суббота, 19 декабря 2009 г.

Լ.Սարգսյանին անվստահություն են հայտնել «հեռացված, սառեցված, սպանված» հնչակյանները



Սոցիալ-դեմոկրատ hնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը երեկ մի շարք սենսացիոն հայտարարություններ արեցին ՍԴՀԿ դե յուրե ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ու նրա` հատկապես վերջին հինգ տարիների գործունեության մասին:
Ըստ այդմ` Լ.Սարգսյանը կուսակցությունում եղել է ընդամենը տեխնիկական աշխատող, ու քանի որ իր ձեռքին է հայտնվել ՍԴՀԿ կնիքը, ապօրինի որոշումներ է կայացրել, վարչություն ձեւավորել ու իրեն ատենապետ հռչակել: Ի դեպ, կնիքն այդ, որը պրն Շիրխանյանը համեմատեց «չարիքի» հետ, այսօր էլ արդարադատության նախարարությունում գրանցված ՍԴՀԿ ատենապետի` Լ.Սարգսյանի մոտ է:
Սակայն այդ` անկնիք լինելու հանգամանքը չի խանգարել ՍԴՀԿ շիրխանյանական թեւին երկու օր առաջ հրավիրված «արտահերթ համագումարում» որոշումներ կայացնել, կազմկոմիտե ձեւավորել, վարչություն ու ատենապետ ընտրել, մի խոսքով` զգալ իրեն որպես օրինական դաշտում գործող կուսակցություն: Ի դեպ, երեկ հրավիրված ասուլիսում Վ.Շիրխանյանը հայտարարեց, թե ՍԴՀԿ նորընտիր վարչությունը որոշել է առոչինչ համարել Լ.Սարգսյանի` վերջին հինգ տարիներին կայացրած այն որոշումները, որոնք վերաբերում են մասնավորապես կուսակցականների անդամության սառեցմանը եւ կամ հեռացմանը: Փաստորեն, նյու-ՍԴՀԿ-ականները` մի դեպքում ինքնահռչակ են համարում ատենապետին, մեղադրում նրան ապօրինի ու կամայական որոշումներ կայացնելու մեջ, մյուս դեպքում` չեն խորշում ի գիտություն ընդունել նրա կայացրած մնացած որոշումները, դիցուք` տվյալ անձին կուսակցություն ընդունելուն: Նկատենք, որ Վահան Շիրխանյանը ՍԴՀԿ է ընդունվել 2008թ.-ի մարտի 2-ին, փաստորեն` ինքնահռչակ ատենապետի օրոք ու գիտությամբ: Վարդան Խաչատրյանի ՍԴՀԿ ընդունելվու-հեռացվելու-վերընդունվելու որոշումը եւս կայացվել է Լ.Սարգսյանի ատենապետությամբ: Եվ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նյու-ՍԴՀԿ-ականների թեւում այժմ նաեւ այն հնչակյաններն են, ովքեր տարբեր ժամանակներ հեռացվել են կուսակցությունից, ու փաստորեն` միացել Լ.Սարգսյանին անվստահություն հայտնած իրենց կուսակցական ընկերներին, ապա կարելի է կռահել, թե ինչո՞ւ է ՍԴՀԿ «նորընտիր» վարչությունը որոշել առոչինչ համարել ատենապետի` հատկապես ՍԴՀԿ-ից հեռացնելու մասին որոշումները: Ի դեպ, Շիրխանյանը ատենապետի ինքնահռչակ լինելն ապացուցելու համար վկայակոչեց ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վերջին 2003թ.-ին տեղի ունեցած համագումարի արդյունքները, համաձայն որոնց ատենապետ է ընտրվել Ջորջ Հակոբյանը, փոխատենապետ` Սուրեն Մարգարյանը, իսկ վարչության անդամներ` Լարիսա Ղուկասյանը, Ալբերտ Գաբրիելյանը, Կարո Պողոսյանը, Ալեքսանդր Ալեքյանը, Անահիտ Սարգսյանը, Սամվել Հակոբյանը, Խաչիկ Ղարաբեկյանը, Արա Սարգսյանը, Մանուկ Ստեփանյանը: «Այս իննից այսօր մնացել են միայն երկուսը` Ա.Ալեքյան եւ Ա.Գաբրիելյան: Եվ այդ իննի մեջ դուք չլսեցիք Լյուդմիլա Սարգսյան անունը: Սա է վերջին համագումարի կողմից օրինական ընտրված վարչությունը: Երեք օր առաջ այդ վարչության անդամներից հինգը հայտարարություն են արել` պահանջելով Լ.Սարգսյանին հեռացնել կուսակցությունից», - բացահայտեց Շիրխանյանը` այսպիսով վկայելով, որ ատենապետին հեռացնելու որոշումը կայացրել են այն անձինք, ովքեր, իր ձեւակերպմամբ, կուսակցությունից «հեռացվել, սառեցվել, սպանվել են»:
Հետագայում, ինչպես նշեց Շիրխանյանը, Լ.Սարգսյանը անհայտ ճանապարհով մտնում է վարչություն եւ կամայական ճանապարհով համալրում վարչությունը` իրենից բացի վարչության անդամ կարգելով Համբարձում Եղիազարյանին, Արսեն Կուպելյանին եւ ՍԴՀԿ նորահռչակ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանին: «Այս անձինք համագումարի կողմից ընդունված վարչության անդամներ չեն ու լիազորված չեն որոշումներ կայացնել», - ազդարարեց Շիրխանյանը, սակայն չտվեց այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էին Կուպելյանն ու Պերկուպերկյանը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարության մեջ ներկայացել որպես ՍԴՀԿ Հայաստանի Կենտրոնական վարչության անդամներ: Ի դեպ, երբ հարցրինք, թե այդ ինչպե՞ս է, որ կուսակցության շարքերը մինչեւ հիմա չեն բողոքել իրենց ատենապետի ոչ օրինական լինելու դեմ, Շիրխանյանն ասաց, թե մինչեւ այդ ՍԴՀԿ ԿՎ-ն նկատողություն է հայտնել Սարգսյանին, եղել են անվստահություն հայտնելու մի քանի դեպքեր Փարամազի եւ «Սարգիս Տխրունու» կողմից, սակայն միայն վերջին «ղալմաղալից»` Վարդան Խաչատրյանին կուսակցություն ընդունել-չընդունելուց հետո է, որ սկսել է խորանալ Լ.Սարգսյանի` ներկուսակցական դոսյեի մեջ:
Լյուդմիլա Սարգսյանն էլ երեկ մեզ հետ զրույցում իրեն հասցեագրված մեղադրանքները նախ որակեց որպես «զավեշտ», «տգիտություն» ու պարզաբանում տվեց հատուկ «նորահռչակ ՍԴՀԿ-ականների համար»: Ասաց. «2003 թվականին ՍԴՀԿ-ն վերագրանցվելու խնդիր ուներ եւ երկու անգամ պետռեգիստրը մերժել էր կուսակցության գրանցումը: Եվ 2003-ի սեպտեմբերին տեղի ունեցած վեցերորդ համագումարը բաց էր մնացել` վերագրանցման խնդիրների պատճառով: Այն փակվեց միայն վարչության հրավիրած երրորդ նիստից` այն ժամանակվա ատենապետ Ջորջ Հակոբյանի հրաժարականն ի գիտություն ընդունելուց, նոր վարչության եւ նոր ատենապետի ընտրությունից հետո: Շիրխանյանն ու նրա կողքին կանգնած երիտասարդներն այնքան անտեղյակ են, որ ընդհանրապես չգիտեն կուսակցության անցած համագումարի մանրամասները: Իսկ Սուրեն Մարգարյանը, ով այն ժամանակ վարչության անդամ էր, ատամներով պաշտպանում էր ինձ եւ կողմ է քվեարկել իմ ատենապետ ընտրվելուն»: Իսկ վարչությունն ունեցել է հետեւյալ կազմը` Սուրեն Մարգարյան, Ալբերտ Գաբրիելյան, Ալեքսանդր Ալեքյան, Էդիկ Պետրոսյան, Լյուդմիլա Սարգսյան, Սամվել Հակոբյան, Գայանե Թորոսյան: «Եւ քանի որ Գայանե Թորոսյանը հիվանդ էր ու իր խնդրանքով սառեցվեց իր անդամությունը, կուսակցությունից դուրս եկան Սամվել Հակոբյանն ու Սուրեն Մարգարյանը, եւ, փաստորեն, վարչությունը համալրելու կարիք առաջացավ, ՍԴՀԿ ԿՎ որոշմամբ ու նույն Սեդրակ Աճեմյանի առաջարկով, բացառության կարգով, վարչությունը համալրվեց երեք երիտասարդ անդամներով` Հ.Եղիազարյան, Գ.Պերկուպերկյան, եւ Ա.Կուպելյան»: Ի դեպ, արդարադատության նախարարությունը ՍԴՀԿ-ին գրանցել է ՍԴՀԿ վեցերորդ համագումարի երրորդ նիստի արձանագրության քաղվածքի հիման վրա, որտեղ նշված է, որ ՍԴՀԿ ատենապետ է Լ.Սարգսյանը: Նկատենք, որ «ինքնահռչակ» որակված Լ.Սարգսյանը մասնակցել է համահնչակյան երկու` 2005-ի եւ 2009-ի համագումարներին, ելույթ ունեցել ու 22 երկրներում սփռված հնչակյան կառույցներից եւ ոչ մեկի մտքով, փաստորեն, չի անցել, որ Հայաստանի հնչակյան կառույցը ներկայացնում է «կեղծ» ատենապետը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.