пятница, 18 декабря 2009 г.

Կուսակցության պառակտման փորձ


Ամեն գնով քաղաքական դաշտը պառակտելն ու կուսակցություններին փոշիացնելն այս իշխանությունների համար դարձել է կենսակերպ ու գերնպատակ: Ավազակախմբի թիրախում հայտնված հերթական կուսակցությունը Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ն է:
Չնայած իշխանությունների հարձակման օբյեկտները պարբերաբար փոխվում են, սակայն` ձեռագիրը միշտ մնում է նույնը. կուսակցության ներսում իրենց ներդրած մարդիկ հանկարծ սկսում են անկանխատեսելի դառնալ եւ դեմ գնալ այդ կուսակցությանը: Հետո հանկարծ ներդրված գործակալների խումբն առանձնանում է եւ սկսում են համապատասխան քայքայիչ գործողությունները: ՍԴՀԿ-ի հետ տեղի ունեցող գործընթացները, թերեւս, արդեն ՙդեժավյու՚ են առաջացնում մարդկանց մոտ. տեղի է ունենում ճիշտ նույն գործընթացը, ինչ արդեն պառակտված մյուս կուսակցություններում է եղել: ՍԴՀԿ-ից առանձնացած թեւը` տխրահռչակ Վահան Շիրխանյանի, Նարեկ Գալստյանի, Գեւորգ Պերկուպերկյանի եւ Սեդրակ Աճեմյանի գլխավորությամբ, ամենեւին էլ չեն թաքցնում իրենց ուղղվածությունը: Նրանք փակ համագումար են անցկացրել Ծաղկաձորում եւ որոշում ընդունել` անվստահություն հայտնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, նրան եւ Գուրգեն Եղիազարյանին հեռացնել կուսակցությունից: Միեւնույն ժամանակ նրանք որոշում են կայացրել Գեւորգ Պերկուպերկյանին ՍԴՀԿ ատենապետ հռչակելու մասին: Պերկուպերկյանի խոսքերով, արտակարգ համագումարը թվով 7-րդն էր, եւ նրա որոշումները, որպես այդպիսիք, կառույցի համար բեկանելի չէ: ՙՄենք պապենական, տոհմական հնչակյաններ ենք՚,- ասել է նա: Սակայն նշենք, որ միայն այն հանգամանքը, թե ովքեր են ՍԴՀԿ-ի այս թեւում, պատկերացում է տալիս կատարվածի մասին: Բավական է միայն նշել, որ այս ամենի ստվերային ղեկավարը հասարակությանը բավական հայտնի Վահան Շիրխանյանն է` ՊՆ նախկին փոխնախարարը: Հասարակությունը, թերեւս, չի մոռացել, թե նա ինչ գործունեություն էր ծավալում հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո: Ի դեպ, սա այն անձնավորությունն է, որի ցուցմունքների հիման վրա 2007թ. կալանավորվեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, որին մեղադրում էին իբր փողերի լվացման մեջ: Վահան Շիրխանյանը քաղաքական դաշտում մշտապես հայտնի է եղել ներկուլիսային ինտրիգներ սանձազերծելով, խառնակչի իր բնավորությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լյուդմիլա Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Շիրխանյանի գործունեությունից. ՙՇուրջ մեկ տարի Վահան Շիրխանյանը կուսակցությունը խառնում էր եւ ամեն գնով տանում էր պառակտման: Մենք երկար լռում էինք` կուսակցության տրամադրությունները դուրս չհանելու համար, սակայն եկավ մի պահ, երբ արդեն հնարավոր չէր լռել: Այդ մարդը ուղիղ իշխանություններին ծախված մարդ է եւ նրանց հրահանգն է կատարում: Նրանք հրահանգ ունեն կուսակցությունը հանել Կոնգրեսից: Ցավն այն է, որ այդ ամենի մեջ Վահան Շիրխանյանը ներքաշել է երիտասարդներին` Սեդրակ Աճեմյանի համաձայնությամբ: Վահան Շիրխանյանն իրեն որքան էլ ընդդիմադիր ներկայացնի, կուսակցության ներսում նա միշտ էլ այլ բան է խոսել: Խոսելով Ծաղկաձորում մի խումբ հնչակյանների հրավիրած համագումարի մասին, տիկին Սարգսյանը փաստեց, որ այն իրավազոր չէ, քանի որ դրա մասնակիցների մեծամասնությունը հնչակյաններ չեն, այլ` ինչպես լինում է նման դեպքերում, նրանց փողոցից հավաքել են եւ բերել համագումարի: ՙԱյդ համագումարը անօրինական էր, եւ ես մինչ այսօր ատենապետ եմ՚,- նշեց տիկին Սարգսյանը: ՍԴՀԿ ատենապետը նաեւ զգուշացրեց կուսակցության անունից հանդես եկողներին. ՙԵթե որեւիիցե մեկը կհամարձակվի հանդես գալ որպես hայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա կկանգնի ուղիղ դատարանի առջեւ, իսկ հունվարի 9-ից հետո օրինական ատենապետ կլինի, եւ նորից կկանգնեն դատարանի առջեւ, եթե նորից կփորձեն վիճարկել այդ փաստը՚: Ըստ Սարգսյանի` ՍԴՀԿ վարչությունը կազմված է 7 անդամից, որոնցից 5-ն իր կողմնակիցներն են, իր հետ են: ՙՎահան Շիրխանյանը, Նարեկ Գալստյանը եւ Գեւորգ Պերկուպերկյանը խախտել են կուսակցությունների մասին օրենքը եւ Հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագիրը բոլոր կետերով: Իհարկե, ես հասկանում եմ, որ նրանք չեն ուզում ծիծաղելի դառնալ` գրանցելով երրորդ հնչակյան միավորը, եւ պայքարելու են ՍԴՀԿ բրենդի համար՚,- նշեց տիկին Սարգսյանը` տեղեկացնելով, որ Նարեկ Գալստյանը շուրջ մեկ տարի կուսակցության պառակտման հիմնական դերակատարներից է եղել` հետագայում ներքաշելով Սարգիս Տխրունի ուսանողական միության մի քանի անդամների: Իսկ Գեւորգ Պերկուպերկյանը եւ Արսեն Կուպելյանը խախտել են կանոնադրությունը. համագումարի մասին որոշումը, առաջարկությունը կամ անվստահությունների հիման վրա արտակարգ համագումար հրավիրելը պետք է ներկայացնեին կենտրոնական վարչություն՚: Լրագրողի հարցին էլ, թե ինչ են անելու Վահան Շիրխանյանի հետ, Սարգսյանը պատասխանեց. ՙՆրանք շատ լավ գիտակցում էին, որ հերթական համագումարով իրենք որեւէ խնդիր չեն կարող լուծել, հետեւաբար իշխանությունների հուշումով (կարող եմ դա հաստատ ասել, որովհետեւ նաեւ որոշ տեղեկություն ունեմ) նրանք որոշեցին ծայրահեղ միջոցների գնալ՚:
Հնչակյանների շիրխանյանական ազդեցության թեւն էլ իր հերթին է հայտարարում, որ Լյուդմիլա Սարչգսյանը չի հանդիսանում ՍԴՀԿ վարչության անդամ, եւ ընդդիմադիր կուսակցության առաջնորդին նրանք որակել են որպես ինքնահռչակ: Ավելին, ըստ նրանց, ՍԴՀԿ վարչությունը ապօրինի է, եւ այնտեղ ընդամենը երկու մարդ է մնացել:
Մինչդեռ, տիկին Սարգսյանը վստահ է, որ իրենց կուսակցության ներսում տեղի ունեցած պառակտումը հրահրված է իշխանությունների կողմից: Ըստ նրա` իշխանությունների հետ գործարքի գնացել է անձամբ ՍԴՀԿ վարչության ղեկավար Սեդրակ Աճեմյանը, որի հետ բանակցել է Տիգրան Սարգսյանը: ՙՍեդրակ Աճեմյանը սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի լուրջ կողմնակիցն էր, սակայն գիտակցելով, որ իշխանությունների հետ գործարքի գնալով կփրկի իր բիզնեսը, գերադասեց իրական ընդդիմության քողի տակ ձեւավորել գրպանային ընդդիմություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին ՀՅԴ-ն ու ռամկավարներն են՚,- ասաց ՍԴՀԿ ատենապետը` մանրամասնելով. ՙԿարող եմ վստահաբար ասել, որ Տիգրան Սարգսյանի հետ նրա բազմաթիվ հանդիպումների արդյունքում նրանք եկել են այդ գործարքին, որի նպատակը հետեւյալն էր. ամեն գնով պառակտել Հայ Ազգային Կոնգրեսը, իսկ դուք գիտեք, որ Հնչակյան կուսակցությունը կազմում է Հայ Ազգային Կոնգրեսի այն առանցքային մասը, որին այնտեղից պոկելով` կարող են այդ գործընթացը զարգացնել, եւ միգուցե, ըստ իրենց, հասնեին հաջողության՚: ՍԴՀԿ-ն պառակտելու ցուցումը, ՍԴՀԿ ատենապետի համոզմամբ, տվել է Սերժ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ բանակցողը եղել է Տիգրան Սարգսյանը, իսկ ՍԴՀԿ-ից` Սեդրակ Աճեմյանի աջակիցը եղել է Վահան Շիրխանյանը, Նարեկ Գալստյանն ու Գեւորգ Պերկուպեկյանը: ՍԴՀԿ-ի այս թեւը, սակայն, հերքում է, թե իրենք իշխանությունների թելադրանքով են գործում, եւ որպես իրենց ասածի ապացույց, նաեւ ասում են, որ շարունակելու են մնալ Հայ Ազգային Կոնգրեսի կազմում: ՙՀամահնչակյան համագումարում, որը եղել է 1,5 ամիս առաջ, ընդունվել է բանաձեւ, որտեղ ֆիքսված է Հայ Ազգային Կոնգրեսի հետ համագործակցության այն մակարդակը, որը գոյություն ունի, եւ որեւէ կերպ վերանայվելու դեպքում պետք է ի պաշտոնե հայտարարություն արվեր: Ինչպես գիտեք, ոչ Կոնգրեսի կողմից, ոչ մեր կողմից նման հայտարարություն չի արվել: Այդպիսի ցանկություն չկա, որովհետեւ ուղենիշը` հիմնարար փաստաթուղթը, որը բանաձեւն է համահնչակյան համաժողովի, փոփոխված չէ՚,- երեկ փորձել է համոզել ՍԴՀԿ-ի շիրխանյանական թեւի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը: Իսկ Լյուդմիլա Սարգսյանը Վարդան Խաչատրյանի հասցեին երեկ հեգնեց. ՙԵս ուղղակի խղճում եմ այդ տղային եւ զուգահեռաբար մեղադրում, որ քաջություն չգտավ իր մեջ ասելու, որ ինքը հնչակյան չէ, քանի որ այդ դեպքում հնարավոր է` նման խմորումներ չլինեին՚:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Տրոյական ձի` Կոնգրեսի համար
Վարչախումբը չի փոխել իր գործելաոճը եւ շարունակում է նախկինում մշակած մեթոդների կիառումը: Իր ենթակայությունից դուրս մնացած կուսակցությունները շարունակում են համարվել թշնամական օղակ եւ նրանց ոչնչացումը եւ գրավումը դարձել է առաջնահերթ խնդիր: Հարձակման եւ գրոհի են ենթարկվում ճաքեր ունեցող կուսակցությունները: Ընդ որում, շատ հաճախ այդ ճաքերը ստեղծվում են վարչախմբի գործադրած ջանքերից հետո: Հիմա հերթը հասել է ՍԴՀԿ-ին: Նույն կեղտոտ մեթոդներով փորձ է արվում այս կուսակցությունով համալրել գրպանային ընդդիմությունը, որը վերջին ընտրություններից հետո սուր ճգնաժամ է ապրում: Իրենց հատուկ ոճով, գումարվեց փակ համագումար, որին, ըստ հավաստի տեղեկությունների, մասնակցեցին բազմաթիվ մարդիկ, որոնք հեռավոր առնչություն էլ չունեն ՍԴՀԿ-ի հետ: Նրանք, ովքեր կանգնած են ՍԴՀԿ-ի քայքայման եւ պառակտման ետեւում, իրենց գործը դեռ ավարտված չեն համարում: Նրանց ծրագրերը հեռուն գնացող են: Երկար ժամանակ վարչախումբը փորձեց ներսից քանդել Հայ Ազգային Կոնգրեսը, տարատեսակ փորձեր արվեցին, բայց մարքսիստով ոչինչ չստացվեց: Հիմա էլ փորձում են օգտագործել ՍԴՀԿ-ն: ՍԴՀԿ ինքնահռչակ ղեկավարները երեկ հայտարարել են, թե իրենք շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում: Ստացվում է, որ վարչախումբը պատրաստվում է հայ Ազգային Կոնգրեսին տրոյական ձի նվիրել: Ամբողջ հարցը նրանում է, որ վարչախմբի քայլն այնքան պրիմիտիվ է, որ այդ նվերը պարզապես չի էլ ընդունվի: Ավելին, ակնհայտ է, որ համագումարը տեղի է ունեցել ակնհայտ կեղծիքներով, եւ նույնիսկ հնչակները չեն ընդունում իրենց ՙնոր ղեկավարներին՚: Այնպես որ, վարչախումբը պետք է հասկանա, որ արդեն անցել են այն ժամանակները, երբ հնարավոր էր կուսակցություններ պառակտելով, քայքայելով լուրջ հաջողությունների հասնել եւ խաբել ժողովրդին: Ծիծաղելին նաեւ այն է, որ վարչախմբի ռեսուրսներն այնքան սակավ են, որ կրկին օգտագործում են բազմիցս օգտագործված եւ մաշված խամաճիկներին, որոնց վարկանիշը զրոյից էլ ցածր է:


Օտար ժառանգ
Ժառանգություն կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանին երեկ լրագրողները հարցրել են, թե ինչու լինելով սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, ինքն ԱԺ-ում շարունակում է մնալ Ժառանգություն լիբերալ խմբակցության պատգամավոր: Վերջինս ուշագրավ պատասխան է տվել. ՙԺառանգությունը ժառանգել է հայ ժողովրդի պատմության բոլոր դրական իրողությունները, այդ թվում եւ սոցիալիստականությունը՚: Վարդան Խաչատրյանը նաեւ հայտարարել է, թե գաղտնիք չէ, որ ինքն էլ տարիներ շարունակ եղել է սոցիալիստական ուժերի ալյանսի անդամ: Փաստորեն, Վարդան Խաչատրյանն անուղղակի խոստովանել է, որ լինելով Ժառանգության անդամ, ինքն այլ քաղաքական ուժի է ծառայել` այդպես արդարացնելով նաեւ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը: Սա թերեւս, այն դեպքն է, երբ օտարների մեջ նա եղել է յուրային, եւ յուրայինների մեջ` օտար:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.