четверг, 12 апреля 2007 г.

ՍԴՀԿ-ն ամենահին կուսակցությունն է


Հարցազրույց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

- Տիկին Սարգսյան ձեր կուսակցությունը երբեւէ միայնակ չի մասնակցել ընտրությունների, ինչու՞ այս անգամ այդպիսի որոշում կայացրեցիք:

- Մեր կուսակցությունը այս անգամ եւս նպատակ ուներ ընտրություններին մասնակցել միասնական ընդդիմության հետ, եւ մենք ակտիվորեն մասնակցում էինք այդ քննարկումներին: Բայց քանի որ այդ դաշինքը այդպես էլ չկայացավ, մենք որոշում կայացրեցինք միայնակ մասնակցել ընտրություններին: Իսկ ինչու չմասնակցենք. ասում են, որ մենք թույլ ենք: Ես էլ ասում եմ` ցույց տվեք ավելի ուժեղ կուսակցություն.. ուժեղ են ինչո՞վ` կեղծիքներ անելու, թե՞ մարդկանց գնելու հնարավորությամբ: Իսկ մենք ուժեղ ենք մեր պատմությամբ, այս տարի կուսակցությունը նշում է իր 120-ամյակը, ուժեղ ենք մեր ազգին տված նվիրյալներով, մեր երիտասարդությամբ: Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք 5 տոկոսը հաղթահարելու խնդիր ունենալ:

- Այսինքն` ձեր նպատակը 5 տոկոս ստանալն է:

- Եթե ավելի շատ ստանանք, ավելի լավ: Բայց մենք ռեալիստ ենք եւ հասկանում ենք, որ այսօր այդ խնդիրը լուծելու առաջ են կանգնած նույնիսկ իրենց շատ ուժեղ համարող շատ կուսակցություններ:

- Կուսակցություններից շատերը արդեն խոսում են, թե ինչքան ձայն են ակնկալում ստանալ առաջիկա ընտրությունների ժամանակ: Որքան ձայն ստանալու դեպքում դուք կհամարեք, որ ընտրությունները չեն կեղծվել:

- Չէ, մեր ստացածով չէ, որ պետք է որոշենք ընտրությունների արդար կամ ոչ արդար լինելը: Եթե մենք չստանանք մեր ակնկալած քվեները, դա դեռ չի նշանակի, որ ընտրությունները կեղծված են: Մենք կտեսնենք, թե ինչ մթնոլորտում են անցնում ընտրությունները, որ ընդդիմադիր կուսակցությունները ինչպիսի արդյունք ունեցան, ինչպես են նրանք գնահատում ընտրության արդյունքները:

- Չե՞ք կարծում, որ ընտրությունները վերածվել են ձեւական միջոցառման եւ այլեւս դադարել են իշխանության ձեւավորման միջոց լինելուց.. իշխանությունը Հայաստանում ձեւավորվում է այլ մեխանիզմներով:

- Այո, վերջին մի քանի ընտրությունները իրենց արդյունքներով ցույց տվեցին, որ իշխանությունը դրանց նայում է որպես ձեւական միջոցառում, քանի որ նրանք, անկախ ընտրողների կամքից, պատրաստ չեն հանձնել իշխանությունը: Բայց ես կարծում եմ, որ հուսահատվելն ու մի կողմ քաշվելն էլ ելք չէ, եւ մենք մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ պատրաստ ենք պայքարել ժողովրդի քվեների համար:

- Ընդդիմադիր մի շարք կուսակցություններ համոզված են, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են, եւ նրանք պատրաստվում են հետընտրական գործընթացներին` կոչ անելով, որ ընտրողները մայիսի 13-ին հավաքվեն հրապարակում: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը:

- Այո, մենք էլ այլ ընդդիմադիր կուսակցությունների նման չենք բացառում, որ հնարավոր է զարգացումները այլ կերպ ընթանան: Բնականաբար ընտրակեղծիքների դեմ ընդվզելու է ողջ հասարակությունը, եւ եթե հրապարակում կհավաքվի բավարար թվով վճռական զանգված, ապա մենք պարտավոր ենք առաջնորդել հասարակությանը, իսկ եթե այդ զանգվածը չհավաքվեց, ապա մենք հերթական անգամ կարձանագրենք, որ այս հասարակությունը` իր բոլոր անդամներով, ներառյալ ընդդիմությունը, արժանի է այսպիսի իշխանության:

- - Ո՞րն է հնչակյան կուսակցության ընտրազանգվածը, հանուն ինչի՞ են մարդիկ ձայն տալու հենց ՍԴՀԿ-ին:

Այսօր իրոք դժվար է խոսել կոնկրետ ընտրազանգվածի մասին, քանի որ իշխանական կուսակցություններն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսի, ֆինանսական շահագրգռման մեխանիզմների գործադրմամբ շատ դեպքերում նաեւ վախի մթնոլորտ ստեղծելով մարդկանց փորձում են հեռու պահել իրենց տեսակետներից այլ դիրքորոշում ունեցող կուսակցություններից: Սակայն բոլորս էլ գիտենք, որ ՍԴՀԿ-ն ոչ միայն հայկական ամենահին կուսակցությունն է, այլ ունի հստակ սոցիալիստական ուղղվածություն: Մենք մեր ստեղծման պահից պայքարել ենք ոչ միայն անկախ Հայաստանի ստեղծման, այլ նաեւ հանուն նրա, որ այդ պետությունը ծառայի բոլորին եւ ոչ թե մի խումբ օլիգարխների: Այսինքն` մեր հասարակությանը հոգեհարազատ սոցիալական արդարության, ազատության, եղբայրության սկզբունքները մեզ համար ոչ թե սոսկ լոզունգներ են, այլ տարիներով թրծված համոզմունքներ:
http://www.zhamanak.com/article/5933/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.