вторник, 6 октября 2009 г.
Սերժ Սարգսյանը հեգնել է ամերիկահայերին
Հայ-թուրքական արձանագրությունների հետքերով համահայկական ճամփորդության ելած Սերժ Սարգսյանը Բեւերլի Հիլզի «Հիլթըն» հյուրանոցում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մոտ 3 ժամ տեւած հանդիպման ժամանակ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կասեք դրսում Ձեզ սպասող 10 հազար մարդկանց, հեգնել է. «Ես չէի կասկածում կազմակերպիչների կարողությունների վրա: Կարծում էի` 10 հազարից ավելի կլինեն»:
Ամերիկահայ համայնքի ղեկավարները, կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այլք, հիմնականում մտահոգություններ են արտահայտել արձանագրությունների վերաբերյալ եւ բավական ուշացած են համարել Ս.Սարգսյանի այցը: Ս.Սարգսյանը լսել է մտահոգությունները, արդեն իսկ վարժված լինելով հարցերին, պատասխաններ է տվել` ասելով, թե չի եկել որեւէ բան համոզելու, եկել է լսելու, միեւնույն ժամանակ անդրդվելի է մնացել: Այնպես որ, ներկա ամերիկահայերը այնքան էլ չեն հասկացել, թե ինչու է վեր կացել, եկել Հայաստանից:
Հայաստանի ներքին հարցերին 40 ներկաներից անդրադարձել է միայն Արեւմտյան ԱՄՆ-ի ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանը: Տեսակետ հայտնելով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերները ներքին խնդիրների արդյունք են, Սարաֆյանը հարցրել է, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի փորձում երկխոսության գնալ ընդդիմության հետ` լուծելու ներքին հարցերը: «Սերժ Սարգսյանը բավական տարօրինակ պատասխան տվեց, թե` ես հասկանում եմ, որ սփյուռքահայության անունից եք խոսում, բայց ինչի՞ եք Հայաստանի ժողովրդի անունից խոսում` հորդորելով առաջ անցնել եւ չուշացնել օրակարգը», - մեզ հետ զրույցում պատմեց ՍԴՀԿ ատենապետը:
Ս.Սարգսյանը սփյուռքահայերին նաեւ հայտարարել է, որ Հայաստանը հիմք չունի հողեր ուզելու Թուրքիայից: «Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ իշխանությունները 10 տարի Ցեղասպանությունը դարձրին արտաքին քաղաքականության ակտիվ օրակարգի հարց», - հարց է ուղղել Սարաֆյանը: «Ես կարծում եմ, պետք է ճիշտ խոսենք», - հայտարարել է Սարգսյանը` շարունակելով, թե Ցեղասպանությունը արտաքին քաղաքականության օրակարգում է եղել 90-ական թվականներից ու ինքն էլ անձամբ քվեարկել է այդ հարցի օգտին: Թեւերս պարոն Սարգսյանը խառնել է 90-ին Անկախության հռչակագրում Ցեղասպանության հարցի ներգրավումը եւ արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելը, որը եղավ 98-ին միայն:
Երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՀՌԱԿ-ը, ինչպես եւ նախապես հայտարարել էին, չեն մասնակցել հանդիպումից հետո Ս.Սարգսյանի հետ ճաշին: Ավելին` հանդիպումը չի փարատել նրանց մտահոգությունները եւ չի գոհացրել ամերիկահայերին: «Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, մի քիչ անիմաստ հանդիպում էր: Տպավորությունն այն է, որ Ս.Սարգսյանը եկել էր` ասելու համար, թե, այո, հանդիպեցի Սփյուռքի հետ, լսեցի նրանց: Ընդամենը այդքանը», - մեզ հետ զրույցում ասաց Սարաֆյանը:
http://www.zhamanak.com/article/12942/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.