понедельник, 14 сентября 2009 г.

«Մանր-մունր հարցերով հացադուլ չեն անի»


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցի Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին: Նա կոտրել է ոտքը եւ ի վիճակի չի լինի ներկա գտնվել սեպտեմբերի 18-ին հրավիրված  հանրահավաքին, ինչի համար զղջում է:
«Ա1+»-ի հարցին, թե հնարավոր է, որ ՍԴՀԿ-ն որպես ավանդական կուսակցություն միանա մյուս ավանդական կուսակցության' ՀՅԴ-ի հայտարարած հացադուլին, քանի որ դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում, մոտ են' Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Նման մանր-մունր հարցերով չենք նստում հացադուլի, եթե նստենք' կնստենք մինչեւ վերջ եւ ուղիղ Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջենք»:
Նա տրամաբանություն չի տեսնում Նալբանդյանի դեմ ակցիաների մեջ. «Ակնհայտ է, որ Նալբանդյանի մեղքի բաժինը շատ փոքր է, նա անում է այն, ինչ հրահանգվում է  վերեւից. հետեւաբար ինչ իմաստ ունի, եթե դժգոհ են, թող պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ 24 ներկայացուցիչ վաղը հացադուլ են անցկացնելու արտգործնախարարության եւ կառավարության շենքերի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների դեմ։ Հացադուլավորներին նստացույցով կմիանան եւս 50 դաշնակցական։
ՍԴՀԿ ատենապետը չի հավատում ՀՅԴ-ի առաջարկած Ազգային ճակատի ստեղծմանը, եւ նրանց «շարժումը» համարում է ֆարս: Առավել եւս չի պատկերացնում իրենց, որպես ավանդական կուսակցություն, այդ ճակատում: «Մենք որպես ՀԱԿ անդամ, չեմ կարծում, որ այնտեղ անելիքներ ունենք, եւ երբեւիցե որեւէ մեկը թող չկարծի, թե ՀԱԿ-ը ավելի քիչ ազգային մոտեցումներ ունի, քան Դաշնակցությունը կամ մենք' ՍԴՀԿ-ն»,-ասաց Լյուդմիա Սարգսյանը:
«Ա1+»-ի հարցին, թե օրերս ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը շատ ավելի խիստ էր, քան ավելի շուտ արած հայտարարությունը, ինչով է դա պայմանավորված' տիկին Սարգսյանը պատասխանեց. «Երկրորդ հայտարարությունը շատ ավելի ճիշտ եւ մտածված էր, շատ ավելի մտահոգություն կար երկրորդում. առաջինը միգուցե մի քիչ շտապողականությամբ էր արվել եւ շատ-շատ մարդկանց այդ հայտարարությունը չէր գոհացրել. ես կարծում եմ երկրորդը ավելի մտահոգ եւ երկար մտածված հայտարարություն էր»:   

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.