суббота, 23 июня 2007 г.

ՀՅԴ-ն խանդում է ՍԴՀԿ-ին


2007 թվականի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` ամենավերջին տեղում սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն էր, որը ստացել էր հազարից էլ պակաս ձայներ:

Այս արդյունքը կարելի էր տրամաբանական համարել, եթե նկատի չունենայինք, որ կուսակցության հատկապես երիտասարդական կառույցը` «Սարգիս Տխրունի» միությունը, վերջին շրջանում համարվում է ամենաակտիվ եւ բազմամարդ երիտասարդական քաղաքական միավորումը: Իրենք` հնչակյանները նման «հաջողության» համար գտնում են, որ պարտական են ՀՅԴ-ին եւ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: Ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, խոսելով իրենց ստացած արդյունքի մասին, ասում էր. «Ինչպես ռեժիմին ընդդիմադիր բոլոր կուսակցությունների նկատմամբ, մեր հանդեպ եւս իշխանությունները կիրառեցին ընտրակեղծիքների փորձված եւ իրեն արդարացրած բազմաթիվ մեխանիզմներ: Այսինքն` այն բոլոր տեղերում, որտեղ հայտարարվում էր, որ մեր կուսակցությունը ստացել է 0 ձայն, իրականության հետ ոչ մի կապ չուներ: Մենք ամբողջ գիշեր անցկացրել ենք կուսակցության կենտրոնական գրասենյակում, եւ մեզ անընդհատ զանգահարում էին մեր համակիրները, մտերիմները, ազգականները եւ ասում, որ այդ ընտրատարածքում, որտեղ 0 արդյունք է ներկայացվում, առնվազն իրենք եւ իրենց ընտանիքի անդամները քվեարկել են ՍԴՀԿ-ի օգտին»: Սակայն, բացի այն, որ ՍԴՀԿ-ն ընդդիմադիր է, նրա նկատմամբ եղել է հատուկ որոշում. «Ընտրություններից հետո մենք իմացանք, որ մեր ստացած արդյունքը պատճառ է ոչ միայն ընդդիմադիր լինելուն. մեր հետ կապված հատուկ որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի մակարդակով: Հայտնի է, որ այս տարի 1887 թվականին ստեղծված մեր կուսակցությունը նշում է իր 120-ամյակը: Իսկ 1890 թվականին ստեղծված Դաշնակցությունը ոչ մի կերպ չի կարողանում ներել մեզ, որ մեր կուսակցությունը ոչ միայն ստեղծվել է իրենցից երեք տարի առաջ, այլ պատմական իրողություն է, որ ՀՅԴ-ն ընդամենը ՍԴՀԿ-ից առանձնացած մի կառույց է, ինչի պատճառով էլ մեր կուսակցությունը կոչվում է Մայր կուսակցություն: Այդ ոսկորը արդեն մի քանի տասնամյակ մնացել է Դաշնակցության կոկորդում, եւ նրանք դա ոչ մի կերպ չեն կարողանում մարսել: Մեր դեմ աշխատելու մյուս կարեւորագույն պատճառը մեր նախկին կուսակցական Էռնեստ Սողոմոնյանի հանգամանքն էր: Ինչպես գիտեք` նա մի քանի տարի առաջ գողության մեղադրանքով հեռացվել էր կուսակցությունից, քանի որ գրպանել էր կուսակցության ունեցվածքը եւ միջոցները, ինչի մասին մենք հայտարարում էինք մեր բոլոր հանդիպումների ժամանակ: Դե բոլորին է հայտնի, որ Էռնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրն էր, որը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լրատվական դաշտի վրա: Միայն մի փաստ. մեր բոլոր հայտարարություններն ու մամուլի ասուլիսները որդի Սողոմոնյանի հրահանգով ցուցադրում էին այնպես, որպեսզի դիտողը չհասկանա, թե ով է հանդես գալիս, ինչ է ասում կամ ինչ դիրքորոշում ունի: Այնպես որ, նկատի ունենալով այն ջերմ զգացողությունները, որ տածում է Ռոբերտ Քոչարյանը իր համար այնքան հարազատ Դաշնակցության եւ իր երիտասարդ մամուլի խոսնակի նկատմամբ, մենք հայտնվեցինք ամենավերջում»: Տիկին Սարգսյանի կարծիքով` իրենց կուսակցության համար նման արդյունք նկարելով ռեժիմն ուզում էր ՍԴՀԿ-ին ասել, որ Հայաստանում կուսակցությունը անելիք եւ տեղ չունի: «Ես ուզում եմ միայն մի բան ասել՝. մեր նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը մեզ միայն ուժ տվեց, մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ մեր կուսակցությունը իրական այլընտրանք է ռեժիմին եւ նրա մոտ ծառայության մեջ գտնվող քաղաքական ուժերին եւ առանձին մարդկանց ու նրանց ծնողներին: Այնպես որ, մենք ամենեւին էլ ոչ հուսահատված ենք եւ ոչ էլ վհատված, քանի որ գիտենք, որ խորհրդարանական ընտրությունները քոչարյանական ռեժիմի դեմ պայքարի ընդամենը հերթական մի փուլն էր»:
http://www.zhamanak.com/article/6602/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.