вторник, 29 сентября 2009 г.

«Իրականանում է Հայաստանը Սփյուռքից տարանջատելու քաղաքականությունը»


ՍԴՀԿ ԱՄՆ ներկայացուցիչը ուշացած է համարում Ս.Սարգսյանի այցը

«Մտավախությունն այն է, որ սա վերածվելու է PR կամպանիայի: Եվ երբ հանդիպումներ լինեն, «Հ1-»ը նման սովորություն ունի` շատ սիրուն նկարեն, մի քանի խոսքեր ասեն եւ առանց Սփյուռքի կարծիքը լիարժեք ներկայացնելու` ասվի, որ նախագահը գնաց Սփյուռք, հանդիպեց Սփյուռքի ժողովրդի հետ եւ Սփյուռքը համակարծիք է», - երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի ատենապետ Համբիկ Սարաֆյանը:


Վերջինիս կարծիքով` շատ ավելի արդյունավետ պիտի լիներ, եթե այս հանդիպումը լիներ 3 ամիս առաջ: Ինչպես գիտեք` հոկտեմբերի 1-ից մեկնարկելու է Ս.Սարգսյանի ճամփորդությունը հայկական գաղթօջախներ` հայ-թուրքական արձանագրությունների առթիվ Սփյուռքի տեսակետներին ծանոթանալու համար: Հետաքրքրականն այն է, որ Ս.Սարգսյանը Սփյուռք այցելում է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն իսկ հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են, ու հայկական կողմը չի հերքել դա: Ասել է թե` անկախ Սփյուռքը ինչ կասի Ս.Սարգսյանին` կբողոքի, հանրահավաք կանի, թե նստացույց, միեւնույն է, որոշված է, որ արձանագրությունները ստորագրվելու են:

Հայ-թուրքական հարաբերություններում Սփյուռքի ներկայացուցիչների կարծիքին տեղեկանալու եւ այդ կարծիքը հաշվի առնելու` Հայաստանի իշխանությունների անկեղծությանը երեկ դժվար էր հավատալ. Սփյուռքում գործող կուսակցության` ՍԴՀԿ-ի հայ-թուրքական հարաբերությունների մասին տեսակետներ ներկայացնող ասուլիսին ներկա չէր ոչ Հանրային հեռուստատեսությունը, ոչ էլ իշխանական վերահսկողության ներքո գտնվող մի շարք հեռուստաընկերություններ:

Ինչեւէ, ՍԴՀԿ-ն դեռ հրավեր չի ստացել Ս.Սարգսյանի ամերիկյան հանդիպումներին մասնակցելու, եւ Համբիկ Սարաֆյանի խոսքերով` իրենք դեռ չգիտեն` կմասնակցե՞ն, թե՞ ոչ, եւ ի՞նչ ձեւաչափով է լինելու հանդիպումը: «Ինչ որ այսօր ենք ասում, նույնն էլ նախագահին էր ասվելու», - ասաց Սարաֆյանը: ՍԴՀԿ ներկայացուցչի խոսքերով` հայ-թուրքական արձանագրությունների ընդունումը կխորացնի Հայաստան-Սփյուռք անջրպետը: «Հայաստանը Սփյուռքից տարանջատելու Թուրքիայի իրականացրած վաղեմի քաղաքականությունն անուղղակի իրականություն է դառնում», - հայտարարեց նա:

Համբիկ Սարաֆյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը նահանջի տեղ չունի, արդեն իսկ «այո»-ն ասել է, եւ նահանջը անլուրջ կարող է ընկալվել: ՍԴՀԿ ներկայացուցչի համոզմամբ` հայ-թուրքական արձանագրությունները կարող էին այլ տեսք ունենալ, եթե Հայաստանում առկա ներքին չլուծված խնդիրները չլինեին: «Սրա շարունակությունը, բնականաբար, ղարաբաղյան հարցն է», - ասաց նա: Սարաֆյանը նշում է, որ Սփյուռքը Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը ներազդելու հնարավորություններ չունի, եւ առաջին հերթին դա պետք է անի Հայաստանի ժողովուրդը: «Սփյուռքը չի ժխտում, որ անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ: Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին` Սփյուռքը շատ ավելի միահամուռ է: Ինչպե՞ս կարելի է այս հարցն այսպես արծարծել: Սփյուռքը պատրաստ չի եւ պատրաստ չի եղել երբեք: Եթե Հայաստանի ներքին հարցերը լուծված չեն, ինչպիսի որոշումներ էլ ընդունվեն, միշտ կասկածելի բնույթ են ստանալու», - նկատեց ՍԴՀԿ ներկայացուցիչը:

Համբիկ Սարաֆյանի կարծիքով` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը պետք է հստակ մոտեցում ունենար եւ այն տարանջատեր պետական քաղաքականությունից, պետք է լինեին Սփյուռք-Հայրենիք հասկացություններ, ու հստակ ցույց տրվեր, թե նրանցից որն ինչ առաջնահերթություններ ունի:
http://www.zhamanak.com/article/12892/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.