суббота, 3 октября 2009 г.

Սերժը մազապուրծ է եղել ֆրանսահայերից


Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սկսվել է նրա դեմ կազմակերպված բողոքի ցույցերով։
Սարգսյանի առաջին կանգառը Փարիզում էր, եւ, ինչպես տեղեկացրել էինք երեկ, նրան Փարիզում այնքան էլ հաճելի անակնկալ չէր սպասվում։ Փարիզի կենտրոնում` Կոմիտասի արձանի մոտ, տեղի է ունեցել բազմամարդ եւ խիստ ագրեսիվ ցույց, որի ընթացքում ոստիկանությունը ուժ է կիրառել եւ բռնություններ գործադրել հայերի հանդեպ. ըստ ֆրանսիական մամուլի, կան ձերբակալվածներ։ «Դու ընտրված նախագահ չես», «Ոչ» եւ այլ ցուցապաստառներով ֆրանսահայերը սպասել են Սերժ Սարգսյանի գալուստին։ Ըստ օրակարգի, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14-ին Սերժ Սարգսյանը պետք է ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանի մոտ։ Հետո, ինչպես փոխանցեցին մեզ Փարիզից, հայտարարվել է, թե Սարգսյանը կգա ժամը 15-ին։ Բայց, ինչպես փոխանցեցին մեզ Փարիզից, մինչ այդ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները շրջապատել են ցուցարարներին եւ հրահանգել` չվանկարկել ու իջեցնել պաստառները։ Ոստիկանները սկսել են մարդկանց հրելով հեռացնել Կոմիտասի արձանի մոտից։ Հրմշտոցի ընթացքում ոստիկանները հասցրել են պատառոտել են ցուցարարների շորերը, քաշքշել անգամ տարեցներին, իսկ տարիքավոր մի կնոջ Կոմիտասի արձանի մոտից քարշ տալով են հեռացրել։ Ոստիկանությունը, ինչպես փոխանցում են մեզ Փարիզից, կարողացել է բռնի ուժով Կոմիտասի արձանի մոտից հեռու տանել ցուցարարների մի մասին։ Ինչպես մեզ պատմեց ցույցի մասնակիցներից ֆրանսահայ Ժորժ (Խաչատուր) Դուդակյանը, Սերժ Սարգսյանը Կոմիտասի արձանի մոտ հայտնվել է մոտ 2 ժամ ուշացումով եւ փորձել ուղղել արձանի մոտ արդեն դրված ծաղկեպսակի ժապավենը։ Սարգսյանի հայտնվելուն պես մարդիկ սկսել են սուլել, վանկարկել «դավաճան» եւ սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ Սերժ Սարգսյանի հասցեին։ Ըստ Դուդակյանի, Սերժ Սարգսյանը ընդամենը մի 2 րոպե է մնացել Կոմիտասի արձանի մոտ։ Նա մի կերպ մազապուրծ է եղել ֆրանսահայերի ձեռքից։ Ըստ Դուդակյանի, քաշքշոցի ու ծեծուջարդի արդյունքում կան նաեւ վիրավորվածներ։ «Ես մտածում եմ, որ ոստիկանությունը վախենում էր, թե Սերժ Սարգսյանին մի բան կանեն, վախենում էին նրա անվտանգության համար»,- ասում էր Ժորժ Դուդակյանը։ Ի դեպ, այն վայրը, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է դահլիճային հանդիպում ունենար ֆրանսահայերի հետ, մինչեւ վերջ ցուցարարներից գաղտնի է պահվել։ Հիշեցնենք, որ երբ մի քանի ֆրանսահայեր Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից փորձել էին ճշտել հանդիպման տեղը եւ ցանկություն հայտնել մասնակցելու հանդիպմանը, Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը նրանց ասել էր, թե տեղը չգիտի, եւ հայտնել, որ հանդիպման մասնակիցների ցուցակը կազմվել է Երեւանում։ Ինչպես տեղեկացրել էինք երեկ, ըստ ֆրանսիայի մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցելու էին ընդամենը 25 ֆրանսահայեր, մնացածը բերվելու էին այլ երկրներից։ Ավելի ուշ, Փարիզից մեզ տեղեկություն հասավ, որ ցուցարարները ճշտել են այն վայրը, որտեղ Սերժ Սարգսյանը դահլիճային հանդիպում էր ունենալու ֆրանսահայերի հետ։ Ցուցարարները մեզ փոխանցեցին, որ շարժվում են դեպի այդ վայրը։ Ըստ օրակարգի, Երեւանի ժամանակով ժամը 23-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ֆրանսահայ լրագրողների հետ, սակայն նրանց նախօրոք զգուշացրած են եղել, որ ասուլիսի ժամանակ հնչելու է ընդամենը 4 հարց։ Թե ինչպես է ավարտվել Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումը, կեսգիշերին դեռ հայտնի չէր։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանին նման անակնկալներ են սպասվում նաեւ Բեյրութում եւ Լոս Անջելեսում։ Ըստ որոշ տեղեկությունների, այս համայնքներում սպասվում են շատ ավելի մեծ բողոքի ցույցեր։ Ավելին, երեկ արդեն Ամերիկայի Արեւմտյան շրջանի 3 ավանդական կուսակցությունները` ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՌԱԿ-ը, շատ կոշտ հայտարարություն են տարածել Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 4-ին Լոս Անջելես կայանալիք այցի առիթով։ «Սերժ Սարգսյանի` սփյուռքյան կարեւոր գաղթօջախներ այցելելու եւ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ նախաստորագրված զույգ արձանագրությունների կապակցությամբ` հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ խորհրդակցելու նախաձեռնությունը համարում ենք ուշացած եւ ժամանակավրեպ».- նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը կարող էր ողջունելի լինել, եթե կատարվեր արձանագրությունների նախաստորագրումից առաջ, եւ «ոչ թե այդ որոշումն ու վճիռը կայացնելուց հետո միայն` բոլորովին ձեւական բնույթ տալով դրան եւ այն ծառայեցնելով քարոզչական նպատակներին, ինչը ծայրաստիճան վիրավորական է համայն հայության համար»։ Ուստի, 3 կուսակցությունները հայտարարում են. «Այս պայմանների տակ, ի տես նախագահի կողմից ազգավնաս փաստաթղթի տակ ստորագրելու անհասկանալի ու դատապարտելի աճպարարանքին, մեր վիրավորանքը չենք կարող թաքցնել եւ մեր ժողովրդի սեւ թվականի նախօրեին չենք կարող մասնակցել նախագահի պատվին կազմակերպված հանդիսավոր որեւէ միջոցառման, որը միայն ու միայն նվիրագործում է մեր պատմության, մեր նահատակների հիշատակը, մեր ազգային արժանապատվության ու հավաքական համոզմունքների դեմ նետված արհամարհանքն ու նսեմացնում մեր ազգային պահանջատիրական պայքարը».- այսպես է ավարտվում հայտարարությունը։ Ավանդական 3 կուսակցությունները պատրաստվում են Սերժ Սարգսյանին փոխանցել Հայաստան-Թուրքիա արձանագրություններին արմատապես հակադրվելու իրենց հիմնավորումները։ Հ.Գ. Նշենք, որ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությանը մասնակցում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը։
http://www.armtimes.com/854

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.