вторник, 7 апреля 2009 г.

Հայտարարություն


Հայ-թուրքական հարաբերությունները արդի փուլում իրենցից ներկայացնում են խոշոր, պատմականորեն ձեւավորված հիմնախնդիրների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշավորություն եւ բացառում է որեւէ շտապողականություն։ Բանական կլիներ, առաջին հերթին, համադրելով Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի կենսական շահերը, դասակարգել վերոհիշյալ հիմնախնդիրները ըստ կարեւորության, մշակել լուծելիք առաջնահերթ խնդիրների ընթացակարգը, հիմնավորել հնարավոր լուծումների շահեկանությունը հայկական կողմի համար, այնուհետեւ անպայման կազմակերպել լայն հասարակական-քաղաքական քննարկումներ Սփյուռքի մասնակցությամբ, եւ, կոնսենսուսի բացակայության պարագայում, գալ ընդհանուր հայտարարի համազգային հանրաքվեի միջոցով։

Սակայն, ազգային-պետական շահերին հակառակ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անօրեն զավթած ավազակապետական ռեժիմը գնում է չափազանց վտանգավոր արտաքին քաղաքական մի արկածախնդրության, հուսալով ստանալ աշխարհաքաղաքական որոշ խաղացողների բարյացակամ վերաբերմունքը եւ դրանով իսկ երկարաձգել սեփական գոյությունը, ինչի գինն է Արցախի կորուստը եւ ՀՀ ազգային անվտանգության փաստացի փլուզումը։ Դրա վառ ապացույցն է այն տեղեկատվության տարածումը, որ ամենամոտ ժամանակներում սպասվում է հայ-թուրքական սահմանի բացում, պատմաբանների միջպետական հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաեւ ազատագրված Արցախյան տարածքների զիջում Ադրբեջանին, որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման երաշխիք։

Եվ քանզի այդ ամենը կատարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի տարեկան ուղերձի նախօրեին, որի վերաբերյալ ողջ հայ ժողովուրդը ունի որոշակի սպասումներ, հասկանալի է դառնում, որ Թուրքիան, ցուցադրաբար ներկայացնելով ռազմավարական դաշնակցին իր «բարի կամքը», օգտագործելով հայաստանյան ներկա ռեժիմի թուլությունը ու շահամոլությունը, իրականում փորձում է վիժեցնել ինչպես Հայ Դատը` ընդհանրապես, այնպես էլ ցեղասպանության միջազգայնացման գործընթացը` մասնավորապես, որովհետեւ նշյալ գործողություններից հետո աննպատակահարմար եւ նույնիսկ վնասակար կդիտվի ցեղասպանություն տերմինի գործածումը ԱՄՆ նախագահի կողմից։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, ելնելով այն համոզմունքից, որ հայ-թուրքական հիմնահարցը կարող է լուծվել միայն համայն հայության միասնական կամքով ու ջանքերով, վճռականորեն դեմ է, որ հայրենի հանրության պառակտվածության պարագայում, երբ կաթվածահար են արված հայաստանյան հասարակության գերիշխող հատվածի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, երբ ազգի լավագույն զավակները գտնվում են ճաղերի ետեւում, իսկ անցյալ տարվա մարտյան սպանդի իրական կազմակերպիչներն ու իրագործողները միտումնավոր կերպով չեն բացահայտվում, երբ անտեսվում է Սփյուռքի արդար ձայնը, ժողովրդի վստահությունը բացարձակապես չվայելող, ոչ լեգիտիմ ղեկավար անձանց մի նեղ խումբ ստորագրի որեւէ միջազգային համաձայնություն Թուրքիայի հետ։

Նման քայլը ՍԴՀԿ-ի կողմից դիտվելու է որպես ուղղակի ազգային դավաճանություն, ինչը պատժվում է ինչպես սահմանադրորեն եւ քրեորեն, այնպես էլ հայ ժողովրդի կողմից դարերի ընթացքում մշակված ազգային-ազատագրական պայքարի չգրված, բայց բազմիցս իրագործված օրենքներով։

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն
http://www.armtimes.com/7667 

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.