среда, 9 декабря 2009 г.

Կհաջողվի՞ պառակտել ՍԴՀԿ-ն


Հունվարի 9-ին Երեւանում կայանալու է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի 7-րդ` հերթական համագումարը, որին կհրավիրվեն Սփյուռքի բոլոր հնչակյան կառույցների ղեկավարներն ու ՍԴՀԿ Կենտրոնական վարչության բոլոր անդամները։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Վերջինիս խոսքով, քանի որ մինչեւ համագումարի օրը շատ քիչ ժամանակ է մնացել, ուստի երեկ ՍԴՀԿ գրասենյակում հրավիրվել է վարչության նիստ, որի ընթացքում ձեւավորվել է համագումարի կազմկոմիտեն. կազմկոմիտեում ընդգրկվել են ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՍԴՀԿ Լոռու մարզի ատենապետ Ալեքսանդր Ալեքյանը, Հայաստանի վարիչ մարմնի անդամ Համբարձում Եղիազարյանը, Երեւանի մարզային կառույցի ատենապետ Հրաչ Աղաբեկյանը եւ ՍԴՀԿ շարքային անդամ Անահիտ Սարգսյանը։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ՍԴՀԿ այս համագումարը շատ կարեւոր փորձություն է լինելու, քանի որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մի քանի անդամներ` Վահան Շիրխանյանի գլխավորությամբ եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի աջակցությամբ, փորձում են պառակտել ՍԴՀԿ հայաստանյան կառույցը։ Հենց այդ պատճառով էլ, շատերը սպասում են ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարին, որտեղ էլ պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի այս զարգացումների արդյունքը։ Մեզ հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը չհերքեց, որ ՍԴՀԿ-ում խնդիրներ կան, սակայն պնդեց, որ իրենց կուսակցությունը շարունակում է լինել միասնական եւ միակամ։ «Չեմ ուզում մանրամասնել խնդիրները, խնդիրներ իրոք կան կուսակցության ներսում, բայց դրանք առանձին մարդկանց խնդիրներ են, որոնք, այսպես թե այնպես, չեն իրականանալու, եւ որոնք չեն կարողանալու էական ազդեցություն ունենալ համագումարի վրա»,- նշեց տիկին Սարգսյանը։ Վերջինիս խոսքով, ՍԴՀԿ հայաստանյան կառույցը շարունակում է մնալ «համահնչակյան ընտանիքի անդամ», երբեք այդ ընտանիքից դուրս գալու միտում չի ունեցել, սակայն, իրենք նախեւառաջ առաջնորդվում են Հայաստանում «Կուսակցությունների մասին» գործող օրենքով։ Նշենք, որ հենց այս օրենքի շնորհիվ է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը կարողանում է գործել որպես ինքնուրույն մարմին, ինչով էլ տարբերվում է այլ պետություններում գործող ՍԴՀԿ կառույցներից։ Այդուհանդերձ, տիկին Սարգսյանը երեկ նշեց, թե համագումարին խնդիրներ չեն լինելու։ «Մենք շատ կազմակերպված կգնանք դեպի համագումար։ Մինչ այդ բոլոր մարզային կառույցներում կանցկացնենք կոնֆերանսներ, կընտրվեն պատգամավորներ, որոնք կներկայացնեն ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, եւ կարծում եմ` ամեն ինչ շատ լավ ընթացք կունենա։ Համագումարում կընտրվի նոր վարչություն, եւ կընտրվի ատենապետ»,- նշեց տիկին Սարգսյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.