пятница, 30 октября 2009 г.
ԼԺԵ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
Իշխանական շրջանակներում հերթական անգամ համառորեն փորձում են ընդդիմադիր նոր բեւեռ ձեւավորել։ Այս անգամ փորձարկումն առաջին փուլով արվում է ավանդական կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի եւ ՀՌԱԿ-ի վրա։
Ինչպես փոխանցում են իրազեկ աղբյուրները, Դաշնակցությունն արդեն մի քանի անգամ պատվիրակություն է գործուղել ՍԴՀԿ` վերջինիս հայաստանյան ղեկավար կազմին համոզելու` միանալ նոր բեւեռին։ Տեսնելով, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հնարավոր չէ «վերբովկա» անել, կապը հաստատվել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ։ Երեկ արդեն պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը։ Ըստ սույն հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը եւ Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ այլ հարցեր։ Թե ավելի կոնկրետ ինչ հունով է ընթացել խոսակցությունը, եւ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանդիպման ընթացքում, պաշտոնապես չի ասվում։ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը երեկ հանդիպումից հետո արդեն մեկնել էր արտասահման։ Մեզ չհաջողվեց խոսել նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Իսկ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ընթացիկ բաներ են քննարկվել, եւ հատուկ լրատվություն չկա։ «Կարեւորը, պայմանավորվել են, որ Ցեղասպանության հարցը եղել եւ մնում է ավանդական հարց, եւ ավանդական կուսակցությունները պետք է համատեղ աշխատեն»,- ասաց Առաքելյանը։ Երբ նրանից մեկնաբանություն խնդրեցինք նոր ֆորմատի կապակցությամբ, նա հայտարարեց, թե դա մամուլի ֆանտազիան է։ «Ընդդիմադիր բեւեռը ո՞րն է։ Նախագահը գնաց տեսավ բոլոր երկրներում այդ ակցիաները։ Այնպես որ, սա նեղայնացնել` Հայաստանի ընդդիմություն-իշխանություն, 3-րդ ուժ ձեւավորելու, անիմաստ եմ համարում»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը։ Այսինքն` բացառո՞ւմ եք ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորումը 3 ավանդական կուսակցություններից` հարցին Առաքելյանը պատասխանեց. «Ոչ թե բացառում եմ` պետք չէ այդ հարցը իջեցնել այդ մակարդակի, այդ հարցը պայքար է պահանջում»։ Հիշեցնենք, որ ՀՌԱԿ ատենապետը նույն կերպ փորձում էր հերքել «Դաշինք»-ՀՌԱԿ-ԱՎ ընդդիմադիր բեւեռի ձեւավորման իշխանական պրոյեկտի գոյությունը, որը, հիշեցնենք, ոչ միայն հաստատվեց, այլեւ նույնիսկ հասցրեց տապալվել։ Իսկ թե այդ դեպքում ինչ էր նշանակում ավանդականների երեկվա հանդիպումը` ՍԴՀԿ հայաստանյան գրասենյակի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Կարծում եմ` սա հերթական սովորական հանդիպումն էր։ Իսկ մենք շարունակում ենք մեր անդամությունը Հայ ազգային կոնգրեսին, եւ որեւէ նպատակ չկա նոր ձեւաչափի հետ համագործակցելու, քանի որ նման որոշում մեր համագումարում չի քննարկվել»։ Լյուդմիլա Սարգսյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ ՀՅԴ-ից մի քանի անգամ կապվել են իր հետ եւ փորձել համաձայնեցնել իրենց հայտարարության տեքստը ՍԴՀԿ-ի հետ։ «Սակայն այդ տեքստը մեզ չէր գոհացնում, եւ նպատակահարմար չգտանք ստորագրել դրա տակ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը (խոսքը ՀՅԴ-ի եւ 11 կուսակցությունների` համատեղ ճակատով հանդես գալու հայտարարության մասին է)։ Մի խոսքով, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ղեկավարությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում նոր բեւեռի ձեւավորման իշխանական պրոյեկտի իրագործման համար, ու հիմա այդ խոչընդոտը հարթելու կարծես թե միակ ձեւը այստեղի ատենապետին համագումարով փոխելն է։ Իսկ համագումար, ըստ կուսակցության կանոնադրության, կարող է հրավիրվել մոտ 1-1.5 ամսից։ Ու մինչ սույն բեւեռի ձեւավորման քննարկումներն ակտիվորեն ընթանում են, մամուլում օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը իշխանությունների կողմից հատուկ գործուղվել է ՍԴՀԿ` այդ կառույցը պառակտելու եւ նոր բեւեռի ձեւավորմանը օգնելու համար։ Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Վարդան Խաչատրյանից, նա ասաց. «Ամեն մարդ ինչ-որ մի աբսուրդ բան գրում է, հիմա ես աբսուրդ բաներին պատասխանե՞մ»։ Այսինքն` հերքո՞ւմ եք լուրերը` հարցին պատգամավորը պատասխանեց. «Հերքումը ո՞րն է, հիմա եթե դուք որեւէ տեղ կարդաք, որ ես գնացել եմ Ալֆա Կատավրայից խառը կանաչի բերեմ երկիր, կհավատա՞ք։ Այդ աբսուրդ բաները որ գրում են, հաշվարկն այն է, որ պետք է ռեակցիա տաս, ինչ-որ լյապսուսներ թույլ տաս, որ իրենք էլ դա շահարկեն։ Հիմա իշխանությունների դեմ պայքարողին իշխանությունները գործուղել են, հա՞»։ Իսկ արդյո՞ք օրերս ՍԴՀԿ-ին անդամագրված Վարդան Խաչատրյանը հնարավոր համարում է ավանդական վերոնշյալ 3 կուսակցություններից նոր ընդդիմադիր բեւեռի ձեւավորում. «Քաղաքական դաշտ է, ոչ մի բան չի բացառվում, բայց որքանո՞վ է դա հավանական։ Շատ դժվար է ասել, թե ինչքանով է դա հավանական։ Պատմականորեն երբեք այդպիսի միասնություն չի եղել»,- ասաց Վարդան Խաչատրյանը։ Ամեն դեպքում, ինչպես շարունակում են պնդել իշխանական խիստ հավաստի մեր աղբյուրները, ավանդական կուսակցությունների կենտրոնական կառույցների ղեկավարների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված սույն բեւեռը Հայաստանում ձեւավորելու համար։ Ավելին, մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ ծրագիրը գլուխ բերելու դեպքում արդեն հստակ խոստացված է, թե որ ղեկավարին դրա դիմաց ինչ է տրվելու Հայաստանում։
http://www.armtimes.com/3057
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.