воскресенье, 25 октября 2009 г.

Սոցիալ-դեմոկրատիա՞, թե՞ լիբերալիզմ


Ես չգիտեմ, թե ինչ ասել է պետության շահեր։ Ես գիտեմ, թե որոնք են քաղաքացու եւ նրա ընտանիքի շահերը։ Մարգարեթ Թետչեր

Ի սկզբանե պետք է փաստել, որ Հայաստանի «քաղաքական» համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հասարակության մի ստվար, ես կասեի` գերակշիռ հատվածն ուղղակի տեղյակ չէ պետական կառավարման համակարգի հիմնասյուն հանդիսացող գաղափարախոսություններից, եւ իր քաղաքական կողմնորոշումների մեջ որոշիչ է հանդիսանում անհատը` անկախ այն հանգամանքից` լիբերալ է նա, ազգայնական, թե սոցիալ-դեմոկրատ։ Իհարկե, պետք է ընդունել, որ այս երեւույթն ունի իր օբյեկտիվ պատճառները, սակայն մի բան հստակ է. առանց գաղափարախոսության կառավարումը հանգեցնում է քաոսի, ինչքան էլ որ անհատը ունի լավ եւ բարի նպատակներ։ Նրա նպատակներն այդպես էլ մնում են անկատար ցանկություն, որովհետեւ քաղաքական գաղափարախոսությունն է, որ տալիս է ցանկությունների կատարման հստակ ուղեգիծը։

1988-1991-ի համազգային շարժումն ու դրան հետեւած այդքան բաղձալի անկախությունը բերեցին մի այնպիսի իրավիճակի, երբ հայոց նորանկախ պետությունն անցում կատարեց խորհրդային սոցիալիստական, բայց նաեւ տոտալիտար համակարգից դեպի կառավարման լիբերալ ձեւ։ Ինչո՞ւ եմ հատուկ նշում սոցիալիստական, բայց տոտալիտար, որովհետեւ մեզնից շատերի մոտ կա մի այնպիսի մտայնություն, որ սոցիալիզմը, իսկ ավելի ճիշտ` սոցիալ-դեմոկրատիան ոչ մի տարբերություն չունի 70 տարվա կոմունիստական տոտալիտար համակարգից։ Այս խնդիրն էլ առաջանում է նրանից, որ 17-ամյա մեր պետականության օրոք այդպես էլ հասարակությունը չտեսավ կայացած «ձախ» գաղափարախոսության կրող քաղաքական ուժի, որն իր մոտեցումներն ու, հիրավի, չքնաղագույն գաղափարախոսությունը կարողանար ըստ արժանվույն մատուցել նրան։ Սոցիալ-դեմոկրատիան սխալ ընկալողները, իսկ ավելի ճիշտ` այն ուղղակի չհասկացողները առաջ են քաշում մի փաստ, թե իբր սոցիալ-դեմոկրատիան դեմ է շուկայական հարաբերություններին, թե այն, ի վերջո, բերում է կառավարման տոտալիտար համակարգի։ Այս հոդվածը խնդիր չունի հասարակությանը բացատրելու, թե որն է իրական սոցիալ-դեմոկրատիան, քանզի դրա համար անգամ հատորները կարող էին չբավականացնել, այլ ընդամենը ուզում է արձանագրել, թե ինչ ունենք մենք այսօր 17 տարիների լիբերալ կառավարման արդյունքում։ Ավելին, վերջին 10 տարիները պետք է անվանել կորսված հնարավորությունների ժամանակաշրջան։ Կորսված, որովհետեւ ապաշնորհ եւ բիզնեսմեն իշխանություններն ուղղակի արհամարհեցին բազմաթիվ հրաշալի եւ արդյունավետ նախագծեր` մի դեպքում չհասկանալով դրանցից, մեկ այլ դեպքում էլ սեփական գրպանի շահերից անտեսելով դրանք։ Քավ լիցի, ես խնդիր չունեմ Ձեզ համոզելու, թե լիբերալիզմը հակազգային կամ հակապետական գաղափարախոսություն է, ուղղակի, իսկապես, տխուր պատկեր է ստացվում լիբերալների միահեծան կառավարման արդյունքում։

Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է մարդը` իր թերություններով եւ առավելություններով, անկատար կատարելությամբ։ Ի տարբերություն շատ այլ գաղափարախոսությունների, մեր դավանանքի հիմքում ընկած չէ փողը, մենք չենք ընդունում այն որպես գերակա արժեք, մեզ համար փողը միջոց է` նպատակին հասնելու համար։ Իսկ նպատակը հզոր, սոցիալական արդարություն ունեցող եւ մարդու իրավունքների պաշտպան ու ժողովրդավարության կղզի Հայաստանն է, որտեղ յուրաքանչյուր մարդ հպարտ կլինի` մեր հայրենիքի քաղաքացի լինելու համար։

Եթե անցնենք ավելի առարկայական եւ փաստացի խնդիրներին, կարող ենք արձանագրել հետեւյալը` ոլորտ առ ոլորտ.

1. Քաղաքացու սոցիալական պաշտպանվածության եւ սոցիալական արդարության հաստատման մեխանիզմներն ըստ մեզ` հնչակյանների

Խորհրդային թեկուզ եւ տոտալիտար, բայց սեփական քաղաքացու սոցիալական պաշտպանվածությունն ապահովող համակարգից հետո նորանկախ Հայաստանի իրար հաջորդող կառավարություններն ու կառավարող կուսակցությունները մի դեպքում օբյեկտիվորեն չկարողացան, մյուս դեպքում էլ չցանկացան կամ ապաշնորհ գտնվեցին` պահելու վերոնշյալ սոցիալական պաշտպանվածության տարրերը։ Ստեղծված համակարգը կարողանում է գերազանցապես անել ընդամենը մեկ բան. հրաշալի պայմաններ է ստեղծում արտոնյալ օլիգարխների համար` ավելի հարստանալու, դե իսկ աղքատների, կամ ավելի ճիշտ` աշխատավորական զանգվածների համար` ավելի եւ ավելի հարստահարվելու ու աղքատանալու։ Հեռուստատեսությամբ օրը երկու անգամ գովազդվող գործարաններում եւ այլ ընկերություններում ուղղակիորեն ոտնահարված են աշխատավորների իրավունքները։ Արհամարհելով աշխատանքային օրենսգիրքը` գործատուների մեծ մասը ստիպում է իր ենթակային աշխատել 8 ժամից ավելի։ Շատ ժամանակ աշխատողները չունեն անգամ օրինական գրանցում, աշխատանքային գրքույկ, իսկ բոլոր այս խնդիրների բարձրաձայնման պարագայում ուղղակիորեն դուրս են շպրտվում իրենց աշխատատեղերից` առանց պատշաճ բացատրություն ստանալու։ Իշխանությունները, այս ամենի վրա աչք փակելով, խամաճիկացրել են աշխատավորի վերջին հույսն ու պաշտպանը` արհմիությունները։ Սրանք, ավանդաբար, ադմինիստրացիայի ընդդիմախոսը լինելու փոխարեն սերտաճել են ադմինիստրացիաներին եւ զբաղված են միայն իրենց համար փափուկ կյանք ապահովելով։ Այս ամենի հետ միասին, բազմաթիվ ոլորտներում հաստատվել է մենաշնորհ հատուկ «կայսեր մերձավորների» համար։ Անհրաժեշտ է օրենքի ուժով վերջ տալ այս համատարած ամենաթողությանը եւ ստեղծել նախադեպեր, երբ աշխատավորը կամ աշխատանքային կոլեկտիվը դատի կտա գործատուին` իրենց իրավունքները կոպտորեն խախտելու համար։ Անհրաժեշտ է ստեղծել հստակ մեխանիզմներ, որոնց շնորհիվ աշխատավորներն իրավունք կունենան ստանալ արտոնություններ երկարամյա աշխատանքի համար։ Երբ մեր իշխանությունները խոսում են եվրոպական կենսամակարդակից, դրանով թերեւս հասկանում են եվրոպական գները։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ այն աստղաբաշխական գումարները, որոնք այսօր առկա են, ասենք, անշարժ գույքի շուկայում։ Եվրոպական եւ ամերիկյան լավագույն քաղաքներում անգամ, որտեղ ժողովրդի սոցիալական պաշտպանվածությունն ամենաբարձր մակարդակի վրա է, չկան այնպիսի հիմար եւ արհեստածին գներ, ինչպիսիք Երեւանում են։ Կատարենք մի պարզ եւ անմեղ հաշվարկ։ Եթե ընդունենք, որ մեր երկրում միջին աշխատավարձը 100 հազար դրամ է կամ 340 դոլար, իսկ ամենավատ բնակարանն արժե մոտ 80 հազար դոլար կամ 24 միլիոն դրամ, ապա քաղաքացուն անհրաժեշտ է, ոչինչ չուտելու, չհագնվելու, չհանգստանալու դեպքում անգամ, աշխատել 240 ամիս կամ 20 տարի։ Նման հնարավորություն Հայաստանում ունեն միայն եւ միայն օլիգարխները, այն էլ` սովորական ժողովրդին հարստահարելու, կողոպտելու եւ խաբելու միջոցով։ Սա հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ, իսկ օր օրի, ժողովրդի վտարման հաշվին ավելացող էլիտար նորակառույցները միայն եւ միայն բերում են մեր առաջադեմ հասարակության անեծքն ու պարսավանքը։ Այդ էլիտար անճոռնիություններն այն մեծ վիհի անխոս վկան են, որն առաջացել է շարքային քաղաքացիների եւ մի քանի «էլիտար» թալանչիների միջեւ։

2. Կրթական համակարգի բացթողումներն ու այն առողջացնելու դեղատոմսը

Սոցիալական արդարության կարեւորագույն բաղկացուցիչներից է կրթական համակարգը։ Խորհրդային հզոր կրթական համակարգից հետո մեր` մեկը մյուսին հաջորդած կրթության նախարարների մեծ մասը ոչինչ չարեց` բացի սեփական խնդիրները լուծելուց։ Այսպես, վերջնականապես քայքայվեց դպրոց-բուհ կապը` առաջացնելով կրկնուսույցների ոչ լեգալ ինստիտուտը։ Ուսուցիչների եւ դասախոսների աշխատավարձերը հասցրեցին ծիծաղելի աստիճանի` այս կերպ խրախուսելով նաեւ կոռուպցիայի մուտքը կրթական համակարգ։ Մինչեւ այսօր ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ նախարարության կոռումպացված չինովնիկները կամ կաշառակեր դատավորներն ու ամենաթող ոստիկաններն իրավունք ունեն ավելի շատ աշխատավարձ ստանալ, քան սերունդ կրթողը։ Անգամ եթե փորձում ես բաղդատել այս մասնագիտությունները, նորից եւ նորից հասկանում ես, որ դպրոցն ու բուհն է, որ կերտում են աշակերտին եւ ուսանողին ու հանձնում Մեծ Կյանք։ Որքան վատ է այդ կրթությունը, որքան նյութականացված եւ կոռումպացված, այնքան մեծանում են այն ռիսկերը, որ ապագայում աշակերտներն ու ուսանողները կարող են դառնալ հանցագործ եւ կաշառակեր չինովնիկ։ Այսօր մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթության տաճարից վերածվել են առեւտրական ձեռնարկությունների։ Սկսած ընդունելության քննություններից մինչեւ ասպիրանտուրա` կոռուպցիայի մակարդակը չափից ավելի բարձր է։ Կրթական համակարգում բացակայում են այնպիսի կարգավորող ինստիտուտներ, որոնք եւ կորոշեն, թե որքան մասնագետի կարիք ունի Հայաստանը այս կամ այն բնագավառում։ Աստղաբաշխական գումարների հասնող վարձավճարներով եւ ծիծաղ առաջացնող թոշակներով բուհը միայն մեկ խնդիր ունի` ապահովել ինքնաֆինանսավորումը եւ էլ ավելի հարստացնել բուհական ադմինիստրացիային։ Սոցիալական արդարության մի քանի տարրեր հաստատելու համար ամրագրվել է, որ պետությունը տրամադրում է պետպատվերներ։ Սա նշանակում է, որ պետությունը հաշվարկում է, թե քանի ոլորտային մասնագետի կարիք ունի նա այս տարի։ Ստացվում է, որ մեր պետությունը տարեկան ունի 3 կամ 4 իրավաբանի, 5 քաղաքագետի եւ 6 տնտեսագետի կարիք։ Պետության վիճակի ողորմելիությունն ապացուցող այս երեւույթն անգամ հասկանալի կլիներ այն դեպքում, եթե ավարտելուց հետո մի քանի ուսանողներ պայմանագիր կնքեին պետության հետ եւ իրենց գիտելիքներն ի սպաս դնեին մեր երկրի կառուցմանը։ Սակայն մի քանի տասնյակ հազար երիտասարդներ, որոնց մտավոր ունակությունների մասին կերազեին աշխարհի հզորները, Հայաստանում համալրում են անգործների շարքերը։ Անհրաժեշտ է օրենքի ուժով ստիպել խոշոր եւ միջին գործարարներին ամեն տարի աշխատանքի վերցնել նրանց գոնե մի մասին։ Հավատացնում եմ, որ պետությունը կարող է հարկերի կրճատման միջոցով ստեղծել մեխանիզմ, երբ ընկերությունն ինքը շահագրգիռ կլինի նման պայմանագրեր ստորագրելուն։ Եթե այս բարեշրջող կառավարությունը, որի հետ առանձնապես մեծ հույսեր չեն կապում, գնա նման քայլի, ապա նախարարների գրագիտության մակարդակի բարձրացման ջատագով վարչապետը կկարողանա արձանագրել, որ իր կառավարման օրոք արել է իրապես ազգօգուտ եւ շնորհակալ գործ։ Հակառակ պարագայում, ստացվում է, որ բուհերը ոչ թե մասնագետ պատրաստելու, այլ սեփական գոյությունը եւս մեկ օրով երկարաձգելու համար են։ Մի խնդրի մասին եւս. մենք կտրուկ դեմ ենք, որ կրթական համակարգը վերածվի խղճուկ եւ էժանագին բիզնեսի։ Պետք է անպայման թափանցիկ դարձնել, թե ինչ չափորոշիչներով են ստեղծվում 50-60 ուսանող ունեցող ինչ-որ անհասկանալի երեւույթներ, որոնք իրենց, իհարկե, բուհ են կոչում։ Միջազգայնագետ-տնտեսագետ, համաշխարհային տուրիզմի մասնագետ, ինժեներ-քաղաքագետ պատրաստող այս վաշխառուական ցանցը խնդիր ունի միայն եւ միայն սեփական գրպանն ավելի մեծացնել` մեր քաղաքացիների հաշվին։

Ի դեպ, վերադառնալով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին` ուղղակի պարտադիր է ամբողջ երկրում կատարել մի համալիր հաշվառում` առկա մասնագիտությունների պահանջարկը հասկանալու համար։ Չափից ավելի կարեւոր է նաեւ վերականգնել արհեստագործական ուսումնարանները, որովհետեւ մեր երկիրը, բացի իրավաբաններից եւ տնտեսագետներից, որոնց թիվը, թերեւս, մի քանի 100 հազարի է հասնում, նաեւ ատաղձագործի, շինարարի, դարբնի եւ ոսկերիչի կարիք ունի։ Եթե մենք չենք գնում կրթության ոլորտի առողջացման այս ճանապարհով, ապա նորից, տարածաշրջանի գիտական կենտրոն դառնալու բարձրագոռգոռ եւ վերամբարձ բառերից վերածվում ենք ուղեղ եւ աշխատուժ արտահանող մի երկրի։

3. Առողջություն բոլորի համար

Պետական եւ միջազգային վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչության առողջությունը բնութագրող ցուցանիշները անհանգստացնող միտումներ ունեն։ Մասնավորապես, նկատվում է մահացության եւ հիվանդացության ցուցանիշների աննախադեպ աճ։ Եթե այս ամենին էլ ավելացնում ենք այն ահագնացող թվերը, որոնք կապված են ծնելիության իջեցման եւ երիտասարդ բնակչության արտագաղթի հետ, ապա, համաձայնեք, պատկերը բավական հուսահատեցնող է։ Այստեղից հետեւություն, որ մեր հասարակությունը հիվանդ է, եւ այդ հիվանդությունից անմասն չէ առողջապահական համակարգը։ Սույն համակարգի ախտերից մեկը եւ, թերեւս, ամենագլխավորը, կոռուպցիոն դրսեւորումներն են։ Անգամ հայտարարվեց, որ այս խնդիրն ամենաշատը առկա է առողջապահության ոլորտում։ Վստահ եմ, որ առողջապահության համակարգում ներգրավված մասնագետներն անձնուրաց նվիրված են իրենց աշխատանքին, եւ այս ամենի խոսուն վկան է պատերազմական տարիներին, տնտեսական ճգնաժամի պայմաններում ոլորտի աշխատակիցների բարձր գիտակցությունն ու ազգանվեր գործունեությունը։ Այո, առողջապահության համակարգը կոռումպացված է, բայց ոչ այն պատճառով, որ մեր բուժաշխատողները փող շատ են սիրում, այլ այն պատճառով, որ պետությունը այս բնագավառում իրականացնում է ապաշնորհ քաղաքականություն եւ հետեւողականորեն առողջապահության համակարգը մղում դեպի կոռուպցիոն դաշտ։ Պետության կողմից մեր հանրությանն առաջարկվող պոպուլիստական եւ ակնահաճո լայնածավալ ծրագրերի դիմաց նույն պետությունը հաստատում է այնպիսի բյուջե, որի միջոցով հնարավոր է իրականացնել այդ ամպագոռգոռ ծրագրերի միայն 20 տոկոսը, որի հետեւանքով բնակչության լայն զանգվածների համար բուժօգնությունը դարձել է անմատչելի։ Նախեւառաջ հենց սրանով է պայմանավորված համակարգի ստվերայնությունը։ Այս կերպ ոտնահարվում է ոչ միայն քաղաքացու` բուժօգնություն ստանալու սահմանադրական իրավունքը, այլ նաեւ բուժաշխատողների իրավունքները։ Այստեղից հետեւություն` մեր առողջապահությունը, բազմաթիվ այլ ոլորտների հետ միասին, սահմանադրական չէ։

Այսպիսով, գործող իշխանությունների թեթեւ ձեռքով տնտեսությունը ախտահարված է մենաշնորհով եւ հովանավորչությամբ, պետությունը` կոռուպցիայով, հասարակությունը` կազմակերպված հանցագործությամբ։

Եւ վերջում, մի բան հստակ է, որ արհամարհելով քաղաքացու սոցիալական իրավունքները, բաժանելով ազգը էլիտար թալանչիների եւ լայն ընչազուրկ աշխատավորական զանգվածների` այս իշխանություններն օր առաջ արագացնում են այն սոցիալական պայթյունը, որին նրանք ավելի քան 10 տարի գնում են նպատակասլաց եւ հետեւողականորեն։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.armtimes.com/15219

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.