Վերաքննիչ դատարանը վերջերս մերժել էր ՍԴՀԿ-ից առանձնացած աճեմյանական թեւի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՍԴՀԿ 2009 թվականի համագումարը եւ Լյուդմիլա Սարգսյանին զրկել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նախօրեին դատարանի որոշումը ուժի մեջ է մտել: ՍԴՀԿ ԿՎ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «1. ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված ՍԴՀԿ ԿՎ ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը, 2. Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք, 3. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009 թ. թիվ 14 նիստի արձանագրության` Վահան Շիրխանյանը, Գեւորգ Պերկուպերկյանը, Նարեկ Գալստյանը, Գագիկ Մելիքյանը, Արսեն Կուպելյանը հեռացված են ՍԴՀԿ շարքերից` կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար»:
Կուսակցությունը նաեւ հիշեցրել է, որ մեկ այլ նիստում որոշվել էր նաեւ կասեցնել Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը: Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՍԴՀԿ-ից առանձնացած թեւը: Դրանում մասնավորապես ասվում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են կուսակցությանը գնալ հետեւյալ լուծման: Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման. այն է` գնալ իրավաբանական նոր գրանցման եւ դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում հրավիրել համագումար: Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձեւակերպել իբրեւ Հնչակյան Սոցիալ Դեմոկրատ Կուսակցություն: Միեւնույն ժամանակ, կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ եւ ունի Հայաստանի ներկայացուցիչը Կեդրոնական Վարչությունում` ի դեմս ընկեր Վահան Շիրխանյանի: Կուսակցությունը նաեւ վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ, աշխարհասփյուռ եւ Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար եւ անարժանաբար է կրում հնչակյան անվանումը եւ վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը` կրելով դավաճանի պիտակ»: Այդ թեւի մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը երեկ նաեւ հայտարարել է, որ վաղ թե ուշ իրենց կուսակցությունը վերադարձնելու է իր անվանումը: Երեկ մեզ հետ զրույցում խոսելով այս մասին, Լ.Սարգսյանն ասաց. «Շատ հետաքրքիր է, թե ինչպես են պատրաստվում վերադարձնել, բռնի ուժո՞վ: Դատարանը որոշումը կայացրել է, մենք գործում ենք կուսակցությունների մասին օրենքի համաձայն, օրինական քաղաքական դաշտում, եւ դա վիճարկելի թեմա չէ»: Նոր ստեղծվելիք կուսակցության անվան մասին էլ Սարգսյանը ավելացրեց. «Էդ նոր անունը ոչ մի ավանդականություն չի կարող պարունակել իր մեջ եւ բոլոր խորհրդանիշները` կապված 123-ամյա ՍԴՀԿ-ի հետ, ամրագրված են Արդարադատության նախարարությունում եւ պետռեգիստրում»:
http://www.armtimes.com/18992
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.