пятница, 18 декабря 2009 г.

ՍԴՀԿ վարչությունը սատարում է հնչակյան լեգիտիմ ատենապետին՝ Լ.Սարգսյանին



Երեկ երկու տարբեր մամլո ակումբներում` մեկ ժամվա տարբերությամբ ասուլիս էին հրավիրել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության երկու թեւերը, որոնցից յուրաքանչյուրը, փաստորեն, այլեւս ունի իր ատենապետը:
Ինչպես տեղեկացրել էինք, ՍԴՀԿ վահանշիրխանյանական թեւը նախօրեին «փակ» արտահերթ համագումար էր հրավիրել եւ խախտելով ՍԴՀԿ կանոնադրությունը (առնվազն 15 կետ) եւ ՍԴՀԿ համահնչակյան կուսակցության 19-րդ համագումարի ընդունած բանաձեւը` ատենապետի պաշտոնից հեռացրել էր ՍԴՀԿ գործող ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին եւ ատենապետ կարգել կուսակցության վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանին: Եվ սա այն դեպքում, երբ ՍԴՀԿ վարչության` նախօրեին տեղի ունեցած նիստում օրինական վարչությունը կուսակցությունից հեռացրել է նույն Գեւորգ Պերկուպերկյանին, ինչպես նաեւ Արսեն Կուպելյանին եւ Նարեկ Գալստյանին: Հիշեցնենք, որ առաջին երկուսը ՍԴՀԿ վարչության անդամ էին: Փաստորեն, ՍԴՀԿ օրինական վարչությունն այժմ բաղկացած է չորս անդամից` Լյուդմիլա Սարգսյան, Համբարձում Եղիազարյան, Ալեքսանդր Ալեքյան, Ալբերտ Գաբրիելյան:
Երեկ մեզ հետ զրույցում նրանք հավաստիացրեցին, որ այն, ինչ տեղի է ունեցել «արտահերթ համագումարում», նախ` դուրս է որեւէ տրամաբանությունից, ապա եւ անարգանք` կուսակցության անցած ճանապարհի ու կանոնադրության նկատմամբ: Իսկ ՍԴՀԿ յոթ կազմակերպությունների մի մասը («Արշիլ Գորկի», «Փարամազ», «Հայկ Բժշկյանց», «Մեծն Մուրադ»), որոնց ներկայացուցիչներն իբր մասնակցել են այդ արտահերթ համագումարին, իրականում գոյություն չունեն: Այդ դեպքում` ովքե՞ր են եղել ՍԴՀԿ վահանշիրխանյանական թեւի այն 51 պատվիրակները, որոնք նախ` վարչություն են ընտրել, հետո` հեռացրել ՍԴՀԿ գործող ատենապետին եւ կուսակցության անդամին, նաեւ նոր ատենապետ ընտրել, ընդ որում` առանց կուսակցության համապատասխան փաստաթղթերի ու կնիքի: Այս հարցի պատասխանը ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը այսկերպ շարադրեց. «Կուսակցության հետ կապ չունեցող անձինք: Այդ նույն հաջողությամբ կարող էին, օրինակ, ծածկած շուկայի բեռնակիրները, ծաղկավաճառները, գրպանահատները համագումար հրավիրել եւ ՍԴՀԿ-ից դուրս դնել ցանկացած մարդու»:
Անդրադառնանք կանոնադրական խախտումներից մի քանիսին, որոնք թույլ են տվել արտահերթ համագումար հրավիրած ՍԴՀԿ-ականները: Ըստ կանոնադրության երրորդ գլխի 1-ին կետի` «արտահերթ համագումար հրավիրվում է կենտրոնական վարչության մեծամասնության առաջարկությամբ»: Իսկ նման որոշում, ինչպես տեղեկացրել ենք, կենտրոնական վարչությունը չի կայացրել: Նույն գլխի 2-րդ կետի համաձայն` «կենտրոնական վարչությունը համագումարի կայացման մասին մարզային վարչություններին գրավոր հաղորդում է կատարում առնվազն երկու ամիս առաջ...», ինչը եւս արտահերթ համագումարի մասնակիցները չեն արել: Ավելին` Պերկուպերկյանն ու Կուպելյանը ստորագրել են համահնչակյան 19-րդ համագումարի ընթացքում կայացված համապատասխան որոշման տակ, ըստ որի ՍԴՀԿ հայաստանյան կառույցի 7-րդ համագումարը պետք է տեղի ունենա հունվարի 9-ին: Մեջբերենք նաեւ կանոնադրության հետեւյալ կետը. «Հայաստանում չհաշվառված օտարահպատակ հնչակյաններին խստագույնս արգելվում է...որեւէ կերպ միջամուխ լինել հնչակյան տեղական կազմակերպությունների գործունեությանը: Այս արգելքը խախտողների նկատմամբ կձեռնարկվեն կենտրոնական վարչության կողմից ճշտորոշվող քայլեր»: Մինչդեռ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես հայտնի է, ԱՄՆ քաղաքացի է, հետեւապես` օտարահպատակ հնչակյան, ով, սակայն, մասնակցել է «արտահերթ համագումարին», եւ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի թե՛ ատենապետը, թե՛ վարչության անդամները հենց նրան են վերագրում ՍԴՀԿ-ում նոր ի հայտ եկած թեւի հովանավորչությունը, ինչի նպատակը կուսակցությունը Հայ Ազգային Կոնգրեսի կազմից դուրս բերելն է:
Ի դեպ, ՍԴՀԿ հոր հռչակված ատենապետ Գ.Պերկուպերկյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, թե ՍԴՀԿ շարքերի 90 տոկոսը աջակցում է իրենց: Այս հավաստիացումը ծիծաղ ու տարակուսանք է առաջացրել ՍԴՀԿ լյուդմիլասարգսյանական թեւի մոտ: «Եթե շարքերի 90 տոկոսը իրենց է աջակցում, ապա ինչո՞ւ նրանք գնացին արտահերթ համագումար հրավիրելու ճանապարհով: Թող եւս երեք շաբաթ սպասեին, կլիներ հերթական` լեգիտիմ համագումարը եւ իրենց բացարձակ մեծամասնությամբ կլուծեին իրենց հուզող հարցերը` «ջարդուխուրդ» կանեին ատենապետին, կուսակցության անդամներին, պատվավոր կոչումներ կտային, այլ ոչ թե նման խեղկատակության դիմեին: Նրանք գիտեն, որ անգամ 0.5 տոկոս աջակցություն չեն վայելում կուսակցությունում եւ հետեւապես դիմել են նման մայմունությունների: Ավելին` նրանք թքել են համահնչակյան 19-րդ համագումարի ընդունած բանաձեւի վրա, որում բարձր գնահատական է տրվում ՍԴՀԿ` վերջին տարիներին ծավալած գործունեությանը»: ՍԴՀԿ վարչության անդամներ Ալեքսանդր Ալեքյանն ու Ալբերտ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում տեղի ունեցած համագումարը ֆիկցիա համարելուց զատ` այն որակեցին «կուսակցության համբավին ուղղված մեծ հարված, որի ետեւում կանգնած է ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Ս.Աճեմյանը», ու հավաստիացրեցին, որ վարչությունը սատարում է ՍԴՀԿ լեգիտիմ ատենապետին` Լ.Սարգսյանին եւ մինչեւ վերջ պաշտպանելու է նրան:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.