пятница, 19 июня 2009 г.

Չկա ֆաշիզմ` չկա էմիգրացիա


Սփյուռքում բազմաթիվ կառույցներ ունեցող ՍԴՀԿ-ում, ավելի, քան այլ կուսակցություններում, տեղյակ են, թե ինչպես է իրականում հայկական սփյուռքը վերաբերվում Հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։

Եւ դա այն դեպքում, երբ տարեցտարի արտասահման մեկնող հայերի թիվը ավելանում է` մեծացնելով սփյուռքում ապրողների թիվը։ Համահնչակյան կենտրոնական վարչության քաղաքական հարցերով խորհրդատու Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմում էր, թե ինչպես է իրականում հայկական սփյուռքը տեղեկանում հայաստանյան խնդիրների մասին։ «Նա, ով եղել է արտասահմանում, գիտի, թե սփյուռքի մեր եղբայրները, քույրերը ինչպես են կարոտախտով «հարցաքննում» Հայաստանից մեկնած ցանկացած մարդու։ Նրանց համար ամեն ինչ հետաքրքիր է, այնպես որ, իրենք ամենափոքր մանրուքների մասին անգամ տեղյակ են։ Եւ հակաիշխանական այն ալիքը, որ վերջերս բարձրացավ սփյուռքում, հենց այդ ինֆորմացիայի արդյունքն էր, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին սփյուռքում»,- նշեց Եղիազարյանը` հավելելով, որ ինքն էլ ունի նման տասնյակ բարեկամներ եւ ընկերներ, ովքեր, չհամակերպվելով այս իշխանությունների հետ կամ հալածվելով նրան կողմից, լքել են Հայաստանը։ «Մեկ օրինակ` իմ ընկերներից Սամվել Սահակյանը, ով ինձ հետ աշխատում էր անվտանգության մարմիններում, ով ժամանակին Կարեն Դեմիրճյանի թիկնազորի պետն էր եւ ինձ հետ միասին ընդդիմադիր էր, մի քանի տարի առաջ ստիպված հեռացավ հայրենիքից` քաղաքական հալածանքների պատճառով։ Նա, որ իրեն չէր կարող պատկերացնել հայրենիքից դուրս, ընտանիքի եւ երեխաների համար ունեցած վախից` ստիպված մեկնեց, եւ հիմա, կարծեմ` Հոլանդիայում է։ Ուշագրավն այն է, որ ինձ կալանավորելուց հետո` մարտի 2-ին, իրավապահ կոչվածները գնացել են Սամվելի հասցեով եւ խուզարկություն արել նրա տանը, այն դեպքում, երբ նա մի քանի տարի է` արտասահմանում է գտնվում։ Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ` իմ ընկերներից, բարեկամներից, նրանց բարեկամներից»,- պատմում էր Եղիազարյանը։ Վերջինիս խոսքերով, սակայն, նրանք, ովքեր քաղաքական պատճառներով լքում են հայրենիքը, սփյուռքում շարունակում են զբաղվել քաղաքականությամբ։ «Սփյուռքում ՍԴՀԿ ակտիվի մի մասը համալրված է այն մարդկանցով, ովքեր վերջին տասնամյակի ընթացքում հայտնվել են արտասահմանում։ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը ամեն օր տեղեկանում են այս խամաճիկ դատավորների վարած դատերից, թե ինչպես են անմեղ քաղբանտարկյալների վրա գործեր սարքում, որ անցել է մեկ ու կես տարի, բայց մինչեւ այսօր մարտի 1-ի զոհերի դահիճները բացահայտված չեն։ Եւ այս ամենը արդարացի զայրույթ է առաջացնում սփյուռքում»,- նշեց Եղիազարյանը։ Պարոն Եղիազարյանը նաեւ հիշեցրեց` եթե 90-ականներին ՀՀ-ն իր գենոֆոնդից զրկվում էր պատերազմի դաշտում, այսօր զրկվում է արտագաղթի հաշվին։ «Բայց ես կարող եմ վստահ ասել` աշնանը կլինի իշխանափոխություն եւ այն ժամանակ դուք ականատես կլինեք միգրացիայի, թե ինչպես են հազարավոր մարդիկ վերադառնալու հայրենիք։ Վերցրեք 30-ականների ֆաշիստական Գերմանիան, նայեք էմիգրացիայի ցուցանիշները եւ վերցրեց 50-ականների քանդված Գերմանիան ու տեսեք, թե ինչպես են մարդիկ վերադառնում նույն Գերմանիա։ Այսինքն` կա ֆաշիզմ` կա էմիգրացիա, չկա ֆաշիզմ` չկա էմիգրացիա, կա միգրացիա»,- նշեց Եղիազարյանը։

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տվյալներով, 2008-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից մեկնածների թիվը 23 հազարով ավելին է եղել, քան ժամանածների թիվը։ Իսկ ահա 2007 թվականին այդ տարբերությունը մոտ 8 անգամ քիչ էր` 3 հազար երկու հարյուր։
http://www.armtimes.com/6918

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.