четверг, 25 ноября 2010 г.

«Հանգիստ թողեք մեր երեխաներին»

Gurgen Egiazaryan
Հարցազրույց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ
«Մեր գենոֆոնդը դրած կոտորում են», -ասում է ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը բանակում կատարվող հանցագործությունների` սպանությունների, ինքնասպանությունների մասին: Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ` ինքնասպանությունների 90 տոկոսը սպանություններ են , իսկ դրանք ծնող պատճառները հայկական բանակում առկա չորս «հրեշներն » են:
-Որո՞նք են այդ “հրեշները” , պարոն Եղիազարյան:
- Առաջին հրեշը հրամկազմի անգրագիտությունն է ու տգիտությունը: Ֆիդայական շարժումը մի բան էր, կանոնավոր բանակը` այլ բան: Թևածող անգրագիտությունը միանալով կոնկրետ պատանեկան սադիզմի հետ` նոր որակներ է տալիս: Չկա այն անալիզը, գիտակցումը, որ ցանկացած սպանություն, ինքնասպանություն պետք է մանրազնին քննվի նախաքննության կողմից, որ համապատասխան ծառայություններն աշխատեն դրանք ծնող պատճառները վերացնելու ուղղությամբ: Երկրորդ հրեշը ընչաքաղցությունն է, երրորդը` բանակում տիրող բարքերը: Չորրորդը ամենակարևորն է` չկա գաղափար, չկա գաղափարախոսություն: Ամբողջ աշխարհում բանակում ծառայում են համապատասխան գաղափարախոսության ներքո: Եթե ոչ մի բան չլինի էլ, համար առաջին գաղափարը հայրենիքին ծառայելն է: Հիմա այդ երիտասարդը, որ իր տնից գնում է բանակ ու մեծ, շատ մեծ պարտականություն է կատարում իր հայրենիքի նկատմամբ, չունի այդ հայրենիքի գաղափարը : Մարդիկ չեն գնում հայրենիքին ծառայելու: Գնում են , որովհետև, հակառակ դեպքում, ծնողներից աստղաբաշխական թվեր կվերցնեն: Իսկ այնտեղ էլ իրենց սպասում են ատամները սրած սադիստները: Հիմա, նախքան չորրորդին հասնելը, խոսենք ընչաքաղցություն հրեշի մասին: Նույնիսկ հեռախոսային կապը նոր որակներ է առաջացրել մեր բանակում: Եթե առաջ ծնողների հետ հեռախոսային կապը չկար, հիմա կա հեռախոս, որը տալիս են զինվորին ու ասում են, որ տնից գումար պահանջի: Ասա թող հայրդ այս հարկը փակի: Լույսի վարձից, գազի վարձից բռնած ստիպում են, որ զինվորը , նրա ծնողը մուծվի: Ընչաքաղցության արատից էլ ծնվում է ամբողջ պատճառահետևանքային կապը: Այս է, որ ամեն ինչն ավիրվում է մեկ վայրկյանում: Ինչ հայրենիքին ծառայելու մասին է խոսքը, երբ նրանք տեսնում են, թե ինչով են զբաղված իրենց հրամանատարները, որոնք առանց մարտական գործողությունների «գրավեցին» Երևանի կենտրոնը, կենտրոնի բնակարանները։ Առանց գործողությունների, առանց հրետանու օգտագործման գրավել են Ծաղկաձորը, Սևանի ափը: Նրանք զբաղված են այդ տարածքները գրավելով, ու մոտները շատ հաջող էլ ստացվում է: Իսկ թե ինչ է կատարվում ներքևում, թքած ունեն: Ներքևում ինչքան սարսափելի լինի, ինչքան վատ լինի, այնքան զինվորի ծնողը վճարունակ կլինի: Ինչքան վատ բանակում, այնքան հարուստ` հրամանատար: Իսկ զորամասում ինչքան աղաղակող փաստեր լինեն, այնքան շատ գումարներ կստանան, որովհետև ծնողը վախենում է:Երբ երեխան զանգ է տալիս ու ասում, որ այստեղ ինձ հետ հազար ու մի բան կարող է պատահի, այդ ծնողը չի մտածում` ինքը գումար ունի, չունի, ինքը բնակարանն էլ կվաճառի և երեխայի պահանջած գումարը կուղարկի: Հիմա, եթե կալանավայրերում քրեականները չունեն ինքնաձիգներ, ապա բանակ կոչվող այս կալանավայրում` ունեն: Եվ երբ արդեն անցնում են ինչ-որ մի սահման, այդ պատանին ստիպված դիմում է ինքնաձիգին: Եվ արդեն այս դեպքերը մեկ-երկու-երեք սպանություններ չեն: Չորս հոգի մեկ դեպքում են զոհվում խաղաղ պայմաններում, հինգ հոգի` մեկ այլ դեպքի ժամանակ: Եվ էլի կլինին, քանի դեռ այս չորս հիմնական «հրեշները» գլխատված չեն:
-Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ բանակում տիրող վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ հրամանատարները` ունենալով սեփական բիզնեսներ, շատ քիչ ժամանակ են նվիրում իրենց բուն գործին:
-Բա ինչու եմ ասում, որ առանց մեկ կրակոցի գրավեցին կենտրոնը: Իրենք իրենց գործով են զբաղված, իրենք բանակաշինության հետ գործ չունեն: Այնտեղ գործ ունի այդ երկու տարի ծառայած կրիմինալը, որը ծանրոցին «տուլիկ» է ասում: Եվ նոր եկած երեխայից պահանջում է, թե «տուլիկի» մեջ ինչեր պետք է լինեն: Բայց իմ ասածն այն է, որ կամ պետք է աշխատեն կամ պետք է զբաղվեն նոր «նվաճումներով»:
-Ասվեց, թե բարձրագույն հրամանատարական կազմի պահվածքը “վիետնամական սինդրոմի” պես մի բան է:
- Ես համամիտ չեմ. «վիետնամական սինդրոմը, «աֆղանական սինդրոմը», «ղարաբաղյան սինդրոմը» արդեն իսկ պետք է անցած լիներ: Քսան տարի է անցել: Հասան անգրագիտության, ընչաքաղցության, պատանեկան սադիզմի, և այս ամեն ինչը կարողանում է ծլել, ծաղկել, բարգավաճել, նաև, որովհետև բանակը զուրկ է գաղափարախոսությունից: Երեխան զորակոչվում է ոչ թե իր պարտքը կատարելու, այլ գնում է տանջվելու և ծնողներին տանջելու: Իսկ հիմա մի հարց այդ պաշտպանության նախարարին` մինչև երբ մեր երեխաները պետք է խաղաղ պայմաններում զոհվեն: Ինքը սպայի պատիվ ունի՞: Ճապոնիայում լիներ, կասեին՝ թող խարակիրի անի , Չեխիայում կամ Մեծ Բիրտանիայում՝ հրաժարական կտար: Բայց դա մեզ մոտ լինելու բան չի: Գիտեք ինչո՞ւ, որովհետև այդ նույն բանակը Սերժ Սարգսյանն է ղեկավարել, որն այսօր պետք է հետևի և ուղղակի հարցնի պաշտպանության նախարարին, թե այդ ի՞նչ է կատարվում քեզ մոտ: Իր ժամանակ ավելի վատ էր ու ինքը հանրապետության նախագահ դարձավ: Ո՞նց հարցնի հիմա նրանից: Ո՞ր իրավունքով: Կգրեք, կասեն-կխոսեն, մեկ ամիս…, հետո էլի նույնը: Եվ այսօր մայրերն էլ` ահուդողի մեջ նստած իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որ այս գիշատիչները հոշոտեն` Սեյրանի գլխավորությամբ: Ավելին ասեմ` Սեյրանը, ի դեպ, վատագույն տարբերակը չի : Բայց թող նոր մարդիկ գան: Ինչ անենք` խոստանանք, որ իրենց կուլակաթափ չենք անի, որ Սևանի ափի ամառանոցները ձեռքներից չե՞նք խլի:
-Արկադի Տեր-Թադևոսյանը սպանությունների, ինքնասպանությունների կապակցությամբ ասաց, որ առաջ էլ էին նման բաներ տեղի ունենում, ուղղակի այն ժամանակ չէին բարձրաձայնվում:
-Հիմա էս մարդկանց ո~նց բացատրենք մի շատ հասարակ բան: Սրիկայությունն էլ, ի վերջո, պետք է դեմք ունենա: Իսկ մեզ մոտ սրիկայությունը անդեմ է: Առաջ էլ էր կատարվում, հա, առաջ շատ բան էր կատարվում, հիմա թող չկատարվի: Հիմա 21-րդ դարն է, 20-րդ դարում ինչ եղել է, մոռացեք: Այդ մի նախադասությամբ ասում են ` «առաջ էլ էր լինում», անցնում են առաջ: Տո, շատ վատ էր, որ լինում էր, շատ վատ էր, որ երեխաների ոսկորների վրա գումարներ էին աշխատում: Մի աշխատեք, տականքներ: Մի արեք:
- Մեր երկրում կյանքը հեշտ չես համարի…
- Պանիրը սարքում են 2500 դրամ: Անմիջապես հեռուստատեսությամբ հանդես են գալիս երկու հատ լխպոր, ասում են` մարդիկ կան` «որովայնի մասին են մտածում»: «Պանրակերների ազգ ենք դարձել: Չէ, պանրակերների ազգ չենք դարձել, ուղղակի ասում ենք, արձանագրում ենք, որ կյանքը թանկանում է, որ մարդիկ ապրել չեն կարողանում: Այն չքավորի երեխան, որ պետք է հաց- պանիր –թեյ խմեր, գնար դասի, այսօր արդեն այդ պանիրը չի կարողանա օգտագործել: Մենք դա ենք ասում: Հիմա էլ ասում ենք` մի արեք, մի զբաղվեք իմ հայրենիքի թալանով: Մի հատ ձեզ հարց տվեք` ինչով է զբաղված ձեր սպան:
Անուշ Դաշտենց
http://armversion.com/index.php/hy/2010-05-09-09-08-52/2010-05-14-07-37-16/6624-l---r

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.