вторник, 29 сентября 2009 г.
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Ողջունում եմ ՍԴՀԿ 19-րդ համագումարը եւ հատկապես այն առիթով, որ այն տեղի է ունենում Հայաստանում, ինչի մասին 18 տարի առաջ ոչ ոք չէր կարող երազել։
Ասվեց, իհարկե, որ համագումարը տեղի է ունենում բախտորոշ, ճակատագրական ժամանակաշրջանում։ Սա ճշմարտություն է, բայց ցավալի ճշմարտություն։ Ցավալի է այն առումով, որ 18 տարվա անկախությունից հետո մենք բախտորոշ եւ ճակատագրական ժամանակաշրջանում ենք ապրում, երբ պիտի արդեն կայացած պետություն ունենայինք, ոչ մի պատահականություն չպիտի վտանգեր մեր գոյությունը, ոչ մի նյարդայնություն, լարվածություն չպետք է լիներ մեր հասարակությունում եւ արտաքին հարաբերություններում։ Ցավոք, մենք շատ ժամանակ ենք կորցրել, եւ այդ ժամանակը կորցրել ենք հատկապես վերջին 10 տարիների ընթացքում, երբ պետության քաղաքականությունը շեղվեց իր բնական հունից։ Այսինքն` նախկին պրագմատիկ, ռեալ քաղաքականությունը փոխարինվեց գաղափարախոսական քաղաքականությամբ, եւ դրա տակ իշխանությունները իրականացնում են իրենց մութ գործերը։ Գաղափարախոսությունը, իհարկե, հրաշալի բան է, բայց դա նաեւ ծառայում է բռնապետերին, ծառայում է հարստահարիչներին` իրենց բռնապետությունները եւ հարստահարությունները քողարկելու համար։ Եւ դուք չպետք է զարմանաք, որ որքան հակաժողովրդական, բռնատիրական է պետությունը, այնքան արտաքուստ նա ազգայնական է իր գաղափարախոսությամբ։ Սա կրկնակի սպեկուլյացիա է եւ վիրավորանք նաեւ ազգին, որովհետեւ խաղալով ժողովրդի ազգային զգացմունքների հետ` իշխանությունները, փաստորեն, փորձում են դրանով ծածկել իրենց հանցավոր գործունեությունը։ Սա` մեկ դիտողություն` այս բախտորոշի մասին։ Այս բախտորոշը եւ ճակատագրականը հենց այն երկու բնութագրականներն են, որոնք ինձ ամենաշատն են հուզում, որովհետեւ դրանք չպետք է լինեին։ Երկրորդը` խոսվեց ազգային հարցերի մասին։ Հասկանալի է, մանավանդ` Սփյուռքը ավելի շատ մտահոգված է հայ-թուրքական հարաբերություններով, Ցեղասպանության ճանաչման խնդրով, Արցախի հարցով։ Սրանք բնական մտահոգություններ են, որոնք կան նաեւ Հայաստանում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ սրանք ամբողջը չեն եւ հիմնականը չեն։ Չէր լինի այս վտանգավոր պահը, չէին լինի հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի հարցի կարգավորման այս շատ մտահոգիչ զարգացումները, եթե չլինեին ավելի հիմնավոր պատճառներ։ Իսկ ավելի հիմնավոր պատճառը` դրանցից մեկը նշեց «Ժառանգության» նախագահը, դա ժողովրդավարությունն է, օրինականությունը եւ հայերեն բառը չկա` կաշառակերությունը դա չի արտահայտում, կոռուպցիան։ Մեր պետությունը վերից վար փտած է։ Սա դասական բռնապետություն է` իր քրեական բոլոր հատկանիշներով։ Կոռուպցիան քայքայում է հայ ժողովրդի բոլոր կենսական հյութերը, թուլացնում մեր պետությունը, մեր պետությունը դարձնում արտաքին ուժերի գործիք։ Չկա Հայաստանում որեւէ բարձրագույն պետական պաշտոնյա, չկա բարձրաստիճան պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես չունենա կամ իր պաշտոնավարության ընթացքում հսկայական հարստությունների տիրացած չլինի։ Վերջին 10 տարիներին պարբերաբար, սիստեմատիկորեն թալանվում է Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին։ Եթե չթալանվեր, այսօր մեր պետական բյուջեն կլիներ դրա կրկնապատիկը։ Առնվազն։ Եթե այդ թալանը չլիներ, տնտեսական ճգնաժամը այսքան ծանր հետեւանքներ չէր ունենա Հայաստանում։ Եթե ուրիշ ոչ մի ապացույց չունենայինք, բավական կլիներ միայն այն փաստը, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրների եւ ընդհանրապես` սոցիալիստական ճամբարի ամենաբարձր տնտեսական անկում արձանագրած երկիրն է։ Նման անկում չկա ուրիշ ոչ մեկում։ 18.5 տոկոս այս տարվա տնտեսական անկումն է` վերջին 8 ամիսներին։ Այդպիսի ուրիշ ոչ մի երկիր չկա` ոչ նախկին խորհրդային հանրապետությունների շարքում, ոչ էլ սոցիալիստական ճամբարում։ Չկա։ Ի՞նչն է պատճառը։ Երբ Հայաստանը Խորհրդային Միության գոյության ժամանակ համարվում էր ամենազարգացած պետություններից մեկը` տնտեսական առումով, մասնավորապես` ժամանակակից տեխնոլոգիաների առումով, ի՞նչ պատահեց այս երկրին։ Հասկացանք` շրջափակումը լրջորեն ազդեց այդ պրոցեսի վրա, պատերազմը, փախստականները եւ այլն, եւ այլն։ Բայց 18 տարի հետո արդեն ամոթ է խոսել այս հարցերի մասին` դրանք պիտի լուծված լինեին։ Սրանք օբյեկտիվ պատճառներ չեն։ Թալանել ոչ մեկը չի ստիպում, դա ինքնակամ գործունեություն է։ Եւ ի՞նչ եք ուզում` երբ այսպիսի վիճակ է տիրում Հայաստանում` եւ ժողովրդավարության բնագավառում, եւ տնտեսական բնագավառում, եւ օրինականության բնագավառում։ Եւ ինչո՞ւ ենք զարմանում, որ Հայաստանը ենթարկվում է այսպիսի արտաքին վտանգների։ Բա ի՞նչ պիտի լիներ։ Ի՞նչ պիտի լինի մի երկրի հետ, որտեղ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան։ Ողջ Արեւմուտքում` Եվրոպայի տարածքում, Կենտրոնական Եվրոպայում, նախկին խորհրդային հանրապետություններում, բացի միջինասիական մի քանի հանրապետությունից եւ Ադրբեջանից, որեւէ երկրում քաղբանտարկյալ չկա։ Չեմ խոսում Աֆրիկայի մասին, ասիական որոշ երկրների մասին։ Եթե մենք դրանց դասին պետք է պատկանենք, դա մեզ պատի՞վ է բերելու։ Դա արդյո՞ք չի թուլացնում հենց Սփյուռքի դիրքերը, չի՞ ամաչեցնում Սփյուռքին` իրենց համերկրացիների առջեւ։ Ինչպե՞ս պետք է սփյուռքահայը արժանապատվորեն խոսի ամերիկացու կամ ֆրանսիացու հետ, երբ իր հայրենիքում քաղբանտարկյալներ կան, եւ արդյո՞ք սրա գինը չպետք է վճարի այս պետությունը։ Պետք է վճարի եւ վճարում է։ Վճարում է թուրքերին. ամեն մի քաղբանտարկյալի համար Սերժ Սարգսյանը վճարում է թուրքերին, ադրբեջանցիներին` իր զիջումներով, իր հակազգային քաղաքականությամբ։ Ոչ մի բան չի կորչում, ոչ մի հանցանք անհատույց չի մնում` իր գրպանից չի հատուցում, հատուցում է ազգի գրպանից։
Հայ-թուրքական հարաբերություններում եւ Ղարաբաղի հարցի զարգացումներում տիրող իրավիճակը ածանցյալ է ահա այս պատճառներին։ Չի կարելի, այսպես կոչված` ազգային խնդիրներն առանձնացնել պետության հիմքը կազմող, պետության գոյությունը պայմանավորող գլխավոր սկզբունքներից։ Չի կարելի։ Եթե այդպես վարվենք, միշտ կսխալվենք եւ միշտ ուշացած կարձագանքենք իրադարձություններին։ Ես գտնում եմ, թող ներող լինեն, եթե Սփյուռքը ճիշտ արձագանքեր 2008 թվականի նախագահական ընտրություններին, ճիշտ արձագանքեր մարտի 1-ի իրադարձություններին, ճիշտ արձագանքեր քաղբանտարկյալների առկայության փաստին, չհանդուրժեր դրանք... ընդհակառակը եղան բազմաթիվ սփյուռքահայ կազմակերպություններ, որոնք անգամ այդ պայմաններում ողջունեցին, պաշտպանեցին, աջակցեցին Հայաստանի այդ մարդասպան իշխանություններին... Ի՞նչ ակնկալիքով, եւ ի՞նչ ստացան դրա դիմաց։ Ստացան այն, ինչ ստացան այսօր։ Եւ թող նաեւ այդ մարդիկ ընդունեն իրենց մեղքը։ Ես ուրախ եմ նշելու, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այդ կառույցների մեջ չէր։
Եթե Սփյուռքը առաջնահերթ չհամարի Հայաստանի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ կոռուպցիայի անթույլատրելիությունը, թող չզարմանան` նաեւ ազգային խնդիրներում այսուհետեւ եւս մեր գլխին շատ նոր փորձանքներ են գալու։ Ես Սփյուռքին կոչ չեմ անում խառնվել Հայաստանի ներքին գործերին` ամենեւին ոչ, ոչ էլ քաջալերում եմ Հայաստանի իշխանությունների ջանքերը` խառնվել Սփյուռքի գործերին։ Ոչ։ Թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը լուրջ հավաքականություններ են, որոնցից յուրաքանչյուրը ինքը կարող է որոշել իր անելիքները։ Սակայն ո՛չ Հայաստանը անտարբեր պետք է լինի Սփյուռքի ներքին խնդիրներին, ասում եմ` չպետք է խառնվի, բայց անտարբեր չպետք է լինի, նույնը` նաեւ Սփյուռքը։ Եթե ոչ այլ բան, ապա Սփյուռքը պետք է վերաբերմունք արտահայտի Հայաստանում կատարվող ցանկացած անօրինականության, ժողովրդավարության ցանկացած սահմանազանցման, կոռուպցիայի երեւույթների ցանկացած դրսեւորման նկատմամբ։ Դա կբարձրացներ Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունը, վերահսկողության լրացուցիչ ազդակ կդառնար, եւ Հայաստանի իշխանություններն այսքան անպատասխանատու չէին կարող գործել։ Ես չեմ ուզում ծավալվել` այս հարցերի մասին ես շատ եմ խոսել։ Սա ուղղակի առիթ էր, որ ավելի շատ ծանրանամ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վրա, եւ սա վերջին խոսքս թող լինի։
Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մաքուր, բարոյական, ոչ կոռումպացված իշխանության գոյությունը մեր բոլոր ազգային իղձերի իրականացման հիմքն է եւ անհարկի զիջումներից, պարտվողականությունից խուսափելու միակ միջոցը։ Եթե սա ազգովին չհասկանանք` Սփյուռք, Հայաստան, մենք կմնանք խակ, ոչ հասուն հասարակություն (ես չեմ ասում` ազգ, որովհետեւ որպես ազգ` ոչնչով պակաս չենք որեւէ մեկից) եւ չենք կարող ըստ արժանվույն արձագանքել ցանկացած ժամանակի մարտահրավերներին։
Ես ուզում եմ վստահություն արտահայտել, որ այն համագործակցությունը ձեր կուսակցության հետ որ ստեղծվել է վերջին 2 տարում, նույնիսկ արդեն ինստիտուցիոնալ մակարդակով` ես նկատի ունեմ Կոնգրեսը, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք հասնենք մեր բոլոր նպատակների իրականացմանը։
http://www.armtimes.com/3211
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.