вторник, 29 марта 2011 г.

Աճեմյանը ծախել է ՍԴՀԿ-ի սկզբունքները

Snap_2010.11.21 18.00.18_002

Օրերս Փարիզում ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որով, ըստ էության, հաստատել է ընդդիմության վերջին տարիների պնդումները, որ ինքը 124-ամյա ՍԴՀԿ-ն քանդելու եւ այն Հայ ազգային կոնգրեսից հեռացնելու` Սերժ Սարգսյանի նպատակն է իրականացնում:

Մարտի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ հանդիպման ժամանակ Աճեմյանն առաջարկել է ձեւավորել Համահայկական խորհուրդ, որը կղեկավարի Սերժ Սարգսյանը եւ որին մաս կկազմեն ԼՂՀ նախագահը, Սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները, գաղթօջախների ներկայացուցիչները, հայտնի հայեր: Նշված նախաձեռնությամբ հաստատվում են վերջին շրջանի պնդումները, թե իշխանություններն ունեն Հնչակյան-Դաշնակցություն-Ռամկավար 3 ավանդական կուսակցություններով «ընդդիմադիր» 3-րդ ուժ ձեւավորելու նպատակ: ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին երեկ խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք հայաստանյան կառույցը տեղյա՞կ է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ համահայկական խորհուրդ ձեւավորելու` իրենց կուսակցական ընկեր Սեդրակ Աճեմյանի նպատակի մասին. «Ես մամուլից տեղեկացա այդ առաջարկի մասին ու վստահ եմ, որ բարեբախտաբար դա, ինչպես եւ Սեդրակ Աճեմյանի շատ ու շատ առաջարկություններ այդպես էլ կմնան թղթի վրա: Խնդիրն այլ է. ինչպես տեղյակ եք, կուսակցությունների մասին ՀՀ օրենքի խախտումով վերջերս գրանցվեց նոր կուսակցություն` «Հնչակյան» անունով: Ես վստահ եմ, որ Աճեմյանի այդ նախաձեռնությունը եւս այդ գրանցման շրջանակներում է:

Շատ հստակ է, որ կուսակցության գրանցման ծառայության դիմաց պահանջվել է Սփյուռքում որքան հնարավոր է հնչեցնել Սերժ Սարգսյանի անունը»,- վստահեցրեց տիկին Սարգսյանն ու հավելեց, որ իր համար ցավալի է, որ տվյալ դեպքում վճարում է ամբողջ հնչակյանությունը, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականում աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մտահոգ է հայրենիքով եւ հայրենիքում տեղի ունեցող զարգացումներով: Մինչդեռ իր կուսակիցներն, ըստ Սարգսյանի, պետք է գիտակցեն, որ Աճեմյանը գործարքի մեջ է իշխանությունների հետ` իր բիզնեսի ծաղկման հարցերը լուծելու նպատակով եւ այդ ճանապարհին կարող է անգամ ոչնչացնել հնչակյանությունը որպես քաղաքական ուժ: Տեղյակ լինելով Աճեմյանի հայտարարությանը, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Ես զարմացած եմ, բայց չեմ տխրում, այլ ուրախացել եմ, որովհետեւ սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ խուճապի մեջ են: Եթե հիշում եք, երկու տարի առաջ ես ասում էի, որ նրանք նպատակ ունեն մայր կուսակցությունների անվան տակ երրորդ ուժ ստեղծել: Փաստորեն հիմա այնքան արագ է պետք Սեդրակ Աճեմյանին ռեանիմացիայի ենթարկել որպես քաղաքական դեմքի, որ իշխանությունները նույնիսկ հաշվի չառան, որ իրենց այդ քայլով ըստ էության տրորում են Սփյուռքի նախարարության աշխատակիցներին»,- նշեց Եղիազարյանը: Սերժ Սարգսյանին համահայկական կառույցի նախագահ կարգելով, փաստորեն Աճեմյանը հայտարարում է նրան սատարելու մասին, ինչը հակասում է ՍԴՀԿ-ի ընդունած հռչակագրին: «Եթե նա չէր ուզում ընդդիմադիր լինել, ապա նախ պետք է արտահերթ համագումար հրավիրեր, ՍԴՀԿ 19-րդ համագումարի բանաձեւը փոխեր, հետո գնար Վիգեն Չիթեչյանի հետ նկարվելու: Նա այդ քայլով ուղիղ ստորագրեց գործող իշխանությունների ղազագիրը, ինչի իրավունքը չուներ առանց կուսակցությունից հեռանալու»,- հայտարարեց Եղիազարյանը: Նշենք, որ 2009 թ. սեպտեմբերի համագումարում ընդունած բանաձեւում ՍԴՀԿ-ն արձանագրում էր. «Հայաստանը գտնվում է ժողովրդավարական միջազգային չափանիշներից լուրջ հեռավորության վրա... Հայաստանում այսօր առկա են օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական արդարության եւ ազատ մրցակցության սկզբունքների լուրջ ոտնահարումներ: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ վերոհիշյալ խնդիրները կարելի է լուծել միայն հասարակության վստահությունը վայելող իշխանության միջոցով»: Ու քանի որ Աճեմյանը հանդես չի եկել արտահերթ համագումար անցկացնելու եւ հռչակագիրը փոխելու առաջարկով, ստացվում է, որ նա դավաճանել է կուսակցական սկզբունքները կամ ինչպես նշում են ՍԴՀԿ-ականները, վաճառել է դրանք:

http://www.armtimes.com/23812

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.