воскресенье, 13 марта 2011 г.

ԱԺ արտահերթ ընտրություններն էլ չեն լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը

Thursday_Daily-Lyudmila-

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի անդամ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

- Տիկին Սարգսյան, մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի անունից 15 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց, որոնցում, ի թիվս իրավական հարցերի, ներառված էին նաև սոցիալական ոլորտին առնչվող պահանջներ: Իշխանությունները մինչ օրս անտեսել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջները և ծրագրերը: Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ կարձագանքեն ՀԱԿ-ի պահանջներին:

- Իմ տեղեկություններով, իշխանությունների կողմից չի եղել արձագանք: Կարծում եմ` առաջիկայում էլ չի լինի: Այս իշխանությունը հիմնված է այնպիսի սյուների վրա, որ եթե ցանկանա էլ ինչ-որ բան փոխել, միևնույնն է, չի կարողանա դա անել: ՀԱԿ-ը  գիտակցում է, որ իշխանությունը չի կատարի այդ պահանջները, բայց առաջարկում է երկխոսություն: Իսկ այդ երկխոսության նպատակը երկիրը ճնշումներից զերծ պահելն է: Եթե նրանք ի վիճակի չեն բավարարելու ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության պահանջը, ապա հետագա զարգացումների պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա: Վստահ եմ, որ ցանկության դեպքում նրանք կարող են գոնե մինչև մարտի 15-ը ազատել բոլոր քաղբանտարկյալներին: Երկխոսությունը իշխանության և ընդդիմության միջև հնարավորություն կտա անցկացնել անցնցում իշխանափոխություն` ՀՀ նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեսքով: Իսկ ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ժողովուրդն ում է վստահում: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ընտրված չէ, պատասխանատվություն չի կրում ժողովրդի առջև և հակված չէ ծառայելու ժողովրդին: Այս իշխանությունը հիմնված է քրեաօլիգարխիկ համակարգի վրա: Եթե այսօր Սերժ Սարգսյանը փորձի կատարել ՀԱԿ-ի ներկայացրած պահանջները, իշխանության սյուները տապալվելու են: Այն պահանջները, որոնք ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ես համարում եմ մեր հասարակության պահանջները: Իշխանությունները երկիրը ղեկավարում են տղայական մեթոդներով և չեն կարող հաղթահարել ժողովրդի և իրենց միջև ստեղծված անջրպետը:

- Իսկ չե՞ք կարծում, որ արտաքին աշխարհի աչքում սեփական իշխանությունը լեգիտիմացնելու նպատակով Սերժ Սարգսյանը կարող է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, թվանկարչությամբ ձևավորել նոր խորհրդարան և լուսանցք մղել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին:

- Ես չեմ կարծում, որ նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանին կհաջողվի լեգիտիմացնել իր իշխանությունը: Եթե նա փորձի ձևավորել նոր խորհրդարան, այնպես է անելու, որ այնտեղ հայտնված ուժերից առաջիկա ՀՀ նախագահի ընտրություններում ստանա աջակցություն: Հայ ազգային կոնգրեսը պահանջում է անցկացնել ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին լուսանցք մղելուն, ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, թե ինչ գրագետ ընդդիմության հետ գործ ունի: Նա այլևս չի կարող ժողովրդի աչքին «թոզ փչել», քանի որ Հայ ազգային կոնգրեսը գրագետ ձևով աշխատում է ժողովրդի հետ: Օր օրի ավելանում է գիտակից, իր իրավունքների համար պայքարող քաղաքացիների թիվը, և բոլորն են հասկանում, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելով հնարավոր չէ թոթափել ներքաղաքական լարվածությունը Հայաստանում:

- Երեք տարի է անցել  2008թ. ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից, սակայն Հայ ազգային կոնգրեսն իր պայքարը շարունակում է ոչ միայն ակցիաներ և հանրահավաքներ կազմակերպելով, այլև` մարզային այցերով և բնակչության հետ ունեցած հանդիպումներով: Ընդ որում` մարզեր կատարած այցերի ժամանակ էլ իրավապահները փորձում են ճնշումների միջոցով բնակիչներին հետ պահել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներից: Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել մարզերի բնակիչներին տեղեկատվական շրջափակումից դուրս բերելու, նրանց բավարար չափով իրազեկելու համար:

- Շուրջ տասներեք տարի Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, և այդ հանգամանքը խոր հետք է թողել ժողովրդի հոգեբանության վրա: Մարզային հանդիպումների ժամանակ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ կորած չէ: Մարդիկ հետաքրքրվում են, հարցեր են տալիս, մտահոգություններ արտահայտում: Նրանք հիմա ավելի վճռական են տրամադրված, քան` նախկինում: Մարզերի բնակիչներն էլ են սկսել հասկանալ, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ իրականացնել որևէ բարեփոխում, որ նրանք վարում են ազգադավ քաղաքականություն: Ես չեմ կասկածում, որ հայ մարդը ազատատենչ է և պատրաստ է տեր կանգնել իր իրավունքներին: Իշխանությունները փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե Հայաստանում հեղափոխության նախադրյալներ չկան: Այդ հեղափոխական ձգտումներն ինչ-որ չափով զսպել է ՀԱԿ-ը, որը ցանկության դեպքում կարող էր բորբոքել:

- Սակայն այսօր նույնիսկ «Ժառանգություն» և Հայ հեղափոխական  դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները չեն խորշում խոսել հեղափոխությունից: Մասնավորապես` դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մեկին չի հաջողվել օրորոցում խեղդել հեղափոխությունը: Նա նաև նշել է, որ եթե դա մեզ հաջողվի, ցույց կտանք, որ ունիկալ ազգ ենք:

- Երբ ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները խոսում են, որ ընդդիմությունը պետք է միավորվի, ինձ զարմացնում են նման հայտարարությունները: Ընդդիմությունը միավորվել է վաղուց: Նրանք, ովքեր գիտակցում են, որ այս համակարգի դեմ պետք է միավորվել, միավորվել են: Ես չեմ նկատել, որ Դաշնակցությունը պայքարի Սերժ Սարգսյանի դեմ: «Ժառանգությունը» եթե ընդդիմություն է և ուզում է պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, կարող է միանալ Հայ ազգային կոնգրեսին: Եթե «Ժառանգությունն» ուզում է պայքարել միայնակ, կարող է այդպես էլ պայքարել, և դրան ոչ ոք չի խոչընդոտում:

- Ոստիկանությունն այսօր ձեռք է բարձրացնում նույնիսկ ԱԺ պատգամավորների վրա, ՀՀ քաղաքացիներին պարբերաբար փորձում են ճնշումների միջոցով հետ պահել հանրահավաքներից: Չե՞ք կարծում, որ իշխանական համակարգում էլ են սկսվել խմորումներ և անվերահսկելի գործընթացներ:

- Այդ ամենը ցույց է տալիս, որ մեր երկրում իրավապահ մարմինները չեն հարգում Սահմանադրությունը, օրենքները և մարդու հիմնարար իրավունքները: Եթե նույնիսկ ԱԺ պատգամավորի վրա են ձեռք բարձրացնում, դա նշանակում է, որ հենց իշխանական ճամբարում կա լուրջ խուճապ: Եվ դա ցույց է տալիս, որ իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին: Իշխանությունն այսօր այլևս մոնոլիտ չէ և կարող է փլվել նույնիսկ մեկ օրում:

- Վերջերս հետաքրքրություն են առաջացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթները, որոնցում կան հստակ ուղերձներ քաղաքացիական հասարակությանը: Ինչո՞ւ է , ըստ Ձեզ, Արևմուտքը սկսել հետաքրքրվել մեր երկրում ժողովրդավարական գործընթացներով:

- Արևմուտքը, շատ երկրներում  աջակցելով բռնապետական ռեժիմներին, հասավ նրան, որ ժողովուրդը ոտքի կանգնեց, որպեսզի ազատվի այդ ռեժիմներից: Այդ նույն վտանգը Արևմուտքը տեսնում է նաև Հայաստանում:

http://1in.am/arm/armenia_interview_12717.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.