суббота, 5 декабря 2009 г.

Մի միջամտեք մեր խոհանոցին


Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի առաջարկով` ՍԴՀԿ ԿՎ 9 հոգանոց անդամները, ձայների 2/3-րդ համամասնությամբ, ԿՎ կազմից հեռացրել են հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին։

Սեդրակյանն այդ քայլին էր գնացել այն բանից հետո, երբ Եղիազարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմել էր այն մասին, որ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երդվել էր ոչ թե ավանդական թրի, այլ` խաղալիք սիպուկո թրի վրա։ Եղիազարյանի այս արարքը Աճեմյանը որակել էր որպես «ՍԴՀԿ սրբության սրբոցը` երդման արարողությունը, ծիծաղի առարկա դարձնելու» փորձ։ Իր հերթին, Գուրգեն Եղիազարյանը երեկ մեր թերթին ասել էր, որ Աճեմյանը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքն ընտրվել է Համահնչակյան համագումարի ժամանակ, իսկ համագումարի որոշումներն ուժի մեջ մնում են մինչեւ մյուս համագումար։

ՍԴՀԿ-ում սկիզբ առած խմորումների մասին երեկ զրուցեցինք նաեւ Սեդրակ Աճեմյանի հետ։

- Պարոն Աճեմյան, իրականում ինչո՞ւ եք ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունից հեռացրել Գուրգեն Եղիազարյանին։

- Դա իմ որոշումը չէր, դա Կենտրոնական վարչության որոշումն էր։

- Բայց Ձեր առաջարկով է, չէ՞, այդ որոշումը կայացվել։

- Ոչ։ Կենտրոնական վարչությունն է համապատասխան որոշում վերցրել։

- Իսկ Դուք անձամբ այդ որոշմանը կողմ չէի՞ք։

- Մեր ներքին խոհանոցին որեւէ մեկը իրավունք չունի միջամտելու։ Դա մեր ներքին խոհանոցն է։

- Պարոն Աճեմյան, բայց չէ՞ որ ԿՎ անդամներն ընտրվում են համագումարով, եւ միայն հաջորդ համագումարի ժամանակ ԿՎ կազմը կարող է փոխվել։

- Ոչ, այդպես չէ։ ԿՎ որեւէ անդամ կարող է հեռացվել ձայների 2/3-րդով։ Դա ԿՎ կանոնադրությամբ է, մենք, անշուշտ, կանոնադրություն ունենք։ Գուրգեն Եղիազարյանը չի իմանում կուսակցության օրենքների մասին, կամ գիտի, բայց չի ասում այդ մասին։ Իսկ ընդհանրապես, մեր երկիրը այսօր լուրջ խնդիրներ ունի, այսօր մենք թողել ենք այդ հարցերը եւ նստել ենք ներքին խոհանոցային հարցերի մասին ենք խոսում։ Մենք մեր որոշումները կայացնում ենք եւ առաջ ենք շարժվում, եւ եթե նկատել եք` մամուլով էլ հայտարարություններ չենք տարածում, որովհետեւ դա մեր կուսակցության ներքին խոհանոցն է։

- Պարոն Աճեմյան, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս գա Կոնգրեսից։

- Դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մենք ընդհանրապես ոչ միայն Հայաստանի մեջ ենք կողմնակից եղել Կոնգրեսին, այլ ամբողջ Հնչակյան կուսակցությունը պաշտպանել էր Կոնգրեսին։ Դրանք երեւակայական արտահայտություններ են եւ չգիտեմ` ինչու են տարածվում։

- Այսինքն, ուզում եք ասել, որ դուք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի եւ Կոնգրեսի համագործակցության դեմ ոչինչ չե՞ք անում։

- Այո։

- Այդ դեպքում ինչո՞ւ Համահնչակյան վերջին համագումարի ժամանակ դուք Կոնգրեսից դուրս գալու հարց բարձրացրեցիք։

- Այդ տեղեկությունները, չգիտեմ, թե որտեղից եք քաղել։ Մեր համագումարը փակ համագումար էր։ Ինչ վերաբերում է համագումարում հնչած հայտարարություններին, ապա մեր դռնփակ ժողովներուն ներս մենք շատ բաների մասին ակնարկած ենք, եւ դրանք կմնան մեր «խոհանոցային» քաղաքական աշխատանքը։

- Պարոն Աճեմյան, ասում են, որ դուք Վարդան Խաչատրյանի պարագայում խախտել եք հնչակյանների համար սրբություն համարվող երդման արարողությունը եւ Խաչատրյանից երդում եք ընդունել խաղալիք թրի վրա։

- Այդպիսի բան գոյություն չունի։ Դա ոչ քաղաքական արտահայտություններ են։ Խաչատրյանին մենք օծել ենք կուսակցական, եւ այսօր ԿՎ-ում պաշտոն կվարե։

- Պարոն Աճեմյան, լուրեր են շրջանառվում նաեւ, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չվերընտրվի։

- Չէ, դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մեր կուսակցական կարգով` շարքերը ընտրում են վարչությանը, հետո վարչությունը կընտրի իր ատենապետին։

ՀԳ. Երեկ Գուրգեն Եղիազարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սեդրակ Աճեմյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ՍԴՀԿ ԿՎ-ն կանոնակարգ ունի, որով նախատեսվում է, որ ԿՎ անդամները ցանկացած պահի` ձայների 2/3-րդով կարող են հեռացնել ԿՎ անդամի։ Ի պատասխան Աճեմյանի այս հայտարարության, Եղիազարյանն արձագանքեց. «Սեդրակ Աճեմյանը երեւի այդ կանոնակարգը տարել է իրենց տանը պահել է, որպեսզի ոչ ոք չտեսնի։ ՍԴՀԿ-ում երբեք նման նախադեպ չի եղել, որ ԿՎ անդամները իրենց կազմից հեռացնեն որեւէ մեկին»։
http://www.armtimes.com/4993

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.