկուկես տարվա ընթացքում կարողացել է օր օրի հզորանալ, դառնալ իշխանություններին ռեալ հակակշիռ եւ այլ այլընտրանք, քան հաղթանակը` չունի: Իսկ ավագանու ընտրությունները շատ կարեւոր, կենսական նշանակություն ունեցող քայլ են այդ հաղթանակի ճանապարհին: Այդ ընտրություններում մեր անվերապահ հաղթանակը կլինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ՀԱԿ-ի առաքելության առաջին փուլը, ինչին կհետեւեն երկրի առողջացմանն ուղղված մյուս գործողությունները, եւ երկիրը շատ արագ կկանգնի իշխանափոխության փաստի առաջ:
http://www.zhamanak.com/article/12064/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.