ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ով բոլորովին վերջերս էր հեռացվել «Ժառանգություն» կուսակցության վարչությունից եւ մոտ տասն օր առաջ անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը, շաբաթ օրը ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստում հեռացվել է կուսակցությունից։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ շաբաթ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Վարդան Խաչատրյանը իշխանությունների կողմից հատուկ է ներդրվել ՍԴՀԿ-ում` այնտեղ պառակտումներ առաջացնելու համար։ Իսկ նպատակը, ըստ մամուլի հրապարակումների` ավանդական սույն կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսից անջատելն ու ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման` իշխանական ծրագրի մեջ ներքաշելն էր։ Ինքը` Վարդան Խաչատրյանը, դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում, ըստ էության, հերքել էր դա։ «Հիմա, որ ձեզ ասեն` ես գնացել եմ Ալֆա Կենտավրայից խառը կանաչի բերեմ Երկիր, կհավատա՞ք»,- ասել էր պատգամավորը։ Շաբաթ օրը, սակայն, ՍԴՀԿ վարչությունը, հաշվի առնելով կուսակցության կանոնադրությունը, համաձայն որի` «Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց», ձայների մեծամասնությամբ դադարեցրել է Վարդան Խաչատրյանի մեկշաբաթյա անդամությունը ՍԴՀԿ-ին։ Վարդան Խաչատրյանը «Ժառանգությունից», հիշեցնենք, հեռացվել էր այս տարվա սեպտեմբերի 9-ին։ Ու հիմա, ըստ ՍԴՀԿ վարչության, Խաչատրյանը ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում կարող է ներկայացնել միայն մեկ տարի անց։ ՍԴՀԿ վարչության հայտարարությունից անմիջապես հետո, սակայն, ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարեց, թե Վարդան Խաչատրյանի անդամության դադարեցման հարցը մտել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության օրակարգ, ու մոտ օրերս կհայտարարվի Խաչատրյանի հեռացման վերաբերյալ որոշման բեկանման մասին։ Ավելին, Նարեկ Գալստյանը հայտարարում է, թե Խաչատրյանը զբաղվելու է ոչ միայն ՍԴՀԿ հայաստանյան կառույցի, այլ նաեւ համահնչակյան կուսակցության որոշակի առաքելությամբ։ ՍԴՀԿ վարչության անդամ Էդիկ Պողոսյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Նարեկ Գալստյանը իրավունք չուներ նման հայտարարություն անել, եւ որ Գալստյանի հարցը կքննարկվի ՍԴՀԿ վարչության հաջորդ նիստում։ «Կենտրոնական վարչությունը չի կարող բեկանել ՍԴՀԿ վարչության որոշումը»,- ասաց Էդիկ Պողոսյանը։ Բանն այն է, որ ՍԴՀԿ կանոնադրության մեջ հստակ նշված է, որ ՍԴՀԿ Հայաստանի կառույցը անկախ մարմին է եւ իրավասու է անկախ որոշումներ ընդունել։ Ավելին, ավելի ուշ ՍԴՀԿ վարչությունը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք` ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներ Ալբերտ Գաբրիելյանս, Ալեքսանդր Ալեքյանս եւ Էդիկ Պողոսյանս, հայտարարում ենք, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է։ Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանդրադառնա վարչության նիստում։ Ինչ վերաբերում է Վարդան Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ` հայտարարում ենք` Վարդան Խաչատրյանը 2009 թվականի հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չէ, եւ ոչ ոք իրավասու չէ, համաձայն ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագրի, բեկանել Կենտրոնական վարչության որոշումը։ Վարդան Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա մեկ տարի անց»։ Վարդան Խաչատրյանի հետ երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել։ Նա օրվա սկզբում չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ հետո անհասանելի դարձավ։ Երեկ մեր այն հարցին, թե ի վերջո` ինչ է կատարվում ՍԴՀԿ-ում, կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, սովորական շարքային քննարկումներ են»։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Վարդան Խաչատրյանի ՍԴՀԿ մտնելը, իսկ այնուհետեւ նրա անդամությունը դադարեցնելը, Գալստյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել կանոնադրության ոչ միտումնավոր թյուրըմբռնում, եւ այդ թյուրըմբռնումը վերացվել է։ Հիմա խնդիրը տեղափոխվել է Կենտրոնական վարչություն։ Ես այլ բան չեմ կարող ասել»։ Ինչ վերաբերում է այն բանին, որ համահայկական կառույցը չի կարող բեկանել ՍԴՀԿ հայաստանյան վարչության որոշումը, Նարեկ Գալստյանն ասաց, թե իրավական խնդիրներն ինքը չի կարող մեկնաբանել եւ այս պահին որեւէ այլ հարցի պատասխանելու իրավասություն չունի։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ՍԴՀԿ-ում լուրջ խմորումներ են տեղի ունենում։ Ավելին, ավանդական այս կուսակցության հայաստանյան կառույցում, ըստ խիստ հավաստի տեղեկությունների, կոնկրետ մարդիկ ուղղորդվում են իշխանությունների կողմից եւ խաղում են նրանց խաղը։ Իհարկե, երեկ մեզ հետ զրույցում Նարեկ Գալստյանը հայտարարեց, թե` «ՍԴՀԿ-ում ոչ մի խմորում չկա, ոչ մի պառակտում այս կուսակցությունում հնարավոր չէ, եւ բոլոր խնդիրներն էլ իրենց ժամանակին լուծվող խնդիրներ են, չնայած ոչ մի արտառոց խնդիր էլ չկա», բայց փաստը մնում է այն, որ ՍԴՀԿ մի խումբ անդամներ արդեն տեւական ժամանակ է` չեն այցելում կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ փորձում են կուսակցության քաղաքականությունն այլ հունով տանել։
http://www.armtimes.com/675
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.