вторник, 3 ноября 2009 г.

ՆՈՐ ԲԱԼԵՏԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

mhtml_file___

Երեկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում անսպասելիորեն հայտնվեց Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Ընդ որում, իրադարձությունները այստեղ գլխապտույտ արագությամբ էին զարգանում: Բայց ամեն ինչի մասին սկզբից:

g_image.php Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը անդամագրվեց ՍԴՀԿ-ին: Այդ մասին հայտարարվեց, իսկ մի շարք լրատվամիջոցներում էլ տեղեկություն տարածվեց, թե Վարդան Խաչատրյանը իշխանությունների կողմից է գործուղվել, որպեսզի այդ կուսակցությունը պառակտի կամ իշխանությունների կողմը քաշի եւ այլն:

Այն, որ իշխանությունները իսկապես փորձում են սփյուռքյան երեք կուսակցությունները լիովին իրենց ազդեցության տակ վերցնել, դա վաղուց հայտնի է: Արդեն ստեղծվել է «կոոպերատիվ ռամկավարների» կուսակցությունը, դաշնակների հարցը վաղուց լուծված է, մնում էր տեղի ՍԴՀԿ կառույցը, որը, ինչպես գիտենք, ընդդիմության դաշտում է գտնվում եւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է հանդիսանում:

Այնպես որ, սպասելի է, որ իշխանությունները փորձելու են պառակտել նաեւ Հնչակյան կուսակցությունը: Իհարկե, Վարդան Խաչատրյանի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելն առայժմ վաղ է, քանզի նրա մասին լուրերը ոչ մի կերպ հիմնավորված չեն, բայց երեկ ամեն ինչ նրա անվան շուրջ էր պտտվում:

Նախ, երեկ հայտնի դարձավ, որ դեռեւս հոկտեմբերի 31-ին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը արտահերթ նիստ է արել, որտեղ քննարկվել է Վարդան Խաչատրյանի հարցը: Վարչությունը` հիմք ընդունելով ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետը (Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց), ձայների մեծամասնությամբ դադարեցրել է Վ. Խաչատրյանի 7 օրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր նաեւ, որ նա կարող է դիմում ներկայացնել մեկ տարի անց, որը կքննարկվի վարչության կողմից:

101832_1215662_n Եվ ահա երեկ ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ Վարդան Խաչատրյանի հարցը կուսակցության կենտրոնական վարչության օրակարգում է, եւ մոտ օրերս կհայտարարվի նրա հեռացման վերաբերյալ որոշման բեկանման մասին: Ավելին, Ն. Գալստյանը հայտարարել է նաեւ, որ Վարդան Խաչատրյանը զբաղվելու է ոչ միայն հայաստանյան կառույցի, այլեւ համահնչակյան կուսակցության որոշակի առաքելությամբ:

Այս հայտարարությանն անմիջապես հետեւում է ՍԴՀԿ ԿՎ երեք անդամների` Ալբերտ Գաբրիելյանի, Ալեքսանդր Ալեքյանի եւ Էդիկ Պետրոսյանի համատեղ հայտարարությունը, թե «ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում: Նա մասնավորապես հայտարարել է, որ Վարդան Խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանդրադառնա վարչության նիստում: Ինչ վերաբերում է Վ. Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ հայտարարում ենք` Վ. Խաչատրյանը 2009 թ. հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չի եւ ոչ ոք իրավասու չէ` համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր - կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա 1 տարի անց»: Ահա սա` ի պատասխան Նարեկ Գալստյանի հայտարարության:

Այս հայտարարությանը հետեւել է Նարեկ Գալստյանի պատասխանը, որը նա փոխանցել է «7օր»-ին. «Ես Հնչակյան կուսակցության անդամ եմ եւ կատարում եմ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները»: Իսկ հետո շատ ավելի հետաքրքիր պատասխան է տվել. «Եթե Հնչակյան կուսակցության ղեկավար մարմիններն ինձ հրահանգեն դառնալ բալետմեյստեր, ապա ես կդառնամ բալետմեյստեր», վստահեցրել է ՍԴՀԿ մամլո խոսնակը` հրաժարվելով այլ մեկնաբանություններից: Իմիջիայլոց, նմանատիպ պատասխանը թերեւս յուրահատուկ է ավանդական կուսակցությունների համար: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը` արձագանքելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ղեկավար, նույնպես դաշնակցական Գեղամ Մանուկյանի վարքագծին, երբ վերջինս համառորեն չէր ցանկանում վերցնել դաշնակների թափուր մնացած պատգամավորական մանդատը, այսինքն, չէր ցանկանում պատգամավոր դառնալ, հայտարարեց, թե եթե Գեղամ Մանուկյանին հրահանգեն լողի չեմպիոն դառնալ, պիտի դառնա: Ինչպես տեսնում եք, ՀՅԴ-ի ու ՍԴՀԿ-ի ոչ այնքան հեռատես քաղաքականության պատճառով հայ ազգը զրկվում է լողի չեմպիոններից եւ բալետմեյստերներից: Ափսոս:

Ի դեպ, Հայ Ազգային Կոնգրեսը առայժմ զերծ է մնացել ՍԴՀԿ-ի շուրջ այս պատմությանը որեւէ կերպ արձագանքելուց: Փոխարենը անմիջապես արձագանքել է «Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ» ՀԿ-ն: Վերջինս ՍԴՀԿ գործունեության մասին երեկ տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Եթե ճիշտ է տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը միջամտել է ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության գործունեությանն, իսկ վերջինս էլ ենթարկվել է դրան, ապա դա կնշանակի, որ ՍԴՀԿ Կանոնադրությունը եւ գործունեությունը հակասում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին:

Դա էլ, իր հերթին, կնշանակի, որ ՍԴՀԿ գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված դրույթներին, այսինքն` համաձայն հիշյալ օրենքի 30-րդ եւ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածների պահանջների, Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել կամ արգելել ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության գործունեությունը»:

Այնպես որ, հնչակների շուրջ տիրող իրավիճակը մեզ խոստանում է նոր զարգացումներ, եւ սա պետք է դիտարկել իշխանությունների կողմից նոր` «ընդդիմադիր բեւեռ» ստեղծելու պրոյեկտի ենթատեքստում:

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

http://www.chi.am/news/091103/09110312.htm

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.