четверг, 17 декабря 2009 г.

Հնչակյան օրինական ատենապետը կընտրվի 2010թ. հունվարի 9-ին



Կոնգրեսը հրավիրված չի եղել «ՍԴՀԿ արտահերթ համագումարին»
Հայ ավանդական կուսակցություններից մեկի` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պառակտումը երեկ միս ու արյուն ստացավ:
Նկատնեք, որ ժամանակ առաջ մեր թերթին տված հարցազրույցում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը ցավ էր հայտնել ավանդական մեկ այլ կուսակցության` ՀՌԱԿ-ի պառակտման փաստի կապակցությամբ եւ ՍԴՀԿ աջակցությունը հայտնել: Այժմ, փաստորեն, ՀՌԱԿ ուխտը «չոքել» է Սեդրակ Աճեմյանի դռանը: Դեռ ամիսներ առաջ` օգոստոսի 14-ին, «Ժամանակ»-ի հետ զրույցում հարցին, թե ՍԴՀԿ-ն կկարողանա՞ դիմակայել հնարավոր պառակտումներին, ինչպես որ եղավ ՀՌԱԿ-ի դեպքում (եւ որպես պառակտիչ` շրջանառության մեջ դրվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը), Աճեմյանը պատասխանել էր. «Մենք, իսկապես, գնալով ամրանում եւ կուռ ենք դառնում, եւ մեզ տրոհելը հեշտ չի լինի` անգամ մեծ ցանկության պարագայում: Տա Աստված, իհարկե»: Ի դեպ, այդ հարցազրուցից մի քանի օր առաջ պրն Աճեմյանը եւս հանդիպում էր ունեցել Տ.Սարգսյանի հետ, եւ ինչպես կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ էր ասվում` ի թիվս այլ հարցերի, վարչապետն ու Աճեմյանը քննարկել էին «ՍԴՀԿ հետ երկխոսության ու համագործակցության հնարավոր ուղիները»: Թե որո՞նք են այդ համագործակցության «հնարավոր ուղիները»` այսօր կարծեք թե հայտնի են դառնում, եթե նկատի ունենանք շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց ՍԴՀԿ-ում ի հայտ եկած խժդժությունը հրահրվել է հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքով, որի նպատակը կուսակցությանը ՀԱԿ-ից «պոկելն» ու իշխանական պրոյեկտների մեջ ներքաշելն է: Ինչեւէ:
Երեկ տեղի ունեցած ՍԴՀԿ «արտահերթ համագումարը», որին մասնակցել է նաեւ պրն Աճեմյանն ու դեկտեմբերի 14-ին արտահերթ համագումար հրավիրելու պահանջով հանդես եկած` ՍԴՀԿ ինը կառույցների ներկայացուցիչներ, վկայում է այն մասին, որ հակառակ ՍԴՀԿ ԿՎ ատենապետի «ցանկության», 123-ամյա Հնչակյանը մայր հայրենիքում տրոհվեց: Նկատենք, որ համագումարի ընթացքում դրա մասնակիցները` ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, անվստահություն են հայտնել ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Իսկ այսօր` մինչեւ օրվա առաջին կեսը, շիրխանյանական թեւը կընտրի նոր ատենապետ: Երեկ տեղի ունեցած համագումարի ու նոր ատենապետի ընտրության հանգամանքին ՍԴՀԿ ատենապետ Լ.Սարգսյանը հանգիստ է վերաբերվում, քանի որ, ըստ նրա, այն, ինչ տեղի է ունեցել` ֆիկցիա է, եւ խոսում է դրան մասնակցություն ունեցածների «տգիտության, կուսակցության կանոնադրությունից անտեղյակ լինելու մասին»:
Նախ, ինչպես հայտնի է, համահնչակյան 19-րդ համագումարի ընթացքում ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարի օր էր նշանակվել 2010-ի հունվարի 9-ը, իսկ երեկ տեղի ունեցած եւ այսօր շարունակվող համագումարը, ըստ ՍԴՀԿ ատենապետի, հակասում է 19-րդ համագումարի որոշմանը: Եվ բացի այդ էլ, Սարգսյանի հավաստմամբ, կառույցների մի մասը, որոնք մասնակցել են այդ, իր ձեւակերպամբ, ապօրինի համագումարին, մի քանի տարի է` գոյություն չունեն: «Ոչ գրասենյակները կան, ոչ էլ դրանց ղեկավարները: Դեռ երկու ամիս առաջ ՍԴՀԿ վարչության նիստը ամրագրել է, թե քանի գործող կառույց ունենք, եւ թե այդ կառույցներից յուրաքանչյուրից քանի պատգամավոր պետք է մասնակցի կուսակցության վարչության նիստերին: Բոլոր այդ 38 պատգամավորները մեզ հետ են: Հետեւաբար, շատ լավ հասկանալով, որ ոչ մի բանի չեն կարող հասնել իրենց սակավ համակիրներով` նրանք նախաձեռնել են այն, ինչ տեղի է ունեցել, այսպես կոչված, համագումարի տեսքով», - մեզ հետ զրույցում Ծաղկաձորում տեղի ունեցած փակ համագումարի կազմակերպիչների մասին ասաց ՍԴՀԿ ատենապետը: Ի դեպ, համագումար կարող է հրավիրվել միայն կուսակցության վարչության որոշմամբ: Ըստ ՍԴՀԿ կանոնադրության` ատենապետին ընտրում է ՍԴՀԿ վարչությունը, որը բաղկացած է յոթ հոգուց: ՍԴՀԿ ներկայիս վարչության անդամներն են` Լյուդմիլա Սարգսյանը, Ալեքսանդր Ալեքյանը, Ալբերտ Գաբրիելյանը, Համբարձում Եղիազարյանը, Գեւորգ Պերկուպերկյանը, Արսեն Կուպելյանը: (Վարչության անդամ էր նաեւ վերջերս կյանքից հեռացած Էդիկ Պետրոսյանը): Հենց Արսեն Կուպելյանն ու Գեւորգ Պերկուպերկյանն էլ, ովքեր ներկայացնում են ՍԴՀԿ` Լ.Սարգսյանին անվստահություն հայտնածների թեւը, ըստ շրջանառվող տեղեկությունների, համարվում են ՍԴՀԿ ատենապետի ռեալ հավակնորդներ: (Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին, ապա նա չի կարող ընտրվել ատենապետ, քանի որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ է եւ միայն ԿՎ անդամությունից հրաժարվելու դեպքում կարող է հավակնել ՍԴՀԿ ղեկավարի պաշտոնին: Չի բացառվում նաեւ Վարդան Խաչատրյանի` ատենապետ ընտրվելը, թեեւ վերջինս, ըստ ՍԴՀԿ կանոնադրության, ՍԴՀԿ անդամ չէ): Բայց թե ինչպե՞ս է ձայների նման անհավասար հարաբերակցությամբ տեղի ունենալու ատենապետի ընտրությունը` հայտնի չէ: «Այն, ինչ անում է մյուս թեւը, ապօրինի լինելուց բացի` նաեւ ծիծաղելի է: Երեւի թե մտածում են, որ քանի որ Հայաստանում օրենքները չեն գործում, ապա կարող են իրենց թույլ տալ նման ապօրինություններ անել ու մտածել, թե մենք անպաշտպան ենք: Չարաչար սխալվում են: Միայն հունվարին տեղի ունենալիք համագումարի ընթացքում է, որ ընտրվելու է միակ լեգիտիմ ու օրինական ատենապետը», - ասաց Լ.Սարգսյանը: Նաեւ հավելեց. «Իսկ եթե հանկարծ որոշեն ՍԴՀԿ անունից հանդես գալ` որպես ատենապետ կամ այլ անձ, ուղիղ կկանգնեն դատարանի առաջ»:
Հ.Գ. Քանի որ ՍԴՀԿ-ն Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է, երեկ կուսակցության շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից: Վերջինս ասաց, որ արտահերթ համագումարին Կոնգրեսը հրավիրված չի եղել եւ իրազեկված է միայն 2010 թվականի հունվարի 9-ին տեղի ունենալիք համագումարի մասին ու, ըստ այդմ էլ, մասնակցելու է այդ օրվա համագումարին: Պրն Զուրաբյանը նկատեց նաեւ, որ ՀԱԿ-ը, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում կուսակցության ներսում, շարունակում է իր համագործակցությունը ՍԴՀԿ հետ այնպես, ինչպես որ մինչ այս էր համագործակցում:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.