Երեկ երեկոյան ավարտվել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հերթական 19-րդ Համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի և Սփյուռքի հայաշատ տարբեր քաղաքներից ժամանած պատվիրակներ:
Այսօր կուսակցությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Համագումարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս չի կարող անտեսել պատմության դառը փորձը: Մեկնելով այս իրողությունից' ՍԴՀԿ-ը մերժում է Թուրքիայի հետ ներկա սահմանները ընդունող որևէ արձանագրություն, մերժում է թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած ցանկացած հանձնաժողով:
Հետևաբար, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների նախաքայլը պետք է լինի պատմության առջև իր անցյալի պատասխանատվությունը ստանձնելու Թուրքիայի պատրաստակամությունը:
Սփյուռքը հետևանք է թուրքական իշխանությունների ծրագրած և գործադրած ցեղասպանության: Հետևաբար, համայն հայությունը մնում է պահանջատերի իր դերի մեջ ու շարունակելու է հետապնդել հայոց ցեղասպանության ճանաչումը և իր իրավունքների պաշտպանությունը ' անկախ այն բանից, թե ինչպիսի հարաբերություններ կզարգանան Հայաստանի և Թուրքիայի միջև»:
Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը' ՍԴՀԿ 19-րդ համագումարը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի համաձայն:
«Համագումարն անընդունելի է համարում մեզ պարտադրվող Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են միակողմանի զիջումներ հայկական կողմից: Համագումարը համարում է, որ Արցախի համար ոչ նպաստավոր այս առաջարկները հետևանք են բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղման:
Համագումարը դիմում է միջազգային ընտանիքին ճանաչելու Արցախի անկախությունը գոյություն ունեցող տարածքի վրա, որն հաստատվել է ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ:
Համագումարը լուրջ մտահոգություն է արձանագրել Ջավախքի մեջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «Վրացական իշխանությունների վարած ազգայնամոլ քաղաքականությունը դրսևորվում է հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ոտնահարմամբ: Ջավախքում հետևողականորեն արգելափակվում են հայության ազգային համախմբանը ուղղված բոլոր ճիգերն ու քայլերը»:
Քննարկելով Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը, համագումարը արձանագրել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարության միջազգային չափանիշներից հեռու:
« Հայաստանում այսօր առկա են օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական արդարության և ազատ մրցակցության սկզբունքների լուրջ ոտնահարումներ: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ վերոնշյալ խնդիրները կարելի է լուծել միայն հասարակության վստահությունը վայելող իշխանության միջոցով:
Այսպիսով' համագումարը վճռեց, որ ՍԴՀԿ-ն Հայաստանում շարունակելու է ձգտել վերականգնելու ժողովրդավարությունը, օրինականությունը և սահմանադրական կարգը»,-ասված է հայտարարության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.