вторник, 17 апреля 2007 г.
Ոչ կախ գլխով, բարձր ճակատով
Հայաստան է ժամանել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ ընդդիմադիր է իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Որքանո՞վ է այդ մոտեցումը համընկնում դրսում գործող հնչակյան կառույցների դիրքորոշման հետ:
- Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի 16 երկրներում գործող մեր կուսակցության կառույցներն անկախ մարմիններ են եւ ինքնուրույն են որոշում իրենց քաղաքականությունը: Սա առաջին հերթին վերաբերվում է Հայաստանում գործող քույր կուսակցությանը: Սակայն մեզ միավորում է մեր գաղափարախոսության եւ սկզբունքների ընդհանրությունը, որոնցից առաջնայինը «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսն է: Մենք քննադատել ենք իշխանությունների քաղաքականությունը, քանի որ այսօր Լոս Անջելեսը ողողված է հայաստանաբնակ հայությամբ, նրանց քանակն այնքան շատ է, որ այդ քաղաքը նմանվում է Հայաստանին: Սա անընդունելի է հնչակյան կուսակցության համար, քանի որ մենք դեմ ենք Հայաստանի դատարկվելուն, իսկ դրա ելքը Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանության ձեւավորումն է:
- Պարոն Աճեմյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Էռնեստ Սողոմոնյանը, որի որդին Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակն է, հայտարարում է, որ ինքը ՀՍԴՀԿ ատենապետն է եւ ինքն է Հայաստանում ներկայացնում հնչակյան գաղափարախոսությունը: Սակայն ՍԴՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ Սողոմոնյանը ոչ մի կապ չունի հնչակյանության հետ: Ո՞վ է այս վեճի մեջ իրավացի:
- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը` Լյուդմիլա Հարությունյանի ատենապետությամբ միակ օրինական կառույցն է, որի հնչակյանությունը մեր մյուս քույր կառույցների կողմից ճանաչվում է որպես քույր կուսակցություն: Ինչ վերաբերվում է Էռնեստ Սողոմոնյանին, ապա նա 10 տարի առաջ եղել է մեր կուսակցության կենտրոնական վարչության անդամ: Սակայն, դժբախտաբար, նրա գործունեության համար կենտրոնական վարչությունը իր համագումարում որոշում է կայացրել նրան վտարել կուսակցության շարքերից: Այսինքն` դրանից հետո նա եւ իր ստեղծած Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ոչ մի կապ չեն կարող ունենալ աշխարհի 16 երկրներում գործող հնչակյան քույր կառույցների հետ:
- Այսինքն` եթե Սողոմոնյանը ընտրվի պատգամավոր, դուք չե՞ք համարի, որ ՍԴՀԿ-ն խորհրդարանում ունի իր ներկայացուցիչը:
- Քանի որ նա համարվում է վտարված անձ, ապա նրա կարգավիճակը ոչ մի նշանակություն չունի մեր կուսակցության եւ նրա անդամների համար: Սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ մեր կուսակցության ընդհանրական որոշումը, քանի որ նրա վտարման որոշումը ընդունվել է կուսակցության համագումարի կողմից:
- Պարոն Աճեմյան, սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները ինչպե՞ս ընդունեցին ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որն արգելում է նրանց մասնակցել Հայաստանում տեղի ունեցող համապետական ընտրություններին` քվեարկելով այդ երկրներում գտնվող Հայաստանի դեսպանատներում եւ հյուպատոսարաններում բացված ընտրատեղամասերում:
- Հայաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու միջոցով սփյուռքում մեծ հետաքրքրություն էր առաջանում Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ: Դա նաեւ օգնում էր, որ տարբեր պատճառներով դրսում հայտնված Հայաստանի քաղաքացիներն իրենց օտարված չզգային իրենց հայրենիքից: Այնպես որ, ոչ միայն մեր կուսակցությունը, այլ նաեւ մյուս կուսակցությունները լավ էին ընդունում, որ Հայաստանը հնարավորություն է տալիս իր քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը: Սա ընդունված է նաեւ այլ երկրներում, որոնք նույնպես թույլ են տալիս արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը: Իսկ նման որոշում ընդունելով Հայաստանի իշխանությունները հետքայլ կատարեցին իրական ժողովրդավարությունից` իրեն մեկուսացնելով իր բազմահազար քաղաքացիներից:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեն սփյուռքահայերը հայաստանյան ընտրություններից:
- Մենք սպասում ենք, որ ընտրությունները լինեն ազատ եւ ժողովրդավարական, որ ժողովուրդը ինքը որոշի, թե ինչ իշխանություն է ինքն ուզում ունենալ առաջիկա 5 տարիների համար: Մինչեւ այժմ եղած ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին, իսկ դա անընդունելի է նաեւ մեզ համար: Ինչպես ասացի` մենք քույր կառույցներ ունենք աշխարհի 16 երկրներում, այդ երկրների մեծ մասը արդեն ժողովրդավարական են կամ անշեղորեն գնում են դեպի ժողովրդավարություն: Եվ մենք ուզում ենք, որ այդպիսին լինի նաեւ մեր հայրենիքը, որպեսզի մենք ապրենք ոչ թե կախ գլխով, այլ բարձր ճակատով, որ մենք էլ կարողանանք հպարտանալ, որ ունենք արդար ու ժողովրդավարական հայրենիք:
http://www.zhamanak.com/article/5972/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի 16 երկրներում գործող մեր կուսակցության կառույցներն անկախ մարմիններ են եւ ինքնուրույն են որոշում իրենց քաղաքականությունը: Սա առաջին հերթին վերաբերվում է Հայաստանում գործող քույր կուսակցությանը: Սակայն մեզ միավորում է մեր գաղափարախոսության եւ սկզբունքների ընդհանրությունը, որոնցից առաջնայինը «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսն է: Մենք քննադատել ենք իշխանությունների քաղաքականությունը, քանի որ այսօր Լոս Անջելեսը ողողված է հայաստանաբնակ հայությամբ, նրանց քանակն այնքան շատ է, որ այդ քաղաքը նմանվում է Հայաստանին: Սա անընդունելի է հնչակյան կուսակցության համար, քանի որ մենք դեմ ենք Հայաստանի դատարկվելուն, իսկ դրա ելքը Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանության ձեւավորումն է:
ОтветитьУдалить