воскресенье, 21 ноября 2010 г.

Կարախանյանը չէր կարող անպատասխանատու հայտարարություններ անել

L.Sargsyan

Իսկ ո՞վ է Սմբատ Կարախանյանը

Նոյեմբերի 15-ին Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում մի քանի կարեւոր «բացահայտումներ» էր ներկայացրել, որոնք, սակայն, որքան էլ զարմանալի է` գրեթե արձագանք չունեցան Հայաստանի քաղաքական դաշտում: Իսկ Ս. Կարախանյանի տեսակետները կարեւոր են այնքանով, որքանով նրա անձը հատկապես վերջին շրջանում կարեւորում է Հայ Ազգային կոնգրեսը: ՀԱԿ գրեթե բոլոր հանրահավաքներում հղումներ են արվում Ս. Կարախանյանի գործունեությանը, հայտարարություններին, նրա հայտնած տեղեկություններին` տպավորություն ստեղծելով, թե նա ռուսական «էստեբլիշմենթում» այնպիսի դերակատարություն ունի, որ ուղղորդում է ՌԴ իշխանություններին` Հայաստանի հետ կապված հարցերում: Այս հանգամանքը հաշվի առնելով` Ս. Կարախանյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ Հայաստանի հատկապես ընդդիմադիր շրջանակների լռությունը, մեղմ ասած` տարակուսելի է: Այն դեպքում, երբ ՀԱԿ-ի` «մոսկովյան համակարգողը» անդրադարձել էր թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ հարցին, թե՛ Կոնգրեսի քաղաքական ուղղվածությանը` նշելով, որ ՀԱԿ-ն ամբողջությամբ ռուսական կազմակերպություն է: Հիշեցնենք` խոսելով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության եւ այն կարծիքների մասին, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս կարող է չհավակնել ՀՀ նախագահի պաշտոնին, Ս. Կարախանյանն ասել էր. «Այո, այսօր խոսքը հերթական ընտրություններին չի վերաբերում: Տեսականորեն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնածները բոլորն էլ կարող են փոխարինել նրան ընտրություններում: Սակայն մենք` «Միաբանությունը», ելնում ենք տեսանկյունից, որ նա պետք է ձեւավորի երիտասարդական գիծ, ՀԱԿ-ի կազմում միավորի մարդկանց, ովքեր կապ չունեն գոյություն ունեցող համակարգի հետ: ՀԱԿ-ը իշխանության գալու մեծ հնարավորություններ ունի: Վերջերս առաջ է մղվել Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը: Նրան ընդունում են, նա հստակ պատկերացնում է ներկա եւ հեռանկարային իրավիճակը»: Նաեւ հավելել էր. «Դատելով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից, Լ.Զուրաբյանի մոսկովյան այցերից, ռուսական մամուլի հրապարակումներից, կարելի է պնդել, որ ՀԱԿ-ը միանգամայն պրոռուսական կազմակերպություն է»: Հաշվի առնելով ՀԱԿ-ում Սմբատ Կարախանյանին վերապահվող կարեւորությունը, անհասկանալի է, որ Կոնգրեսը չի արձագանքում նրա` ամենեւին ոչ անկարեւոր այս հայտարարություններին: Երեկ մեր զրուցակիցներից մեկն այս դիտարկմանն ի պատասխան՝ կեսկատակ ասաց, թե Ս. Կարախանյանին ՀԱԿ-ում «գուցե այնքան լուրջ են ընդունում, որ նրա ասածները քննարկման ենթակա չե՞ն»: Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` երեկ մեզ հետ զրույցում արած դիտարկումները Ս. Կարախանյանի վերաբերյալ, հակառակն են ապացուցում: «Ես Ս. Կարախանյանի արտահայտությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ: Ամեն մարդ կարող է տեսակետ ասի, իսկ ես այդպիսի գործիչ` Սմբատ Կարախանյան անունով, չեմ ճանաչում, հետեւաբար նրա ասածներն էլ չեմ մեկնաբանում»,- ասաց Ա. Սարգսյանը: Իսկ այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ՀԱԿ-ում Ս. Կարախանյանի անձը չափազանց կարեւորվում է, եւ նրա յուրաքանչյուր հայտարարություն ընդունվում է որպես «բացարձակ ճշմարտություն», Ա. Սարգսյանը պատասխանեց. «Սմբատ Կարախանյան, Պողոս Պողոսյան, Մաթեւոս Մաթեւոսյան` կարող են ՀԱԿ-ի մասին տարբեր տեսակետներ ունենալ, ես հո ամեն մարդու ասածը չե՞մ մեկնաբանելու: Ո՞վ է նա: Կուսակցությո՞ւն է Սմբատ Կարախանյանը, ՀԱԿ-ի անդա՞մ է, ի՞նչ է, որ ես իր ասածները մեկնաբանեմ: Մեկնաբանելու բան ես չունեմ»: ՀԱԿ-ի կազմում ընդգրկված ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի պատասխանը` Ս. Կարախանյանի վերոնշյալ հարցազրույցը մեկնաբանելու մեր խնդրանքին` բավական լակոնիկ էր. «Տեղյակ չեմ»:

ՀԱԿ-ին անդամակցող մեկ այլ կուսակցության` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն, ի տարբերություն մեր մյուս զրուցակիցների, պարզվեց, ոչ միայն կարդացել է Ս. Կարախանյանի հարցազրույցը, այլեւ անձամբ է ճանաչում նրան: «Ս. Կարախանյանն աշխատում եւ գործում է Մոսկվայում եւ, բնականաբար, կարող է նաեւ այդպիսի տեսակետ արտահայտել, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը պրոռուսական է: ՀԱԿ-ը ոչ պրոռուսական է, ոչ էլ պրոամերիկյան: Ուղղակի մենք շատ պարզ տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչ դերակատարում ունի տարածաշրջանում, եւ ԼՂՀ հարցի մեջ ինչպիսի մեծ ազդեցություն ունի: Եվ բնական է, որ մենք Ռուսաստանի հետ փորձում ենք ճիշտ հարաբերություններ հաստատել: Այո, մեր կուսակցությունը ռուսամետ կուսակցություն է, բայց ռուսամետ լինելով հանդերձ՝ մենք նախ եւ առաջ առաջնորդվում ենք մեր երկրի շահերով: Եվ եթե ՌԴ-ն ոտնահարի ՀՀ-ի շահերը, բնականաբար, մենք կվերանայենք նաեւ մեր տեսակետը»: Ըստ Լ. Սարգսյանի, եթե Ս. Կարախանյանը հստակ տեղեկատվություն ու նաեւ ռուսական իշխանությունների հետ անմիջական կապ չունենար, չէր կարող նման «անպատասխանատու» հայտարարություններ անել: «Միանշանակ է, որ նա տեղյակ է ռուսական իշխանությունների տեսակետին, եւ ես չեմ բացառում, որ ՌԴ իշխանությունները շահագրգիռ են, որ այդ ինֆորմացիան դուրս գա կոնկրետ Ս. Կարախանյանի միջոցով»,- ասաց Լ. Սարգսյանը:

Հաշվի առնելով ՀԱԿ-ին անդամակցող նշված կուսակցությունների ղեկավարների իրարամերժ տեսակետները՝ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահի` ՌԴ իշխանությունների հետ ունեցած հնարավոր կապերի մասին տեղեկությունները խնդրեցինք մեկնաբանել «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից, ով չի թաքցնում իր սերտ հարաբերությունները ռուսական շրջանակների հետ: Մեր հարցին` ճանաչո՞ւմ եք Ս. Կարախանյանին, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ես Ս. Կարախանյան անձին անձնապես չեմ ճանաչում, լսել եմ, կարդացել եմ եւ կարծում եմ` հանրօգուտ աշխատանքով է զբաղված, վատ բաներ չի անում: Եվ կարծում եմ՝ նրա ասածները ոչ ամբողջական, բայց ինչ-որ մասով համապատասխանում է իրականությանը այնպես, ինչպես յուրաքանչյուրինը` քաղաքական գործունեության մեջ: Կարծում եմ` Ս. Կարախանյանի հարցազրույցները, նյութերը ՀՀ ընդդիմության համար կարեւոր դերակատարություն են` ՌԴ-ում ներկայացնելու համար: Սակայն բարդ է ասել, որ ՀԱԿ-ը ռուսամետ կազմակերպություն է, որովհետեւ այնտեղ կուսակցությունների, մարդկանց բազմություն է, եւ ես նման գնահատական ՀԱԿ-ին չէի տա: Նաեւ դժվար է նման բան պատկերացնել Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում: Իմ տպավորությամբ` Լ. Տեր-Պետրոսյանը չի կարող ռուսամետ լինել: Ռուսամետ կարելի է ներկայանալ: Տակտիկական առումով, եթե պետք է հիմա ռուսամետ երեւալ` կերեւա, դա այլ բան է, դա քաղաքականություն է, բայց պատկերացումներով` դժվար է ասել: Տեր-Պետրոսյանի տարբեր ելույթներ եմ հիշում. նա եղել է թե՛ արեւմտյան կողմնորոշման ջատագով, թե՛ եվրոպական, թե՛ ռուսական: Հետաքրքիր է, օրինակ, ՀԱԿ-ը կամ Ս. Կարախանյանը կո՞ղմ են նոր միութենական պայմանագրին: Նման հարցեր կան, որի պարագայում է երեւում` դու այդ միջուկի մե՞ջ ես, թե՞ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ են ռուսական շրջանակները Լ. Տեր-Պետրոսյանին իրավահաջորդ փնտրում, ինչպես, ըստ էության` ասել է Ս. Կարախանյանը, ՆԺԿ նախագահը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ եթե ճիշտ է, ապա պատճառները տեսականորեն կարող են լինել Տեր-Պետրոսյանի տարիքը եւ աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Եթե ՌԴ-ում են փնտրում, ուրեմն` նշանակում է, որ Լ. Տեր-Պետրոսյանին այնքան էլ չեն համարում պրոռուսական, որքան էլ ինքն ասի: Այդպես է դուրս գալիս: Սակայն իմ կարծիքով` ոչ փնտրել են, ոչ էլ գտել են»:

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

http://www.168.am/am/articles/25270

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.