воскресенье, 21 ноября 2010 г.

Համագումար, հետո գրանցում

2-1_136
Չնայած պետական ռեգիստրը հրաժարվում է գրանցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունից (ՍԴՀԿ) հեռացված անդամների նոր կուսակցությունը` Հնչակյան Սոցիալ-Դեմոկրատ Կուսակցություն (ՀՍԴԿ) անունով, այդ մարդիկ, մեր տեղեկություններով, պատրաստվում են դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում այնուամենայնիվ համագումար անցկացնել:

Պետռեգիստրը, մեր տեղեկություններով, հրաժարվում է գրանցել ՀՍԴԿ անունով նոր կուսակցությունը, քանի որ այն միայն բառերի տեղափոխությամբ կրկնում է ՍԴՀԿ անունը, ինչն արգելվում է կուսակցությունների մասին ՀՀ օրենքով: Երեկ պետական ռեգիստրից փորձեցինք պաշտոնական տեղեկություն ստանալ ՀՍԴԿ-ն չգրանցելու հիմքերի մասին. «Իրենք չե՞ն ներկայացնում մեր կողմից տրված մերժումը, ակտը, այնտեղ գրված է հիմքը»,- պետռեգիստրից մեզ այսպես պատասխանեց Լալա Ներսիսյանը` նշելով, որ այսօր, երբ պետը տեղում լինի, կպատասխանի, թե ինչ հիմքով չեն գրանցել: Մեզ հետ զրույցում ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ձեր թերթում կարդացի, որ նրանք դիմել են պետռեգիստր, բայց չեն գրանցվել:
Զանգեցի պետռեգիստր, հավանաբար ընդունարանի աշխատակիցն էր, ինձ ասաց, որ այո, նման դիմում եղել է, բայց կուսակցության գրանցումը մերժվել է, քանի որ դրա անվան եւ մեր կուսակցության անվան մեջ ընդամենը բառերի տեղափոխություն է»: Սարգսյանն ասաց նաեւ, որ ինքը դրանից հետո նամակ է գրել պետռեգիստր եւ հայտնել. «Հնչակյան անունը այլեւս որեւէ մեկը գրանցելու իրավունք չունի, որովհետեւ միակ հնչակյանը մեր կուսակցությունն է, իսկ սոցիալ-դեմոկրատիան նրա գաղափարախոսությունն է: Եւ եթե ապօրինաբար արդեն մի կուսակցություն գրանցվել է էռնեստ Սողոմոնյանի կողմից` հնչակյան անվան տակ (ՀՍԴՀԿ-ն.-հեղ.), ապա երրորդը գրանցելը պետռեգիստրի կողմից գիտակցված հանցագործություն կլինի»,- իր նամակի բովանդակությունը ներկայացրեց ՍԴՀԿ նախագահը` պնդելով. «Բնականաբար, ամեն ինչ պիտի անենք, որ դրա դեմը առնենք»: ՍԴՀԿ-ից «կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար» հեռացված եւ նոր կուսակցություն գրանցելու շեմին գտնվող թեւից շատ դժվար էր մեկնաբանություն ստանալը: Գեւորգ Պերկուպերկյանը, որը ընտրվել էր որպես այդ թեւի ղեկավար, եւ որին սատարելու մասին հայտարարեց ՍԴՀԿ սփյուռքի կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանը, երեկ տարբեր պատճառաբանություններով ձգձգեց մեր խոսակցությունը, ապա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նույն հեռացված խմբի անդամներից մեկը` ՍԴՀԿ նախկին խոսնակ Նարեկ Գալստյանը, ի պատասխան մեր հարցի, թե հնարավո՞ր է համագումարը հետաձգվի, հաշվի առնելով, որ ՀՍԴԿ-ն չի գրանցվել, պատասխանեց. «Նման բան չկա: Մենք չենք դիմել գրանցվելու համար: Համագումարից հետո պետք է դիմենք: Ձեր տեղեկությունները թյուր են եւ իրականությանը չեն համապատասխանում»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին` ՍԴՀԿ-ից հեռացված թեւի տարածած հաղորդագրության մեջ, որը վերաբերում էր հենց կուսակցություն հիմնելուն, նախ խոսք էր գնում կուսակցություն հիմնելու, ապա համագումար անելու մասին: «Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման. այն է` գնալ իրավաբանական նոր գրանցման եւ դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում հրավիրել համագումար: Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձեւակերպել իբրեւ Հնչակյան Սոցիալ Դեմոկրատ Կուսակցություն»,- մասնավորապես ասվում էր այդ հայտարարությունում: Ինչեւէ, երեկ Նարեկ Գալստյանն ասաց, որ համագումարի օրը դեռ հստակ որոշված չէ, սակայն այն չի ուշանա եւ դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա: Խոսակցություններ կան, որ նրանք դեռ բանակցում են պետռեգիստրի հետ, եւ եթե պետռեգիստրը չզիջի ու չհամաձայնի գրանցել մի կուսակցություն, որի անվան նման անունով եւս երկու կուսակցություն կա, համագումարում որոշում կընդունվի այլ անվան վերաբերյալ:
Սյուզաննա Պողոսյան
http://www.armtimes.com/19425

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.