среда, 30 сентября 2009 г.
ՍԴՀԿ-ի գնահատականները կոշտ են
ՍԴՀԿ անդամները, ովքեր շաբաթ օրվանից Երեւանում են գտնվում կուսակցության 19-րդ համագումարին մասնակցելու համար, շարունակում են իրենց մտահոգությունը հնչեցնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
Ի տարբերություն մյուս երկու ավանդական կուսակցությունների` ՀՅԴ-ի եւ ՀՌԱԿ-ի, հնչակյաններն իրենց մտահոգությունները հնչեցնում են շատ ավելի կոշտ եւ չեն փորձում Սերժ Սարգսյանին ազատել ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից` մեղքը ԱԳ նախարարի վրա գցելով: Հնչակյանները սկսեցին կոշտ գնահատականներ հնչեցնել դեռեւս կուսակցության` շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում: Ըստ մեր աղբյուրների, այնուհետեւ Ծաղկաձորում, 3 օր շարունակված եւ երեկ ավարտված փակ քննարկումների ժամանակ, նույնքան կամ առավել կոշտ գնահատականներ են հնչել: Երեկ էլ լրագրողների հետ են հանդիպել կուսակցության նորընտիր Կենտրոնական վարչության անդամներից 2-ը` Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանն ու Լիբանանի ներկայիս խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանը, ովքեր արդեն հրապարակային խոսել են այդ ամենի մասին: Մասնավորապես, Եղիա Ջերեջյանը հաստատել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ շատ խիստ քննադատական գնահատականներ են հնչել ՍԴՀԿ-ի փակ քննարկումների ժամանակ: Ըստ Ջերեջյանի, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքում եւ Հայաստանում միատեսակ մոտեցում չկա: Ջերեջյանը դա բացատրել է «ժողովուրդ-իշխանություն անվստահության մթնոլորտի» առկայությամբ: «Կան եզրակացություններ, որոնք բանաձեւերի մեջ չկան, բայց մարդիկ վախենում են, որ ապագան կարող է ի վնաս մեզ գնալ: Նույնիսկ մեր կուսակցության մեջ այս կապակցությամբ տարբեր տեսակետներ արտահայտվեցին»,- ասել է Ջերեջյանը: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանն էլ ասել է, որ Սփյուռքի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկելու` Սերժ Սարգսյանի քայլը «խիզախ է, բայց` ուշացած», եւ Սարգսյանը շատ դժվարությունների կհանդիպի: «Որովհետեւ հստակ տեսակետներ կան, որ Հայաստանի կողմից նման քայլը անընդունելի է»,- ասել է Գալփակյանը` հավելելով, որ Սփյուռքի գաղթօջախների, հատկապես` լիբանանահայության կողմից սուր քննադատություններ են լինելու: «Այս քայլը ուշացած է: Նրա կողմից նախատեսված այցելությունները պետք է կատարվեին նախքան արձանագրությունները»,- շեշտել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության նորընտիր անդամը: Բայց ՍԴՀԿ-ի մտահոգությունները այսքանով չեն ավարտվում, եւ մեր տեղեկություններով, եռօրյա փակ քննարկումների արդյունքում հնչակյանները ընդունել են նաեւ հայտարարություններ, որոնք առաջիկայում պետք է ներկայացվեն հանրությանը: ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ այդ հայտարարությունները առնչվում են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին ու Ղարաբաղի հարցին, այլ նաեւ` Ջավախքին: Իսկ այս հարցերը քննարկելուց բացի, ՍԴՀԿ-ում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի են ունեցել այդ կուսակցության Կենտրոնական վարչության ընտրությունները: Երեկ կեսօրին ընտրությունները ավարտվել են եւ Կենտրոնական վարչության անդամներ են ընտրվել 9 հոգի: Նարեկ Գալստյանի փոխանցմամբ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նոր կազմը այսպիսին է` Սեդրակ Աճեմյան (ԱՄՆ), Գրիգոր Խուդանյան (ԱՄՆ), Վազգեն Կալտակչյան (ԱՄՆ), Հակոբ Տիգրանյան (Կիպրոս), Եղիա Ջերեջյան (Լիբանան), Սեպուհ Գալփակյան (Լիբանան), Վահան Շիրխանյան (Հայաստան), Գուրգեն Եղիազարյան (Հայաստան) եւ Դիեգո Կարա-Մանուկյան (Ուրուգվայ): Կենտրոնական վարչության անդամները մինչեւ ուրբաթ օրը պետք է առանձին նիստ հրավիրեն, որի ընթացքում նրանք կընտրեն վարչության նոր ատենապետին, փոխատենապետին, ատենադպիրին: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ըստ մեր աղբյուրների, շատ մեծ է ատենապետի պաշտոնում Սեդրակ Աճեմյանի վերընտրվելու հնարավորությունը: Նշենք նաեւ, որ բացի Կենտրոնական վարչության անդամներից, այս օրերին ընտրվել են նաեւ ՍԴՀԿ կենտրոնական վարչության երկու փոխանդամներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կփոխարինեն վարչության այս կամ այն անդամին, եթե որեւէ մեկը մինչեւ մյուս համագումար դուրս գա վարչության կազմից: Փոխանդամներ են ընտրվել Արարատ Մկրտչյանը` Հայաստանից, եւ Համբիկ Սարաֆյանը` ԱՄՆ-ից:
http://www.armtimes.com/4881
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.