вторник, 29 сентября 2009 г.
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԷԻՆ
Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 19-րդ համագումարը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ՍԴՀԿ Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչները։
ՍԴՀԿ համագումարը Հայաստանում անց է կացվում արդեն 2-րդ անգամ։ Ու թեեւ համագումարի հիմնական նպատակը ՍԴՀԿ Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությունն էր, սակայն համագումարը Հայաստանում անցկացնելու պատճառը հատկապես հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հարցն էր։ Սույն խնդրին ՍԴՀԿ ներկայացուցիչները անդրադարձան ոչ միայն համագումարի ժամանակ, այլ նաեւ համագումարից հետո` Ծաղկաձորում կայացած փակ քննարկման ժամանակ, որը մինչեւ երեկ դեռ չէր ավարտվել։ Իսկ համագումարին մասնակցելու համար ՍԴՀԿ ներկայացուցիչները, բացի ընդդիմությունից, հրավերներ էին ուղարկել նաեւ իշխանական կուսակցությունների ղեկավարներին, այդ թվում եւ Սերժ Սարգսյանին։ Ընդդիմությունից համագումարին մասնակցում էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով վերջում հանդես եկավ նաեւ ծավալուն ելույթով, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարները։ Ինչ վերաբերում է իշխանական եւ պրոիշխանական ուժերին, ապա Սերժ Սարգսյանը, բնականաբար, համագումարին չէր եկել. փոխարենը, ՀՅԴ-ից ներկա էր Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը, իսկ մյուս ավանդական կուսակցությունից` ՀՌԱԿ էլ` ատենապետ Հարություն Առաքելյանը։ Վերջին երկուսը նստել էին կողք կողքի եւ աչքի ընկան ոչ միայն նրանով, որ հանդես չեկան անգամ կարճ ողջույնի խոսքով, այլ նաեւ նրանով, որ մի քանի անգամ, երբ ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանք ցուցադրաբար մնացին նստած։ Ինչ վերաբերում է ելույթներին, ապա դրանք, բնականաբար, հագեցած էին Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների մասին հիշատակումներով եւ հատկապես` հայ-թուրքական արձանագրություններին առնչվող մտահոգություններով։ Մասնավորապես, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները «զայրույթի հսկա ալիք են բարձրացրել Սփյուռքի գաղթօջախներում»։ Աճեմյանը շեշտեց, որ Հայաստանը հայտնվել է ներքին ու արտաքին դժվարությունների առջեւ, եւ որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերի մեկտեղումը։ «Բայց մենք, դժբախտաբար, հեռու ենք այդ նպատակներից»,- նշեց Աճեմյանը` հավելելով, որ «այսօր տեսնում ենք, թե ինչպիսի պառակտում է առաջացել Հայաստանի ժողովրդի եւ իշխանության միջեւ»։ «Վերջին ամիսներին այդ պառակտումը խորացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացած բանակցությունների պատճառով, իսկ վերջերս հրապարակված արձանագրությունները հիասթափության հսկա ալիք առաջացրեցին Սփյուռքում ապրող մեր ժողովրդի զավակների մոտ։ .... Երկրորդ խնդիրը, որ մեզ մտահոգում է, բնականաբար` Արցախի հարցն է. հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված տարածքը սակարկության առարկա դարձնելը մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց Աճեմյանը։ ՍԴՀԿ Հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ, անդրադառնալով անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, նշեց, որ այսօր անկախության հարցում «նկատվում է որոշակի նահանջ»։ «Արտաքին քաղաքական ոլորտում դիտվում են գործընթացներ, որոնք լի են վտանգներով, եւ կարող ենք ունենալ անդառնալի բացասական հետեւանքներ` ոչ միայն հայոց պետականության, այլ նաեւ համայն հայության համար»,- իր ելույթում ասաց տիկին Սարգսյանը։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սփյուռքին ուղղված ելույթի հատկապես առանձին հատվածներ ՍԴՀԿ-ի սփյուռքահայ պատվիրակները լսում էին գլխի դրական շարժումներով։ Դա հատկապես աչքի ընկավ այն ժամանակ, երբ առաջին նախագահը, ներկայացնելով երկրում տիրող քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական իրավիճակը, հայտարարեց. «Դա արդյո՞ք չի թուլացնում հենց Սփյուռքի դիրքերը, չի՞ ամաչեցնում Սփյուռքին` իրենց համերկրացիների առջեւ։ Ինչպե՞ս պետք է սփյուռքահայը արժանապատվորեն խոսի ամերիկացու կամ ֆրանսիացու հետ, երբ իր հայրենիքում քաղբանտարկյալներ կան, եւ արդյո՞ք սրա գինը չպետք է վճարի այս պետությունը»։ Այս խոսքերը սփյուռքահայ պատվիրակները լսում էին դեմքի այնպիսի արտահայտությամբ, ասես նրանցից յուրաքանչյուրը իր վրա զգացել է այդ ամոթը։ Համագումարի պաշտոնական բացումից հետո հնչակյանները ուղեւորվեցին Ծաղկաձոր. այստեղ մինչեւ երեկ ուշ երեկո ՍԴՀԿ-ականները քննարկում էին ինչպես հայ-թուրքական հարաբերությունների հարցը, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական խնդիրները։ Քննարկումը կշարունակվի նաեւ այսօր։ Իսկ քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն հանդես է գալու հայտարարությամբ, որտեղ անդրադառնալու է հայ-թուրքական հարաբերությունների խնդրին։ Մեր տեղեկություններով, Ծաղկաձորում քննարկվել է նաեւ Կոնգրեսի հետ համագործակցության հարցը։ Ինչ վերաբերում է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամների ընտրությանը, ապա այն եւս երեկ դեռ չէր ավարտվել։ Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մեծ է ատենապետի պաշտոնում Սեդրակ Աճեմյանի վերընտրվելու հավանականությունը։ Նշենք, որ այս ընտրությունները չեն վերաբերում ՍԴՀԿ Հայաստանյան կառույցին. հայաստանյան կառույցի համագումարը, որի ժամանակ լինելու են նաեւ ընտրությունները, նախատեսված է առաջիկայում` կամ հոկտեմբերին, կամ նոյեմբերին։
http://www.armtimes.com/3196
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.