понедельник, 14 декабря 2009 г.

«Աճեմյանը գնալու է, մենք մնալու ենք»



«Անլուրջ մի հայտարարություն է, որի հիմքում որեւէ իրավական բան չկա»,-«Ա1+»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության 9 կառույցների տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ կուսակցության թվով 9 կառույցներ`իրենց ղեկավարներով, ստորագրել են դեկտեմբերի 16-17-ին արտահերթ համագումար հրավիրելու եւ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնելու հայտարարության տակ:
Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ իրականում 9 կառույցներից գործում են միայն երկուսը` «Սարգիս Տխրունին» եւ Կապանի կառույցը. ««Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը գործում է Սեդրակ Աճեմյանի հովանավորության տակ, իսկ Կապանի «Աղասի» մասնաճյուղը հիմնադրել է Վահան Շիրխանյանը եւ բնական է, որ նրա ազդեցության տակ է»:
Մյուս կառույցները, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, գոյություն չունեն: 
Նա թվարկեց մի շարք պատճառներ, ըստ որոնց` 7 կառույցները կամ լուծարվել են, կամ չեն գործում:
Նկատենք սակայն, որ «Կուսակցությունների մասին» օրենքով արդարադատության նախարարությունում գրանցված ցանկացած կուսակցություն պետք է բոլոր մարզերում ունենա կառույցներ: 
ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց համար ոչինչ չի նշանակում այս հայտարարությունը եւ իրենց հերթական համագումարը , ինչպես նախատեսված էր, անցկացվելու է հունվարի 9-ին:
«Սեդրակ Աճեմյանին` համահնչակյան կառույցի ատենապետին, պետք չէ Հայաստանում ամուր կառույց, նրան պետք է մարդ, որը անվերապահորեն կկատարի իր բոլոր հրահանգները: Առ այսօր մենք էլ էինք փորձում գործողությունների մասին տեղյակ պահել համահնչակյան կառույցին, բայց դա եւս չի բավարարում նրան. նա ուզում է վերահսկողության տակ պահել ամբողջ կառույցը եւ ունենալ մարդ, որ առաջնորդվի ոչ թե պետական շահերով, այլ կոնկրետ կսպասարկի իր շահերը, ես չեմ համապատասխանում իր ցանկություններին,-հակասությունը պարզաբանեց Լյուդմիլա Սարգսյանը եւ շարունակեց,-Աճեմյանն ունենալով սեփական բիզնես, կարծում եմ, որ համաձայնության է եկել իշխանությունների հետ եւ բնականաբար պետք է կատարի այն, ինչ հրահանգված է իշխանությունների կողմից: Իսկ հրահանգը հետեւյալն է` պառակտել ՀԱԿ-ի ամենաառանցքային կուսակցություններից մեկը»:
Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, թե իրենց վրա շատ ավելի են կենտրոնացած, քան մյուսների, որովհետեւ ուզում են քանդել ՀԱԿ-ը եւ ձեւավորել ավանդական կուսակցությունների գրպանային ընդդիմություն, որը կարող է այլընտրանք դառնալ Կոնգրեսին: «Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ կա մեկ ընդդիմադիր ուժ, որը շատ արտահայտված է, դա ՀԱԿ-ն է, եւ այլընտրանք ՀԱԿ-ին, մոտակա 2-3 տարիներին որեւէ ուժ չի կարող դառնալ»,-ասաց նա:
Իսկ մեր նկատառմանը, թե հայ-թուրքական եւ Ղարաբաղի կարգավորման հարցերում ՀԱԿ-ից ավելի արմատական է իշխանության հետ համագործակցության մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի եւ Վարդան Խաչատրյանի դիրքորոշումները, Լյուդմիլա Սարգսյանը համաձայնեց, ավելացնելով. «Վահան Շիրխանյանը, որ տեղով կրակ էլ դառնա, չի կարողանա ուրիշ կարծիք հայտնել, որովհետեւ ՍԴՀԿ 19-րդ համագումարում ընդունվել են բանաձեւեր, որոնց շրջանակներից ոչ ոք իրավունք չունի դուրս գալ: Շիրխանյանը նոր աշխարհ չի հայտնաբերել, նա ընդամենը կատարում է համագումարի որոշումները»: Ինչ վերաբերում է նրանց ընդդիմադիր կեցվածքին, ապա,ըստ Սարգսյանի, «մի բան կարող է ասել, մի բան անել տակից»:
«Շիրխանյան-Աճեմյան տանդեմը որոշել է պառակտել հայաստանյան կուսակցությունը: Շատ մարդիկ այդ ընթացքում փչանալու են. Աճեմյանը փչացրեց երիտասարդական կառույցին` ամեն մեկին մանր-մունր կաշառք տալով, գրպանները գումար դնելով նա փչացրեց երիտասարդներին, որոնք նվիրված էին կուսակցությանը եւ հայաստանյան կառույցին. ցավում եմ, որ այդքան փոքր գումարներով կարողանում է գայթակղել երիտասարդներին. նրանցից շատերը պետք է հետեւություն անելով գան ու ներողություն խնդրեն, փորձեն նորից համագործակցել հայաստանյան մարմնի հետ: Երիտասարդը կարող է մոլորվել, նրան պետք է դարձի բերել. Բայց Սեդրակ Աճեմյանը գնալու է, մենք մնալու ենք»,-ասաց նա:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.