Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ
-Պրն Մկրտչյան, իմ առաջին հարցը առողջապահական համակարգի խնդիրներին ուղղակիորեն չի առնչվում. այն վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, որն արձանագրում է. ՙՀայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է՚…
-Եթե անդրադառնանք ՙինքնիշխան՚ ձևակերպմանը, ապա սրա վերաբերյալ միշտ էլ կասկածներ եղել են` առավել ևս հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների համապատկերում: Թե ինքնիշխանության գաղափարը որքանով արտացոլվեց մեր իշխանությունների` արտաքին քաղաքականությանը վերաբերող վերջին գործողություններում, բավական վիճահարույց է: Ակներև էր, որ ինքնիշխանը ոչ թե մենք, այլ բոլոր այն երկրներն էին, որոնք կանգնած էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ՙթիկունքում՚` ի դեմս իրենց ներկայացուցիչների: Ինքնիշխան լինելու մասին մեր պատկերացումները սրանով էլ կարող ենք ամփոփել: Իրավական պետության մասին խոսելն, ինձ թվում է, առավել քան ավելորդ է` մարտիմեկյան դատավարությունների խայտառակ ընթացքից մինչև մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր խնդիրները: Այսինքն` հարցականի տակ է սահմանադրական այս նորմն առհասարակ: Ինչ վերաբերում է ՙժողովրդավարական պետություն՚ ձևակերպմանը, ապա երկրում տեղի ունեցող գործընթացները` սկսած ընտրություններից, հանրահավաքներից և հասարակական կարծիքի ձևավորմանն ուղղված մյուս միջոցառումներից, որոնց մասնակիցների նկատմամբ զանգվածային բռնություններ են իրականացվում, վերջացրած` ԶԼՄ-ներով, մասնավորապես` հեռուստատեսությունը իշխանական մենաշնորհ դարձնելը, վկայում են, որ երկրում ժողովրդավարությունն իսպառ բացակայում է: Հենց միայն ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասնելու անհնարինությունն ապացույց է, որ մեր երկրում ժողովրդավարության բոլոր ճանապարհները փակ են: Սահմանադրության մեջ նաև ամրագրված է ՙսոցիալական պետություն՚ հասկացությունը: Սոցիալական տեսանկյունից քաղաքացին առավել քան պաշտպանված չէ: Այս խնդիրը մեր երկրում թողնված է իր իսկ քաղաքացու անպաշտպան ուսերին: Սոցիալական քաղաքականությունը, կարծես թե, ամրագրված է ցանկացած օրենսդրական փաթեթում. զորօրինակ, այս տարվա բյուջեն ևս համարվեց սոցիալական: Ես չգիտեմ` այդ բյուջեով սոցիալական որ խավերն իրենց պաշտպանված զգացին:
-Բյուջեի և հատկապես առողջապահության համակարգին տրամադրվող հատկացումների մասին կարելի է իմանալ Ձեր կարծիքը` որպես առողջապահության նախկին նախարարի:
-Մեր առողջապահության համակարգի բյուջեն հիվանդապահության բյուջե է, այլ ոչ թե` առողջության պահպանման: Պարադոքս է` խոսում ենք առողջության պահպանման մասին, որը բյուջեում գրեթե արտահայտված չէ: Մինչդեռ առողջությունը պահպանելն ավելի դյուրին է և քիչ միջոցներ պահանջող, քան հիվանդին բուժելը: Իրատեսական ծրագրեր են հարկավոր, մինչդեռ կառավարության ներկայացրած առողջապահության համակարգի զարգացման ծրագիրն ինձ հիշեցնում է հանրահայտ Օստապ Բենդերի Վասյուկի պատմությունը… Հիմա էլ Հայաստանը որոշել են դարձնել տարածաշրջանային առողջապահության կենտրոն… Նույնիսկ շարքային քաղաքացին պարզորոշ հասկանում է, որ միայն հիվանդ երևակայություն ունեցողը կարող է մտածել, թե Հայաստանը առաջիկայում կարող է դառնալ տարածաշրջանային առողջապահության կենտրոն: Մինչդեռ անցած շաբաթ կառավարության ծրագրից հանվեց շտապօգնության բարելավման և արդիականացման ծրագիրը: Այսինքն` հնարավորություններն այնքան սուղ են, որ այդ կարևորագույն ծրագիրը ևս դուրս մնաց բյուջեից: Իսկ ինչի± հետևանք են այդ ամպագոռգոռ հայտարարությունները, եթե ոչ` իրար հաջորդող ընտրություններում հանրությանը հաճոյանալու անզուսպ մարմաջի: Գործող իշխանության պոպուլիզմի շռայլ օրինակ է մեր երեք միլիարդանոց անիրականանալի բյուջեն: Ինչ վերաբերում է առողջապահության համակարգի հատկացումներին, ապա այս տարի այն կազմում է շուրջ 65մլրդ դրամ, մինչդեռ 2010թ. նախատեսվում է զգալիորեն ավելի քիչ` 54մլրդ դրամի սահմաններում: Այսինքն` չի կարելի խոստանալ ամեն ինչ, բայց դրա տակ դնել եվրոպական երկու-երեք հիվանդանոցի տարեկան ծախսի գումար: Ֆինանսատնտեսական ճգնաժամից են խոսում` արդյոք չէր կարելի այդքան վարկային միջոցներից, որոնք Հայաստանը վերցրեց միջազգային կազմակերպություններից, գոնե մի փոքրիկ մասն ուղղել սոցիալական աջակցության ծրագրերին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին առաջարկում է ՀՆԱ-ի առնվազն 5%-ի հատկացում առողջապահությանը: Վերջին տարիներին այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է մոտավորապես ՀՆԱ-ի 1,5%-ը: Դա խիստ ցածր ցուցանիշ է: Իսկ մեր ՙփառապանծ՚ կառավարությունը որդեգրել է, որ 2012թ. առողջապահությանը հատկացվելիք գումարները պետք է կազմեն ՀՆԱ-ի 2,2%-ը: Հավատացնում եմ, որ այս տեմպերով նշված ժամանակամիջոցում նույնիսկ այս ցուցանիշը չեն ապահովելու:
-Ուրիշ ինչ կարևորագույն ծրագրեր են կրճատվել բյուջեով:
-Ընդհանուր առմամբ, առողջապահության համակարգի բյուջեն կրճատվել է մոտ 18%-ով: ԱՄՀ-ն կանխատեսել է, որ 2009-2010թթ սոցիալապես անապահով բնակիչների թիվը Հայաստանում կավելանա ևս 170 հազարով: Այսինքն` մեր առողջապահության բյուջեն կրճատվում է այն դեպքում, երբ ԱՄՀ ուսումնասիրություններն արձանագրում են սոցիալապես անապահով բնակիչների թվի էական աճ: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ սոցիալապես անապահով խավը 2-2,5 անգամ ավելի շատ է դիմում բուժօգնության համակարգին, քան ապահով խավը: Մինչդեռ առողջապահության բյուջեի ՙսոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված բուժօգնության ծառայություններ՚ հոդվածով նախատեսվում է 200 մլն դրամի նվազեցում` ի հեճուկս սոցիալապես անապահովների թվաքանակի ավելացման: Այսինքն` խեղված են առաջնահերթությունների ձևավորման սկզբունքները: Էժանագին պոպուլիզմով զբաղվելու փոխարեն կառավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի` հանրությանը խոստովանելու, որ այս բյուջեով առողջապահության համակարգում հնարավոր է իրականացնել մեկ-երկու ծրագիր միայն` շտապ և ամբուլատոր բուժօգնությունը, նաև հայտարարելու, որ մնացած հիվանդանոցային ծառայությունները վճարովի են, որն իրականում այդպես էլ կա:
-Իսկ անվճար ծննդօգնությու±նը:
-Պետք է պարզապես ուսումնասիրել համաշխարհային փորձը: Ծննդօգնության այս սերտիֆիկատը միայն մեկ երկրում է գործում` Ռուսաստանում, բայց այնտեղ գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, առողջապահությանը հատկացվում են լրջագույն ֆինանսական միջոցներ: Այս ծրագիրը Հայաստանում ներդրվել է2008թ. կեսերին, իսկ 2009թ. գարնանը ՙԱզատություն՚ ռադիոկայանով ՙկոալիցիոն՚ պատգամավորներից մեկը հայտարարում է, որ ծննդօգնության ծառայությունն անվճար դարձնելու արդյունքում ծնելիության ցուցանիշը մեր երկրում բարձրացել է… Ստացվում է` նախորդ տարվա հունիսին, հենց հայտարարեցին, որ ծննդօգնությունն անվճար է, զույգերը վազեցին և սկսեցին երեխաստեղծ աշխատանքով զբաղվել: Եվ հաջորդ տարի գարնանը մենք տեսանք, որ բնակչության աճ է տեղի ունեցել: Սա զավեշտ է: Առողջապահության նախարարը վերջերս հայտարարեց, որ եկող տարվա բյուջեն հնարավորություն է տալիս մեկ բնակչի հաշվով ծախսել տասնյոթ հազար դրամ: Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանն իր մեկ բնակչի առողջության վրա ծախսում է $280-300, Միացյալ Նահանգները` $8000, իսկ ահա եվրոպական երկրները` $2500-3500:Այսինքն` հազիվ $45 ծախսում ենք մեկ բնակչի հաշվով և բացառապես անվճար ինչ-որ բաներ ենք խոստանում, այդ թվում` անվճար ծննդօգնություն:
-Այսինքն` ժողովրդինը ժողովրդին` մեծ խոստումների տեսքով, իսկ համակարգինը համակարգին` չնչին բյուջեի տեսքով, այստեղից էլ` կոռուպցիոն ռիսկեր…
-Յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատվելիս որոշակի գումարների սահմաններում ծրագրեր են գրվում: Այդ ծրագրերը տարեցտարի ուռճացվում են, քանզի ընտրությունից ընտրություն խոստումները մեծանում են, իսկ բյուջեն շատ փոքր է նախընտրական առատ խոստումները կյանքի կոչելու համար, և այդ բացը լրացնում է բնակչությունն իր գրպանից: Եթե կառավարությունը բյուջեով բազմաթիվ ծրագրեր է խոստանում` ի սկզբանե իմանալով, որ միջոցները չեն բավականցնելու, նա դրանով կոռուպցիայի ռիսկեր է ստեղծում:
-Ի վերջո, տուժում է քաղաքացին, քանի որ բժիշկը, միևնույնն է, նրանից ՙպոկում՚ է իր հասանելիքը:
-Այո°, քանի որ կոռուպցիոն ռիսկերը պետությունն է դնում համակարգի առջև: Միջազգային Transparency International կազմակերպությունը առողջապահության բնագավառում 2006թ. կատարել է լրջագույն հետազոտություններ, ըստ որի` բուժօգնության վրա պետականորեն կատարվող ծախսերի և տրվող խոստումների բացարձակ անհամապատասխանությունն է պատճառը, որ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից համակարգը մշտապես գտնվում է երկրորդ-երրորդ տեղում:
-Այս իրավիճակից դուրս գալու առաջարկ ունե±ք:
-ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել: Ես կառաջարկեի` առողջապահության համակարգի բյուջեի ձևավորման սկզբունքը փոխել. պետությունը պետք է գտնի այն մարդուն, որի բուժօգնությունը ինքը պետք է փոխհատուցի: Մինչդեռ մեր առողջապահության բյուջեի ձևավորման սկզբունքը դեռևս 96-ից ըստ սոցիալական խմբերի և հիվանդության տեսակների է: Նման մոտեցում կա նաև Ռուսաստանում: Կարծում եմ, առողջապահության բյուջեի ձևավորման հիմքում պետք է դրվեն ոչ թե հիվանդության տեսակները, այլ, բացառապես, սոցիալական խմբերը, մեր դեպքում` ամենակարիքավորները: Այսինքն` բուժել է պետք ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին: Ներդնենք այդ բյուջեն միայն սոցիալապես անապահով` շուրջ 500 հազար մեր բնակիչների բուժօգնության համար, որոնց 10-15%-ն է հիվանդանոցային բուժօգնության կարիք զգում: Այսօր պետությունը 200 հազար հիվանդի ծախսեր է հոգում` կիսատ-պռատ և անարդյունավետ: Մինչդեռ այս դեպքում կրկնակի և ավելի փոքր թվով, բայց իսկապես կարիքավոր բնակիչներ կստանան լիարժեք բուժօգնություն: Նաև կոռուպցիոն ռիսկերը կնվազեն:
-Կարծում եք` կառավարությունն այս մասին գլխի չի± ընկնում: Իշխանություններն ՙաշխատում են՚ ողջ ազգաբնակչության` որպես պոտենցիալ ընտրազանգվածի վրա, իսկ Ձեր տարբերակում` Ձեր նշած 500 հազարի:
-Գուցե:
-Իսկ համակարգը բարելավելու այլ ճանապարհներ կա±ն:
-Չկա աշխարհում մի պետություն, որտեղ բժշկությունն անվճար է: Եվ կան համակարգեր, որոնք վաղուց գործում են քաղաքակիրթ աշխարհում` մասնավորապես, պարտադիր բժշկական ապահովագրությունը: Դրա համար պոպուլիզմ պետք չէ. դրա համար սոցիալական արդարության հիմքեր է հարկավոր դնել, երբ աշխատողը վճարում է գործազուրկի համար, հարուստը` աղքատի և առողջը` հիվանդի: Լիբերալ պետություններն այսօր առավել քան ներգրավված են սոցիալական ապահովագրության խնդիրներում: Ընդ որում` նույն միտումներն են Կենտրոնական Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում: Դրանցում էլ, անշուշտ, լուծված չեն առողջապահական բոլոր խնդիրները, բայց նաև այնպիսի անելանելի վիճակ չէ, ինչպիսին Հայաստանում է: Պարտադիր բժշկական ապահովագրության հարյուրամյա փորձ կա, իսկ մենք ջայլամային քաղաքականություն ենք վարում: Միաժամանակ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն պատմական իրողության վրա, որ պարտադիր բժշկական ապահովագրության ծագումնաբանությունը պայմանավորված է եղել տնտեսական ու սոցիալական բարդագույն իրավիճակում բնակչության առողջության կարիքները առավելագույնս հոգալու արդյունավետ ու սոցիալապես պաշտպանիչ համակարգի ներդրմամբ:
-Իսկ գուցե խորհրդային համակարգից ստացած ժառանգության բե±ռն է ծանր, որը ոչ մի կերպ չենք կարողանում մեր ուսերից թոթափել` անվճար բուժօգնության գաղափար, գերուռճացված համակարգ, որն այսօրվա իրողություններին չի համապատասխանում:
-Մեր համակարգն իսկապես ուռճացված է: Կրկնակի ավելի հզորություններ ունենք` շենք-շինություններով ու սպասարկող աշխատակազմով: Այդ բեռը նստած է հարկատուի ուսերին: Առնվազն կիսով չափ պետք է համակարգը ՙբեռնաթափել՚: Հայաստանը ստրատեգիական նշանակություն ուներ Խորհրդային Միության համար, և հաշվարկված էր, որ եթե եվրոպական մասում, աստված մի արասցե, պատերազմական գործողություններ ծավալվեին, մեր բուժհաստատությունները դառնալու էին հոսպիտալներ, ինչպես եղավ Հայրենական պատերազմի ժամանակ, ուստի այսքան առողջապահական հաստատություններն անգամ քիչ էին համարվում: Մինչդեռ այս հսկա շինությունների պահպանման ծախսերն ահռելի գումարներ են կազմում: Գիտե±ք` պարադոքսը որն է` քաղաքացուն ասում են, որ նա բժշկի ընտրության ազատ հնարավորություն ունի: Քաղաքացին էլ որտեղ ծանոթ ունի, այնտեղ գրանցվում է: Այս պոլիկլինիկայում հինգ հիվանդ է գրանցված, մյուսում` տասը, իսկ շենքը, որ նախատեսված է մի քանի հարյուր հիվանդների սպասարկման համար, պահպանվում է: Արդյունավետ գործող համակարգ է հարկավոր, որպեսզի պետության ներդրած յուրաքանչյուր դրամը արդյունք տա: Եթե համակարգն արդյունավետ չէ, ուզում եք` բյուջեն տասնապատկեք: Ոչինչ չի փոխվելու, եթե օպտիմալացման ծրագիր չիրականացվի: Էլի կան երկրներ, որոնք նույն ժառանգությունն են ստացել խորհրդային երկրից, բայց անկախացել են և, իրատեսորեն գնահատելով իրենց երկրի հնարավորությունները, արդիականացրել համակարգը: Էստոնիայում մեկ գիշերվա մեջ քսանութ հիվանդանոց փակվել է, մինչդեռ մերձբալթյան առողջապահական համակարգն այսօր հասնում է եվրոպական երկրների մակարդակին: Մեզ մոտ բուժաշխատողը մեկ հիվանդի բուժման համար ստանում է նախատեսված գումարի չնչին տոկոսը միայն, մնացածը գնում է հսկայական հիմնարկի պահպանության ծախսերին` ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիրներին, սպասարկող աշխատակազմին:
-Բնակչության թվաքանակ և բուժաշխատողներ հարաբերակցությու±նն ինչպիսին է մեզ մոտ:
-Երկու անգամ ավելին է, քան այսօր եվրոպական երկրներում ընդունված ցուցանիշն է: Եթե այլ երկրներում տասը հազար բնակչին տասներեք-տասնչորսից մինչև քսան բժիշկ է հասնում, ապա մեզ մոտ այդ թիվը երեսունութ-քառասուն է: Եվ բավական չէ` բժիշկներ են պատրաստվում բժշկական համալսարանում, արդեն բազմաթիվ ոչ պետական բուհեր ևս ներգրավված են վաղը աշխատանք չունեցող բժշկական կադրերի պատրաստմանը: Մինչդեռ անհրաժեշտ է կադրային ռեսուրսների մասնագիտական որակի բարձրացման առավել արդյունավետ ու ժամանակակից համակարգի ներդրում, կադրերի օպտիմալացում:
-Առանց այդ էլ գործազուրկների հսկայական բանակ ունենք, գուցե իշխանությունները խուսափու±մ են դժգոհության ալիքից:
-Բայց կա± այլ ճանապարհ: Համակարգից դուրս մնացածներին կարելի է սոցիալական աջակցության ծրագրերում ներգրավել, վերջապես նրանց արժանավայել փոխհատուցել ու վերապրոֆիլավորել` ըստ հնարավորության ու անհրաժեշտության:
-Եվ, այնուամենայնիվ, ի±նչը մեզ ամենաշատը չի բավականացնում առողջապահությունն ՙառողջացնելու՚ համար:
-Ցանկացած բնագավառում, այդ թվում` առողջապահության համակարգում, առաջընթաց և զարգացումներ կարող են լինել երեք պայմանների առկայության դեպքում` ֆինանսական միջոցներ, մասնագիտական ներուժ և, ամենակարևորը, քաղաքական կամք, որն ամենաշատը չի բավականացնում մեր իշխանություններին:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.