- Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից Հայաստանում տարաբնույթ ակնկալիքներ ունեն, նշվում է նաև, թե հնարավոր է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ստորագրվի: Տիկին Սարգսյան, ընդդիմությունն ի՞նչ սպասելիքներ ունի Աստանայից:
- Ընդդիմությունը, ինչպես և ամբողջ հայ ժողովուրդը, անհանգստացած է Աստանայում կայանալիք գագաթնաժողովի առնչությամբ: Մենք կողմ չենք, որ Սերժ Սարգսյանն այնտեղ մի փաստաթուղթ ստորագրի, որը համաձայնեցված չէ բոլոր քաղաքական ուժերի և ժողովրդի հետ, որովհետև Ղարաբաղի հարցը Սերժ Սարգսյանի որոշելու հարցը չէ: Մենք կողմ չենք, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի Աստանայում, քանզի մեր ժողովուրդը Արցախում արյուն է թափել և առանց համաձայնության՝ որևէ բան ստորագրելն անկարելի է: Ցավոք, չեմ բացառում, որ նոյեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որին մասնակցելու են և Սերժ Սարգսյանը, և Մեդվեդևը և Օբաման, ևս խոսակցություններ լինեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ, և հնարավոր է, որ վերջնական պարտադրանքների տակ դնեն Սերժ Սարգսյանին:
- Հոկտեմբերին Աստրախանում կայացած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումը կարծես թե նախապատրաստական փուլ էր Աստանայից առաջ: Ձեր գնահատմամբ, այդ հանդիպումը ի՞նչ տվեց կողմերին, և արդյո՞ք սա պարզապես ևս մեկ անգամ Ռուսաստանի առաջնահերթությունը շեշտելու փորձ չէր:
- Աստրախանում խնդիրը միայն գերիների փոխանակումը չէր, այլ հերթական անգամ Սերժ Սարգսյանին բերման ենթարկելն էր, հատկապես, որ այդ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 27-ին: Ստորացվեց մեր ամբողջ ազգը, քանի որ Սերժ Սարգսյանը, անտեսելով ազգային սգի օրը, չկարողացավ դիմադրել և ներկայացավ Աստրախան: Այդ ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանի դիրքերը այնքան խոցելի ու թույլ են, որ նա ոչ մի բանի դիմակայել չի կարողանում և ինչ փաստաթուղթ էլ դնեն դիմացը, անմիջապես կստորագրի:
- Տիկին Սարգսյան, եթե այդուամենայնիվ, Աստանայում ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրվի, ո՞րն է լինելու ընդդիմության քայլը:
- Ընդդիմությունը ունի հստակ տեսակետ` մեր կողմից չի ընդունվելու որևէ փաստաթուղթ, որը կստորագրի Սերժ Սարգսյանը, քանի որ նա լեգիտիմ չէ: Կարծում եմ, որ մեր հասարակությունն այնքան մտահոգված է ղարաբաղյան հարցով, որ արդեն ժողովուրդն ինքը մեզ կպարտադրի որոշումներ կայացնել:
- Ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի Ղարաբաղյան այցելությունը և նրա կոշտ ու ինչ-որ տեղ նաև ռազմատենչ հռետորաբանությունը:
- Կարծում եմ, ղարաբաղյան այցելությունը պայմանավորված էր առաջիկա հանդիպուներով, և Սերժ Սարգսյանը, հավանաբար, ակնկալում է, որ իր ռազմատենչ հայտարարություններով կարող է շանտաժի ենթարկել Ռուսաստանին և Արևմուտքին: Բացի այդ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը գնացել էր ղարաբաղյան իշխանությունների հետ վերջնական համաձայնեցնելու իր զիջումները:
- Իսկ Ձեր գնահատմամբ, Ղարաբաղի իշխանությունները կանգնա՞ծ են Սերժ Սարգսյանի կողքին:
- Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում ներկայացավ որպես գերագույն հրամանատար և նախագահ, երբ իրականում պետք է հյուրի կարգավիճակում լիներ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ուզում էր ցույց տալ, որ Արցախը Հայաստանի մարզերից մեկն է, և նա այլևս չի կարող մասնակցել բանակցային գործընթացին, քանի որ կամ ես: Իսկ մենք ամբողջ աշխարհին ուզում ենք համոզենք, որ Արցախը առանձին իրավաբանակն սուբյեկտ է և նա պետք է բանակցային գործընթացներին մասնակցի: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի նման կեցվածքից հետո ոչ մի միջազգային կառույց այլևս չի դիտարկի Արցախը որպես առանձին պետություն: Չեմ բացառում, որ նա իրեն նման հայտարարություններ թույլ տվեց, քանի որ վերջնական համաձայնության չէր եկել ղարաբաղյան իշխանությունների հետ:
- Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում զգացվում է հստակ կողմնորոշումը դեպի Ռուսաստան, իսկ Արևմուտքի հասցեին արվող քննադատություններն էլ ավելի են սրանում: Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքով, կարելի՞ է վերջնականապես եզրակացնել, որ Հայաստանում առկա ներքաղաքական խնդիրների և ղարաբաղյան հարցի լուծման գործում որոշիչ դերը հենց Ռուսաստանինն է:
- Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Ռուսաստանի ձեռքին է: Նա շատ իրատես է և շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում Ռուսաստանը իր դիրքերը զիջելու ոչ մի ցանկություն չունի, այլ փորձում է ամրապնդել: Լևոն Տեր-Պետրոսյանին չի կարելի մեղադրել ո՛չ արևմտամետության, ո՛չ էլ ռուսամետության մեջ, նա պարզապես իրատես և լուրջ քաղաքական գործիչ է: Հնչակյան կուսակցությունն էլ, լինելով ռուսամետ ուժ, կարծում է, որ ղարաբաղյան հարցի բանալին Ռուսաստանի ձեռքում է, իսկ ԱՄՆ-ին այդ խնդիրը առանձնապես չի հուզում, նրանց Հայաստանը պետք է որպես պոլիգոն, որտեղով նա կարող է ճանապարհ հարթել դեպի Իրան և Աֆղանստան:
четверг, 18 ноября 2010 г.
ԼՂ հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.