пятница, 11 декабря 2009 г.

Արտաքին աշխարհը հետաքրքրված է Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթով


Ուղիղ մեկ ամիս առաջ, այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայ ազգային Կոնգրեսի ակտիվի առջեւ:
Ելույթը վերլուծելիս շատերը կենտրոնացան Եղիազար Այնթապցուն վերաբերող հատվածի վրա, եւ իրենց վերլուծությունների ողջ զինանոցը սպառեցին այդ հատվածի առնչությամբ տարատեսակ եզրակացություններ անելու վրա` անտեսելով ելույթի մյուս հատվածները:
Մինչդեռ, ըստ մեր զրուցակից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի, ելույթի հենց հայ-թուրքական եւ ԼՂ գործընթացներին վերաբերող հատվածների վրա էր պետք առավել մեծ ուշադրություն սեւեռել, ուր Տեր-Պետրոսյանը կանխատեսումներ է անում այդ երկու` մեր երկրի համար գերկարեւոր խնդիրների առնչությամբ տեղի ունենալիք (մասամբ նաեւ տեղի ունեցած) զարգացումների վերաբերյալ, եւ ինչպես միշտ, դեպքերը ցույց են տալիս, որ նա լավագույնս է տիրապետում միջազգային «խոհանոցում» տեղի ունեցող պրոցեսներին եւ գրեթե ճշգրտությամբ կանխատեսում իրադարձությունները: «Առաջին նախագահի ելույթի հապճեպ վերլուծություններն ու գնահատականները ինձ հիշեցրին մի իմաստունի խոսքը, թե պետք չէ առավոտից ջանալ ճշմարտությունը հասկանալու համար, քանզի կարող է չապրես մինչեւ երեկո», - նկատեց պրն Մկրտչյանը եւ ընդգծելով հանդերձ, որ չի հավակնում քաղաքագիտական վերլուծություններ անել` անդրադարձավ խնդրո առարկա ելույթի մասնավորապես հետեւյալ հատվածներին: «Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով` ձգտելով այդ եղանակով խթանել ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորումը»: «Ակներեւ է, որ մինչեւ այս պահը Թուրքիայի խորհրդարանը ձգձգում է արձանագրություններին անդրադառնալը: Ի հակառակ սրան, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք էլ չեն վավերացնի արձանագրությունները, եթե Թուրքիան էլ չսկսի վավերացման գործընթացը: Սակայն դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ-ն, չսպասելով թուրքական կողմի գործառույթների իրականացմանը, Սահմանադրական դատարան է ուղարկել արձանագրությունները եւ միանշանակ է, որ սրանք ճանաչվելու են Սահմանադրությանը համապատասխան եւ ապա ներկայացվելու են ԱԺ վավերացմանը», - ասաց Մկրտչյանը: Ապա վկայակոչեց պաշտոնական Թուրքիայի կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները, մասնավորապես` ԱԳ նախարար Դավութօղլուի Աթենքում արած հայտարարությունը, թե ԼՂ հարցում առաջընթաց չտեսնելու դեպքում Թուրքիան չի գնա վավերացման: «Շատ հաճախ միտք է հնչում, թե ինչո՞ւ եք թուրքական կողմի հայտարարություններն ընդունում որպես ճշմարտություն, իսկ հայ պաշտոնյաների ասածները` ոչ: Դժբախտաբար, ցյուրիխյան ուրացումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ պրոցեսները կառավարվում են հենց այն երկրների կողմից, որոնք կանգնած էին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրողների մեջքին, ովքեր էլ վճռելու են գործընթացի ելքը: Այս առումով պրոցեսները եւ Տեր-Պետրոսյանի կանխատեսումները դրանց վերաբերյալ իրականացման փուլում են», - նկատեց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է հաջորդ կանխատեսմանը, թե. «Այս փակուղային իրավիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով ԼՂ խնդիրը` միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը», ապա այս սցենարն էլ, ըստ Մկրտչյանի, արդեն իսկ իրականացման փուլում է` հաշվի առնելով տեղի ունեցող վերջին զարգացումները ԼՂ խնդրի շուրջ: «Բազմաթիվ հայտարարություններ են հնչել առ այն, որ թեեւ ԼՂ խնդիրը չի զետեղվել արձանագրություններում, սակայն այն հանդիսանում է որպես հայ-թուրքական հարաբերությունների հիմնաքար եւ պայման, եւ արձանագրությունների վավերացման գործընթացի դանդաղեցումը վկայում է այն մասին, որ ԼՂ հարցում առայժմ արձանագրված չեն էական տեղաշարժեր, եւ ըստ իս, դրանք իրենց սպասեցնել չեն տա: Այդ տեղաշարժերից ելնելով էլ կարելի է եզրակացնել, որ ԼՂ հարցում եւս առաջընթաց է արձանագրվել»: Տեր-Պետրոսյանի` վերոնշյալ կանխատեսումը, ըստ մեր զրուցակցի, իրեն շատ երկար սպասեցնել չի տա:
«Սերժ Սարգսյանը մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առթիվ ՀՀ-ում եւ Սփյուռքում ծագած սուր հակասությունները` միջնորդներից խնդրելու է որոշակի դադար տալ ԼՂ կարգավորման գործընթացում, պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակաընթացքում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության: Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը` միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար մերժելու է այդ խնդրանքը եւ ընդհակառակը` ԼՂ հարցում ավելի եւս մեծանալու են ճնշումները ՀՀ վրա»: Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածն էլ, ՍԴՀԿ ներկայացուցչի դիտարկմամբ, արդեն իսկ միս ու արյուն է ստանում, ինչի մասին է վկայում Աթենքում ստորագրված հնգակողմ հայտարարությունը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կուշների այն հայտարարությունը, թե Մինսկի խումբը հորդորել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին, որ արդեն իսկ ժամանակն է ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները հանձնել թղթին: «Նշանակում է, որ ԼՂ հարցում շրջանակային համաձայնագրի ստորագրման շեմին ենք կանգնած: Սա փաստ է, եւ ոչ ոք չի կարող հերքել, որովհետեւ մինչեւ այդ էլ հնչող հայտարարություններում էլ գործածվում էր «շրջանակային համաձայնագիր» տերմինը, ինչը եւս մեկ անգամ ամրապնդում է վերը բերված կանխատեսումը: Սա նշանակում է նաեւ, որ հակամարտող կողմերին այլեւս ժամանակ չի տրվելու, ու գործընթացը մտնելու է կարգավորման արագացման փուլ: Տեր-Պետրոսյանի կանխատեսումը այս հարցում եւս, ինչպես երեւում է, իրականանում է»:
Ելույթից հետո, սակայն, ըստ մեր զրուցակցի, քաղաքական դաշտի հիմնական դերակատարները` թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ նախկին նախագահ Քոչարյանը, ըստ էության, չարձագանքեցին վերոնշյալ կանխատեսումներին` հնչեցնելով հիմնականում ջղաձիգ եւ իռացիոնալ մեկնաբանություններ արջի պատմության եւ Սերժ Սարգսյանի` ՀՀՇ-ին հանձնվել-չհանձնվելու վերաբերյալ: Մինչդեռ, ըստ Մկրտչյանի, հարկավոր էր լրջմիտ վերաբերվել ելույթին եւ դրանից համապատասխան հետեւություններ անել: Առավել հետաքրքրական են ելույթից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում արձանագրված զարգացումները: «Այսպես կոչված կոալիցիան, որը հակասահմանադրական միավորում է, հանկարծ սկսեց ճաքեր տալ, որի առաջին ցնցումը տեղի ունեցավ Երեւանի ավագանիում` ի դեմս ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության: Այդ հակամարտությունն ընթանում է տարբեր մակարդակներում` թե՛ մամուլում, թե՛ առանձին հայտարարությունների տեսքով: Այնուհետ տեղի ունեցավ նաեւ կառավարության կարեւոր դերակատարում ունեցող ներկայացուցիչների անդամագրումը ՀՀԿ-ին, ինչը 2010թ. բյուջեի հաստատման շեմին շատ լավ պաշտպանական տեխնոլոգիա էր, որպեսզի վարչապետին «այլոք» «ձեռք տալու» հնարավորություն չունենան: Քանի որ քննարկումներ էին գնում այն մասին, որ պետք է ԱԺ-ում Դաշնակցության, «Ժառանգության» եւ ՀՀԿ-ից պոկված բեկորների վրա միավորում ձեւավորվի, որը պետք է չհաստատի բյուջեն եւ այդ ճանապարհով անվստահություն հայտնելով կառավարությանը` Քոչարյանին բերի իշխանության: Եվ ըստ իս, այս ամենի դետոնատորը հանդիսացավ Առաջին նախագահի ելույթը»:
Բացի այդ, ըստ պրն Մկրտչյանի, արտաքին մի շարք խաղացողներ` Ագոյի խումբ, դեսպաններ եւ այլք, իրար ետեւից սկսեցին հանդիպել Տեր-Պետրոսյանին: Եվ եթե մինչ այդ նրա հետ հանդիպումների ժամանակ տեղի ունեցող քննարկման առանցքում առավելապես քաղբանտարկյալների, հայ-թուրքական, ԼՂ հարցերն էին, ապա ելույթից հետո կսեցին քննարկվել նաեւ կոռուպցիային եւ ժողովրդավարությանը վերաբերող հարցեր: «Նման համալիր քննարկումները արտաքին աշխարհի ներկայացուցիչների եւ Առաջին նախագահի միջեւ ես գնահատականն եմ համարում այն լրջագույն եւ շրջադարձային մոտեցումների, որոնք ամրագրված էին վերջինիս ելույթում: Սա վկայում է, որ արտաքին աշխարհը խիստ հետաքրքրված է Տեր-Պետրոսյանի մոտեցումներով, ինչը իշխանություններին լուրջ հետեւություններ անելու տեղիք պետք է տա», - ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.