вторник, 14 апреля 2009 г.

Որ Տեր-Պետրոսյանը հաղթանակ տանի


Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հայ ազգային կոնգրեսում օրերս որոշում էր կայացվել Երեւանի համայնքները բաժանել ՀԱԿ անդամ կուսակցությունների միջեւ. ըստ այդմ, Կոնգրեսի որոշ կուսակցություններ պատասխանատվություն են ստանձնել առանձին համայնքների համար։

Քանաքեռ-Զեյթունում պատասխանատվությունը ստանձնել է ԺՈւԿ-ը, Կենտրոնում եւ Նորք Մարաշում` ՀՀՇ-ն, Արաբկիրում` ՀՀՇ-ն ու ՀԺԿ-ն, Ավանում` «Հանրապետությունը», Նոր Նորքում` ՍԴՀԿ-ն։ Մնացած համայնքների հարցով առայժմ վերջնական որոշում չկա։ Իսկ այն համայնքներում, որոնց կապակցությամբ արդեն վերջնական որոշում է կայացվել, արդեն սկսվել են նախընտրական շտաբների ձեւավորման նախապատրաստական աշխատանքները։ ՀՀՇ կենտրոնական գրասենյակում քանի օր է` սկսել են աջակից խմբեր կազմավորել։ Մեզ հետ զրույցում ՀԱԿ Կենտրոնի շտաբի պատասխանատու Դավիթ Առաքելյանը նշեց, որ այժմ իրենք ակտիվ շփումներ են ունենում ոչ կուսակցական այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկանում են ընտրությունների ժամանակ աջակցել ՀԱԿ-ին։ Առաքելյանը նաեւ նշեց, որ բացի ՀՀՇ-ից, կոնկրետ Կենտրոնում ակտիվ կլինեն նաեւ ՀԱԿ անդամ այն կուսակցությունները, ովքեր ուժեղ կառույցներ ունեն Կենտրոնում, ինչպես օրինակ,ՀԺԿ-ն։ ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Ստեփան Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ թեեւ իրենք ակտիվ են լինելու բոլոր համայնքներում, սակայն որոշ տեղերում ՀԺԿ-ի ներգրավվածությունը լինելու է առավել ընդգծված. ՀԺԿ ներկայացուցիչները լինելու են նաեւ համահամակարգողի դերում։ Ներկայում ՀԺԿ-ում հաշվարկում են ընտրական հանձնաժողովի անդամի լիցենզիա ունեցողներին։ Մինասյանի խոսքերով, այս պահի դրությամբ, ՀԺԿ-ն ունի մոտավորապես 200 լիցենզավորված անդամ, սակայն համապատասխան դասընթացներից հետո նրանց թիվն ավելանալու է։ Մայրաքաղաքի ամենամեծ թվով ընտրատեղամասերն ունեցող համայնքը` Նոր Նորքն է ընտրել ՍԴՀԿ-ն։ Օրերս ՀԱԿ քաղխորհուրդը հաստատել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի թեկնածությունը` որպես ՀԱԿ Նոր Նորքի շտաբի համակարգող։ «Մենք ցանկանում էինք ակտիվ մասնակցել ընտրություններին եւ օգտակար լինել Կոնգրեսին։ Իրականում, Նոր Նորքը շատ ծանր համայնք է, այն ունի մոտավորապես 55 տեղամաս։ Եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ համայնքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ տանի»,- մեզ հետ զրույցում ասում էր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա խոսքերով, ՍԴՀԿ-ն արդեն նախաձեռնել է այդ համայնքում շտաբներ բացելու կազմակեպչական աշխատանքները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ տեղի ՍԴՀԿ ակտիվիստները արդեն զանգեր են ստանում թաղային հեղինակություններից ու ոստիկաններից, ովքեր «հորդորում են» վերջիններիս` առնչություն չունենալ ընտրությունների հետ։ Ի պատասխան, տիկին Սարգսյանը երեկ հայտարարեց. «Դեռ չեն հասցրել խոչընդոտել, բայց եթե փորձեն, ապա ինչպես ռուսներն են ասում, «մի տոժե նե լիկոմ շիտի», մենք էլ կկարողանանք համապատասխան խոչընդոտներ ստեղծել իրենց համար»։ Տիկին Սարգսյանը հավելեց, որ ՍԴՀԿ-ն Նոր Նորքում համագործակցում է նաեւ սովորական քաղաքացիների, ԵԿՄ անդամների, մի խոսքով` բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են աջակցել իրենց։
http://www.armtimes.com/8049

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.