Այսօր ժամը 20.00-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնի բաժնից զանգահարել են ՀԱԿ ներկայացուցիչ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և հրավիրել են ոստիկանություն: Այս մասին Epress.am-ին հայտնել է Լյուդմիլա Սարգսյանը:
Հարցին, թե ինչի համար են իրեն կանչում ոստիկանություն, Լյուդմիլա Սարգսյանին պատասխանել են, որ իր դեմ բողոք կա` կապված կուսակցության գործունեության հետ:
«Ես էլ ասացի, որ եթե կուսակցության գործունեության հետ կապված բողոք կա, ես ոչ թե ձեզ մոտ պետք է գամ, այլ դատախազություն: Ասացի նաև, որ շատ միամիտ փորձեր եք անում, եթե կարծում եք, որ նման ձևով կարելի է ինձ հետ խոսել»,- Epress.am-ի հետ հեռախոսազրույցում պատմել է Սարգսյանը:
Նրա խոսքով` ոստիկանությունից իրեն հայտնել են նաև, որ «շատ բաներ չեն ուզում հեռախոսով խոսել», ինչին Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է. «Ինչի այդքան վախենո՞ւմ եք ԱԱԾ-ից»:
Ոստիկանությունից դարձյալ պնդել են, որ Սարգսյանը գնա իրենց մոտ, սակայն վերջինս հրաժարվել է դա անել` նշելով, որ միայն ծանուցագիր ստանալուց հետո կգնա ոստիկանություն:
Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ այս ամենը կապված է իր մարզային այցելությունների հետ: ՍԴՀԿ ատենապետի խոսքով` ԱԱԾ տեսախցիկները, որոնք իրենց ամենուր հետևում են, հավանաբար, ֆիքսում են, որ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում մարզերում, «դրա համար էլ վախենում են»:
«Կարծում եմ, որ իրենց արածը միամտություն է: Այն մարդիկ, ովքեր երեք տարի է` պայքարի մեջ են, ոչնչից չեն վախենում, շատ լավ գիտեն իրենց իրավունքները, գիտեն պայքարի տրամաբանությունը և իրենց խոսքի ազդեցությունը: Այնպես որ, անիմաստ է նաև լիդերներից մեկին կանչել ոստիկանություն կամ ահաբեկել»,- ասել է մեր զրուցակիցը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.