суббота, 14 ноября 2009 г.

«Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ պիտի շարունակենք մեր պայքարը մինչեւ վերջ»




«Ժամանակ»-ի զրուցակիցը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է:
-Տիկին Սարգսյան, Լ.Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ի ելույթի` հայ-թուրքական արձանագրությունների, մասնավորապես` հայդատականությանն ու պահանջատիրությանը վերաբող շեշտադրումները կարո՞ղ են պատճառ դառնալ, որպեսզի ՍԴՀԿ-ն վերանայի իր հարաբերությունները Հայ Ազգային Կոնգրեսի հետ:
- Տեր-Պետրոսյանի տեսակետը` կապված Հայ դատի հետ, երբեւիցե գաղտնիք չի եղել: Եվ մեր կուսակցությունն էլ նրա տեսակետին վաղուց ծանոթ է: Մենք Կոնգրեսին միացել ենք երկու նպատակով` երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը եւ ամենակարեւորը` ձեւավորել օրինական իշխանություն: Եվ այդ շրջանակում մենք Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ մեկտեղ պիտի շարունակենք մեր պայքարը մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է ելույթից հետո մեր կուսակցության տեսակետի փոփոխմանը` շարունակել համագործակցությունը Կոնգրեսի հետ, թե ոչ, ապա, եթե հիշում եք, մոտ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցավ համահնչակյան 19-րդ համագումարը, որտեղ այդ հարցը նույնիսկ քննարկման առարկա չէր: Որովհետեւ բոլորս հասկանում էինք, թե մենք հանուն ինչի ենք միացել Կոնգրեսին եւ ինչի ենք պայքարում: Ուստի, կարծում եմ, որ Կոնգրեսի հետ մեր համագործակցության հարցի շուրջ այսուհետ եւս որեւէ խնդիր չի առաջանա: Իհարկե, ելույթի հայդատական մասով մենք համամիտ չենք Տեր-Պետրոսյանի հետ, որովհետեւ նա այդ ելույթում նախ հանդես է գալիս որպես ՀՀ առաջին նախագահ, ով երկրի զարգացումը տեսնում է բաց սահմաններում եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մեջ: Դա իր տեսլականն է երկրի ապագայի ուղղությամբ: Եվ ես դա նունիսկ չեմ ուզում քննարկել: Մենք` որպես կուսակցություն, միանշանակ շարունակելու ենք առաջնորդվել մեր 19-րդ համագումարում ընդունված բանաձեւերով, մասնավորապես` մեզ համար երբեւիցե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ընդունելի չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եկեք հիշենք, որ ՍԴՀԿ-ն, մինչեւ ՀՀ կառույցի ձեւավորումը, աշխատել, գործել է Սփյուռքում, եւ նրանք ուղիղ ժառանգներն են Ցեղասպանության: Եվ այդ խնդիրը մեր կուսակցության օրակարգում է եղել տասնամյակներ շարունակ, եւ մենք հետեւողականորեն այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանք ենք տանելու: Մենք երբեւիցե չենք հրաժարվելու մեր կոնկրետ տեսակետներից, մեր մոտեցումներից այդ խնդրի վերաբերյալ եւ պայքարելու ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Իհարկե, Սերժ Սարգսյանը բավական լուրջ խնդիրներ ստեղծեց այդ առումով եւ ամեն ինչ արեց, որպեսզի ուրանա Ցեղասպանությունը: Այն, որ արձանագրություններում արդեն իսկ կասկածի տակ է առնված Ցեղասպանության խնդիրը` միանշանակ է, սակայն մեր կուսակցությունը հետեւողականորեն առաջ է քաշելու Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ այն, որ այդ հարցի կապակցությամբ ՍԴՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի միջեւ չկա փոխհամաձայնություն, չեմ կարծում, որ դա խնդիր է, ինչի պատճառով մենք պետք է դադարեցնենք մեր համագործակցությունը Կոնգրեսի հետ:
- Այսինքն` Կոնգրեսի կազմում լինելը չի կաշկանդում ձեզ հետամուտ լինել այն քաղաքական գծին, որը ՍԴՀԿ-ն որդեգրել է տարիներ շարունակ:
- Միանշանակ: Կոնգրեսը երբեւէ չի փորձել իր տեսակետը պարտադրել իր անդամ կուսակցություններին եւ բնականաբար` նաեւ մեզ: Մենք ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հայտարարությունից հետո` հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ մի քանի անգամ առանձին հայտարարություններով ենք հանդես եկել: Դա բնական է, մենք առանձին կուսակցություն ենք, եւ մենք մեր դեմքը միշտ պահելու ենք: Եթե ճնշումների թեկուզ եւ շատ փոքր փորձ լիներ մեր նկատմամբ, ՍԴՀԿ-ն չէր շարունակի իր համագործակցությունը այդ քաղաքական միավորի կազմում:
- Իսկ ՍԴՀԿ ներսում վերջերս տեղի ունեցած զարգացումները որքանո՞վ ազդեցին կուսակցության միասնականության, միակուռ լինելու վրա:
- Մեր կուսակցությունն առողջ դեմոկրատական կառույց է, ամեն մեկն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, բայց դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ մեր կուսակցության միասնականության վրա: Մենք համահնչակյան ընտանիքի անդամ ենք եւ շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը: Առաջիկայում կլինի ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարը, որի ընթացքում կընդունվեն, կորդեգրվեն համահնչակյան 19-րդ համագումարի բանաձեւերը: Կընտրվի նաեւ նոր վարչություն, որը կընտրի նաեւ ՍԴՀԿ նոր ատենապետ:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.